Ծննդոց գրքի մեկնություն 49:13

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

13-15․ Զաբուղոնը ծովեզերքին պիտի բնակվի, ու նավահանգիստ պիտի լինի, և նրա սահմանը մինչև Սիդոն պիտի հասնի: [13] Իսաքարը մի ամրակազմ էշ է՝ պառկած փարախների մեջտեղում: Նա տեսավ, որ հանգիստը լավ է, և երկիրը՝ գեղեցիկ, ուստի խոնարհեցրեց իր ուսերը բեռ կրելու համար և դարձավ հարկատու ծառա։ (Սինոդական թարգ․)

Հակոբի՝ Լիայից ունեցած վերջին երկու որդիների՝ Զաբուղոնի ու Իսաքարի ցեղերի ճակատագրի մասին (կրտսեր եղբոր մասին, չգիտես ինչու, առաջինն է խոսվում): Զաբուղոնի ցեղին՝ որպես նրա հարստության աղբյուր (Բ Օր. 33։19), ծովափնյա տարածք է խոստացվում (այն ընկած էր Գալիլեական ու Միջերկրական ծովերի միջև). նրա սահմանը արևմուտքում հասնում է մինչև Սիդոն (Տյուրոսի մասին հիշատակություն չկա, քանի որ այն առաջացել է զգալիորեն ավելի ուշ՝ Ք․ա․ մոտ 1200 թ.: Այս փաստը մարգարեության հնության ապացույցն է): Երբեք չհասնելով նշված սահմանին (Հեսու. 19։10 և հաջորդ համարները)` Զաբուղոնի ցեղն ապրում էր հիմնականում միջազգային առևտրին մասնակցելու հաշվին:

Իսաքարի ցեղին խոստացվում է բերրի տարածք, որը հարմար է հողագործության և անասնապահության համար։ Նրա  խորհրդանիշը փարախների միջև (սա է եբրայերեն mischpetaim բառի առավել ճշգրիտ իմաստը, ռուսերեն՝ ջրերի հոսանքներում, սլավոներեն՝ սահմաններում) պառկած ամրակազմ էշն է: Այս համեմատությունը ոչ մի վիրավորական բան չի պարունակում (արևելյան էշն ավելի գեղեցիկ է եվրոպականից), բայց և այնպես  բնութագրում է Իսաքարի ցեղի չափազանց մեծ կապվածությունը հողագործությանն ու անասնապահությանը, նրանց լիակատար անտարբերությունը ռազմական ու քաղաքական գործունեության հանդեպ և  պատերազմելու փոխարեն ստրկության տրվելու նախապատվությունը: Երկու ցեղերի տարածքները մանրամասն նկարագրում է Հովսեփոս Փլավիոսը («Հրեական պատերազմի մասին», Գ. Գիրք, 3։1-2):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Զաբուղոնը կը բնակուի ծովի եզերքին, որպէս նաւերի նաւահանգիստ ու կը տարածուի նա մինչեւ Սիդոն:
(Արարատ թարգ․) Զաբուղոնը կբնակվի ծովեզերքում։ Եվ կլինի նավահանգստում, Եվ նրա սահմանը մինչև Սիդոն կհասնի:
(Գրաբար) Զաբողոն` յեզերս ծովու բնակեսցէ, եւ ինքն նաւահանգիստ նաւաց. եւ ձգեսցէ մինչեւ ի Սիդոն: