Մանկունք նոր Սիովնի.
փառաբանիչք սուրբ Երրորդութեանն.
զյիշատակ սրբոյն Կիւրղի հայրապետին՝
տօնելով այսօր ընդ զօրս անմարմնոցն.
օրհնեցէ՜ք զՏէր յօրհնութիւն ի նոր:
(Շարակնոց)
Աթանասի աթոռակիցներից նրան համանմանը, ուղղափառութեան առաջամարտիկը եւ Եկեղեցու ամուր պարիսպը, Զօրութիւնների Տիրոջ այգում բազում պտուղներ տուող ժիր մշակն ու պատուելի սուրբ Կիւրեղ Ալեքսանդրացի հայրապետը ծնուել է Դ դարի վերջում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մերձակայ աւաններից մէկում` ազնուատոհմ եւ բարեպաշտ ծնողներից: Մանկուց նա մեծացաւ բարեպաշտ վարքով եւ ուսումնառութեամբ: Հասակ առնելուն զուգընթաց Կիւրեղն Ալեքսանդրիայի Թէոփիլոս պատրիարքի հոգածութեամբ, ում քրոջ կամ եղբօր որդին էր, աւելի ու աւելի էր առաջադիմում իմաստասիրական գիտութեան մէջ, սակայն նա առաւել խելամուտ եղաւ աստուածային վարդապետութեան՝ մարգարէական եւ առաքելական գրքերին, ինչպէս նաեւ հայրերի ու Եկեղեցու վարդապետների թողած ժառանգութեանը: Նոյն Թէոփիլոս պատրիարքի ձեռամբ սարկաւագ եւ ապա քահանայ ձեռնադրուելուց յետոյ նա բոլորին զարմացնում էր իր խօսքի հզօր քարոզչութեամբ ու առաքինափայլ ընթացքով: Այդ պատճառով Թէոփիլոսից յետոյ գրեթէ ողջ ժողովուրդը կամենում էր Կիւրեղին իրեն առաջնորդ ընտրել, բայց քանի որ ոմանք նախընտրում էին Տիմոթէոս աւագ սարկաւագին, ալեքսանդրացիների մէջ նրանց համար եռօրեայ պայքար եղաւ: Եւ Կիւրեղի կողմնակիցները, կարողանալով բոլորին գրաւել իրենց կողմը, շքեղ հանդիսութեամբ նրան նստեցրին պատրիարքութեան Աթոռին, որը եղաւ Թէոդոս Փոքր թագաւորի կայսրութեան տասնմէկերորդ տարում՝ Տիրոջ 412 թուականի հոկտեմբերի 18-ին:
Երանելի Կիւրեղը հայրապետական Աթոռին նստելու օրվանից ջանք չխնայեց՝ սրբելու եւ անարատ պահելու իր հօտը ժամանակի հերձուածներից: Քաղաքից հեռացրեց բոլոր նովատիանոսականներին, ովքեր մինչ այդ Ալեքսանդրիայում ունէին իրենց Եկեղեցին, վերցրեց նրանց ձեռքից ու յանձնեց ուղղափառ երէցներին: Այդ պատճառով այլափառներն սկսեցին թշնամանալ Կիւրեղի դէմ, բամբասել եւ հաւատի նախանձախնդիր ու Եկեղեցու արթուն հովուին կոչել անողորմ հալածիչ:
Ալեքսանդրիայից մօտ տասն ասպարէզ 1 հեռաւորութեան վրայ կար մի վայր, որը կոչւում էր Կոնոպէ կամ Կանոպոս: Դրանից փոքր-ինչ հեռու գտնւում էր Մանութէ գիւղը, ուր բնակութիւն էին հաստատել չար այսերը: Այդ վայրը ջանացել էր մաքրել Թէոփիլոսը, սակայն չէր կարողացել: Այդ նոյն գործին ձեռնամուխ եղաւ նաեւ Մեծն Կիւրեղը, որի համար աղօթքներով օգնութիւն էր խնդրում Աստծուց: Եւ նրան երեւաց Աստուծոյ հրեշտակը, ով իրեն պատուիրեց այդ գիւղ տանել սուրբ վկաներ Կիւրոսի, Յովհաննէսի ու Մարկոս աւետարանչի նշխարները եւ այնտեղ վկայարան շինել: Երբ Կիւրեղը կատարեց հրամայուածը, վայրենի դեւերը չքուեցին գիւղից:
Այդ ժամանակներում Ալեքսանդրիայում մեծ վէճ ծագեց հրէաների ու քրիստոնեաների միջեւ: Եւ երբ հակառակութիւնը սրուեց, միաբանուած հրէաների բազմութիւնը յարձակուեց քրիստոնեաների վրայ ու կոտորեց շատերին: Բայց երբ բռնեցին այդ չար գործի առաջնորդներին եւ խռովարարներին, Կիւրեղ հայրապետը հրաման արձակեց, ըստ որի՝ իւրաքանչիւր հրէայ, ով չի ընդունի քրիստոնէութիւնը, պէտք է հեռացուի քաղաքից: Այդպէս նրանք ցրուեցին, քաղաքը մաքրուեց, ոմանք դարձան քրիստոնէական հաւատին, ու մեծ խաղաղութիւն տիրեց Ալեքսանդրիայում:
Իսկ քաղաքի Ովրեստէս իշխանը, թէպէտ քրիստոնեայ էր, սակայն խորհելով աշխարհինը՝ չարացաւ սուրբ հայրապետի վրայ, «քանզի,- ասաց,- առեւտրի մէջ շահաւէտ այդչափ մարդ պակասեց քաղաքից»: Սրա համար նա Կիւրեղին ամբաստանող մի նամակ գրեց կայսրին, սակայն Կիւրեղը հերքեց նրա մեղադրանքները՝ կայսրին յիշեցնելով, թէ քաղաքում որքան չարիքներ էին լինում Քրիստոսի թշնամիներից: Եւ քանի որ քաղաքապետը ոխ պահեց հայրապետի դէմ, բազմաթիւ մենակեացներ անապատից քաղաք իջան, որպէսզի միջնորդ լինելով՝ հաշտեցնեն նրանց: Սակայն դէպքերը ձախողակի ընթացք ունեցան, որովհետեւ նոր աղմուկ, խռովութիւն եւ արիւնահեղութիւններ եղան Կիւրեղի համախոհների ու քաղաքապետի թեւակիցների միջեւ: Այլոց հետ սպանուեցին մեծանուն մենակեաց Ամմոնիոսը եւ ողջ քաղաքում անուանի դարձած Հիպատիան՝ ժամանակի բոլոր իմաստասէրներին իր զօրաւոր խօսքով ու գրչով գերազանցած Թէովնա իմաստասէրի դուստրը: Եւ ապա բազում խռովութիւններից յետոյ Մեծն Կիւրեղի սթափ առաջնորդութեամբ քաղաքում մի կերպ խաղաղութիւն տիրեց:
Սակայն սուրբ Յովհան Ոսկեբերանի հետ կապուած դէպքերի պատճառով դեռեւս պառակտումներ կային Եկեղեցու առաջնորդների միջեւ, որովհետեւ անտիոքացիները, կոստանդնուպոլսեցիներն ու երեւելի Աթոռներից ոմանք արժանի պատուով մեծարում էին Ոսկեբերանի անունը՝ կատարելով նրա յիշատակը միւս սուրբ հայրապետների հետ: Իսկ ալեքսանդրացիներն օտարացել էին նրանից դեռեւս իրենց Թէոփիլոս պատրիարքի ժամանակներից, որովհետեւ որոգինեսեանների հանդէպ նախանձայուզութեան պատճառով նա թշնամացել էր Ոսկեբերանի հետ: Կիւրեղը եւս, առաջնորդուելով մարդկային խորհուրդներով, միառժամանակ հանդէս էր գալիս որպէս իր նախորդի՝ Թէոփիլոսի ջատագովը, որից բազում երախտիքներ էր ստացել, եւ չէր կամենում Եկեղեցում յիշատակուողների հետ դասել Ոսկեբերանի անունը: Եւ թէպէտ նա այլ առաջնորդներից յորդորալից գրութիւններ էր ստանում, սակայն համոզուել չէր կարողանում:
Եվ մինչ նա այս մտորումների մէջ էր, Աստուած բժշկեց նրա միտքը: Այդ մասին Ոսկեբերանին յարողները պատմում են հետեւեալը. նա` [Կիւրեղը], երազում տեսաւ, որ Յովհան Ոսկեբերանն իրեն հեռացնում էր Եկեղեցու գաւթից եւ թոյլ չէր տալիս մերձենալ աստուածային պաշտամունքին: Տեսաւ նաեւ ամենօրհնեալ Աստուածածին Կոյսին՝ երկնի Թագուհուն. նա խրատում էր Ոսկեբերանին՝ խնայել Կիւրեղին՝ որպէս թէ այդ բանում անգէտի, եւ ասում. «Դա է իմ փառքի վրէժխնդիրը»: Երբ Կիւրեղը սթափուեց տեսիլքից, հասկացաւ տեսածի խորհուրդը եւ այնուհետեւ հրաժարուեց ընդդէմ Յովհանի իր յանիրաւի կարծիքներից, սկսեց գովութեամբ հռչակել նրա անունը ու յիշատակել տալ Եկեղեցու սուրբ հայրապետների կարգում: Բայց տեսիլքի լրումը՝ ի գովութիւն Կիւրեղի, գլխովին կատարուեց մի քանի տարի անց:
Ալեքսանդրիայի եւ Կոստանդնուպոլսի Աթոռների հաշտութիւնից յետոյ, երբ մեռաւ թագաւորանիստ քաղաքի Ատտիկոս պատրիարքը, որից յետոյ նաեւ` նրան կարճ ժամանակ յաջորդած Սիսիննոսը կամ Սիսիանոսը, Տիրոջ 428 թուականին նրանց փոխարինեց Քրիստոսին բաժանող մարդադաւան Նեստորը: Նա չար հերձուած մտցրեց Եկեղեցի եւ ուսուցանեց հրէական մոլորութիւնը՝ սոսկ մարդ դաւանելով Սուրբ Աստուածածին Կոյսից ծնուած Յիսուս Քրիստոսին, Նրա մէջ երկու որդի ու երկու դէմք սահմանելով՝ բաժանեց մարդացեալ Աստուծոյ Որդուն, եւ իր հայհոյախօսութեան սկզբում ու վերջում արգելեց սուրբ Կոյսին Աստուածածին կոչել, այլ՝ Քրիստոսածին, այսինքն՝ մարդածին: Եւ եթէ ասում էր Աստուածածին, հասկանում էր միայն կրաւորապէս ու բարոյապէս Աստծուց ծնուած եւ ոչ թէ ինչպէս ուղղափառներն են ընդունում՝ ներգործաբար ու մարմնապէս, այսինքն՝ Աստուծոյ ծնող: Այս սատանայական որոմները կնճռոտ խօսքերով նախ ցանեցին թագաւորանիստ քաղաքում եւ ապա գրաւոր տեսքով՝ հեռաւորների մէջ: Նրանց թունաւոր գրութիւնները հասան նաեւ Եգիպտոսի մենակեացներին, ու շատերի մօտ խնդրի քննարկման համար ծագեցին տարաձայնութիւններ՝ ի գայթակղութիւն տկարների:
Երբ այս խօսակցութիւնները հասան երանելի Կիւրեղին, նա, լցուած Սուրբ Հոգով, վառուեց աստուածային նախանձախնդրութեամբ եւ Աստուծոյ Որդու ու Նրա ամենօրհնեալ Մօր՝ Աստուածածնի փառքի վրէժխնդրութեան համար հանդէս եկաւ որպէս քաջ առաջամարտիկ: Զգուշութեան համար նա իր հրաշալի գրչով նամակ գրեց նախ անապատի մենակեացներին եւ Սուրբ Գրքով ու հայրերի ուղղափառ վարդապետութեամբ խայտառակեց չարի յետին մոլորութիւնը: Նամակի ձեւով շարադրեց երեք գրութիւններ, որոնցից մէկն ուղարկեց Թէոդոս Փոքր կայսրին եւ Վաղենտիանոսին, երկրորդը՝ Եւդոքսիա թագուհուն, իսկ երրորդը՝ Պողքերիա դշխուհուն, որոնցում չէր յիշատակել Նեստորի անունը, որպէսզի չթուար, թէ ինքը նախատինք է դնում կայսեր առջեւ՝ այդպիսի մէկին անխորհրդաբար Քրիստոսի հօտի առաջնորդութիւնը յանձնելու համար:
Լուրը հասաւ Հռոմի երանելի Կեղեստիանոսին: Նա մի նամակ գրեց Կիւրեղին, որպէսզի նա քննի իսկութիւնը, թէ իրօ՞ք այդպիսի չար մոլորութիւն է սերմանել Նեստորը, քանի որ շատերը, նայելով այդ կեղծաւոր ու խորամանկ օձի արտաքին ընթացքին, մեծամեծ գովեստներով էին խօսում նրա մասին: Այնժամ երանելի Կիւրեղը մէկ-երկու անգամ հոգեշահ եւ ազդու խօսքերով ողոքիչ ու խրատական նամակներ գրեց Նեստորին: Իսկ նա, խցելով իր ականջները, ամենեւին չսաստուեց եւ յանդուգն պատասխան նամակով իր վրայից քերեց մոլորութիւն անուան կեղտը ու պախարակեց Կիւրեղին՝ անուանելով նրան անգէտ Սուրբ Գրքի վարդապետութեան մէջ:
Այդ մոլորեալին դարձի բերելու համար բազում ջանքեր գործադրելուց յետոյ, երբ տեսաւ նրա յամառութիւնը եւ ուղղութիւնից շեղուածութիւնը, պատուիրակ ուղարկեց Հռոմ ու ամէն ինչ յայտնեց Կեղեստիանոս հայրապետին: Վերջինս Հռոմում իր եպիսկոպոսներով ժողով գումարեց, ուր դատապարտեց Նեստորի մոլորութիւնը: Ապա ուղերձներ յղեց Նեստորին եւ Կիւրեղին, որ եթէ նամակը ստանալուց տասն օր յետոյ Նեստորը չզգաստանայ, կը նզովուի ու կը հեռացուի հաւատացեալների հետ հաղորդութիւնից: Եւ հայրապետը, բոլոր հոգսերը յանձնելով Կիւրեղին, այս կարեւոր գործում նրան իրեն տեղակալ նշանակեց:
Իսկ Կիւրեղը, հոգալով այս մասին, գրեց բոլոր Աթոռների առաջնորդներին ու Ալեքսանդրիայում ժողով գումարելով՝ դատապարտեց Նեստորի աղանդը: Նրան ուղարկեց Կեղեստիանոս քահանայապետի հաստատած կանոնի թուղթը եւ տասներկու գլուխ նզովքները՝ ուղղուած նրա բոլոր մոլար խօսքերի դէմ: Իսկ Նեստորը, շարունակելով մնալ իր մոլորութեան մէջ, ըմբոստացաւ ու սկսեց շատերին գրգռել Կիւրեղի դէմ՝ տարածելով, թէ նա ընդունել է Ապողինարի աղանդը, նաեւ բողոքագիր ուղարկեց Թէոդոս կայսրին, սակայն ոչինչ չշահեց:
Սրանից յետոյ, երբ Եկեղեցում խռովութիւն ծագեց, հարկ եղաւ Եփեսոսում մեծ ժողով գումարել, ուր Կեղեստիանոսի նախաձեռնութեամբ եւ Թէոդոսի հաւանութեամբ հաւաքուեցին աւելի քան երկու հարիւր եպիսկոպոսներ: Ժողովին մասնակցում էին Նեստորը՝ իր պաշտօնեաների ու սպասաւորների բազմութեամբ, սուրբ Կիւրեղն իր եպիսկոպոսներով եւ Երուսաղէմի Յոբնաղ պատրիարքը: Սպասում էին նաեւ Անտիոքի Յովհաննէս պատրիարքին, սակայն նրա ուշանալու պատճառով Ամենասուրբ Աստուածածնի տաճարում սկսեցին սուրբ ժողովը, որից Նեստորը խոյս տուեց ու երեք անգամ կանչուելուց յետոյ չընդունեց ժողովի հրաւէրը: Կարեւոր քննութիւնից յետոյ, երբ յայտնի դարձաւ Նեստորի մոլորութիւնն ու յամառութիւնը, սուրբ ժողովը նրան զրկեց եպիսկոպոսութեան պատուից եւ քահանայական պաշտօնից ու հաստատեց հաւատի ուղղափառ դաւանութիւնը՝ խոստովանելով մեր Տէր Յիսուս Քրիստոսին Աստուծոյ Միածին Որդի եւ Կոյսի Որդի, մի Որդի՝ աստուածութեան ու մարդկութեան անբաժանելի միաւորութեամբ, եւ Նրա ծնողին՝ Աստուածածին: Եւ քաղաքում ցնծութեան հանդէս եղաւ, որովհետեւ չարը վերացուեց մէջտեղից: Իսկ սուրբ Կիւրեղը, ով որպէս Հռոմի հայրապետի տեղակալ գլխաւորում էր ժողովը, բեմից սքանչելի ճառ խօսեց՝ ներբողելով սուրբ Աստուածածնին, ու ջախջախեց Նեստորի աղանդը: Ապա արձանագրուեց ժողովի որոշման թուղթը եւ ուղարկուեց կայսրին ու Կոստանդնուպոլսի Եկեղեցու միաբանութեանը: Իսկ Նեստորը, իրեն համախոհներ ունենալով արքունի դռան իշխանաւորներին եւ պաշտօնեաներին, օգտագործեց բոլոր հնարաւորութիւնները, որպէսզի ժողովի նամակը չհասնի կայսրին:
Այդ օրերին Եփեսոս հասաւ Անտիոքի Յովհան պատրիարքը, ով Նեստորի աշակերտակիցն էր: Լսելով ժողովում նրա դատապարտութեան մասին՝ լցուեց մեծ ցասումով ու իր գործակիցների հետ առանձին ժողով անելով՝ դատապարտեց սուրբ Կիւրեղին՝ որպէս մի այլ մոլորութեան մէջ ծայրայեղօրէն խոտորուած, եւ նրա հետ Եփեսոսի Մեմնոն եպիսկոպոսին՝ Կիւրեղի նզովքների պատճէնը տարածելու ու քաղաքի եկեղեցիները Նեստորի համախոհների առջեւ փակելու համար: Ապաւինելով իր աշխարհական բազկին՝ սպառնում էր նոյնն անել նաեւ միւս եպիսկոպոսների հետ, եթէ նրանք յանձն չառնէին հերքել Կիւրեղի խօսքերը: Սակայն ժողովի սուրբ եպիսկոպոսները, արդարացնելով Կիւրեղին եւ Մեմնոնին, նզովեցին Յովհաննէսին ու նրա գործակիցներին իրենց յանդգնութեան համար:
Երբ այս ամէնը խառնիխուռն լուրերով հասաւ կայսեր ականջին, նա կարծեց, թէ Կիւրեղը եւ Մեմնոնը օրէնքով դատապարտուած են, քանզի նրան այդպէս էին համոզել Յովհաննէսի արբանեակները: Այդ պատճառով արքունի գործակալների ձեռքով պատուէր յղեց, որ Նեստորի հետ իրաւամբ մեղաւորներ ճանաչեն Կիւրեղին ու Մեմնոնին եւ այդ երեքին՝ որպէս խռովութեան առաջնորդների, միասին բանտ նետեն: Սակայն երբ ի յայտ եկաւ կեղծիքը, ու տեսաւ, որ յանիրաւի է բանտարկել Կիւրեղին եւ Մեմնոնին, յետ վերցրեց իր նախկին հրամանը, չեղեալ համարեց Յովհաննէս Անտիոքացու գումարած եկեղեցական ժողովի որոշումները ու հրամայեց Նեստորին պահել Անտիոքի վանքերից մէկի արգելարանում, որպէսզի զգաստանայ:
Բայց քանի որ ժանտ Նեստորը չէր դադարում նաեւ այնտեղ սերմանել իր չար որոմները, արտաքսուեց Լիբիայի ամայի վայրերից մէկը՝ Յովասիս, ուր որդնալից լինելով հայհոյիչ լեզվով՝ դառը վախճան ունեցաւ: Նրա գրուածքներն արքունի հրամանով այրեցին, իսկ նրա տեղը Կոստանդնուպոլսի պատրիարք ընտրեցին Մաքսիմիանոսին:
վԵրբ այս ամէնից յետոյ խաղաղուեց Քրիստոսի Եկեղեցին, երանելի Կիւրեղին գովասանքի նամակներ եկան Հռոմի հայրապետ Կեղեստիանոսից, Կոստանդնուպոլսի Մաքսիմիանոս պատրիարքից եւ այլ Աթոռներից, ուր նրան կոչում էին Աստուծոյ Եկեղեցու հաստատուն սիւն եւ ամուր խարիսխ, քաջ հովիւ եւ առաքինի նահատակ, ով Ճշմարտութեան համար անվեհեր կերպով իր անձը մատնեց չարչարանքների: Ինչպէս եւ ինքն էր նախապէս ասում. «Չեմ տայ քուն իմ աչքերին կամ նինջ իմ թարթիչներին կամ հանգիստ իմ մարմնին, այլ մինչեւ մահս կը չարչարուեմ այս պատերազմում, որ հոգիների փրկութեան համար է, եւ իմ անձի համար փառք կը համարեմ մեռնել այսպիսի պայքարում»: Դրա համար Տէրը նրան օգնական եղաւ այդ մեծ ու կարեւոր գործը յաղթութեամբ աւարտելու համար:
Միայն Յովհան Անտիոքացին էր դեռեւս հակառակւում Կիւրեղին, ով ոչ քիչ գայթակղութիւնների առիթ էր տալիս Եկեղեցում, քանզի ոմանք Կիւրեղին էին յարում, ոմանք՝ Յովհանին, եւ խէթ-խէթ նայելով միմեանց՝ խորշում էին միմեանց հետ հաղորդակցուելուց: Սակայն Մեծն Կիւրեղը խոնարհութեամբ ու համբերութեամբ շահեց Յովհանի սիրտը, եւ մինչեւ անգամ անցած դէպքերից յետոյ միմեանց դաւանութեան մասին գիր գրեցին՝ ցոյց տալով ճշմարտութեան մէջ իրենց միաբանութիւնը: Եւ այդպէս նրանց միջեւ հաշտութիւն ու սէր հաստատուեց:
Բայց երանելի Կիւրեղը նաեւ այլ բազում վշտեր կրեց այն սուտ եղբայրներից, որոնց դժուարըմբռնելի էր նրա խորիմաց վարդապետութիւնը Աստուծոյ Բանի մարդեղութեան անճառելի խորհրդի շուրջ: Նա իր բազում աշխատութիւններով անդադար ջանում էր լռեցնել իր հակառակորդներին, ուսուցանել տգէտներին եւ յատկապէս իմաստնացնել իմաստուն կարծեցեալներին, որոնց մէջ առաւել նշանաւոր է մարդեղութեան խորհրդի շուրջ նրա «Գիրք պարապմանց» գործը ու «Գիրք գանձուց» երկը՝ ընդդէմ տեսակ-տեսակ հերձուածների: Չթուենք նրա` իմաստութեամբ եւ Աստուծոյ հոգով լի միւս բազում ճառերն ու նամակները, լուսաւոր վարդապետութեամբ շարադրուած Հին եւ Նոր Կտակարանների մեկնութիւնները:
Մեծն Կիւրեղը զինուեց նաեւ ընդդէմ Նեստորի վարդապետի՝ Թէոդորոս Մոփսուեստացու արբանեակների դէմ: Քանզի սրանք, տեսնելով, որ Նեստորը մերժուեց, եւ այրուեցին նրա գրուածքները, սկսեցին առաջ քաշել նրա վարդապետի՝ Թէոդորոսի ու Դիոդոր Տարսոնացու շարադրած գրութիւնները, որոնք մեծ հռչակ ունէին շատերի մէջ: Սակայն սուրբ Կիւրեղը յայտնի դարձրեց, որ Նեստորի փուչ վարդապետութեան բոլոր արմատները եւ դառն աղբիւրները ծագում են մոփսուեստացիներից: Ու այս առիթով նամակագրական կապ սկսուեց Սուրբ Կիւրեղի եւ Հայոց հայրապետ Սահակ Պարթեւի միջեւ, ով երանելի Մեսրոպ Մաշտոցի ու իր Եկեղեցու ողջ միաբանութեան հետ եղաւ մոփսուեստացիների աղանդի եւ նրանց հետեւորդների առաջին ու գլխաւոր ջախջախիչը: Այդ պատճառով այդ շրջանում Կիւրեղի հակառակորդները թշնամացան նաեւ հայերի հետ, իսկ նրա բարեկամները սէր եւ հարազատութիւն ցուցաբերեցին հայերի հանդէպ, որոնցից էր Կիւղիկիայի սուրբ Պրոկղ եպիսկոպոսը, ով յետոյ եղաւ Կոստանդնուպոլսի պատրիարքը:
Արդ, իր աստուածահաճոյ կեանքի ընթացքը լցնելով Եկեղեցու համար այսպիսի քրտնաջանութեամբ ու հանապազօրեայ տքնութիւններով՝ երանելի Կիւրեղը Տիրոջ 444 թուականին խաղաղութեամբ ննջեց ի Քրիստոս եւ դասուեց սուրբ հայրապետների հետ: Նա Ալեքսանդրիայի հայրապետութիւնը վարեց երեսուներկու տարի ու թաղուեց Ալեքսանդրիայում՝ հայրապետների շիրիմների մօտ: Սակայն որոշ ժամանակ անց նրա պատուական մարմինը կամ, ինչպէս ասում են, նրա ոսկորներից ինչ-ինչ նշխարներ տեղափոխուեցին Կոստանդնուպոլիս եւ ամփոփուեցին սուրբ Աթանասի նշխարների մօտ, ուր ի պատիւ Ալեքսանդրիայի այդ երկու տիեզերապատիւ սուրբ հայրապետների՝ սուրբ Աթանասի ու սուրբ Կիւրեղի` տարէցտարի առանձին տօնախմբութիւն է կատարւում:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ս. Կիւրեղ Ալեքսանդրացու յիշատակը տօնում է տարին երկու անգամ. Սուրբ Ծննդեան երրորդ կամ երկրորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը եւ հոկտեմբեր ամսուայ վերջին շաբաթ օրը՝ տասներկու վարդապետների հետ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: