Ծննդոց գրքի մեկնություն 38:24

Ա. Լոպուխին

Երեք ամիս հետո Հուդային հայտնեցին՝ ասելով. «Պոռնկացել է քո հարս Թամարը և ահա պոռնկանալու պատճառով հղիացել է»: Հուդան ասաց. «Դո՛ւրս հանեցեք նրան, թող ողջ–ողջ այրվի»: [24](Սինոդական թարգ․)
   
   Ինչպես Հուդայի (միանձնյա) վճիռը՝ ուղղված հարսին (նշանված էր Սելոմի հետ), որը կասկածվում էր պոռնկության համար,  բնորոշում է նահապետների կենցաղը՝ ի հակադրություն ծնողների իշխանության սահմանափակմանը՝ ըստ Մովսիսական օրենքի (Բ Օր., 21:18–21), այնպես էլ պատժամիջոցը` այրելը, ցույց է տալիս մինչև օրենքի հաստատվելը հրեական քրեական իրավունքի գործադրման մեջ նահապետների ունեցած դերը: Հնարավոր է, որ այս պատժամիջոցը Հուդան վերցրել է հարևան փղշտացիներից (փղշտացիները այրեցին Սամսոնի կնոջը ամուսնուն դավաճանելու համար, Դատ. 15:6):

   Մինչդեռ, համաձայն Մովսիսական օրենքի, ամուսնական հավատարմությունը խախտողը ենթարկվում էր քարկոծման (Բ Օր. 22:21). միայն այրում էին քահանայի անառակացած դստերը (Ղև. 21:9): Ուստի հրեաների ավանդույթը ընդունում էր Թամարին՝ իբրև քահանայի դուստր (ըստ ռաբբիների՝ Սիմի կամ Մելքիսեդեկի դուստրն էր Beresch. r. Раr. 85, s. 421): Եվ վերջապես հնարավոր է, որ Հուդայի կողմից Թամարին այրելը սահմանվել էր այն բանի համար, որ նա Աստարտովի (ենթադրյալ) քրմուհին էր (Բ Օր., 7:25, 12:3, 13:16):
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Երեք ամիս յետոյ Յուդային յայտնեցին, թէ՝ «Պոռնկացել է քո հարս Թամարը եւ ահա պոռնկանալու պատճառով յղիացել է»: Յուդան ասաց. «Դո՛ւրս հանեցէք նրան, թող ողջ-ողջ այրուի»:
(Արարատ թարգ․) Եվ եղավ, որ երեք ամիս անց Հուդային հայտնեցին. «Քո հարս Թամարը պոռնկացել է, և նաև պոռնկությունից հղիացել է»: Այնժամ Հուդան ասաց. «Դո՛ւրս բերեք նրան, նա պետք է այրվի»:
(Գրաբար) Եւ եղեւ յետ երից ամսոց, ազդ եղեւ Յուդայ եւ ասեն. Պոռնկեցաւ նու քո Թամար, եւ ահա յղի է ի պոռնկութենէ: Եւ ասէ Յուդա. Հանէք զնա արտաքս, եւ այրեսցի: