Ծննդոց գրքի մեկնություն 9:8

Ա. Լոպուխին

8-11․ Եվ Տեր Աստված Նոյին և նրա որդիներին, որոնք նրա հետ էին, ասաց. [8] «Ահա ես իմ ուխտն եմ հաստատում ձեզ հետ և ձեզանից հետո եկող ձեր սերունդների հետ. և ձեզ հետ եղող բոլոր կենդանի էակների հետ` թռչունների, անասունների և երկրային բոլոր գազանների հետ, որ ձեզ մոտ են, տապանից դուրս եկածների հետ, երկրի բոլոր կենդանիների հետ:  իմ ուխտն եմ հաստատում ձեզ հետ, որ այլևս ոչ մի էակ չի կործանվի ջրհեղեղից, և ողջ երկիրը ոչնչացնող ջրհեղեղ չի լինի այլևս»: (Սինոդական թարգ․)

   

   Դիտարկվող բաժնում խոսվում է այն ուխտի նորոգման մասին, որ Տերը դեռևս ջրհեղեղից առաջ օրհնությամբ կնքեց Նոյի հետ (Ծննդ.6:18): Այժմ, սակայն, ավելի հանդիսավորությամբ է այդ ուխտը հռչակվում և առավել լայն ընդգրկումով: Նախկինում այն սոսկ անձնական դաշինք էր Աստծո և արդարամիտ Նոյի միջև (քեզ հետ), այժմ դրանում ներառվում են Նոյի ողջ ընտանիքը (ձեզ հետ), և նրանց բոլոր հետագա սերունդները և նույնիսկ կենդանական աշխարհը:

    Ահա ես իմ ուխտն եմ հաստատում ձեզ հետ …Սա կործանումից ու մահվանից փրկող ուխտ էր և այս իմաստով կարող է նախատիպ ծառայել ավետարանական այն խոստումների համար, որոնցով քարոզվում էր հավիտենական մեղսալից մահից փրկվելու բարի լուրը (Եզ. 34:25, 37:26, Եր.32:40):

     Եվ ձեզ հետ եղող բոլոր կենդանի էակների հետ… Ահավասիկ, ևս մեկ ապացույց այն բանի, թե որքան սերտ է մարդու կապը ամբողջ բնության հետ` անկում է ունենում մարդը, անկում է ապրում և համայն բնությունը, կործանվում է մարդը, կործանվում է կենդանի ամեն կյանք, և, վերջապես, բարձրանում է մարդը, նրա հետ բարձրանում են բոլոր արարածները (Հռ.8:20):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Տէր Աստուած, դիմելով Նոյին ու նրա որդիներին, որոնք նրա հետ էին, ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Աստված ասաց Նոյին ու նրա որդիներին.
(Գրաբար) Եւ խօսեցա՛ւ Տէր Աստուած ընդ Նոյի, և ընդ որդիս նորա որ ընդ նմա էին՝ և ասէ.