Գլուխ  43

Եթե ջրերի միջով անցնես՝ քեզ հետ կլինեմ, և գետերը քեզ չեն խեղդի (43:2), ինչպես Հեսուի օրերում (Թվեր 13, 14):
   
   Եվ եթե կրակի միջով անցնես՝ չես այրվելու, և բոցը քեզ չի այրելու, ինչպես երեք մանուկները կրակե հնոցում չայրվեցին, բայց դրսում գտնվող բաբելացիները այրվեցին, իսկ թագավորը տագնապի մեջ էր: Նույնպես և վախճանի օրը կրակը չի այրելու արդարներին, այլ՝ ամբարիշտներին, որոնց գործերը փայտ ու խոտ են: Իսկ այժմ այս կյանքում Աստծո շնորհներն անգամվշտի մեջ եղող մարդու, առաքինություններն անխռով են պահում, մինչդեռ չարը խոր խաղաղության մեջ էլ տագնապի մեջ է պահում չարագործներին, որովհետև վերջիններս տևապես տանջվում են իրենց խորհուրդներում: Երբ, օրինակ, տենդը մարմնում է՝ օդի քաղցրությունից [հիվանդը] ոչ մի օգուտ չունի, նոյնպես և մեղավոր հոգու համար ոչ մի օգուտ չունի մարմնի գեղեցկությունն ու առողջությունը, կամ զգեստները, կամ էլ արտաքին ուրախությունը և այլն, որովհետև այդպիսին «նման է ծեփված գերեզմանի, և ներքուստ լի է գարշահոտությամբ» (Մատթ. 23: 27): Նրա մարմինը նման է դիակիր դագաղի, որովհետև թեպետ ուտում և խմում ու խոսում է, սակայն հոգին նրանում մեռած է և լի՝ դառնությամբ:
   
Իմացեք ու հավատացեք, որ Ես եմ Աստված (43:10)
   
   Երեք պատճառով է հավատն առավել իմաստությունից. նախ՝ որովհետև իմաստունները տեսանելի բաներն են քննում, մինչդեռ հավատը անտեսանելի բաներն է տեսնում. «Հավատը ապացույցն է այն բաների, որոնք չեն երևում» (Եբր. 11:1): Երկրորդ՝ որովհետև իմաստությունը ստեղծված բաներն է քննում, մինչդեռ հավատը վերաբերում է Աստծո անստեղծ լինելուն, ինչպես ասում է Եսային. «Հավատացեք Ինձ, որ Ես եմ (43:10ա): Այս պատճառով աստվածային ամեն բան հավատով է ճանաչվում, և ոչ թե՝ քննվում մտքով, քանզի միտքը տկարանում է: Երրորդ՝ որովհետև իմաստությունը կարիք ունի նյութական ապացույցի, մինչդեռ հավատը դրա կարիքը չունի: Այս պատճառով թերահավատներն օրինակ են փնտրում Աստծո երրորդութենական անձերի տնօրինության խորհրդի համար, քանզի կատարյալ հավատ չունեն ու կամենում են գիտությամբ հասնել անհասանելիին:
   
Ինձանից առաջ չի եղել այլ Աստված և Ինձանից հետո չի լինելու (43:10բ)
   
   Այսինքն՝ Աստված անստեղծ և անվախճան է, իսկ ուրիշ ստեղծված բաներն Աստված չեն, այլ միայն Նա՛ է Աստված: Բայց այս խոսքը չի բացառում Որդուն և Հոգուն երեք պատճառով. նախ՝ ասում է, թե Աստված չեղավ ստեղծվածներից և ոչ մեկը, իսկ Որդին ու Հոգին ստեղծված չեն, այլ բնութենակից են Հորը՝ ծնված ու բխած Նրա էությունից: Երկրորդ՝ որովհետև ասում է՝ ոչ Ինձանից առաջ է եղել և ոչ էլ լինելու է Ինձանից հետո, իսկ Որդին և Հոգին գոյակից են Հորը, և Հայրը, թեպետ Նրանց պատճառն է, բայց ոչ առաջ և ոչ էլ հետո է Որդուց ու Հոգուց, և ինչպես կրակն ավելի առաջ չէ իր լույսից ու ջերմությունից, թեպետ նրանց պատճառն է, այդպես էլ և Հայրն է համահավասար Որդուն և Հոգուն: Երրորդ՝ ճիշտ է, ասում է՝ այլ Աստված չի լինելու, բայց Որդին և Հոգին այլ Աստվածներ չեն՝ Հորից տարբեր, այլ նույն Երրորդության Անձերն են՝ մեկ Աստված, քանզի Աստվածությունը հավասար է երեքի, ինչպես հավասար են բնությունն ու զորությունը և մնացյալ ամենայն ինչ։ Ճիշտ այնպես, ինչպես հոգիդ, միտքդ և մարմինդ ըստ հատկությունների երեք են, բայց դու մեկ մարդ ես ըստ գոյացության, կամ ինչպես հոգին, միտքը, այսինքն՝ բանականությունը, և կենդանությունը մեկ և երեք են, և անհնար է սրանց՝ իրարից անջատ կամ հետ ու առաջ գոյությունը։ Կամ էլ ինչպես միաժամանակ մեկ և երեք են արեգակը, լույսը և ջերմությունը, նաև՝ կրակը, ինչպես օրինակով ցույց տվեցինք: Բայց սա օրինակ է, իսկ Նա՝ Ճշմարտություն: Իսկ ողջակեզներն ու այլ բաներն անարգում է երեք պատճառով. նախ՝ որպեսզի մյուս առաքինությունները չանտեսեն ու միայն ողջակեզներով չզբաղվեն: Երկրորդ՝ որպեսզի իմանան, որ փրկությունը ողջակեզներից չէ, այլ՝ Աստծուց: Երրորդ՝ որովհետև Քրիստոսի գալստյամբ խափանվելու էին անասունների մարմնական զոհաբերությունները, և լինելու էր օրհնության պատարագ ու կենդանի ողջակեզ՝ «սուրբ սիրտն ու խոնարհ հոգին, որ Աստված չի արհամարհում» (Սաղմ. 50:19), ինչպես և Քրիստոսի անարյուն զոհաբերությունը: Այս պատճառով էլ Դավիթն ասում է. «Զոհերն ու ընծաները Քեզ հաճելի չեղան» (Սաղմ.  39:7), և թե՝ «Քո տնից հորթեր չեմ ընդունում» (Սաղմ. 39:9), և այլն: