13․ Որ հանուն մեզ՝ մարդկանց և մեր փրկության համար՝ իջավ երկնքից, մարմնացավ, մարդացավ,

[Որ] յաղագս մեր՝ մարդկան, և վասն մերոյ փրկութեան իջեալ [յերկնից]՝ մարմնացաւ, մարդացաւ. 

 

Նախ ցույց է տալիս կատարվածի հարկավորությունը:  Քանզի  իբրև  մարդ՝  մեր ստեղծման սկզբում գեղազարդված էինք Նախատիպի կերպարանքով, սակայն հետո չարասեր հակառակամարտի խաբեությամբ այդ կերպարանքը կորցնելով, դեպի ապականագործ  մեղքերի  և  մահվան  եղծումը վտարվելով՝ ծառայում էինք անմիտ և վնասող բազմաթիվ ախտերի, որոնցից ազատվել չէինք կարողանում: Իսկ մեր բնության Արարիչը, Իր հայրական բարի և բարերար կամքով, մեզ՝ մարդկանցս համար, որ ընկանք, հայրենական երկրից տարագրվեցինք և, մեզ վնասող ախտերին դժնյա ծառայություն մատուցելով, կապանքների մեջ առնվեցինք,  այդ  անբնական  ծառայեցնողներից մեզ փրկելու համար իջավ բարձունքներից՝ ըստ  այս  խոսքի.  «Ելա  Հորից  և  եկա  աշխարհ» (Հովհ. 16:28), կամ՝ «Ես Հորից ելա և եկա» (Հովհ. 8:42): Այսինքն՝ անմարմին և ճշմարիտ Հոր Միածին Խոսքը հարկադրված է լինում այնքան խոնարհվել, որ նաև մեզ նման մարմին է առնում, Նա, Ով երկնքից ու երկնային իմանալի էություններից էլ բարձր է:  Մարմնանում  է  ո՛չ  այլափոխությամբ, ինչպես չարափառներին է թվում, այլ մարդկային մարմնի մեջ է բովանդակվում՝ ըստ առաքյալի, որ ասում է, թե Նրա մեջ մարմնով բնակվեց Աստվածության ամբողջությունը (տե՛ս Կողոս. 1:19): Քանզի մնալով ինչ որ կար՝ Խոսքը բնությամբ միացավ մարմնին և մեզ նման դառնալով հանդերձ՝ նույնությամբ  պահեց  Իր  [աստվածային] ճշմարիտ էությունը, ուստի «հափշտակություն չհամարեց Աստծուն Իր հավասար լինելը» (Փիլիպ. 2:6): Քանզի այս վիճակում էլ ունի [Հայր Աստծո հետ] հավասարության պատիվը, այսպիսի իջման ու խոնարհման մեջ, երբ Խոսք Աստված ծառայի կերպարանք առավ և կամովին խոնարհեցրեց Իրեն՝ հագնելով մեր մարմինը մեր բանական հոգու և մտքի հետ միասին: Այդ պատճառով էլ ավելացվում է «մարդացավ» [բառը], որպեսզի Հերովդիանոսի ու Ապողինարի հետևորդները չցնդաբանեն, թե [Խոսք Աստծո]՝ մեզ նման դառնալը կիսամասնյա է, և հիմարների  ականջն  ու  միտքը  չպղտորեն: Քանզի Նա, Ով Աստված է Աստծուց, Լույս՝ Լույսից, այդպես նաև ամեն ինչով, բացի մեղքից, ամբողջական ու կատարյալ մարդ է՝ սուրբ Կույսից: Սուրբ հայրերը Նրա՛ մասին ասացին, թե պիտի իջնի [երկնքից], մարմնանա, մարդանա և մեզ նման՝ մարդու տեսքով, ծնվի: Ուրեմն Հոր Միածինը՝ Հիսուս Քրիստոսը, մեկ Տեր է՝ մեզ համար մարդացած և Իր նախկին էությունից չբաժանված. մարդանալիս՝ Աստված,  և  ծառայի  կերպարանքում՝  Տեր աստվածապես, մարմնի տկարության մեջ՝ զորությունների Տեր, մարդկանց չափի մեջ Իր էությունն ամբողջական պահած՝ իբրև Աստված և ճշմարիտ Միածին, նաև կյանք, զորություն և իմաստություն: Իսկ ինչ չուներ, վերցրեց և միացրեց ունեցածին՝ տնօրինության [իրականացման] համար, և մարմնին հատուկ բաներն Իրենը դարձրեց, ինչից հետո, անճառելի միության օրենքով, Աստծո մարդը Նրանն է և ո՛չ թե մի ուրիշինը: Իսկ ովքեր հանդգնում են [Տեր Հիսուսին] երկու որդու բաժանել՝ ասելով, թե Դավթի զավակից եղած մարդուն կենդանի կերպով միացրել է Իրեն և նրան տվել [Իր աստվածային]  պատվից,  փառքից  և  որդիությունից և [այսպիսով] իբրև արժանավոր մեկի՝ նրան Իրեն պատվաստել, և Նա է, ասում են, համբերել խաչի [չարչարանքներին], մեռել, վերակենդանացել, բարձրացել երկինք և Հոր աջ կողմում նստել, որպեսզի Աստծո նման երկրպագվի բոլոր արարածներից, - ովքեր ցնդաբանելով այսպես են ասում, նախ՝ երկու որդու են պատվում, ապա՝ նաև [տնօրինության] խորհրդի նշանակությունը  խեղում:  Քանզի  Քրիստոսը  ոչ թե մարդուց վերածվեց Աստծո, ինչպես ասում են, այլ Խոսք Աստված եղավ մարմին, այսինքն՝  մարդ:  Նաև  ասում  են,  թե  դատարկվել է, այսինքն՝ իբր նախ, Աստված լինելով, [աստվածային] ամբողջական բնությունն ուներ, սակայն հետո՝ [մարդուն Իրեն պատվաստելիս], դատարկվեց [այդ ամբողջությունից]:  Սակայն  ոչ  թե  դատարկությունից ամբողջության եկավ, այլ՝

 

Հաջորդը՝

14․ Կատարելապես ծնվեց սուրբ Կույս Մարիամից.

Նախորդը՝

12․ Երկնքում և երկրում, տեսանելի և անտեսանելի.