Սուրբ Հովհան Ոսկեբերան
Գաղտնիքը հայտնվեց ինձ ոչ այն պատճառով, որ իմ մեջ ավելի իմաստություն կա, քան բոլոր բանականների մեջ, այլ որպեսզի մեկնությունը ցույց տրվի արքային, և դու իմանաս քո սրտի խորհուրդները:
Նա կարծես ասում է. «Հայտնությունը ինձանից չի գալիս, և այն փաստը, որ ես միակն եմ, ով իմացավ այդ մասին, ինձ առավելություն չի տալիս մյուսների նկատմամբ: Աստված դա իմ իմաստությունը տեսնելու պատճառով չարեց»: Եթե այդպիսի խոսքերից հետո թագավորը երկրպագում էր նրան որպես Աստծո, ապա ի՞նչ կլիներ, եթե նա չասեր դա: Ուստի նա ասում է. «Գաղտնիքը հայտնվեց ինձ այն պատճառով, որ մեկնությունը ցույց տրվի արքային»: Ոչ թե ինձ է պետք շնորհակալություն հայտնել, այլ քեզ. «Ես այն բանի համար իմացա, որպեսզի դու իմանաս: Տե՛ս, թե ինչպես է նա թագավորին մոտեցնում Աստծուն, և իր հանդեպ սպասվող հրաշքն ու սերը նախապես Աստծուն վերագրում: Քանզի երբ թագավորն իմանար, որ դա իր պատվի համար է, ապա ակնհայտորեն նա կարող էր հետևել Աստծուն: «Քեզ,– ասում է նա,– Աստված ինձանից ավելի պատվեց»: Տեսնո՞ւմ ես, թե որքան անփառասեր է այս երիտասարդը, ինչպես է նա այդ թեմայի շուրջ սկսում խոսել, քանզի նախապես թագավորին զերծ է պահում իր մասին բարձր կարծիք ունենալուց: Հետևաբար, կարո՞ղ է փառքի ձգտել նա, ով մերժում է փառքը նույնիսկ այն ժամանակ, երբ այն իրեն է մատուցվում: Եվ նա չի ասում. «Քանի որ ես պատվում եմ Աստծուն, քանի որ նրան մյուսներից ավելի շատ եմ ծառայում, ուստի դա ինձ է հայտնվում»: Այլ ասում է, որպեսզի դու իմանաս, թե ինչն է ավելի օգտակար: Իսկ առաջինը, նույնիսկ առանց նրա խոսքերի էլ, պետք է լսողների մտքով անցներ:
Ա. Լոպուխին
«Իսկ ինձ այս գաղտնիքը բացահայտվեց ոչ թե ոչ թե այն պատճառով, որ ես ավելի իմաստուն էի, քան բոլոր կենդանի էակները, այլ որպեսզի բացատրությունը հայտնի դառնա թագավորին, և որպեսզի դու իմանաս քո սրտի խորհուրդները»։ (Սինոդական թարգ․) [30]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 3(2):27
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Գաղտնիքը յայտնուեց ինձ ոչ այն պատճառով, որ իմ մէջ աւելի իմաստութիւն կայ, քան բոլոր բանականների մէջ, այլ որպէսզի մեկնութիւնը ցոյց տրուի արքային, եւ դու իմանաս քո սրտի խորհուրդները:
(Արարատ թարգ․ 2։30) Եվ ինձ հայտնեց այս գաղտնիքը ոչ թե բոլոր ապրողներից ավելի իմաստություն ունենալուս համար, այլ մեկնությունը թագավորին իմացնելու համար, և որ իմանաս քո մտքի խորհուրդները։
(Գրաբար) Եւ ինձ՝ ո՛չ առ իմաստութեան ինչ՝ որ իցէ յիս քան յամենայն կենդանիս՝ յայտնեցաւ խորհուրդն. այլ վասն ցուցանելոյ արքայի զմեկնութիւնն, զի ծանիցես զխորհուրդս սրտի քոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: