Ծննդոց գրքի մեկնություն 17:10

Սրբ. Եփրեմ Ասորի

10-14․ Այս է իմ ուխտը, որ պիտի պահես իմ եւ քո միջեւ ու քեզնից յետոյ գալիք քո զաւակների միջեւ, սերնդից սերունդ: Ձեր բոլոր արու զաւակները պիտի թլփատուեն, պիտի թլփատէք ձեր անդամների թլիփները, եւ դա թող լինի իմ եւ ձեր միջեւ ուխտի նշանը: Ձեր մանուկները՝ ձեր ցեղերի բոլոր արուները, ընդոծինն ու արծաթով գնուած ստրուկները, ամէն մի օտարածին, որ քո սերնդից չէ, ութօրեայ հասակում պէտք է թլփատուեն: Պէտք է անպայման թլփատուեն քո տան ընդոծինն ու արծաթով գնուած քո ստրուկը: Ձեր թլփատութեան մասին իմ ուխտը թող յաւիտենական ուխտ լինի: Ութերորդ օրը թլիփը չթլփատուած արուն թող վերանայ իր ցեղի միջից, որովհետեւ խախտած կը լինի իմ ուխտը»: 
   

   «Այս է իմ՝ քեզ հետ դրած ուխտը, որ պիտի պահես: Քո բոլոր արու զավակները պիտի թլփատվեն, ով որ չթլփատվի, թող վերանա իր ցեղի միջից». և ահավասիկ ճշմարիտ օրենքները տնկվեցին մարդկանց սրտերի մեջ և առաջինները հաճո եղան դրանով, իսկ հավելյալները, որ եղան ինչքերի պատճառով, խափանվեցին: Արդ, թլփատությունը Աբրահամից է սկիզբ առել և նրա սերն Աստծո հանդեպ ավելի առաջնային էր, քան իրենից առաջ եղած արդարների թլփատությունը. Ենոքը, որ վերացավ [երկինք], Նոյը, որ փրկվեց, Սեթը, որ օրհնվեց և Մելքիսեդեկը, որ քահանայություն արեց: Եւ եթե ասեն, թե սրանք օրենքից առաջ էին, ապա ինչո՞ւ չեն ասում, թե օրենքից առաջ գիտեին շնության, սպանության և կռապաշտության մասին և մի՞թե որպես չարիք չխորշեցին դրանցից և չհեռացան: Մի՞թե ահա բնությամբ չզատեցին բարին չարից: Եւ եթե արդարները չմոռացան աստվածպաշտությունը, ապա մոռացան թլփատությունն ու շաբաթը: Սա բավարար կլինի ժողովրդին հանդիմանելու համար: Հովսեփն առավել իր հեզությամբ, զգաստությամբ հիշվեց, քան թլփատությամբ, քանի որ չթլփատեց իր որդիներին և երկուսը որպես մեկ անդամ պաշտվեցին անթլփատության փոխարեն, որովհետև իրենից էր, իրենից վանեց շնությունը, քանզի իրենից չէր:

   Եթե դա այդպես է, ապա մոլորվեց, խավարեց նաև Հակոբը և առավ երկու քույրերի, սակայն Ղաբանի կուռքերով չմոլորվեց: Իսրայելն էլ հիշեց թլփատությունը, բայց մոռացավ Աստծուն: Աստված ուղարկեց Հովսեփին [Եգիպտոս] և եգիպտացիները նրան աստված դարձրին ու երկրպագում էին նրան: Աստված իր Որդուն ուղարկեց եբրայեցիների մոտ, բայց նրանք խաչեցին նրան: Հեթանոսները նրա արդարներին երկրպագում էին որպես աստծո, իսկ եբրայեցիները սպանում էին նրա մարգարեներին որպես մոլեգին ապականիչների:

   Արդ, թլփատությունը տրվեց ոչ թե ինչ որ բանում օգնելու, այլ բաժանելու, զատելու համար, քանզի չարգելեց Աբրահամի զավակներին հնազանդվել և ոչ էլ Իսմայելին ժառանգություն տվեց, ոչ էլ Եսավին՝ օրհնություն և բոլոր նրանց, ովքեր անարգվեցին: Եւ նորից, ոչ թե իմաստուններն էին այդ կատարում, այլ անգետ տղաները և քանի որ դա արդարություն էր, պիտի ժառանգեին նրա հետնորդները, քանզի դա կատարվում էր ոչ իրենց գիտությամբ: Մովսեսն էլ քառասուն տարի խափանեց [այդ ուխտի կատարումը] անապատում և չպատժվեց: և [օրհնությունը] երկրորդ անգամ տրվեց Եսավին, որովհետև օտար չէր այն, այլ նույնն էր, որպեսզի, երբ նայեն իրենց մարմնին, հիշեն Աստծո հետ իրենց ուխտը և շաբաթն էլ՝ իրենց հանդերձներով, կերակուրներով և անասուններով և այլ բաներով հանդերձ:

   Տեր Աստված մարդուն ստեղծեց առանց թլփատության և երբ պատվիրանազանցություն եղավ, ոչ մի տեղ ցույց չտրվեց, թե դրախտից արտաքսեց թլփատության պատճառով: Եւ ոչ էլ շաբաթի պատճառով հրեաները մերժվեցին դրախտից, քանզի ոչ օրենք դրեցին և ոչ էլ շաբաթը հանգստյան օր կարգեցին և ոչ էլ տարեկան տոները, քանզի տարեկան տոների գլուխը հենց դրախտն է: Արդ, հայտնի է, որ եկեղեցու ընթացքն, օրենքից դուրս, դրախտի կյանքին է հրավիրում. եթե վայել է առաջինը պահել, ապա նոր դրախտի օրենքը այնտեղ ևս պետք է պահել: Քանզի Աստված գիտեր, որ նրանք գնալու են եգիպտացիների կռապաշտության հետևից և կարելի չէր, որ Աբրահամի հավատով երևային ու հայտնվեին նրանք, ովքեր չհավասարվեցին նրա ընթացքին, այս պատճառով նրանց քննելու համար մարմինների վրա կնիք դրեց, քանզի դա պատրաստված էր նրանց ամոթի պատճառով, որպեսզի մոլորյալ հեթանոսները մերձավոր դառնան, իսկ Իսրայելը, որ ընտրված էր՝ հեռացավ: Նաև Աբրահամին էլ այդպես ասաց. «Այս է ուխտի նշանն իմ ու քո միջև»: Եւ եթե Աստված դա նշան է անվանում, ինչո՞ւ են ասում, թե փառքի պատիվը նրանց տվեց, քանզի օրենսդրի վերակայությամբ մարգարեներից, քահանաներից ոչ ոք չթլփատվեց, քանզի հեթանոսներին մոտ չէին և նրանց մեջ ևս նշաններ կային մինչև թլփատվելը: Քանզի թեպետ մեծ նշաններ էին, անապատի բոլոր թլփատվածները անապատում էլ մեռան և ովքեր անթլփատությամբ սնվեցին, մտան ավետյաց երկիրը: Եւ դարձյալ անթլփատներն անապատում մանանայով կերակրվեցին և երբ Հեսուն նրանց թլփատեց, թե ահա մտնելու են [ավետյաց երկիր] մանանան վերացավ և նրանք այլևս մանանա չկերան. ահա թլփատության շաբաթի օգուտը: Նաև թլփատության սուրն է նրանց հանդիմանում, թե նա թշնամի է մարդկանց, քանզի ահավասիկ Սյուքեմում թլփատվածները թլփատվածներին կոտորեցին, նաև մարգարեն է ասում. «Բոլոր հեթանոսները մարմնով անթլփատ են, իսկ Իսրայելի տունն անթլփատ է սրտով» (Երեմ. 9. 26):

   Արդ, եթե թլփատությունը մարմնի կարիք էր, ինչո՞ւ էր բամբասում անթլփատ սրտերի մասին, այլ որովհետև եկեղեցին, իր մեջ ունի սրտի թլփատություն, նրան պետք չէ մարմնի թլփատությունը:
   

Ա. Լոպուխին

10-11. Այս է Իմ ուխտը, որ պիտի պահեք իմ և քո և քեզնից հետո քո սերունդների ու նրանց զավակների միջև: [10] Ձեր միջի բոլոր արուները թող թլփատվեն: Պետք է ծայրատեք ձեր անդամների թլիփները, և դա թող լինի Իմ և ձեր միջև ուխտի նշանը: (Սինոդական թարգ․)

   

   Այս է իմ ուխտը… Ձեր միջի բոլոր արուները թող թլփատվեն… և դա թող լինի… ուխտի նշանը… Այս բոլոր պահանջներն ըստ էության հանգում էին միակ հիմնականին՝ թլփատության կատարմանը, որի արտաքին խորհրդավոր կատարումը այս ուխտի էությունն էր։ Արտաքինից թլփատությունն առաջին հերթին արյան հեղումն էր, որը նաև մարդկանց միջև կնքվող նման դաշինքների ամրության կարևոր երաշխիքն էր համարվում։ Ապա, հենց փաստերի և ուխտի հաստատման նպատակի փոխկապակցվածությունից ելնելով, կարող ենք ասել, որ թլփատությունը պիտի լիներ հարատև և, այսպես ասած, առավել զգալի հիշեցումն այն ուխտի մասին, որը ժամանակին հավատացյալների հայրը, և ի դեմս նրա՝ իր ողջ սերունդը, կնքեցին Աստծո հետ (11-րդ համար)։ Ի վերջո, թլփատությունն ուխտի նշանն էր նաև այն իմաստով, որ այն աստվածընտիր ժողովրդին պատկանելու և հինկտակարանյան եկեղեցուն անդամակցելու արատաքին տարբերանշանն էր։ Ավելի կարևոր էր, սակայն, թլփատության գաղափարական, ներքին նշանակությունը, թեև այս տեսանկյունից այն դեռ երկար ժամանակ ողջ ուժգնությամբ չէր ընկալվում: Դա բացահայտվեց ավելի ուշ. մասամբ մարգարեների և գլխավորապես Պողոս առաքյալի գրություններում (Ղև. 26:41, Բ Օր. 10:16, 30:6, Ես. 52:1, Եր. 4:4, 9:25, Եզ. 44:7-9, Գործք. 7:51, Հռ. 3.1, 4:11, Փպ. 3:3, Կող. 2:11-12 և այլն)։ Այս առումով թլփատությունը՝ առնանդամի թլիփի հատումը, խորհրդանշում էր մարմնական կրքերի և անմաքուր ցանկությունների հատումը, կամ, ինչպես արտահայտիչ կերպով ձևակերպում է Սուրբ Գիրքը՝ «սրտի թլփատությունը» (Բ Օր. 10:16, Հռ. 2:29 և այլն)։
Երկրորդ՝ որոշ սրբագործման ենթարկելով հենց սերնդագործության աղբյուրը և մեղանչական մարմնից (Կող. 2:11) մերկացումը ներկայացնելով՝ թլփատությունը մի կողմից մատնանշում էր մեղքի ժառանգական լինելը, որի մեջ մենք ամենքս սաղմնավորվում և ծնվում ենք (Սաղմ. 50:7), մյուս կողմից՝ խորհդաբար կանխանշում էր նորկտակարանյան մկրտությունը, որով լվացվում ենք նախահոր ժառանգական անեծքից (Կող. 2:11-12)։
Երրորդ՝ ի հավելումն խոստման բուն նյութին, այսինքն՝ ժառանգությանը, թլփատությունն այն նշանակությունն ուներ, որ ասես դրա իրականացման բոլոր բնական միջոցների վերացումը կամ թուլացումն էր մատնանշում՝ դրանով իսկ ավելի բացահայտ դարձնելով աստվածային շնորհի յուրահատուկ ներգործությունը խոստումների կատարման գործում։ Ի վերջո, այս վերջին բացատրության նշանակությունն առանձնահատուկ ուժգնություն էր ստանում Աբրահամի գլխավոր «Սերնդի», այսինքն՝ Տեր Հիսուս Քրիստոսի աստվածային դեմքի հարաբերությամբ, որը պիտի ծնվեր Սուրբ Հոգուց և Մարիամ Կույսից, այսինքն՝ բացառելով տղամարդու ցանկացած մասնակցություն: Այստեղից Սբ. Ֆիլարետն իրավացիորեն կարող էր թլփատությունն անվանել «կնոջ սերունդ» հասկացության բացասական արտահայտություն»։

--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Այս է իմ ուխտը, որ պիտի պահես իմ եւ քո միջեւ ու քեզնից յետոյ գալիք քո զաւակների միջեւ, սերնդից սերունդ:
(Արարատ թարգ․) Սա է Իմ ուխտը, որ պիտի պահեք Իմ ու ձեր միջև և քեզանից հետո քո սերնդի միջև. թող թլփատվեն ձեր բոլոր արուները:
(Գրաբար) Եւ ա՛յս է ուխտ իմ, զոր պահեսցես ընդ իս և ընդ քեզ, և ի մէջ զաւակի քո յետ քո յազգս իւրեանց։