Սրբ. Եփրեմ Ասորի
24-27. Նոյը սթափուելով գինովութիւնից՝ իմացաւ, թէ ինչ է արել իր նկատմամբ իր կրտսեր որդին, եւ ասաց. «Անիծեալ լինի ստրուկ Քանանը եւ իր եղբայրների ծառան թող լինի»: Նա աւելացրեց. «Օրհնեալ լինի Տէր Աստուած՝ Սէմի Աստուածը, իսկ Քանանը թող լինի նրա ծառան:
«Եվ արթնացավ, սթափվեց գինովությունից Նոյը և իմացավ, թե ինչ արեց իր հետ իր կրտսեր որդին» (Ծննդ. 9:24): Եվ սրանով հայտնի է դառնում, որ խոսքը Քամի մասին է, քանի որ Քամը միջնեկ որդին էր և ոչ թե կրտսերը. այլ Քանանի որդի Քամի պատճառով կոչվեց կրտսեր: Այլ ասում են՝ տեսնելով տեսավ Քամն իր Քանան որդուն, քանի որ իր ծեր հոր մերկությունը ծաղրում էր և ծիծաղում, և վեր կացավ Քամն ու դրսում պատմեց իր եղբայրներին, այլ ոչ թե ամոթի լուրը գնաց նրանց տանելու: Իսկ նրանք երբ որ լսեցին, տրտմեցին, քանի որ գիտեին, որ իրենց հորն աստվածային տեսիլքներ ու հայտնություններ են հայտնվում, և հրեշտակը նրան առաջնորդում էր, ուստի ծածկեցին նրան, որպեսզի նա խայտառակ չլինի հրեշտակների առաջ. և էլ ի՞նչն էր պատճառը, որ նա գնաց իր եղբայրներին պատմեց, եթե ոչ տղայական անմեղ տգիտությունը, որ գնաց պատմեց, և իր ծիծաղելով խեղկատակություն եղավ:
Եվ այն, որ ասում է. «Իմացավ Նոյը, թե ինչ արեց իր հետ իր կրտսեր որդին» (Ծննդ. 9:24), այսինքն՝ կրտսեր որդին Քամը: Սակայն Քամին [ուղղված] անեծքն այն էր, որ նրան չօրհնեց: Այդ պատճառով էլ թեև կարծվում է, թե իրապես չանիծեց, քանի որ անմեղ տգիտությամբ արեց, սակայն իրոք արդարությամբ անիծեց, քանի որ նա այլ պատճառով չանիծեց, այլ միայն այն պատճառով, որ նա անեծքի արժանի էր: Նրա ծերությունը պատիժները կիրառելիս չէր արդարացնում նրա անմեղությունը: Եվ քանի որ նրանց անվանեց կրտսեր որդի, ինչպես այն, որ ասում է. ավագ Հաբեթի եղբայրը, և Եբերի՝ բոլոր որդիների հայրը: Եթե դա այդպես է, ուրեմն Մարիամը միայն Ահարոնի քույրն է և ոչ նաև Մովսեսինը: «Մարիամ մարգարեն՝ Ահարոնի քույրը, - ասում է, - իր ձեռքն առավ թմբուկը» (Ելք 15:20): Նույնպես դարձյալ թողեց Ելամին և Ասուրին և ասաց Արփաքսադին, և դարձյալ թողեց Արփաքսադին և ասաց Եբերին՝ բոլոր որդիների նախահորը: «Թող անիծյալ լինի, - ասում է, - մանուկ Քանանը և իր եղբայրների ծառան թող լինի» (Ծննդ. 9:25), այժմ և հավիտյանս հավիտենից, որոնք (Քանանի՝ Քամի հետնորդները) հեթանոսների ծառաներն են: «Եվ թող Տեր Աստված շենացնի Հաբեթին» (Ծննդ. 9:27), այնպես, ինչպես ընդարձակեց լայնացրեց իր ուսերի վրայի բաճկոնը: «Եվ թող բնակվի Սեմի տանը» (Ծննդ. 9:27), ինչպես որ նրանում բնակվեց ահն ու երկյուղը՝ ծածկել իր հոր խայտառակությունը: «Եվ թող բնակվի, - ասում է, - Սեմի տանը» (Ծննդ. 9:27), այսինքն՝ Սեմի սերնդում:
Դարձյալ ասելու է, որ ոչ թե Քանանը ծերունի հոր հանդեպ հանցանք գործեց, այլ ինքը՝ Քամը հանցանք գործեց հոր հանդեպ, այլևս չկարողացավ նրան անիծել, քանի որ մի անգամ արդեն նրանից Աստծո օրհնությունն առել էր բոլոր նրանց հետ, ովքեր տապանից դուրս էին եկել: Սակայն նրան առանց դատապարտության չթողեց այն բանի պատճառով, որ նա ծիծաղեց իր հոր մերկության վրա և ծաղրեց նրան, ով ծնել էր իրեն. որովհետև նա ընդունեց իր որդու՝ Հիսուս Քրիստոսի չարչարանքները, որ անիծվեց: Բայց դարձյալ, քանի որ Աստված գիտեր, որ Քանանը եղավ իր հոր՝ Քամի չարությունն ընդօրինակողը, և Քուշը, Մեստրեմն ու Փուդը չեղան Քամին ընդօրինակողը, նախապես կանխեց, մարգարեությամբ քարոզեց Քանանի հանցանքների մասին, որպեսզի ամոթ լինի Քամին իր հետնորդների հետ միասին: Քանի որ եթե նա Քամին անիծել էր, ապա նրա հետ միասին նաև անիծվել էին նաև նրա մյուս երեք որդիները ևս՝ Քուշը, Մեստրեմը և Փուդը: Այլ, ըստ նրա կատարած հանցանքների չափի, անիծեց նրա կրտսեր որդուն, քանի որ նա ընդօրինակեց իր հորը, որպեսզի հայտնի լինի, որ այլ արդարների պատճառով նրա հայրը չանիծվեց: Տես դու, որ ոչ թե նրա այլ զավակն անիծվեց, այլ միայն Քանանը, և նրա եղբայրները քավություն ստանալով փրկվեցին այն պատիժներից: Նաև այն, որ Քանանի երկիրը ժառանգեցին Աբրահամի զավակները, այսինքն՝ Սեմի որդիները:
Ա. Լոպուխին
Նոյն սթափվելով գինովությունից՝ իմացավ, թե ինչ է արել իր նկատմամբ իր կրտսեր որդին: (Սինոդական թարգ․) [24]
Նոյն սթափվելով գինովությունից …Այստեղից պարզ երևում է, որ նախորդող դեպքերը տեղի են ունեցել Նոյի քնած ժամանակ, այսինքն նրա գիտակցական կամքից անկախ:
իմացավ, թե ինչ է արել իր նկատմամբ իր կրտսեր որդին…«Որտեղից նա իմացավ,- հարցնում է Ոսկեբերանը և այսպես պատասխանում,- հնարավոր է` պատմեցին եղբայրները` ոչ թե իրենց այդ եղբորը պարսավելու, այլ կատարվածը բացատրելու նպատակով, որպեսզի նա //Քամը// իր ախտերի համար համապատասխան բժշկություն ստանա» (Զրույց 29): Ոչ պակաս իմաստուն հանգուցալուծում է տալիս Ոսկեբերանը նաև մեկ այլ թյուրիմացությանը, որպիսին է այստեղ Քամին «փոքր» կամ «կրտսեր» որդի անվանելը, այն դեպքում, երբ իրավամբ հայտնի է, որ սա միջնեկն էր (Ծննդ. 9:18): «Քամը, իհարկե, ամենափոքրը չէր, երկրորդն էր և Հաբեթից մեծ էր: Սակայն եթե նույնիսկ տարիքով մեծ էր Հաբեթից, ապա պարզվեց, որ հոգեպես դեռ պատանի էր, և իր հանդգնությունը նրան ցածր դասեց եղբորից»: Հրեական բնագրում «փոքր» բառը ներկայացնում է այդ ածականի համեմատական աստիճանը, հետևաբար չի նշում Քամին` իբրև ամենափոքրին իր բոլոր եղբայրներից, այլ` որպես Սեմի նկատմամբ կրտսերին:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Նոյը սթափուելով գինովութիւնից՝ իմացաւ, թէ ինչ է արել իր նկատմամբ իր կրտսեր որդին,
(Արարատ թարգ․) Երբ Նոյը սթափվեց գինովությունից և իմացավ, թե ինչ էր արել իր կրտսեր որդին,
(Գրաբար) Եւ սթափեցա՛ւ Նոյ ի գինւոյ անտի իւրմէ, և գիտա՛ց զինչ արար ընդ նա որդին իւր կրտսեր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: