ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ

Սուրբ Գրիգոր Տաթեւացի

   

ՔԱՐՈԶ ՏՆՏԵՍԻ ՄԱՍԻՆ «ՄԻ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴ ԿԱՐ, ՈՐ ՄԻ ՏՆՏԵՍ ՈՒՆԷՐ, ԵՒ ՆՐԱ ՄԱՍԻՆ ԱՄԲԱՍՏԱՆՈՒԹԻՒՆ ԵՂԱՒ» [Ղուկ. ԺԶ 1]

   

   Նախ պէտք է իմանալ, որ Աստուծոյ եւ մարդու մեծահարուստ լինելը միմեանցից զանազանւում են շատ բաներով:

   Նախ՝ մարդն իր հարստութիւնը ստանում է իրեն տուողից, իսկ Աստուած բնութեամբ է մեծահարուստ, եւ այն չի տրուած Իրեն ուրիշից:

   Երկրորդ՝ Աստուծոյ մեծահարուստ լինելը ծայրագոյն է եւ կատարեալ, իսկ մարդունը մասնաւոր է եւ անկատար:

   Երրորդ՝ Աստուծոյ մեծահարուստ լինելն անսկիզբ է եւ անվախճան, իսկ մարդունը ունի սկիզբ եւ վախճան, քանի որ կար ժամանակ, երբ նա չունէր, եւ կը գայ ժամանակ, երբ նա չի ունենայ:

   Չորրորդ՝ Աստուծոյ հարստութիւնն անանց է եւ անփոփոխ, իսկ մարդունը անցաւոր է եւ փոփոխական:

   Հինգերորդ՝ Աստուծոյ հարստութիւնը չունի իր ներհակը 1, իսկ մարդու հարստութեանը ներհակ է աղքատութիւնը:

   Վեցերորդ՝ Աստուծոյ հարստութիւնը զուտ բարի է, իսկ մարդունը՝ բարուց եւ չարից խառը, քանզի մեր հոգեւոր հարստութիւնը բարի է, իսկ մարմնաւորը՝ չար: Եւ դարձեալ՝ եթէ այն գործածում ենք հոգեւորի համար, բարի է, իսկ եթէ մարմնաւորի համար՝ չար:

   Եօթերորդ՝ Աստուծոյ հարստութիւնը միշտ երանութիւն է, իսկ մարդունը՝ երբեմն թշուառութիւն:

   Ութերորդ՝ Աստուծոյ հարստութիւնը հոգեւոր է, մերը՝ մարմնաւոր:

   Իններորդ՝ մերը ցաւով է եւ տրտմութեամբ, Աստծունը՝ առանց ցաւի եւ հեշտութեամբ:

   Տասներորդ՝ մենք կարօտ ենք Աստուծոյ հարստութեանը, իսկ Նա կարօտ չէ մեր հարստութեանը ըստ այն խօսքի, թէ «Իմ բարիքները քեզ պէտք չեն»:

   Արդ, այս մեծատունն արարչութեամբ ստացաւ ամբողջ երկիրն իբրեւ յատակ, եւ նրա վրայ ձգուած երկինքը՝ իբրեւ ձեղուն 2: Եւ հաստատեց այս ամէնն ինչպէս մի տուն՝ լի ամենաառատ գանձերով եւ բարիքներով: Այս մասին է ասում. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ունէր. և նրա մասին ամբաստանութիւն եղաւ» 3: Արդ, տնտեսի առակի մասին չորս բան պէտք է իմանալ.

   Նախ՝ թէ որոնք են տները եւ տնտեսները,

   Երկրորդ՝ ինչպէս է ամբաստանւում տնտեսը եւ կանչւում,

   Երրորդ՝ ինչ են խորհրդանշում ձէթն ու ցորենը,

   Չորրորդ՝ ինչու գովասանքի արժանացաւ անիրաւ տնտեսը:

   Տեսնենք առաջին գլուխը, թէ քանիսն են տները եւ նրանց տնտեսները:

   Նախ՝ ասում են, որ Աստուծոյ տները վեցն են: Առաջին տունը երկնքն է ըստ այն խօսքի, թէ «Իմաստութիւնը շինեց իր տունը»: Իսկ նրա տնտեսները հրեշտակների բոլոր դասերն են, որովհետեւ ինչպէս մարգարէն է ասում. «Նրա պաշտօնեաներն են եւ Նրա կամքը կատարողները»:

   Երկրորդ՝ տուն կոչւում է Եդեմական դրախտը ըստ այն խօսքի, թէ «Տէ՛ր, սիրեցի քո տան վայելչութիւնը», իսկ որպէս տնտես՝ Աստուած նրա մէջ դրեց առաջին մարդուն՝ գործելու եւ պահպանելու այն, ինչպէս ասում է սուրբ Գիրքը:

   Երրորդ՝ տուն է կոչւում զգալի աշխարհը ըստ այն խօսքի, թէ «Մի՞թէ չի վառի մարմնի ճրագը եւ չի սրբի աշխարհի տունը», իսկ նրա տնտեսը մարդկային բնութիւնն է, որին իշխան եւ տէր կարգեց ամէն բանի վրայ եւամէն բան հնազանդեցրեց նրա ոտքերի տակ՝ խաշները, արջառները եւ այլն:

   Չորրորդ՝ տուն է կոչւում Հնում Սիօնն ու Սողոմօնի տաճարը ըստ այն խօսքի, թէ «Իմ տունը պէտք է աղօթքի տուն լինի", իսկ դուք աւազակների որջերի էք վերածել այդ» 4: Իսկ նրա տնտեսները Հին Օրէնքի առաջնորդներն ու քահանայապետերն են:

   Հինգերորդ՝ տուն է կոչւում նաեւ Նորում Սիօնը՝ սուրբ Եկեղեցին, ըստ այն խօսքի, թէ «Սրբութիւնը վայել է Քո տանը» 5: Իսկ նրա տնտեսներն են առաքեալները, մարգարէները, վարդապետները եւ հայրապետներն են ըստ առաքեալի այն խօսքի, որ ասում է. «Եւ ում որ Աստուած կարգեց եկեղեցու մէջ, սրանք են. նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, երրորդ՝ ուսուցանողներ»6:

   Վեցերորդ՝ տուն է կոչւում նաեւ իւրաքանչիւր մարդ ըստ այն խօսքի, թէ «Արդարև, կենդանի Աստծու տաճար էք դուք» 7, իսկ նրա տնտեսը մարդու միտքն է, ինչպէս որ այստեղ է ասւում. «Նա մի տնտես ունէր, որի մասին ամբաստանութիւն եղաւ»:

   Արդ, տնտեսի մասին ասուած խօսքը չի վերաբերում հրեշտակներին, որովհետեւ նրանք անիրաւ չեն, այլ անմեղ եւ արդար, դժուարաշարժ կամ միանգամայն անշարժ դէպի մեղքը: Չի վերաբերում եւ Ադամին, որովհետեւ մեղանչել էր եւ անցել: Չի վերաբերում նաեւ ամբողջ բնութեանը, քանի որ բնութիւնն առհասարակ չի կարող մեղանչել, այլ առանձին՝ մէկ մարդը: Նոյնպէս եւ հին տաճարին չի վերաբերում, որովհետեւ նրանք յետոյ չզղջացին: Այլ այս խօսքը փոքր-ինչ վերաբերում է նոր Եկեղեցուն այն բանով, որ նրա տնտեսները մարդիկ են, եւ չի վերաբերում այն բանով, որ եթէ մէկը տնտես է կարգւում Եկեղեցում, այլեւս չի կարող ելնել նրանից: Ուրեմն պարզ է, որ տնտեսի առակը վերաբերում է իւրաքանչիւր մարդու, որովհետեւ տնտեսը չորս յատկութիւն ունի, եւ դրանք բոլորը մարդը ունի:

   Նախ՝ տնտեսը չունի իր ինչքը, այլ դրանք տիրոջից են վստահւում իրեն: Այդպէս էլ մարդը բնութեամբ ոչինչ չունի, այլ ամէն բան, ինչ կայ երկրի վրայ, տրուել է նրան Աստուծոյ կողմից, լինի շնորհ, թէ՛ արուեստ, թէ՛ իշխանութիւն, թէ՛ վարդապետութիւն եւ այլն, ինչպէս Պօղոս առաքեալն է ասում. «Ի՞նչ բան ունես, որ ստացած չլինես. և եթէ ստացել ես, ինչո՞ւ ես պարծենում չստացողի պէս» 8:

   Երկրորդ՝ տնտեսի յատկութիւնն է՝ ամէն բան պատրաստելը ըստ իր տիրոջ կամքի: Այդպէս պէտք է մենք ամէն բան Տիրոջ կամքով անենք, այսինքն ինչ որ անում ենք, լինի Տիրոջ եւ ոչ թէ մեր փառքի համար:

   Երրորդ՝ տնտեսի յատկութիւնն է իր գործերում ժիր լինելը եւ երբէք չծուլանալը: Այդպէս էլ պէտք է, որ մեր բոլոր գործերում արի եւ ժիր լինենք ըստ այն խօսքի, թէ «Թող ձեր գօտիները մէջքներիդ պնդուած լինեն, և ճրագներդ՝ վառուած» 9:

   Չորրորդ՝ տնտեսի յատկութիւնն է կերակուրը ժամանակին պատրաստելը եւ ամէն ժամին ծառայակիցներին տալը: Այդպէս էլ մենք պէտք է ժամանակին պատրաստենք մեր հոգու կերակուրը եւ ամէն ժամ կերակրենք մեր ընկերներին եւ մեր հոգուն: Եւ եթէ մարմնաւոր տնտեսը զգոյշ չլինի այս չորս բաներում, Տէրը կը հեռացնի նրան: Նոյնպէս եւ եթէ մենք եթէ զգոյշ չլինենք մեր գործերում, Տէրը մեզ կը հեռացնի Իր տնտեսութիւնից, ինչպէս որ ասում է. «Այլեւս չես կարող տնտես լինել»: Այս առաջին գլուխն էր:

   Երկրորդ գլուխ՝ թէ ովքեր են ամբաստանում եւ ինչպես են կոչւում:

   երիկամները եւ տեսնում է մեր դեռեւս չգործածները, ներում է եւ համբերում է մեղաւորներին, որպէսզի դառնան իրենց մեղքերից, սակայն չորս ամբաստանողներ աղաղակում են առ Աստուած: Առաջինը մեր պահապան հրեշտակներն են, որոնց համար գրուած է. «Նրանց հրեշտակնեը հանապազ տեսնում են Իմ Հօր երեսը, որ երկնքում է» 11: Երբ անզեղջ ենք մնում չարիքների մէջ, նրանք մեզ ամբաստանում են Աստուծոյ առջեւ, որպէսզի մեր պատճառով իրենք չամաչեն: Երկրորդը աղքատները եւ մեր կողմից զրկուածներն են, ովքեր բարձրացնում են իրենց ձեռքերը եւ աղաղակում առ Աստուած: Երրորդը ցերեկն ու գիշերն են: Չորրորդը՝ երկինքն ու երկիրը եւ բոլոր տարերքները, որոնք միշտ վկայում եւ յայտնում են մեր գործերի մասին. լուսատուները չարախօսում են ցերեկ թէ գիշեր, երկինքն ու երկիրը բամբասում են մեզ Աստուծոյ առջեւ՝ լինենք դրսում, թէ տանը:

   Արդ, իմացէ՛ք, եղբայրնե՛ր, որ Տէրը երկար ժամանակ համբերում է, որպէսզի հեռանանք մեր մեղքերից: Իսկ եթէ մենք Աստուծոյ ներողամտութեան պատճառով առաւել անզեղջ մնանք չարիքների մէջ, այնժամ մեզ վրայ կը շարժենք Աստուծոյ բարկութիւնը: Թէպէտ Նա դէպի բարկութիւն շարժւում է ոչ բնութեամբ, այլ բռնութեամբ, ոչ Իր կամքով, այլ ակամայ, բայց երբ չարախօսողները բազում անգամ ամբաստանում են մեզ, շարժում են Աստուծոյ վրէժխնդրութիւնը: Այդ պատճառով կանչեց նրան եւ ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին, տո՛ւր քո տնտեսութեան հաշիւը, որովհետեւ այլեւս տնտես լինել չես կարող» 12: Խօսում է մարդկայնօրէն, իբր չգիտի եւ դեռեւս երկմտում է: Եւ այս արեց այն պատճառով, որպէսզի մեզ ուսուցանի ՝ չդատել ոչ ոքի առանց քննելու: Քանզի Նա, Ով գիտի բոլորին, չի դատում առանց քննելու, իսկ մենք անզգամութեամբ, հիմնուելով միայն սուտ լուրերի վրայ, տանջում ենք մեր եղբայրներին:

   «Կանչեց նրան եւ ասաց» 13: Պէտք է իմանալ, որ կան երեք հրաւիրակներ, որոնք մեզ դէպի մահն են կանչում: Առաջին հրաւիրակը ծերութիւնն է, քանզի գիտենք, որ երբ ճերմակում են մազերը, դա մահուան հրաւիրակն է, ինչպէս երբ արտերը սպիտակում են, մօտենում է հունձքի ժամանակը, կամ երբ ծառերի տերեւները դեղնում են եւ ընկնում, կամ երբ լեռների կատարին ձիւն է նստում՝ ցոյց տալով ձմռան մօտենալը:

   Երկրորդ հրաւիրակը մեր ուժը կորցնելն է, երբ տկարանում է աչքի տեսողութիւնը եւ ականջների լսողութիւնը, ոտքերը դժուարութեամբ են քայլում, պակասում է մէջքի ուժը, ձեռքերը դժուարանում են գործել, լեզուն՝ խօսել: Այս բոլորը նշաններ են, որ հոգին մահուամբ պիտի հեռանայ մարմնից:

   Երրորդ հրաւիրակը հիւանդութիւնն է, որովհետեւ այն գտնւում է կեանքի ու մահուան միջեւ եւ մեզ մահուան է կանչում: Հիւանդութիւնը մահուան դուռն է:

   «Այլեւս տնտես լինել չես կարող»: Յիրաւի, նա, ով չարանում է, չի կարող յարել բարի գործերին, որովհետեւ չկայ միաբանութիւն լոյսի եւ խաւարի միջեւ: Աստուած մարդուն իմաստուն է արարել, քանզի նա մտքում նախ խորհեց եւ ասաց. «Ի՞նչ պէտք է անեմ, քանի որ տէրս տնտեսութիւնս ինձնից վերցնում է», այսինքն այս կեանքից հեռացնում է: «Հողի վրայ աշխատել չեմ կարող», որովհետեւ ապաշխարելու եւ բարիք գործելու ժամանակ չկայ: «Մուրալ ամաչում եմ», քանի որ այնտեղ մուրալու տեղ չէ, եւ ամօթ է, որ երբ խնդրում ենք, ոչ ոք չի տալիս, ինչպէս որ խնդրեցին յիմար կոյսերը, եւ իմաստունները չտուեցին: Եւ ասաց. «Գիտեմ, թէ ինչ պէտք է անեմ...  կանչեց պարտապաններին», այսինքն միտքը կանչում է հոգուն ու մարմնին, զղջում է մեղքերի համար եւ ասում հոգուն. «Իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես»: Նա ասում է. «Հարիւր տակառիկ ձէթ»: Եւ նրան ասում է. «Գրի՛ր՝ յիսուն»: Սա խորհրդանշում է հոգու մեղքերի կէսի թողութիւնը: Եւ մարմինն ասաց. «Պարտք է հարիւր պարկ ցորեն», նրան ասաց. «Գրի՛ր՝ ութսուն»: Յիրաւի, երբ զղջում ենք մեր մեղքերի համար, արձակւում է հոգու մեղքերի կէսը, քանի որ հոգին դիւրաւ է մեղանչում եւ քիչ հեշտանում մեղքերի մէջ: Իսկ մարմնի մեղքերի հինգից մէկն է արձակւում, քանի որ մարմինը կարողութիւն ունի մեղք չգործել, բայց գործում է, կարող է չշնանալ, չհարբել եւ այլն, եւ աւելին՝ հեշտանում է մեղքերի մէջ: Եւ քանի որ  կամաւոր է գործել, բայց զղջացել է, արձակւում է մարմնի հինգ մեղքերից մէկը: Իսկ երբ խոստովանում ու ապաշխարում է պահքով եւ աղօթքով, արձակւում են եւս միւս չորսը: Եւ ինչպէս ասաց Զաքէոսը, թէ իմ ունեցուածքի կէսը կը տամ աղքատներին, այսինքն կը տամ աղքատ հոգուն, իսկ որ ասաց՝ եթէ մէկին զրկել եմ, քառապատիկ կը հատուցեմ նրան,  մարմնաւոր մեղքերի մասին է ասում:

   Դարձեալ՝ ձէթը Աւազանի շնորհն է, իսկ ցորենը՝ Քրիստոսի Մարմինը: Արդ, եթէ Աւազանի շնորհներն ընդունելուց յետոյ մեղանչում ենք, թողութիւն է տալիս կէսին, իսկ եթէ յանդգնութեամբ Տիրոջ Մարմնին ու Արեանն ենք անարժանաբար հպւում, խիստ է, հինգից մէկին է թողութիւն տալիս, քանի որ ասում է. «Ով ուտում է և խմում անարժանօրէն, իր իսկ դատապարտութիւնն է ուտում և խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը» 14: Եւ եթէ մարդն իր վերջին շնչում է զղջում, յոյսով հաւատում է, այդ չափով ներում է ստանում, ինչպէս ցոյց է տալիս այրի կնոջ մասին այն առակը, որը բարեկամից երեք նկանակ, այսինքն Սուրբ Երրորդութեան դաւանութիւնը խնդրեց: Եւ նա թէպէտ չտուեց բարեկամ լինելու համար, սակայն տուեց խնդրելու համար: Այդ է ցոյց տալիս նաեւ աւազակը, ով իր վերջին շնչում արքայութիւնը խնդրեց, եւ Տէրը շնորհեց նրան: Իսկ ձէթի ու ցորենի հարիւր պարկ ասելը մեղքերի ծայրագոյն լինելն է ցոյց տալիս: Հարիւրը կատարեալ թիւ է, եւ ինչպէս առաքինութիւնը ցոյց տուեց հարիւրաւորով, այդպէս էլ մեղքերը: Այսքանը երկրորդ գլխի մասին:

   Երրորդ հարցումն այն է, թէ ինչու է հոգու մեղքերը ձէթի հետ համեմատում, իսկ մարմնի մեղքերը՝ ցորենի: Վարդապետներն ասում են, թէ հոգու մեղքերը նման են ձէթի տասը պատճառով:

   Նախ՝ ինչպէս որ ձէթը նիւթ է լոյսի համար, այդպէս էլ բամբասանքն ու սուտը, որ հոգու մեղքեր են, մարդուն լոյս են թւում:

   Երկրորդ՝ ինչպէս որ ձէթն անոսր է, այդպէս էլ հոգու մեղքերը նիւթական չեն, ինչպէս մարմնինը:

   Երրորդ՝ ինչպէս որ ձէթը հեշտութեամբ է տարածւում հանդերձի վրայ, այդպէս էլ հոգու մեղքերն են արագ տարածւում մարմնում:

   Չորրորդ՝ ինչպէս որ ձէթը չի իջնում ջրի յատակը, այլ երեսին է ելնում, այդպէս էլնախանձն ու ամբարտաւանութիւնը չեն մտնում մարմնի մէջ, այլ հոգու:

   Հինգերորդ՝ ինչպէս որ ձէթը դժուարութեամբ է հեռանում նիւթից, այդպէս էլ հոգին է դժուարութեամբ ազատւում մեղքերից:

   Վեցերորդ՝ ինչպէս որ ձէթն ընդունում է երկու ներհակները՝ տաքը եւ սառը, այդպէս էլ հոգին  միշտ զղջում է եւ միշտ մեղանչում:

   Եօթերորդ՝ ինչպէս որ ձէթը թափուելիս ձայն չի հանում, այդպէս էլ հոգում եղած մեղքը չի երեւում մարդկանց:

   Ութերորդ՝ ինչպէս որ ձէթը թափանցող զօրութիւն ունի, այդպէս էլ մեղքը հոգուց թափանցում է մարմնին  եւ յայտնի լինում:

   Իններորդ՝ ինչպէս որ ձէթն ինքն իրեն չի լինում, այլ որեւէ նիւթից, այդպէս էլ հոգին բնութեամբ չունի մեղք, այլ ինչ-ինչ պատճառով է լինում, ինչպէս հպարտութիւնը, նախանձը եւ բարկութիւնը:

   Տասներորդ՝ ինչպէս որ մարդիկ հնար են որոնում ձէթը հանդերձի վրային հեռացնելու համար, այդպէս էլ հոգին մեղքերից սրբելու հնար կայ, երբ նա զղջայ եւ ապաշխարի մտքում, ինչպէս որ ասում է Տէրը. «Ա՛ռ քո մուրհակը եւ նստի՛ր ու անմիջապէս գրի՛ր՝ յիսուն»15:

   Իսկ մարմնի մեղքը ցորենի հետ է համեմատում տասը պատճառով:

   Նախ՝ ինչպէս որ ցորենը թուով մէկ հատ չէ, այլ բազում եւ անթիւ, այդպէս էլ մարմնի եւ զգայարանների մեղքերը մէկը չեն, այլ՝ բազում եւ անթիւ:

   Երկրորդ՝ ինչպէս որ ցորենը ծանր է, այդպէս էլ մարմնի մեղքերն աւելի ծանր են, քան հոգունը, ինչպէս Դաւիթ մարգարէն է ասում. «Անօրէնութիւններս գլխիցս վեր բարձրացան, սաստիկ բեռան պէս ծանրացան վրաս»16:

   Երրորդ՝ ինչպէս որ ոմանք վաստակում են ցորեն, ոմանք՝ ոչ, այդպէս էլ ոմանք մարմնով մեղքեր գործում են, ոմանք՝ ոչ:

   Չորրորդ՝ ինչպէս առանց ծամելու ցորենի համը չեն առնում, այդպէս էլ առանց մարմնի մեղքերին մերձենալու ոչ ոք չի ճանաչում դրանք:

   Հինգերորդ՝ ինչպէս որ ցորենի մէկ հատիկը բազում ճիւղեր է տալիս, այդպէս էլ մէկ մեղքն ընտելանում է մարմնին եւ ապա շատ մեղքեր գործել տալիս նրան:

   Վեցերորդ՝ ինչպէս որ դժուար է կերակուրից կտրուելը եւ չուտելը, այդպէս էլ ով սովորում է շնանալ, չի կարող ազատուել դրանից, եթէ ոչ Աստուծոյ օգնականութեամբ:

   Եօթերորդ՝ ինչպէս որ ցորենը կարճ ժամանակ քաղցրացնում է, իսկ յետոյ անհետանում կոկորդում եւ ապա դառնանում, այդպէս էլ մարմնի մեղքերն են կարճ ժամանակ հեշտացնում, բայց յետոյ դառնանում հոգու մէջ:

   Ութերորդ՝ ինչպէս որ ցորենը հաստատում է մարդու սիրտը, այդպէս էլ մարմնի մեղքը կապում է մարդուն, նրան հաստատում է մեղքերի մէջ եւ թոյլ չի տալիս զղջալ ու ապաշխարել:

   Իններորդ՝ ինչպէս որ ցորենն առատ է, եւ այն ձեռք են բերում բոլոր մարդիկ, այդպէս էլ մարմնի մեղքերը առձեռն պատրաստ են բոլոր նրանց մօտ, ովքեր գործում են այն:

   Տասներորդ՝ ինչպէս երբ ցորենն ընկնում է ջրի մէջ, փտում է եւ անհետանում, այդպէս էլ մարմնի մեղքերը հեշտութեամբ անհետանում են արտասուքների ջրով:

   Այդ մասին է ասում. «Ա՛ռ քո մուրհակը եւ նստիր ու գրի՛ր՝ ութսուն»: Այսպէս վերջին շնչում զղջալով՝ մարդը ներւում եւ թողութիւն է ստանում իր մեղքերին: Այստեղ պէտք է իմանալ, որ զղջումը երեք տեղում է լինում:

   Նախ՝ երբ մարդն իր գործած մեղքերի համար ապաշխարում է այս կեանքում ըստ Տիրոջ այն խօսքի, թէ «Կանխաւ իրաւախոհ եղիր, քանի դեռ ոսոխիդ հետ ճանապարհին ես» 17:

   Երկրորդ՝ զղջում է, երբ մօտենում է վախճանը, ինչպէս ասացինք:

   Երրորդ՝ երբ իր մեղքերի համար զղջում է վախճանից յետոյ, ինչպէս ասում է Սողոմօնը: Արդ, առաջին զղջումը, որ լինում է այս կեանքում եւ առողջ ժամանակ խոստովանում է եւ ապաշխարում, կամաւոր է եւ կատարեալ, իսկ վերջինն անկատար է ու ակամայ: Այդ պատճառով եթէ անգամ մեռեալները զղջան, ներում չեն գտնի: Իսկ միջինը, որ մահուան ժամին է, լինում է, որ կամաւոր է, լինում է, որ ակամայ է: Կամաւոր է, քանի որ դեռեւս ողջ է, եւ ակամայ է՝ մահուան տանջանքների պատճառով: Ըստ որում եթէ կամաւոր է, ներելի է, իսկ եթէ ակամայ է, ոչ: Այդ պատճառով էլ հոգու մեղքերի կէսը եւ մարմնի մեղքերի հինգից մէկն է արձակում: Այս երրորդ գլուխն էր:

   Չորրորդ գլուխ: Տէրը գովեց անիրաւ տնտեսին, որովհետեւ նա իմաստութեամբ վարուեց: Սողոմօնն ասում է. «Իմաստութիւնը գովւում է ճանապարհների վրայ»18, իսկ Աստուած մարգարէի բերանով ասում է. «Ինչի մէջ գտնեմ, դրա մէջ էլ կը դատեմ»: Իսկ այստեղ ասում է. «Մարդկանց որդիներն աւելի հնարամիտ են, քան լոյսի որդիները» 19, այսինքն քան հրեշտակները: Վարդապետներն ասում են, որ մարդու իմաստութիւնը տասը եղանակով առաւել է, քան հրեշտակների իմաստութիւնը:

   Նախ՝ մարդկային ազգը դարձ ունի մեղքերից, իսկ հրեշտակները՝ ոչ, ինչպէս որ դեւերը:

   Երկրորդ՝ մարդիկ կարող են ապաշխարութեամբ փրկուել, իսկ հրեշտակներն ապաշխարելու հնարաւորութիւն չունեն:

   Երրորդ՝ մարդը մեղքերի թողութիւն ստանում է, իսկ հրեշտակները մեղանչելուց յետոյ թողութիւն չեն գտնում:

   Չորրորդ՝ մարդիկ կարող են աճել եւ փոփոխուել, իսկ նրանք ուղղորդւում են իրենց բնութեամբ եւ չեն փոփոխւում:

   Հինգերորդ՝ մարդը մեղքի մէջ ընկնելուց յետոյ ողբում է կատարուածի համար, իսկ նրանք, չարիքի մէջ ընկնելով, հաստատւում են չարի մէջ, ինչպէս սատանան եւ իւրայինները:

   Վեցերորդ՝ մենք կարող ենք աճել առաքինութիւնների մէջ, իսկ նրանք չեն կարող, որովհետեւ մարմին չունեն:

   Եօթերորդ՝ մենք կարող ենք մեր արեամբ գնել արքայութիւնը, իսկ նրանք չեն կարող արիւն հեղել եւ գնել, որովհետեւ չունեն ո՛չ մահ, ո՛չ արիւն:

   Ութերորդ՝ մենք կարողութիւն ունենք հրեշտակներին մօտ եւ աւելի բարձր լինելու, իսկ հրեշտակները չեն կարող հասնել մէկ ճգնաւորի պսակին:

   Իններորդ՝ մենք ձեռքով ստեղծուեցինք Աստուծոյ պատկերով, իսկ հրեշտակները՝ միայն խօսքով, ինչպէս բոլոր արարածները:

   Տասներորդ՝ Աստուած մարմին առաւ մեր բնութեամբ եւ ոչ հրեշտակների, եւ մարդկային ազգի փրկութիւն եղաւ, եւ ոչ հրեշտակների: Այդ պատճառով է ասում. «Մարդիկ աւելի իմաստուն են, քան լոյսի որդիները»:

   Իսկ հրեշտակներին լոյսի որդիներ է անուանում տասը պատճառով:

   Նախ՝ քանի որ հրեշտակներն արարուեցին լոյսից, այդ պատճառով էլ լոյսի որդիներ են կոչւում ըստ այն խօսքի, թէ «Աստուած ասաց, եւ լոյս եղաւ»: Եւ Դաւիթ մարգարէն էլ ասում է. «Նա քամիները հրեշտակներ դարձրեց Իրեն, եւ կիզիչ հուրը՝ սպասաւորներ» 20:

   Երկրորդ՝ քանի որ լոյսի բնութիւնը պարզ է, այդպէս նաեւ՝ հրեշտակների բնութիւնն է պարզ:

   Երրորդ՝ լոյսն անախտ է, այդպէս էլ նաեւ հրեշտակները, որոնք մնացին երկնքում եւ չեն կարող մեղանչել:

   Չորրորդ՝ լոյսն անփոփոխ ու անձեւ է, ինչպէս նաեւ հրեշտակները:

   Հինգերորդ՝ լոյսն անմարմին է, ինչպէս նաեւ հրեշտակները:

   Վեցերորդ՝ լոյսը թափանցում է ապակու եւ ջրի միջով, այդպէս նաեւ հրեշտակները, որոնց համար որեւէ արգելք չկայ:

   Եօթերորդ՝ լոյսը տեղով բարձր է, այդպէս եւ հրեշտակների կայանը երկնքում է:

   Ութերորդ՝ լոյսը շարժում ունի, այդպէս նաեւ հրեշտակները սպասարկող հոգիներ են, եւ ուղարկւում են սպասաւորութեան:

   Իններորդ՝ լոյսը չի փոփոխում իր բնութիւնը, այդպէս նաեւ հրեշտակները չեն ապականւում:

   Տասներորդ՝ լոյսը չի բռնւում որեւէ մէկի կողմից, բայց ջերմացնում եւ լուսաւորում է շատերին, այդպէս էլ ոչ ոք չի կարող բռնել հրեշտակներին, բայց նրանք ոմանց բարիք են անում, ոմանց՝ տանջում:

   Այսպէս տնտեսի օրինակով Տէրը պարզ եւ յայտնի դարձրեց այս բանը եւ գովեց մարդուն հրեշտակներից աւելի իմաստուն անուանելով, որպէսզի մենք, ընկնելով մեղքերի մէջ, չյուսահատուենք, այլ անգամ եթէ մեր վերջին շնչում լինենք, զղջանք եւ թողութիւն կը գտնենք Աստծուց:

   Արդ, աղաչում եմ Ձեզ, եղբայրնե՛ր, անզեղջ մի՛ մնացէք մեղքերի մէջ, ինչպէս դեւերը, այլ ամբողջ սրտով զղջացէք եւ հեռացէ՛ք մեղքերից: Եթէ վերջին շնչին ենք հասել, եւ յոյժ ծանր է մեր մեղքերի բեռը՝ մեր գլխից էլ բարձր, թողութիւն պարգեւողը Նա է: Եթէ զղջանք եւ խոստովանենք, կ՚արդարանանք մեղքերից, քանի որ ասում է. «Ասա՛ դու քո մեղքերը եւ կ՚արդարանաս»: Ինչպէս աւազակին, որին ասաց. «Այսօր ինձ հետ դրախտում կը լինես» 21, այնպէս էլ Աստուծոյ ողորմութիւնը հասնում է բոլոր զղջացողներին եւ մեղաւորներին: Բայց եթէ անզեղջ մնանք մեղքերի մէջ, չենք կարող փրկուել հրի տանջանքներից, այն բանից, ինչի մասին ասում է. «Կապէ՛ք դրա ոտքերն ու ձեռքերը եւ դուրս հանէք դրան արտաքին խաւարը, ուր լացն է եւ ատամների կրճտոցը» 22: Թող այս ամէնից ազատի մեզ ողջ սրտով զղջումը, մեր մեղքերի հաւատով խոստովանութիւնը: Թող Տէրը մեզ եւ բոլոր հաւատացեալներին արժանացնի այստեղ զղջալու, մեղքերը խոստովանելու եւ այնտեղ Քրիստոս Աստուծոյ ողորմութեանն արժանանալու: Նրան փա՜ռք յաւիտեանս. ամէն:
   
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
    1. Ս.Գ Գրիգոր Տաթեւացի Ձմեռան հատոր, տպեալ յամի 1740 ի Պօլիս, գլուխ ՁԷ-էջ 393:
   2.Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների. Մայր Աթոռ ս.Էջմիածին, 1994: