Ծննդոց գրքի մեկնություն 28:18

Ա. Լոպուխին

Եվ Հակոբը վաղ առավոտյան արթնացավ, վերցրեց այն քարը, որ դրել էր իր գլխի տակ, կանգնեցրեց որպես արձան (կոթով) և յուղով օծեց նրա գագաթը։ [18] (Սինոդական թարգ․)
   
   Տեսածի ազդեցությամբ Հակոբը նախ իր սնարի քարն է կանգնեցնում որպես արձան (mazzebah) և դրա վրա յուղ հեղում։ Նմանատիպ հուշակոթողներ կանգնեցնելու սովորությունը տարածված է և՛ Հին, և՛ Նոր Արևելքում։ Աստվածաշնչում Հակոբի պատմությունից զատ (Ծննդ. 28:18, 31:45, 35:14)՝  հիշյալ նշանակությամբ քարե արձաններ կանգնեցնելու դեպքեր հիշատակվում են նաև Նավեի որդի Հեսուի (Հես. 4:9, 24:26), Սամուել մարգարեի (Ա Թագ. 7:12) և այլ պատմություններում։ Հետագայում այս երևույթի չարաշահումը վերածվեց կռապաշտության և արգելվեց մովսիսական օրենքով (Ղև. 26:1)։ Նման ձևով աստվածություններին քարեր նվիրելու սովորությունը հայտնի էր Արևելքում, օրինակ՝ փյունիկացիների մոտ, ինչպես նաև դասական աշխարհում։ Ձեթը, որպես շոգ երկրներում ճամփորդության համար ուժերը վերականգնելու անհրաժեշտ միջոց, եղել է ճամփորդող Հակոբի ձեռքի տակ. «Ճանապարհորդության մեջ լինելով՝ հավանաբար միայն ձեթ է ունեցել իր մոտ» (Հովհան Ոսկեբերան, էջ 585)։ Այսպես, «ինչ որ ուներ իր մոտ, այն էլ ընծայեց պարգևատրող Աստծուն» (Եր. Թեոդորետ, Պատ. 85–րդ հարցին):
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Առաւօտեան Յակոբը վեր կացաւ, վերցրեց այն քարը, որ դրել էր իր գլխի տակ, եւ այն կանգնեցրեց իբրեւ կոթող: Նա իւղով օծեց քարի գագաթը:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբը վաղ առավոտյան վեր կացավ, վերցրեց այն քարը, որ իր գլխի տակ էր դրել, այն կանգնեցրեց որպես հուշաքար և նրա գլխին յուղ լցրեց:
(Գրաբար) Եւ յարեաւ Յակոբ ընդ առաւաւտն, եւ առ զվէմն զոր եդ ընդ սնարս իւր. եւ կանգնեաց զնա արձան. եւ արկ եւղ ի գլուխ նորա: