ՍՈՒՐԲ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԿՐՏԻՉ

Մարգարէ Բարձրելոյն եւ զԹագաւորին զինաւոր.

Որ եւ ի ծնունդս կանանց մեծ կոչեցաւ.

Յօրհնութիւն հոգեւորս պատուեսցուք:

ԶՄիածնին կարապետ եւ զԲանին զձայն.

Որ յորովայնէ զՔրիստոս յառաջ գուշակեաց.

Յօրհնութիւն հոգեւորս պատուեսցուք:

Յանապատի բնակիչ եւ շնորհացն քարոզող.

Որ եւ ի դժոխս զփրկութիւն քարոզեաց.

Յօրհնութիւն հոգեւորս պատուեսցուք:

 

(Շարակնոց)

 

 

Սուրբ Յովհաննէսը՝ Քրիստոսի Կարապետն ու Մկրտիչը, երբ իր մօր՝ Եղիսաբէթի ականջներով լսեց սուրբ Կոյս Մարիամ Աստուածածնի ողջոյնը, խայտաց մօր որովայնում, շտապեց ընդառաջ ելնել եւ երկրպագել Քրիստոս Աստուածորդուն, Ով եւս սուրբ Կոյս Մարիամի որովայնում էր: Եւ քանի որ դեռ չէր հասել իր ծննդեան ժամը, Յովհաննէսն իր մօր՝ Եղիսաբէթի բերանով օրհնաբանեց սուրբ Կոյսին ու նրա Որդուն՝ ասելով. «Օրհնեա՛լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեալ է քո որովայնի պտուղը»: Եւ երբ լրացաւ յղիութեան ինն ամիսն ու աւելի, քան հինգ օրը, ծնուեց սքանչելի մանուկը՝ Յովհաննէսը: Եւ մեծ ուրախութիւն եղաւ նրա ծնողների եւ բոլոր ազգականների համար, սակայն նրա հօր՝ Զաքարիայի լեզուն դեռեւս կապուած էր:

Երբ ութերորդ օրը եկան թլփատելու մանկանը, կամեցան նրան իր հօր անուամբ Զաքարիա կոչել, սակայն նրա մայրը՝ Եղիսաբէթը, թոյլ չտուեց եւ ասաց. «Տղայի անունը Յովհաննէս է»: Ապա երբ նշանացի հարցրին մանկան հօրը՝ Զաքարիային, թէ ինչպէս կոչեն տղային, նա մի տախտակ խնդրեց, որի վրայ գրեց. «Դրա անունը Յովհաննէս է»:  Անմիջապէս բացուեց նրա բերանը, արձակուեց լեզուն, եւ նա սկսեց օրհնել Աստծուն: Զաքարիան մարգարէացաւ որդու համար եւ ասաց. «Եւ դու, մանուկ, Բարձրեալի մարգարէն պիտի կոչուես, որովհետեւ պիտի գնաս Տիրոջ առաջից՝ պատրաստելու Նրա ճանապարհները»:

Երբ կոտորում էին Բեթղեհէմի մանուկներին, Եղիսաբէթը, մանկանն առնելով, փախաւ դէպի անապատ: Եւ երբ զինուորները հասան նրանց, Եղիսաբէթն աղաղակեց Տիրոջը, եւ նոյն պահին վէմը, որ կար նրանց առջեւ, պատռուեց, իր մէջ առաւ մօրն ու մանկանը ու դարձեալ փակուեց: Եօթ ամիս անց Տիրոջ հրեշտակը երեւաց Եղիսաբէթին, բացեց վէմը եւ նրանց դուրս բերեց: Եւ հրեշտակն ասաց Եղիսաբէթին. «Դու գնա քո տուն, որովհետեւ տաճարում սպանուել է տղայի հայրը, եւ տաճարի յատակը կուլ է տուել նրա մարմինը: Իսկ տղային թող այս անապատում, մենք կը սպասաւորենք նրան»:

Եւ այդ օրուանից սուրբ մանուկ Յովհաննէսը մնաց անապատում՝ անտես մարդկանցից, մինչեւ որ լրացաւ նրա երեսուն տարին: Մարդկանցից որեւէ մէկը չէր տեսել նրան: Նա կենցաղավարում էր հրեշտակների հետ, կերակուրն էր մորեխն ու վայրի մեղրը, ունէր ուղտի մազից հանդերձ, մէջքին՝ մաշկեղէն գօտի՝ Եղիա մարգարէի նմանութեամբ, եւ մշտապէս սպասաւորւում  էր անմարմին հրեշտակների կողմից:

Երբ լրացաւ նրա երեսուն տարին, Տիրոջ խօսքը լսելի եղաւ Յովհաննէսին՝ գնալ Յորդանանի կողմերը եւ քարոզել մկրտութիւն եւ ապաշխարութիւն՝ մեղքերի թողութեան համար: Կոյս Մարիամի Որդին եկաւ նրա մօտ եւ Յորդանան գետում մկրտուեց Յովհաննէսի կողմից, երկնային ձայնով ու աղաւնակերպ իջմամբ վկայուեց Հօր եւ Սուրբ Հոգու կողմից, թէ «Սա է Աստուծոյ Որդին, Մարիամի որդին՝ Յիսուս: Ահաւասիկ Քրիստոս՝ Աստուծոյ Գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը»: Եւ Ինքը՝ Յիսուս, վկայեց Յովհաննէսի համար, թէ «Կանանցից ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի մե­ծը չի եղել»[1]: Ո՜հ, ամփոփ գովաբանութիւն, ո՜հ, զօրաւոր գովասանութիւն, նուրբ եւ բովանդակիչ խօսք, լայնածաւալ ներբող: «Չկա՛յ կանանցից ծնուածներից մեծը, բացի Յովհաննէսից». տե՛ս, թէ որքան շնորհների եւ կամ ինչպիսի ծայրագոյն պատուի արժանանալով՝ նա վեր բարձրացաւ: Եւ ո՞վ է, որ այսպիսի փառքի հասաւ, կþասենք՝ Յովհաննէսը՝ Զաքարիայի զարմը եւ զաւակը, ծեր քահանայի որդին՝ ծնուած ամուլ ծեր կնոջից: Արդ, լայնացրո՛ւ միտքդ, ժողովի՛ր հին, միջին շրջանի եւ վերջին վկաներին, թուի՛ր նրանց առաքինութիւնները, փոխարէնը կþառնես Աստծուց եւ ապա կþիմանաս նրա շնորհների առաւելութիւնը: Արդ, եկէք թուենք նրանց գեղեցիկ եւ կատարեալ առաքինութիւնները, որոնցից մէկին անգամ չարժի բովանդակ աշխարհը: Եւ երբ իմանանք նրանցը, ապա նրանցով կը տեսնենք եւ կþիմանանք, թէ որքան մեծ շնորհներ են ծրարուած ու կնքուած այս խօսքում, թէ «Կանանցից ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի մեծը չի եղել»:

Եւ արդ, ունկնդրէ՛ք յօժարութեամբ եւ կը պատմեմ՝ սկսած Աբելից, որն իր արդարութեամբ ու ազնիւ պատարագով հաճելի եղաւ Աստծուն, եւ ապա ինքը ճշմարիտ եւ ընդունելի պատարագ եղաւ: Նրանից յետոյ՝ անարատ Սէթը, որն Ադամի գեղեցիկ կերպարանքով եղաւ Աստուծոյ բաժինը, նրանից յետոյ՝ Ենոսը, որը հաստատուն յոյսով իր մէջ նորոգեց Ադամի կորցրած Սկզբնատպի պատկերը, եւ կոչուեց «մարդ», այսինքն՝ Աստուծոյ պատկեր: Տեսէ՛ք Աստծուն հաճելի Ենոքին, որ դեռեւս կենդանի՝ իր մաքուր վարքով երկինք փոխուեց եւ անմահութեան վիճակուեց: Նաեւ Նոյը, որ հինգ հարիւր տարի պահուելով կուսութեամբ, ի խորհուրդ Եկեղեցու կառուցեց տապանը՝ իր մէջ օրինակելով Քրիստոսին: Յիշէ՛ք եւ Մելքիսեդեկին՝ անհայր, անմայր, առանց ազգութեան՝ յօրինակ Աստուծոյ Որդու: Տեսէ՛ք Աբրահամին՝ հաւատի հօրը, որ Աստուծոյ սիրոյ համար չխնայեց իր միածին որդուն: Ի՞նչ ասեմ Իսահակի մասին, որ զարդարուած էր ողջախոհութեամբ եւ հեզութեամբ, նաեւ Յակոբի մասին, որ մենամարտելով Աստուծոյ հետ՝ օրհնութիւն ստացաւ Նրանից եւ «աստուածատես» կոչուեց: Իսկ Յովսէփը, պայծառացած ողջախոհութեամբ, յաղթեց բուռն ցանկութեանը, նաեւ աստուածախօս Մովսէսը, ում երեսը պայծառացաւ Աստուծոյ տեսութեամբ, նաեւ Յեսուն, որ կապեց արեգակի եւ լուսնի ընթացքը, Ահարոն, Եղիազար, Փենեհեզ քահանաները, որոնք իրենց մաքուր վարքով հաճելի եղան Աստծուն: Յիշէ՛ք Սամսոնին, որ աւանակի չորացած ծնօտից իր հաւատով ջուր բխեցրեց, քաջ Գեդէոնին, որ գեղմի եւ ցորենի կալի հրաշալի օրինակով ցոյց տուեց Աստուծոյ Բանի Կոյս Մարիամի արգանդ իջնելը, նաեւ՝ երանելի Յոբին, որը մարմնով անհամեմատ վշտեր կրեց: Իսկ Սամուէլը, որ սրբութեամբ մեծացաւ Աստուծոյ տան մէջ, մանկուց խորանի սրբութիւնների սպասաւոր եղաւ, նաեւ Դաւիթը, որ իր սրտի սրբութեան համար «Աստուծոյ սիրտ» կոչուեց, կամ Սողոմոնը, որ լի էր աստուածային գիտութեամբ եւ կոչուեց «խաղաղութեան թագաւոր»: Կþասեմ նաեւ կայծակնամաքուր աստուածաբան Եսայու մասին, որը նրան «Խոսքի ձայն» կոչեց եւ արդար Եզեկիայի մասին, որն աղօթքով շրջեց արեգակի ընթացքը: Իսկ Եղիան, որի խօսքից չկարողացան անցնել երկինքն ու տարերքները, հրեղէն կառքով երկինք վերացաւ: Նաեւ սուրբ Եղիսէն, որ կրկնակի ընդունեց Եղիայի հոգին եւ մեծ հրաշքներ գործեց իր կենդանութեան ժամանակ, իսկ մահից յետոյ մարմինն առանց հոգու, որ գերեզմանում էր, մեռելին յարութիւն տուեց: Եւ ինչ ասեմ Յովնանի մասին, եթէ ոչ անդունդների խորքերից ճառեմ նրա պատմութեան մասին: Տեսէ՛ք նաեւ Երեմիային, ով մաքուր կուսութեամբ իւրովի հասու եղաւ տեսնել անյայտները: Ասենք նաեւ Եզեկիայի մասին, ով գրեթէ ամբողջովին հոգիացաւ բազում առաքինութիւններով՝  չարչարանքներով կրելով մարմնական կրքերը, եւ նոյն թեթեւութեամբ երկինք վերացաւ ու տեսաւ Աստուածութեան չորեքկերպեան Կառքը: Ինչ կարող եմ ասել Դանիէլի մասին, ով ցանկալի էր հրեշտակներին եւ գովելի անմարմինների կողմից, քանզի սուրբ էր եւ բարի, հեզ եւ իմաստուն եւ անմարմինների վարքը ցոյց տուեց իր մարմնով, բայց ոչ ինչպէս Յովհաննէսը: Կամենում եմ երեք մանուկների գեղեցկութեան գովասանութիւնն անել, սակայն հուրը թոյլ չի տալիս նայել նրանց պատկերին: Նրանք հրաւիրում են ինձ, բայց ես չեմ համարձակւում տեսնել նրանց, քանզի երեք մարդ էին հրի մէջ, սակայն չորսն էին երեւում: Արդ, տեսէ՛ք բոլոր մարգարէներին, ովքեր պատմում էին գալիքները, որովհետեւ նրանք ընդունեցին Սուրբ Հոգուն, Որով ճանաչեցին Աստուծոյ խորհուրդները:

Արդ, եղբայրնե՛ր, զուր չէ, որ յիշատակեցի արդարների խմբերին եւ սուրբերի երամներին, այլ որպէսզի ցոյց տամ Յովհաննէսի մեծապարգեւ շնորհների փառքի մեծութիւնը, որ ծածկուած է տէրունական խօսքի տակ, թէ «Կանանցից ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի մե­ծը չի եղել»:

Քրիստոս Աստուա՛ծ, սուրբ Յովհաննէս Մկրտչի եւ Քո մեծ վկայի բարեխօսութեամբ եւ աղօթքներով ողորմի՛ր բոլոր հաւատացեալներին, յատկապէս այս գիրը թողնողիս:

 

 

[1] Մատթ. ԺԱ 11: