Դանիելի մարգարեության մեկնություն 3(2):29

Սուրբ Եփրեմ Ասորի

Քո մտածումները, թե ինչ պիտի լինի սրանից հետոյ, քեզ մտատանջում էին քո անկողնում, և գաղտնիքները բացահայտողը ցոյց տվեց քեզ, թե ինչ պիտի լինի այսուհետ:
   
   Բաբելոնի արքայի միտքը հետևյալն էր. «Քանի որ նա նվաճեց բոլոր ազգերը և նվաստացրեց բոլոր թագավորներին, ուստի մտածեց, որ չկա այնպիսի թագավորություն, որը կարող է տապալել բաբելոնացիների իշխանությունը: Իսկ Դանիելը հայտարարում է, թե ում միջոցով է տապալվելու նրա թագավորությունը»:
   

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Քո մտածումները, թե ինչ պիտի լինի սրանից հետոյ, քեզ մտատանջում էին քո անկողնում, և գաղտնիքները բացահայտողը ցոյց տվեց քեզ, թե ինչ պիտի լինի այսուհետ:
   
   «Քո երազը,– ասում է նա,– և անկողնու մեջ քո գլխում եղած տեսիլքը հետևյալն են. (ընթերցի՛ր Դանիել. 2։29 համարը): Նա խոսում է այն տարածված կարծիքի համաձայն, որ երազները կարծես կախված են գլխից, քանի որ մտածողության ունակությունը կենտրոնացած է դրա մեջ, կամ էլ այն պատճառով, որ գլխի ներքո նկատի են առնվում աչքերը: Իսկ նրա խոսքերը հետևյալն են նշանակում. «Դու հայտնության համար պատճառ ստեղծեցիր»: Նա պարզապես չի ասում. «Աստված քեզ հայտնեց», այլ այսպես է ասում. «Դու մտածեցիր այն մասին, թե ինչ կլինի դրանից հետո»: Քանի որ նա տիրել էր տիեզերքին, ուստի մտածում էր` արդյո՞ք ինքն իր թագավորական իշխանությունը կտարածի բոլորի վրա, թե կմեռնի: Իշխանության մեծությունը սովորաբար ստիպում է մեզ մոռանալ, որ մեր բնությունը մահկանացու է: Հետևաբար հավանական է, որ ընկղմվելով իր իսկ սխրանքների անդունդը, նա համոզված չէր, որ ինքը կմահանա: Այս նույնը տեղի է ունեցել նաև մեկ ուրիշ թագավորի հետ: Հետևաբար, ինչ–որ մեկն նրան ասել է. «Մարդ ես դու, ոչ թե Աստված»: Այստեղ խոսքը առնչվում է Տյուրոսի թագավորին (Եզեկ. 28։2): Եվ տե՛ս, թե նա ինչպես է առանց վիրավորանքի դատապարտում թագավորին: Նա նրան չի ասում. «Դու մտածեցիր հենց այդ մասին», այլ ասում է. «Ի՞նչ կլինի դրանից հետո»: Այդ մասին էիր դու մտածում և խորհում էիր, թե ինչ կլինի հետո:

   Երբ մարդ անկողնում  է, երբ ոչ ոք չի խանգարում, իսկ հոգին հանգիստ է,  հատկապես հենց այդ ժամանակ են մեր մեջ շատ մտքեր ծնվում, որոնք չարաշահում են մեր հանգստությունն ու ազատ ժամանակը: Այդ պատճառով շատերը սովորություն ունեն այդ ժամանակն անցկացնել աղոթքով, քանի որ այդ ընթացքում հոգին անգործության է մատնվում, և մեծ վնաս է լինում, եթե մենք անփույթ ենք լինում: Ուշադրությո՛ւն դարձրու, որ նա երկրորդ անգամ է հիշում Աստծուն, սակայն դա տարբեր ձևերով է անում: Այնտեղ նա ասում է. «Երկնքում Աստված կա», իսկ այստեղ ասում է.  «Գաղտնիքները բացահայտողը ցույց տվեց քեզ, թե ինչ պիտի լինի այսուհետև»:
   

Ա. Լոպուխին

«Դու, ո՛վ թագավոր, քո անկողնու մեջ մտածում էիր այն մասին, թե ինչ պիտի լինի դրանից հետո, և գաղտնիքներ Հայտնողը քեզ ցույց տվեց, թե ինչ պիտի լինի»։ (Սինոդական թարգ․) [29]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 3(2):27
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) քո մտածումները, թէ ինչ պիտի լինի սրանից յետոյ, քեզ մտատանջում էին քո անկողնում, եւ գաղտնիքները բացայայտողը ցոյց տուեց քեզ, թէ ինչ պիտի լինի այսուհետեւ:
(Արարատ թարգ․ 2։29) դու, ո՛վ թագավոր, քո անկողնու մեջ մտածում էիր այն մասին, թե այսուհետ ինչ պիտի լինի, և գաղտնիքներ հայտնողը քեզ իմացրեց։
(Գրաբար) Խորհուրդք քո մտայո՛յզ առնէին զքեզ յանկողնի քում, թէ զի՛նչ լինելոց է՛ յետ այսորիկ. և յայտնիչն խորհրդոց եցո՛յց քեզ զինչ լինելոց է։