Ծննդոց գրքի մեկնություն 17:7

Ա. Լոպուխին

Իմ ուխտը պիտի հաստատեմ իմ և քո միջև, և քեզնից հետո քո սերունդների ու նրանց զավակների միջև՝ որպես հավիտենական ուխտ, որով ես եմ լինելու քո և քեզնից հետո գալիք սերունդների Աստվածը: (Սինոդական թարգ․) [7]
   

   Իմ ուխտը պիտի հաստատեմ… որպես հավիտենական ուխտ… Սուրբ Գրքում «դար» հասկացությունը կիրառվում է իր՝ սովորականից ավելի նեղ նշանակությամբ, որ ցույց է տալիս ներկա ժամանակաշրջանի եզրափակումը կամ ավարտը, որից հետո նոր «դար» է բացվում, այսինքն՝ սկսվում է նոր փուլ (Եբր. 1:3)։ Տվյալ դեպքում ուխտի «հավիտենական» լինելը ցույց է տալիս նրա գոյությունը մինչև հինկտակարանյան Եկեղեցու շրջափուլի ավարտը և նորկտակարանյան ժամանակաշրջանի սկիզբը։ Վերջինիս վերաբերյալ այն կիրառվում է բացարձակ իմաստով՝ համապատասխան փոփոխությունների պայմանով (Մատ. 28:20, Ա Կորնթ. 15:28):

--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Իմ ուխտը պիտի հաստատեմ իմ եւ քո միջեւ, քեզնից յետոյ գալիք քո սերունդների ու նրանց ցեղերի միջեւ որպէս յաւիտենական ուխտ, որով ես եմ լինելու քո եւ քեզնից յետոյ գալիք սերունդների Աստուածը:
(Արարատ թարգ․) Եվ Իմ ուխտը կհաստատեմ Իմ ու քո միջև և քեզանից հետո քո սերնդի միջև, որ այն հավիտենական ուխտ լինի իրենց սերունդների համար, ու Ես Աստված լինեմ քեզ համար ու քեզանից հետո քո սերնդի համար:
(Գրաբար) Եւ հաստատեցից զուխտ իմ ընդ իս և ընդ քեզ, և ի մէջ զաւակի քոյ յետ քո յազգս իւրեանց յուխտ յաւիտենական. լինել քեզ Աստուած և զաւակի քում յետ քո։