Որ օրհնիս յանմարմնական զինուորութեանց. վերագոչեմք առ Քեզ` Տէր,
աղօթիւք սրբոց մարտիրոսաց` խնայեա՛ ի ժողովուրդս Քո` միայն մարդասէր:
Զորս ընտրեցեր յամենայն ազգաց երկրէ` լուսաւորել զոգիս մարդկան.
աղօթիւք սրբոց մարտիրոսաց` խնայեա՛ ի ժողովուրդս Քո` միայն մարդասէր:
Որ գաս հայրական իշխանութեամբ պսակեալ զսուրբս Քո.
աղօթիւք սրբոց մարտիրոսաց` խնայեա՛ ի ժողովուրդս Քո` միայն մարդասէր:
(Շարակնոց)
Քրիստոսի բազմաչարչար նահատակ սուրբ Մարկոսն ապրել է Կոստանդիանոս կայսեր օրօք եւ եղել է Ասորիքի մերձակայքում գտնուող Արեթուսա քաղաքի եպիսկոպոսը: Քրիստոնէական ճշմարիտ հաւատի նախանձախնդիր լինելով՝ նա յանդիմանում էր կռապաշտներին, իր զօրաւոր խօսքերով նուաճում իր հովւութեան ներքոյ գտնւող մոլորուածերին՝ նրանց դարձնելով դէպի սուրբ հաւատը, իսկ հաւատացեալներին անարատ պահում բոլոր կուռքերի սնոտի խաբէութիւններից: Նա աւերեց կուռքերի մեծակառոյց տաճարը, որ կար Արեթուսա քաղաքում, կործանեց բոլոր բագինները եւ կառուցեց եկեղեցիներ, ամենուր կանգնեցրեց խաչեր` իր դէմ սաստիկ չարացնելով հեթանոս առաջնորդներին, ովքեր Կոստանդիանոս ինքնակալի ահից չէին վնասում նրան:
Արիոսականների խռովութեան օրերին, երբ ողջ Արեւելքում եւ Արեւմուտքում խռովուած էր Եկեղեցու միաբանութիւնը, ալեկոծուեց նաեւ Մարկոսը, որովհետեւ նա յարում էր կիսաարիոսական եպիսկոպոսներին: Նրանք Եկեղեցու խաղաղութեան համար լռեցրին «համագոյակից» սահմանումը, որի դէմ պայքարում էր արիոսականների գլխաւոր ընդդիմութիւնը: Եւ քանի որ Մարկոսը հմուտ էր խօսքի եւ գրագրութեան մէջ, համարձակուեց խորամուխ լինել նման ձեռնարկի մէջ, կարծելով` շինութիւն կը բերի Եկեղեցուն: Բայց երբ նա տեսաւ, որ արիոսականներն օրէցօր նկրտում են դէպի վատթարը, զգաստացաւ, զգուշացաւ եւ բռնեց նրանց ճանապարհը, ովքեր անխռով մտքով պահում էին Նիկիական դաւանութեան ողջամիտ վարդապետութիւնը: Հեռացաւ չարամիտներից եւ անցաւ հսկելու իր հօտին` կրթելով նրանց անբիծ հաւատով եւ բարի վարքով:
Երանելի Մարկոսն իր եպիսկոպոսութիւնը վարեց նաեւ Կոստանդիանոսի որդիների կայսրութեան օրօք: Այդ ժամանակներում որոնում էին Յուլիանոսին, ով ինքնակալների ազգականներից էր, որպէսզի վերացնէին նրա ողջ զարմը: Յուլիանոսը վտանգից փրկուելու համար ապաւինում էր Ասորիքի քահանաներին ու եպիսկոպոսներին, ովքեր ընդունեցին նրան առանց ճանաչելու եւ սուրբ Մարկոս եպիսկոպոսի մօտ նշանակեցին իբրեւ Եկեղեցու սուրբ Սեղանի պաշտօնեայ: Իսկ երբ թագաւորեց այդ նոյն Յուլիանոսը, նա ապստամբեց քրիստոնեաների դէմ, ուրացաւ իր Փրկչին եւ եղաւ չարի արբանեակ. սկսեց մաքառել ընդդէմ քրիստոնէութեան եւ շատ արագ դարձաւ կռապաշտութեան ու հեթանոսութեան: Այնժամ համարձակութիւն ստացան հեթանոսները, ու առաջ եկան ծպտեալ կռապաշտները: Նրանք յարձակուեցին եւ յայտնապէս թափեցին իրենց թոյները Քրիստոսի հօտի վրայ, Յուլիանոս Ուրացողի հրամանով աներկիւղ բացեցին իրենց փակուած մեհեանները, վերականգնեցին քանդուած տաճարները, կանգնեցրին բագինները եւ երկիրը շաղախեցին կուռքերին մատուցուած զոհերի ճարպով ու արեամբ:
Անհաւատները, իրենց թիկունք ունենալով քրիստոսատեաց արքային, սփռւում էին ամէնուր եւ չարչարում քրիստոնեաներին: Նրանք որոնում էին Արեթուսայի սուրբ Մարկոս եպիսկոպոսին` որպէս կուռքերի նշանաւոր թշնամու, քանզի նա ինքը Մեծն Կոստանդիանոսի օրօք կործանել էր կուռքերի բազում տաճարներ եւ բագիններ, կանգնեցրել եկեղեցիներ ու խաչեր: Փնտռում էին նրան, որպէսզի ստիպէին կառուցել իր իսկ կործանած Արեթուսայի մեծ մեհեանը, կամ էլ վճարէր նրա գինը: Իսկ երանելին, ծանօթ լինելով նրանց չար խորհուրդներին, ըստ տէրունական հրամանի՝ լաւ համարեց միառժամանակ խոյս տալ նրանցից եւ հեռացաւ մի անապատ վայր: Բայց երբ լսեց, որ անհաւատներն իր փոխարէն բռնում էին ուրիշներին ու չարչարում, ինքնակամ վերադարձաւ նրանց մօտ եւ ասաց. «Եթէ ինձ էք փնտռում, ապա ազատէ՛ք միւսներին»: Երբ նրանք տեսան երանելի եպիսկոպոսին, խիստ զարմացան նրա անակնկալ գալստեան համար եւ մեղմանալու փոխարէն առաւել մոլեգնեցին, որպէս կատաղի շներ` չպատկառեցին նրա ալեհեր մազերից եւ ոչ էլ նրա ծերութեանը խնայեցին: Հրապարակ քարշ տալով` մերկացրին նրան եւ սկսեցին նորանոր տանջանքներով չարչարել երանելուն, դաժանութեամբ խոցոտել ու վիրաւորել ողջ մարմինը: Դպրոցներից հաւաքեցին երեխաների եւ սովորեցրին նրանց երկաթէ գրիչներով ծակոտել սուրբի գլուխը: Ապա նրան դրեցին մի կողովի մէջ, ականջներից կապած բարակ չուաններով կախեցին բարձր տեղից եւ սկսեցին այս ու այն կողմ պտտեցնելով` ճոճել: Մերթ ընդ մերթ դադար էին տալիս եւ շրջապատում նրան: Եւ այդպէս սուր գրիչներով այնքան չարչարեցին ու խոցոտեցին, որ վիրալից ու կիսամեռ դարձնելով` թողեցին նրան ու հեռացան: Այդ վիճակում երանելուն բանտ գցեցին, ուր նա ուրախութեամբ գոհանում էր Տիրոջից:
Ժամանակ անց` մի կիրակի օր, դուրս բերեցին նրան եւ Քրիստոսի անուան համար միւս բանտարկուածներին: Նրանցից ոմանց երկաթէ բեւեռներով գամեցին խաչափայտին, ոմանց (այդ թւում` նաեւ սուրբ Մարկոս եպիսկոպոսի) մարմիններն էլ պատեցին մեղրով ու իւղով, դրեցին խոշոր ցանցերով հիւսուած զամբիւղի մէջ եւ կախեցին:
Միջօրէի տապը սաստկանում էր: Արեգակնակէզ բարձրավանդակում կախուած նահատակների սուրբ մարմինների վրայ սկսեցին ժողովուել խայթող պիծակներն ու մեղուները, բոռերն ու շնաճանճերը, որոնք այնպէս կեղեքեցին ու գզգզեցին նրանց, որ խայթուածքներն ու ցաւալից վէրքերը հասան մինչեւ ոսկորները եւ մորմոքեցրին այնչափ, որ նրանց նայելով խղճահարւում էին անգամ կարծրասիրտ մարդիկ:
Իսկ երանելի Մարկոս հայրապետն ուրախ էր այդ տանջանքների մէջ եւ քաջալերում էր իր նահատակակիցներին: Նա ոչինչ էր համարում բոլոր չարչարանքները եւ ողբում էր իրեն չարչարողների համար: Ապա սուրբ եպիսկոպոսն իր երջանիկ վկայակիցների հետ սկսեց աղօթել եւ ասել. «Տէ՛ր Աստուած, Յիսուս Քրիստոս, Արարիչ բոլոր արարածների եւ պսակիչ Քո սուրբ վկաների, ովքեր Քո մեծ եւ ահաւոր անուան համար իրենց անձերը դաժան տանջանքներով մատնեցին մահուան, համբերութեամբ աւարտեցին իրենց ընթացքը ու արժանացան երկնային պսակների: Դու նոյն Ինքդ` Տէր մեր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոս, արժանացրո՛ւ մեզ եւս նրանց բարեխօսութեամբ հաղորդ լինել Քո անմահական բաժակին, նրանց համբերութեանը, երկնային ուրախութիւններիդ ժառանգութեանը եւ նրանց հետ փառաւորել Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն` յաւիտեանս. ամէն»:
Տեսնելով նրանց անյողդողդ միտքը՝ դատաւորը հրամայեց նրանց իջեցնել կախաղանից, իր մօտ բերել եպիսկոպոսին եւ տանջել նրան մահակներով` պահանջելով ոսկի ու արծաթ, որպէսզի շինեն նրա ձեռքով աւերուած կուռքերի մեհեաններն ու բագինները: Հայրապետը պատասխանեց ու ասաց. «Ոսկու եւ արծաթի փոխարէն ձեր ձեռքն եմ մատնել իմ անձը, որովհետեւ ոչինչ չունեմ եւ պարտք չեմ որեւէ բան հատուցելու»: Դատաւորը բարկացաւ եւ ասաց. «Դո՞ւ չէիր, որ Կոստանդիանոսի օրօք կործանեցիր աստուածների արձանները, աւերեցիր, այրեցիր նրանց բագինները եւ եկեղեցիներ ու մատուռներ կանգնեցրիր: Եւ արդ, չե՞ս կամենում հատուցել պարտքերդ, ինչպէս հրամայում է քաջարի Յուլիանոսը»: Երանելին պատասխանեց. «Խոստովանում եմ, որ աւերել եմ բագինները եւ փշրել չաստուածների արձանները: Արել եմ եւ չե՛մ ուրանում: Աստուածասէր ինքնակալի հրամանով դա ոչ միայն ես էի անում, այլեւ` շատերը: Եւ նա, ով իշխանութիւն ունէր, չէր բարկանում, այլ ուրախանում էր, քանի որ երկրից վերանում էին սնոտի պաշտամունքները: Ձեր չաստուածները չկարողացան հատուցել իրենց հանդէպ գործած չարին: Եւ արդ, յոյժ զարմացած եմ ձեր անմտութեան վրայ, որ վրէժխնդիր էք լինում ձեր կուռքերի կործանման համար, որովհետեւ աստուածները, որոնք չեն արարել երկինքն ու երկիրը, պիտի կորչեն»:
Բռնաւորն ասաց. «Եթէ չերկրպագէք մեծ աստուած Հերակլէսին, նրան զոհ չմատուցէք, ինչպէս ինքնակալն ու նրա իշխանութեան տակ գտնուողները, եւ չճաշակէք ողջակէզներից, առաւել չարաչար եւ դաժան տանջանքների կը մատնեմ ձեզ»: Սուրբն ասաց. «Ինչպէս որ քեզ հրամայուել է եւ ինչպէս որ կամենում ես, տանջի՛ր ինձ եւ շուտափոյթ ուղարկի՛ր Նրա մօտ, Ում տենչում եմ: Թերեւս իմ պատճառով վարձք առնես իմ Տիրոջից եւ մոլար խաւարից գաս դէպի ճշմարիտ լոյսը: Իմացի՛ր, որ չե՛մ կատարելու քո կամքը»:
Տեսնելով, որ նրա համար արհամարհելի է մահը` դատաւորը չկամեցաւ նրան մատնել մահուչափ տանջանքների, այլ հրամայեց իր ընկերների հետ տանել եւ պահել ներքին բանտում, նրանց ոտքերն ամրացնել կոճղի մէջ, խցել բանտի լուսանցոյցները, որպէսզի լոյս չտեսնեն ու փակեն դռները: Բազում օրեր բանտում անսուաղ 1 պահելուց յետոյ հրամայեց նրանց իր առջեւ բերել: Դարձեալ ստիպեց զոհ մատուցել եւ երբ տեսաւ, որ նրանք յանձն չեն առնում, հրամայեց երանելի եպիսկոպոսի ընկերներին խեղդել ծովում: Եւ այդպէս նրանք յունուար ամսի քսանին նահատակուեցին ի Քրիստոս: Իսկ ծերունի եպիսկոպոսին կապանքներով ուղարկեց Յուլիանոսի մօտ, ով այդ ժամանակ գտնւում էր Արեւելքի մօտակայ գաւառներում` հաւանաբար Անտիոքում: Սա նոյնպէս հարցաքննեց նրան, բազում չարչարանքների ենթարկեց եւ զարմացաւ սուրբի համբերութեան ու քրիստոնեաների մեծ յոյսի վրայ: Եւ վերջում տեսնելով սուրբի անդրդուելի կամքը` որոշեց սպանել նրան, սակայն որպէսզի նրան չտար մարտիրոսութեան պատիւը, արտաքսեց ծովի հեռաւոր կղզիներից մէկը, որպէսզի այնտեղ մեռնի բոլորից անյայտ, ոչ ոք չտեսնի նրա համբերութիւնը, նախանձախնդիր չլինի նրա գործերին, եւ գալիլեացիները չվերցնեն նրա նշխարները: Եւ այդպէս, օրեր անց երանելի եպիսկոպոսը բարի խոստովանութեամբ Աստուծոյ ձեռքն աւանդեց իր հոգին:
Այդ նոյն օրերին աքսորուելով եւ պէսպէս տանջանքների ենթարկուելով` նահատակուեցին բազմաթիւ քրիստոնեաներ: Նրանց մէջ երեւելի էր Քրիստոսի պանծալի վկայ սուրբ Կիւրեղ սարկաւագը, ով Լիբանանի Հեղիուպոլիս քաղաքից էր: Նա փայլում էր իր բարեպաշտ, առաքինի վարքով եւ Մարկոս եպիսկոպոսի նման վառուելով աստուածային նախանձախնդրութեամբ` աւերում էր կուռքերի բազում տաճարներ ու փշրում չաստուածների արձաններ: Անաստուած հելլէններն այս մասին յայտնեցին աստուածամարտ Յուլիանոսին, եւ նա անասելի չարութեամբ լցուեց ընդդէմ սուրբ սարկաւագի, որի համար հրամայեց բռնել Կիւրեղին եւ մատնել քուրմերի ձեռքը, որպէսզի ինչպէս կամենում են, նրանից վրէժ լուծեն: Իսկ սրանք, բռնելով երանելուն, սկսեցին տեսակտեսակ խոշտանգումներով տանջել նրան` յիշեցնել, թէ քրիստոնեաների ազատութեան օրերին ինչպէս էր վարւում իրենց եւ իրենց պաշտամունքների հետ: Ապա ստիպեցին ուրանալ Քրիստոսին եւ զոհ մատուցել, որպէսզի ազատութիւն գտնի, «քանզի, ասացին, մեզ այսպէս հրամայեց մեր ինքնակալ Յուլիանոսը»: Սուրբ Կիւրեղ սարկաւագը քաջութեամբ պատասխանեց. «Ո՛վ անաստուած հելլէններ, իմացէ՛ք, որ մենք ապականացու, անաստուած եւ յատկապէս ուրացող թագաւորի հրամանը չե՛նք կատարելու, ով թողած ճշմարիտ Աստծուն` տարերքներին աստուած է խոստովանում: Մենք շտապում ենք կատարել անմահ Թագաւորի հրամաններն ու պատուիրանները` Նրա, Ով ասում է. «Եթէ մէկն Ինձ ուրանայ մարդկանց առջեւ, Ես էլ նրան կ’ուրանամ Իմ Հօր առջեւ, որ երկնքում է» 2»: Անօրէնները նրան ասացին. «Արդ, չե՞ս կամենում կատարել մեր արքայի կամքը»: Սուրբը պատասխանեց. «Ո՛չ»: Քուրմերն ասացին. «Իմացի՛ր, որ քո յամառութեան պատճառով դառնագոյն տանջանքներ կը պատրաստենք քեզ եւ նրանց համար, ովքեր յամառում են քո օրինակով»: Կիւրեղն ասաց. «Թէպէտ ժամանակաւորապէս կը մեռնենք ձեր տանջանքներից, սակայն կը հասնենք անստուեր Լոյսին եւ կը լինենք յաւիտենական ու անվախճան կեանքի ժառանգորդներ, որն Աստուած խոստացել է Իր սիրելիներին»: Այս խօսքերից անօրէն քուրմերն ու հելլէնները յոյժ բարկացան եւ նրանց բոլորին բանտ նետեցին, մինչեւ որոշէին, թէ ինչպէս վարուեն: Քիչ օրեր անց երանելուն դուրս բերեցին եւ սկսեցին դարձեալ հարցաքննել: Երբ տեսան, որ նա հաստատուն է իր հաւատի մէջ, ասացին. «Քո հանդէպ մեր թագաւորի մեծ բարութիւնն ու մարդասիրութիւնը քեզ ուղղութեան չբերեցին, եւ դու հետ չդարձար քո նանիր խորհուրդներից: Այսուհետեւ քեզ վրայ կ’աւելացնենք նեղութիւնները եւ քեզ չարաչար տանջանքների կը մատնենք, ինչին որ արժանի ես»: Իսկ սուրբն արհամարհեց նրանց բոլոր սպառնալիքները եւ ասաց. «Սուրբ Աւետարանում գրուած է. «Մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող, այլ դուք առաւել վախեցէ՛ք Նրանից, Ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը» 3: Արդ, մերձ է մեր փրկութիւնը, մենք չե՛նք հնազանդուի ձեր խաւարասէր կրօնին, որն անշէջ հրին է մատնում եւ անքուն որդերին կերակուր դարձնում: Այլ պէտք է եւ արժան է, որ չարչարուենք յանուն Նրա, Ով մեզ համար համբերեց մահուչափ չարչարանքների եւ խաչով մահուան, որպէսզի հաղորդ լինենք Նրա փառքին»:
Այնժամ անօրէնները միմեանց ասացին. «Էլ ինչո՞ւ ենք ուշացնում սպանել դրան: Չէ՞ որ աստուածամարտ է՝ անմահ աստուածների կործանիչ, ու դեռ աներկիւղ էլ խօսում է»: Ապա ցասման ներքոյ գազանաբար, անագորոյն կերպով չարչարեցին սուրբին, եւ այդպէս արի նահատակ երանելի Կիւրեղը փառաւոր վկայութեամբ նահատակուեց ի Քրիստոս:
 
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 149:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: