Ծննդոց գրքի մեկնություն 23:7

Ա. Լոպուխին

7-9. Աբրահամը ելավ և խոնարհվեց այդ երկրի ժողովրդի՝ Քետի որդիների առաջ [7] և ասաց նրանց. «Եթե դուք համաձայն եք, որ ես թաղեմ իմ հանգուցյալին, ուրեմն ակա՛նջ դրեք ինձ և ինձ համար բարեխոսե՛ք Սահառի որդի Եփրոնի առջև, որ ինձ տա իր ագարակի ծայրին գտնվող Մաքփելայի (զույգ) քարայրն այնքան արծաթով, որքան արժե այն: Այն այստեղ  ինձ համար թող լինի որպես շիրմավայր»: (Սինոդական թարգ․)
   
   «…Մաքփելայի քարայրը»… Սլավոներեն (նաև աշխարհաբար – ծանոթ.` թարգմ.) տեքստում, ըստ երևույթին, եբրայերեն հատուկ անունը թարգմանվել է. «որ ինձ տա… (Մաքփելայի) զույգ քարայրը»: Գերեզմանատեղը որպես սեփականության անքակտելի մաս ունենալը խիստ կարևորելով՝  Աբրահամը չհամաձայնեց այն ընդունել իբրև ընծա, այլ կամեցավ գումարով ձեռք բերել, այսինքն՝ ավելի ճիշտ ու հիմնավոր ճանապարհով: Հետո Աբրահամի սեփականության իրավունքը բոլորի համար դառնալու էր ակնհայտ և անվիճարկելի:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Աբրահամը ելաւ եւ գլուխ տուեց այդ երկրի ժողովրդին՝ Քետի որդիներին:
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամը վեր կացավ ու գլուխ խոնարհեց այդ երկրի ժողովրդի՝ Քետի որդիների առաջ:
(Գրաբար) Յարեա՛ւ Աբրաամ երկիր եպագ ժողովրդեան երկրին որդւոցն Քետայ։