Ծննդոց գրքի մեկնություն 21:11

Ա. Լոպուխին

11-12. Աբրահամին անհաճո թվաց իր որդու [Իսմայելի] մասին ասվածը: [11] Սակայն Աստված Աբրահամին ասաց. «Թող քեզ ցավ չպատճառեն մանկան  և աղախնու մասին ասված խոսքերը: Ինչ ասի քեզ Սառան, լսի՛ր նրան, որովհետև Իսահակի միջոցով  է   սերունդդ  շարունակվելու: (Սինոդական թարգ․)
   
   «Սակայն Աստված Աբրահամին  ասաց… Ինչ ասի քեզ Սառան, լսի՛ր նրան, որովհետև Իսահակի միջոցով  է  սերունդդ   շարունակվելու»… Հավանաբար  Աբրահամը, Սառայից այսպիսի վճռական խնդրանք լսելով, ոչ միայն տրտմեց, ինչպես ասում է սուրբգրային տեքստը, այլև տարակուսեց այն կատարել՝ հաշվի առնելով նախկինում Իսմայելին տված աստվածային օրհնությունը (Ծննդ. 17:20)։ Այդ պատճառով էլ Աստված հաստատում է, որ  Սառայի խնդրանքը  արդարացի է։

   «…որովհետև Իսահակով է սերունդդ շարունակվելու»...   Ինչպես Պողոս առաքյալն է բացատրում. «Մարմնի որդիները չեն, որ Աստծու որդիներ են, այլ խոստման որդիներն են համարվում որպես սերունդ» (Հռ. 9:8): Այստեղից պարզ է դառնում, որ թե ըստ մարմնի առաջնություն ունեցող և թե ըստ հոգու միակ սերունդը կլինի աստվածատուր զավակից՝ Իսահակից սերվածը։ Այս ամբողջ պատմության մեջ Պողոս առաքյալը հայտնաբերում է երկու ուխտերի նախատիպը. Հինը, որը նմանեցնում է Հագարին, և Նորը, որը նմանեցնում է Իսահակին (Գաղ. 4:25–36)։ Չնայած ինչ որ ժամանակ Ագարն ու Իսմայելը մարմնական ծնունդով նախորդում էին Իսահակին, բայց ստիպված էին նրան զիջել իրենց իրավունքները, այդպես էլ Հին ուխտը Նորի գալուստով, ինչպես ստվերը արևի առաջ, ստիպված էր իր տեղը զիջել նրան։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Իր որդու մասին ասուած այդ խօսքերը ցաւ պատճառեցին Աբրահամին:
(Արարատ թարգ․) Եվ այս խոսքը շատ ծանր թվաց Աբրահամին իր որդու պատճառով:
(Գրաբար) Եւ խի՛ստ թուեցաւ բանն առաջի Աբրաամու վասն որդւոյ նորա։