Ծննդոց գրքի մեկնություն 1:16

Սրբ. Եփրեմ Ասորի

Աստուած ստեղծեց երկու մեծ լուսատուներ. մեծ լուսատուն՝ ցերեկն իշխելու, իսկ փոքր լուսատուն՝ գիշերն իշխելու համար, ինչպէս նաեւ աստղեր:

   
Տե՜ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 1:14
   

Ա. Լոպուխին

16-17․ Եվ Աստված ստեղծեց երկու մեծ լուսատուներ. մեծ լուսատուն՝ ցերեկն իշխելու, իսկ փոքր լուսատուն՝ գիշերն իշխելու համար, ինչպես նաև աստղեր.[16] Եվ Աստված դրանք դրեց երկնքի հաստատության մեջ՝ երկիրը լուսավորելու համար: (Սինոդական թարգ․)

   

   Աստված ստեղծեց երկու մեծ լուսատուներ....Թեև այս մեծ լուսատուներն այստեղ անվանապես չեն հիշատակված, սակայն պատմության ողջ համատեքստից, ինչպես նաև սրան վերաբերող աստվածաշնչյան համապատասխան զուգահեռներից (Սաղմ. 103։19, 73:16, 135:7–9, 148:3–5, Երեմ. 31:35) միանգամայն պարզ է, որ այստեղ նկատի են առնվում արևն ու լուսինը: Բայց եթե նման անվանումը լիովին հիմնավորվում է նաև գիտությամբ, որտեղ արևը դիտարկվում է որպես ողջ տիեզերական համակարգի աստղագիտական կենտրոն, ապա այն լուսնի հետ կապված բացարձակապես չի դիմանում գիտական քննադատությանը, [լուսնի] որն ըստ աստղագիտական ստույգ տվյալների, համեմատաբար փոքր մոլորակներից է, որն այդ առումով զգալիորեն զիջում է նույնիսկ երկրին: Այստեղ մենք ունենք նոր ապացույց այն բանի, որ Աստվաաշունչը չի շարադրում գիտական դրույթներ, այլ խոսում է մարդկային լեզվով, այսինքն՝ առօրյա մտածողությանը [հարազատ] լեզվով, որը հիմնվում է անմիջական զգայական ընկալումների վրա, որոնց տեսանկյունից՝ արևը և լուսինը իսկապես երկնային հորիզոնի ամենախոշոր մեծություններն են:

   Ինչպես նաև աստղեր... Աստղերի ընդհանուր անվանման տակ այստեղ ենթադրվում են այն բոլոր միլիոնավոր աշխարհները, որոնք մեր երկրից հսկայական տարածությամբ հեռու լինելով՝ մեր անզեն աչքին պատկերվում են որպես երկնակամարով մեկ սփռված լուսափայլ փոքրիկ կետեր: Իզուր չէ, որ վեհասքանչ երկնակամարի զննումը հուզել ու ոգևորել է Հին Կտակարանի բազմաթիվ մատենագիրների և մղել Արարչի իմաստության ու բարության փառաբանմանը (Սաղմ․ 8:3–4, 18:1–6, Հոբ 38:31–33, Ես. 40:21–22, 25–26, 51:13, 66:1–2, Երեմ. 33:22, Հայտ. 5:8 և այլն):
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Աստուած ստեղծեց երկու մեծ լուսատուներ. մեծ լուսատուն՝ ցերեկն իշխելու, իսկ փոքր լուսատուն՝ գիշերն իշխելու համար, ինչպէս նաեւ աստղեր:
(Արարատ թարգ․) Եվ Աստված ստեղծեց երկու մեծ լուսատուները. մեծ լուսատուն ցերեկվա, և փոքր լուսատուն գիշերվա վրա իշխելու համար, նաև ստեղծեց աստղերը:
(Գրաբար) Եւ արար Աստուած զերկուս լուսաւորսն զմեծամեծս. զլուսաւորն մեծ յիշխանութիւն տուընջեան, և զլուսաւորն փոքր յիշխանութիւն գիշերոյ. և զաստեղս: