Ամոսի մարգարեության մեկնություն 6։10

Ա. Պ. Լոպուխին (†1904)

10-11. «և նրանց ազգականը կամ նա, ով պիտի այրի, կվերցնի նրանց ոսկորները՝ տնից դուրս տանելու համար և տանը եղող մարդուն կհարցնի. «Քեզ մոտ կա՞ուրիշ մեկը»: Եվ նա կպատասխանի. «Ոչ ոք չկա»: [10] Եվ սա կասի. «Լռիʹր, որովհետև չի կարելի հիշատակել Տիրոջ անունը»: (Սինոդական թարգ․)
   
    10-րդ համարում շարունակում է զարգանալ բնակչության ծայրահեղ սպառման գաղափարը։ 10−րդ համարի սկիզբն անհասկանալի է, և նորագույն մեկնիչների շրջանում կասկած է հարուցում, թե արդյոք տեքստն անաղարտ է պահպանվել:

    «Եվ նրանց  ազգականը (dodo) կամ նա, ով պիտի այրի (umesarfo),  կվերցնի (unesao) նրանց ոսկորներըazamim», առանց վերջածանցի)՝ տնից դուրս տանելու համար»: Եբրայերեն տեքստում դերանունները դրված են եզակի թվով («նրա ազգականը կվերցնի նրան»), և անհասկանալի է, թե դրանք ինչին են առնչվում (հազիվ թե կարելի է կարծել, որ դրանք առնչվում են 9−րդ համարի «osarah»՝ «տասնյակ» գոյականին (Յունգերով), քանի որ այդ դեպքում անհրաժեշտ կլիներ հոգնակի թվով դերանուն ակնկալել): Բացի այդ՝ 10−րդ համարի եբրայերեն տարբերակում տարակուսանք է առաջացնում նաև «mesaref» արտահայտթյունը. Յոթանասնիցը այս բառը թարգմանել է «παραβιωνται» բայով (սլավոներեն` «իջնեն հանելու»): Սովորաբար «mesaref» արտահայտությունը հասկանում են «այրող» իմաստով, սակայն հրեաների մոտ դիակները այրելու սովորույթի գոյությունը կասկածելի է թվում (Ամոս. 2:1): Հրեաները  սովորաբար  մահացածներին հողին էին հանձնում (Vincent H. Canaan d’après l’exploration récente. Paris, 1907. P. 212, 262), և եթե Աստվածաշնչում հիշատակվում են թաղումներ՝ այրելով, ապա այդ պարագայում խոսքը միայն հուղարկավորության ժամանակ անուշահոտ նյութերի «այրման» մասին է (Երեմ. 34:5, Բ Մնաց. 16:4):

    Հաշվի առնելով ներկայացված դժվարությունները` ժամանակակից մեկնիչները 10−րդ համարում առաջարկում են կատարել հետևյալ ուղղումները: Ցեյդներն ու Վալենտոնը «unesao dodo umesarfo lehozi» (ռուսերեն՝ «Եվ նրանց ազգականը կամ նա, ով պիտի այրի, կվերցնի նրանց  ոսկորները՝ դուրս տանելու համար») արտահայտության փոխարեն առաջարկում են «venischear mesared» («և մնալու է մեկ փրկված (փախստական), որպեսզի դուրս հանի») տարբերակով ընթերցել։ Ըստ Գոոնակերի` 10−րդ համարի սկզբնական հատվածը սկզբնապես կարդացվել է «venischearu nodedei miseppar» («կմնան քիչ թվով փախստականներ (այսինքն՝ նրանք, ովքեր փախչելով են փրկվել)՝ ոսկորները տնից դուրս բերելու համար») տարբերակով է ընթերցվել։ Ռուսերեն տեքստում 10−րդ համարի սկիզբը հասկացվել է որպես դիակներն այրելու հրահանգ ։ Հավանաբար այսպիսի ըմբռնման համար որպես պատճառ դարձել է համաճարակի երկյուղը (Յունգերով):

    «Եվ սա ասելու է. «Լռիʹր, որովհետև չի կարելի հիշատակել Տիրոջ անունը». «տան միակ փրկված անդամը, բնականաբար, հուղարկավորողին Տիրոջ անունը կանչելու կոչ է անելու, սակայն,  այս խոսքին ի պատասխան, հուղարկավորողը հետևյալ դիտողությամբ է պատասխանելու․ «Լռի՛ր, քանի որ այս ահարկու ժամանակներում Տիրոջ անունը կանչել չի կարելի»: Ամոս մարգարեն անգամ հուղարկավորողի շուրթերով է Տիրոջ անունը կանչել և աղոթքի վրա կենտրոնանալ արգելում։ «Ո՛չ, այդ ժամանակ անգամ աղոթք հարկավոր չի լինի, այլ միայն գերեզմանային լռություն»: (Յունգերով, 127): Այնուամենայնիվ, վերոբերյալ բառերն ավելի լավ է պարզապես Տիրոջ անունը կանչելու արգելքի իմաստով հասկանալ։ Դրանով մարգարեն ցանկանում է արտահայտել այն միտքը, որ Աստծու սաստիկ բարկությունը հանցավոր քաղաքի վրա հասել է ծայրահեղ աստիճանի, այնպես որ քաղաքը կդառնա կարծես անմաքուր մի վայր, որտեղ Տիրոջ անունն անգամ չի կարելի կանչել:

    «Քանի որ չի կարելի հիշատակել Տիրոջ անունը» խոսքերի փոխարեն հունարեն և սլավոներեն տեքստերում «մի՛ հիշատակեք հանուն Տիրոջ անվան» տարբերակով է ընթերցվում: Յոթանասնիցը մարգարեի խոսքերն ընկալել է որպես ժողովրդի պատժի պատճառի մատնանշում։ Քանզի պատժի պատճառն այն է, որ ժողովուրդը չէր կանչել Տիրոջը:

--------------------------------
[10] (Էջմիածին թարգ․) մնացողները պիտի վերցնեն իրենց հարազատներին եւ իջնեն հանելու նրանց ոսկորներն այդ տնից եւ ասեն տան առաջ կանգնածներին, թէ՝ «Ուրիշ մի բան մնա՞ց այնտեղ, քեզ մօտ»: Նա կ՚ասի, թէ՝ ոչ:
(Արարատ թարգ․) Եվ երբ իր հորեղբայրը կամ նրա այրողը նրան վերցնի, որ ոսկորները դուրս տանի տնից, տան խորքում եղողին պիտի հարցնի. Ուրիշը կա՞ մոտդ, նա պիտի ասի՝ ո՛չ։ Նա էլ պիտի ասի. Լռի՛ր, որովհետև Տիրոջ անունը չպիտի հիշենք։
(Գրաբար) և մնացորդքն առնուցուն զընտանիս իւրեանց, և իջանեն հանել զոսկե՛րս նոցա ի տանէ անտի. և ասասցեն ցա՛յնոսիկ որք կայցեն առաջի տանն. եթէ ա՞յլ ինչ մնաց ա՛յդր առ քեզ։