ՎԵՐՋԻՆ ՅՈՐԴՈՐՆԵՐ
1․ Ուրեմն, իմ սիրելի՛ եւ ցանկալի՛ եղբայրներ, որ իմ ուրախութիւնն ու պսակն էք, այսպէս հաստատո՛ւն մնացէք ի Տէր, սիրելինե՛ր:
2․ Խնդրում եմ Եւոդիային եւ խնդրում եմ Սիւնտիքին, որ նոյն խորհուրդն ունենան ի Տէր:
3․ Այո՛, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազատ լծակից, դո՛ւ էլ օգնիր նրանց, որոնք աւետարանի համար պայքարեցին ինձ հետ Կղեմէսի եւ իմ միւս գործակիցների հետ միասին. նրանց անունները կեանքի գրքի մէջ են:
4․ Միշտ ուրա՛խ եղէք Տիրոջով, դարձեալ եմ ասում՝ ուրա՛խ եղէք:
5․ Թող ձեր հեզութիւնը յայտնի լինի բոլոր մարդկանց: Տէրը մօտ է:
6․ Հոգ մի՛ արէք, այլ աղօթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանութեամբ յայտնի թող լինեն Աստծուն:
7․ Եւ Աստծու խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը եւ մտածումները Քրիստոս Յիսուսով:
8․ Եւ վերջապէս, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարտութեամբ է, ինչ որ՝ պարկեշտութեամբ, ինչ որ՝ արդարութեամբ, ինչ որ՝ սրբութեամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբաւով, ինչ որ՝ առաքինութեամբ, ինչ որ՝ գովութեամբ, - ա՛յն խորհեցէք:
9․ Ինչ որ ուսանեցիք, ընդունեցիք, լսեցիք եւ տեսաք իմ մէջ, ա՛յն արէք: Եւ խաղաղութեան Աստուածը թող լինի ձեզ հետ:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԻՒՆՆԵՐ ՈՒՂԱՐԿՈՒԱԾ ՆՈՒԷՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
10․ Ես չափազանց ուրախ եղայ Տիրոջով, որ դուք էլ էք մտածել հոգ տանել իմ մասին, ինչպէս արդէն հոգում էիք ինձ համար, բայց առիթ չէիք ունենում:
11․ Կարիքի մէջ լինելու համար չէ, որ ասում եմ այս բանը, քանի որ ես սովոր եմ գոհ լինել իմ վիճակից
12․ Գիտեմ զրկանքով ապրել, գիտեմ առատութեան մէջ լինել: Ամէն ինչում, բոլոր պայմանների տակ, սովորել եմ թէ՛ կուշտ լինել, թէ՛ քաղցած մնալ, թէ՛ առատութեան մէջ լինել, թէ՛ զրկանք կրել:
13․ Ամէն ինչի կարող եմ նրա՛ շնորհիւ, ով ինձ զօրացրեց:
14․ Բայց դուք լաւ արեցիք, որ օգնեցիք ինձ նեղութեանս մէջ:
15․ Դուք էլ գիտէք, փիլիպեցինե՛ր, որ Աւետարանի քարոզութեան սկզբում, երբ ես ելայ Մակեդոնիայից, ո՛չ մի եկեղեցի տալու եւ առնելու հարցում չօգնեց ինձ, բացի ձեզնից,
16․ որ մէկ-երկու անգամ իմ կարիքների համար օգնութիւն ուղարկեցիք Թեսաղոնիկէ:
17․ Ոչ թէ նուէրներ եմ փնտռում, այլ փնտռում եմ այն պտուղը, որ աւելանալու է ձեր հաշուին:
18․ Իսկ ես ամէն ինչ առել եմ եւ առատութեան մէջ եմ. լիացած եմ Եպափրոդիտոսի միջոցով ձեզնից ստացածս նուէրով, որ անուշահոտութիւն է, ընդունելի պատարագ՝ Աստծուն հաճելի:
19․ Եւ իմ Աստուածը կը լցնի ձեր կարիքները իր հարստութեան չափով, փառքով, Քրիստոս Յիսուսի միջոցով:
20․ Արդ, Աստծուն եւ մեր Հօրը փառք յաւիտեանս յաւիտենից: Ամէն
ՎԵՐՋԻՆ ՈՂՋՈՅՆՆԵՐ
21․ Ողջունեցէ՛ք բոլոր սրբերին ի Քրիստոս Յիսուս:
22․ Ողջունում են ձեզ այն եղբայրները, որ ինձ հետ են:
23․ Ողջունում են ձեզ բոլոր սրբերը, մանաւանդ նրանք, որ Կայսրի տնից են:
24․ Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեր հոգու հետ լինի: Ամէն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: