Ա. Պ. Լոպուխին (†1904)
Այսպես է ասում Տերը. «Դամասկոսի երեք հանցանքների և նաև չորրորդի համար ես նրան չեմ խնայի, որովհետև նրանք երկաթե կալսիչներով կալսեցին Գաղաադը»: (Սինոդական թարգ․)[3]
Հեթանոս ժողովուրդների հանդեպ Աստծու դատաստանի մասին ազդարարումը մարգարեն սկսում է Սիրիայից ու Դամասկոսից` Սիրիայի գլխավոր քաղաքից: Մարգարեն հայտնում է սիրիացիների կործանման մասին, որը լինելու է Գաղաադի բնակչության հանդեպ նրանց դաժանության պատճառով: «Դամասկոսի երեք հանցանքների և նաև չորրորդի համար». սա հատուկ արտահայտչակերպ է, որի միջոցով մատնանշվում են Դամասկոսի գործած բազմաթիվ հանցագործությունները (Առակ. 30:15, 18, 21, 29):
«Որովհետև նրանք երկաթե կալսիչներով կալսեցին Գաղաադը»: Գաղաադը տասը ցեղից կազմված թագավորության անդրհորդանանյան շրջանն է, որն առավել շատ է տուժում սիրիացիների արշավանքների պատճառով (սրանք Ազայելի կողմից Հեուի դեմ կատարված արշավանքներն են (Դ Թագ. 10:32-33)): «Երկաթե կալսիչներ»` եբրայերեն « charuzah»` երկաթով պատված անիվ կամ գլան, որոնք օգտագործում էին ցորենը կալսելու համար: Մարգարեի խոսքերը կարելի է հասկանալ և՛ ուղիղ իմաստով՝ որպես մատնանշում պատերազմների ժամանակ գործադրված հայտնի դաժանությունների մասին (Բ Թագ. 12:31), և՛ ընդհանուր կերպով` որպես սիրիացիների կողմից Գաղաադում կատարված հսկայածավալ ավերածությունների պատկեր:
Յոթանասնիցում եբրայերեն «charuzah» բառը թարգմանվում է իբրև «πρίων»`«սղոց», և բացի այդ՝ «Գաղաադ» բառը բացատրվում է առանձին «ἐν γαστρὶ ἐχούσας» հավելումով, որտեղից էլ ըստ սլավոներեն [և էջմիածին] տեքստի՝ ստացվել է. «քանի որ նրանք գաղաադացի հղիներին կտրատում էին երկաթե սղոցներով» տարբերակը:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Տէրն ասում է.
«Դամասկոսի գործած երեք անօրէնութիւնների եւ մանաւանդ չորրորդի համար, քանի որ նրանք գաղաադացիների յղիներին կտրատում էին երկաթէ սղոցներով, ես պիտի պատժեմ նրանց:
(Արարատ թարգ․) Տերն այսպես է ասում. «Դամասկոսի երեք օրինազանցությունների համար ու չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք երկաթե կռաններով կալսեցին Գաղաադին։
(Գրաբար) Եւ ասէ՛ Տէր ի վերայ երիցն անօրէնութեանցն Դամասկեայ, և ի վերայ չորիցն՝ ո՛չ դարձայց ի նմանէ. փոխանակ զի կտրէին զյղիս Գաղաադացւոց սղոցօք երկաթեօք։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: