Ա. Լոպուխին
3-6. Իբրև պանդուխտ ապրի՛ր այս երկրում, և Ես կլինեմ քեզ հետ ու կօրհնեմ քեզ, որովհետև քեզ ու քո ժառանգներին եմ տալու այս ողջ երկիրը: Ես կկատարեմ այն երդումը, որ տվեցի քո հայր Աբրահամին: [3] Երկնքի աստղերի չափ բազմացնելու եմ քո ժառանգներին, այս ամբողջ երկիրը տալու եմ քո զավակներին, և քո սերնդի միջոցով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը, քանի որ Աբրահամը՝ քո հայրը, հնազանդվեց Իմ կամքին և կատարեց Իմ հրամանները, Իմ պատվիրանները, Իմ կանոններն ու Իմ օրենքները»: Եվ Իսահակը բնակություն հաստատեց Գերարայում: (Սինոդական թարգ․)
Իսահակին քաջալերելու համար Աստված կրկնում է Աբրահամին տված խոստումները (հմմտ. 12:3–7, 13:15, 15:7–18, 18:18), սակայն մասամբ կրճատումներով՝ հատուկ մատնանշելով, որ Աստծո ողորմությունները նրան տրվում են հանուն Աբրահամի, որը հավատարիմ մնաց Աստծո բոլոր պատվիրվածներին՝ հրամաններին (եբր. «միցվոտ»), կանոններին («խուկկոտ») և օրենքներին («թորոթ»)։ Վերջին եզրերը մովսիսական տերմինաբանության յուրահատուկ բնութագրեր են և ամենից շատ հանդիպում են Երկրորդ Օրենքում։ Այս եզրերի միջև տարբերությունը, որ ցույց է տրված հրեա մեկնաբանների գործերում (Րաշի, Աբարբանել), շատ անորոշ է (տե՛ս Philippson, 125–126): Համենայն դեպս, Աբրահամի հետ կապված դրանք կիրառված են բացառապես ընդհանուր իմաստներով՝ առանց նրա կյանքի մասնավոր դեպքերի նկատմամբ հատուկ մոտեցման (ըստ Աբարբանելի՝ «միցվա» է Իսահակի թլփատությունը և Իսմայելի վտարումը, «խուկկա» է Իսահակին զոհաբերելը, «թորա» է Իսահակի ամուսնությունը ազգականի հետ):
Մինչդեռ, ըստ Ս. Հովհան Ոսկեբերանի, այս եզրերի տարբերակումով «Աստծո իմաստությունը ոգեշնչում է (ցնծում) արդարի (Իսահակի) հոգին, քաջալերում նրան, որպեսզի նա ձգտի նմանվելու իր հորը (Հովհան Ոսկեբերան, Ծննդոց, մեկնություն)։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) իբրեւ պանդուխտ ապրի՛ր այս երկրում, որ ես լինեմ քեզ հետ եւ օրհնեմ քեզ, որովհետեւ քեզ ու քո սերունդներին եմ տալու այս ողջ երկիրը: Ես հաստատ կը պահեմ այն երդումը, որ տուեցի քո հայր Աբրահամին:
(Արարատ թարգ․) Պանդուխտ պիտի լինես այս երկրում, և Ես քեզ հետ կլինեմ ու քեզ կօրհնեմ, որովհետև քեզ ու քո սերնդին եմ տալու բոլոր այդ երկրները ու պիտի հաստատեմ այն խոստումը, որ տվեցի քո հայր Աբրահամին:
(Գրաբար) Եւ պանդխտեաց յերկրիս յայսմիկ. եւ եղէց ընդ քեզ, եւ աւրհնեցից զքեզ. զի քեզ եւ զաւակի քում տաց զամենայն զերկիրս զայս. եւ հաստատեցից զերդումն իմ զոր երդուայ Աբրաամու հաւր քո:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: