Ծննդոց գրքի մեկնություն 16:5

Ա. Լոպուխին

Սարան ասաց Աբրամին. «Իմ անարգանքի համար դու ես մեղավոր. ես իմ աղախնուն հանձնեցի քո գիրկը, իսկ նա, տեսնելով, որ հղիացել է, արհամարեց ինձ: Աստված թող իմ ու քո դատաստանը տեսնի»: (Սինոդական թարգ․) [5]

   

   Սարան ասաց Աբրամին. «Իմ անարգանքի մեջ դու ես մեղավոր... «Սարան պատժվեց իր անհամբերության պատճառով: Նա էր իր աղախնուն առաջարկել ամուսնուն, որպեսզի ուխտը շուտափույթ կատարվի, իսկ հիմա զգում է, որ տանը նոր տիրուհի է հայտնվում: Բայց չհաշվարկելով իր գործողության հետևանքները, նա այժմ ամեն ինչում Աբրամին էր մեղադրում» (Գ.Կ. Վլաստով):

   Աստված թող իմ ու քո դատաստանը տեսնի... Ոսկեբերանն ասում է. «Դառնացած հոգու խոսքեր: Եվ եթե նախահայրն այդքան իմաստուն չլիներ և Սարայի հանդեպ մեծ հարգանք չունենար, ապա կբարկանար ու կվիրավորվեր նման խիստ խոսքերից: Բայց հարգանքի արժանի այդ այրն, իմանալով [իգական] սեռի տկարությունը, ներեց նրան ամեն ինչ»: Դժվար չէ հասկանալ նաև Սարայի հոգեկան ծանր վիճակը, երբ նրա մեջ միաժամանակ խոսեցին և՛ անբախտ կնոջ խանդը, և՛ անարգված տիրուհու արժանապատվությունը:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ Սարան ասաց Աբրամին. «Անիրաւ ես դու իմ նկատմամբ. ե՛ս իմ աղախնուն յանձնեցի քո գիրկը. իսկ նա տեսնելով, որ ինքը յղիացել է, արհամարհում է ինձ: Աստուած թող իմ ու քո դատաստանը տեսնի»:
(Արարատ թարգ․) Եվ Սարան ասաց Աբրամին. «Ինձ եղած անիրավությունը թող քեզ վրա լինի: Ես իմ աղախնուն քո գիրկը տվի, և երբ նա տեսավ, որ հղի է, արհամարհեց ինձ: Թող Տերն իմ ու քո միջև դատաստան անի»:
(Գրաբար) Եւ ասէ Սարա ցԱբրամ. Բո՛ւռն է ինձ ի քէն. ես ետու զաղախինն իմ ի գիրկս քո. և արդ՝ իբրև ետես թէ յղացաւ, արհամարհեցա՛յ ես յաչս նորա. դա՛տ արասցէ Աստուած ընդ իս և ընդ քեզ։