Ա․ Լոպուխին
5-6․ «Հայտարարե՛ք Հուդայում և հռչակե՛ք Երուսաղեմում ու ասացե՛ք, և փո՛ղ հնչեցրեք երկրով մեկ, կանչե՛ք, բարձրաձայն գոչե՛ք և ասացե՛ք. «Հավաքվե՛ք, և գնանք ամրացված քաղաքները»։ [5] «Դրո՛շ դրեք դեպի Սիոն, վազե՛ք, մի՛ կանգնեք, որովհետև Ես հյուսիսից աղետ և մեծ ավերում եմ բերելու»։ (Սինոդական թարգ․)
Մարգարեն Աստծո անունից պատվիրում է բոլոր հնարավոր միջոցներով հրեական բոլոր քաղաքներում շուտափույթ հայտնել թշնամիների մոտալուտ արշավանքի մասին։ Թող հրեաները գյուղերից և բնակավայրերից հավաքվեն ամրացված քաղաքներում, որոնց մեջ առաջին տեղն է զբաղեցնում Սիոնը կամ Երուսաղեմը։ Այդ պատճառով էլ դեպի Երուսաղեմ տանող ճանապարհին պետք է հեռվից տեսանելի մի նշան դրվի, որը փախչողներին ցույց կտա, թե որ ուղղությամբ պետք է շտապեն։
«Հրապարակե՛ք Երուսաղեմում»․ իհարկե, այն բանի համար, որպեսզի մայրաքաղաքի բնակիչներն իմանային, որ իրենք պետք է գյուղերից և բնակավայրերից բազմաթիվ պանդուխտների ընդունեին և պատրաստվեին դրան։
5-18. «Հայտարարե՛ք Հուդայում և հռչակե՛ք Երուսաղեմում ու ասացե՛ք, և փո՛ղ հնչեցրեք երկրով մեկ, կանչե՛ք, բարձրաձայն գոչե՛ք և ասացե՛ք. «Հավաքվե՛ք, և գնանք ամրացված քաղաքները»։ «Դրո՛շ դրեք դեպի Սիոն, վազե՛ք, մի՛ կանգնեք, որովհետև Ես հյուսիսից աղետ և մեծ ավերում եմ բերելու»։ «Առյուծը դուրս է գալիս իր մացառից, և հայտնվում է ժողովուրդներին ոչնչացնողը. նա դուրս է գալիս իր տեղից, որպեսզի քո երկիրն ամայի դարձնի. քո քաղաքները պիտի քանդվեն, մնան առանց բնակիչների»։ «Սրա համար գոտեպնդվե՛ք քուրձերով, լա՛ց եղեք ու ողբացե՛ք, որովհետև Տիրոջ կատաղի բարկությունը չի հեռացել մեզնից»։ «Եվ այդ օրը, - ասում է Տերը, - կսառչի թագավորի սիրտը և իշխանների սիրտը. և կսարսափեն քահանաները, և կահազդվեն մարգարեները»։ «Եվ ես ասացի. «Օ՜, Տեր Աստված, մի՞թե դու խաբեցիր միայն այս ժողովրդին ու Երուսաղեմին՝ ասելով. «Խաղաղություն կլինի ձեզ», բայց, այդուամենայնիվ, սուրը հասնում է մինչև մեր հոգին»»։ «Այդ ժամանակ պիտի ասվի այս ժողովրդին ու Երուսաղեմին. «Մի կիզիչ քամի է փչում անապատի բարձունքներից դեպի Իմ ժողովրդի դստեր ճանապարհը, որ ո՛չ հովհարելու համար է և ո՛չ էլ մաքրելու համար»։ «Եվ այդտեղից Ինձ մոտ պիտի գա դրանից ավելի սաստիկ մի քամի, և Ես դատաստան պիտի տեսնեմ նրանց դեմ»։ «Ահա, նա բարձրանում է ամպերի պես, և նրա կառքերը փոթորկի պես են, նրա ձիերն արծիվներից արագընթաց են. վա՜յ մեզ, որովհետև մենք կործանվելու ենք»։ «Չարությունից մաքրի՛ր քո սիրտը, Երուսաղե՛մ, որպեսզի դու փրկվես. մինչև ե՞րբ քո մեջ պիտի բնադրվեն չար մտքերը»։ «Որովհետև արդեն մի ձայն է գալիս Դանից և մի աղետալի լուր` Եփրեմի լեռից»։ «Հայտնե՛ք ժողովուրդներին, հայտարարե՛ք Երուսաղեմին, որ մի հեռավոր երկրից պաշարողները գալիս են և իրենց աղաղակներով են լցնում Հուդայի քաղաքները»։ ««Դաշտի պահապանների պես նրանք շրջապատում են այն, քանի որ նա ապստամբեց Իմ դեմ», - ասում է Տերը»։ «Քո ուղիները և քո արարքները բերեցին քեզ այդ բանը. ամբարշտությանդ պատճառով է քո այս դառնությունը, որ հասնում է մինչև սիրտդ»։
Երեմիայի կողմից առաջին գլխում հակիրճ նկարագրված Հուդայի դատաստանը այստեղ ավելի համոզիչ է պատկերվում։ Հատկապես Հուդայի թշնամիներին Երեմիան ներկայացնում է․ առաջին՝ երկիրը ամայացնող առյուծի, երկրորդ՝ ամեն ինչ կործանող փոթորկի, և երրորդ՝ գազանի համար շուրջկալ պատրաստող որսորդների պատկերի ներքո։ Սակայն այդ դատաստանը Հուդայի կամ Երուսաղեմի համար ինչ−որ անխուսափելի բան չէր․ եթե հրեաներն ապաշխարեն, մարգարեն դեռևս նրանց կարծանումից փրվկել խոստանալը հնարավոր է համարում։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) «Գուժեցէ՛ք Հրէաստանի մէջ, լուրը թող հասնի Երուսաղէմ, ասացէ՛ք, փո՛ղ հնչեցրէք երկրով մէկ, աղաղա՛կ բարձրացրէք, գոչեցէ՛ք, հաւաքուեցէ՛ք եւ մտէ՛ք պարսպապատ քաղաքները:
(Արարատ թարգ․) Հուդայի մեջ հայտարարե՛ք և Երուսաղեմում իմա՛ց տվեք և ասացե՛ք. Փո՛ղ հնչեցրեք երկրի վրա, կանչե՛ք, բարձրաձայնե՛ք և ասացե՛ք. Հավաքվե՛ք, և մտնենք ամրացված քաղաքները։
(Գրաբար) Գոյժ տուք ի Հրէաստան. լու լիցի յԵրուսաղէմ. եւ ասացէք՝ Փող հարէք ի վերայ երկրին. զաղաղակ բարձէք. գոգէք. ժողովեցարուք եւ մտէք ի քաղաքս պարսպաւորս։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: