Ելեալ յերկինս նովին յարուցելովն մարմնով.
Ինչպես և Ինքն ասաց. «Մարդու Որդին կելնի այնտեղ, ուր կար սկզբում» (հմմտ. Հովհ. 10:63): Սա հենց մարդեղության խորհուրդն է: Կամ` «Կտեսնեք Մարդու Որդուն ելած ու նստած Իր փառքի մեջ» (հմմտ. Մատթ. 26:64): Եվ ըստ [«Գործք առաքելոց»-ի] պատմության` «Բարձրացավ, և ամպը ծածկեց Նրան նրանց աչքերից» (Գործք 1։9): Իսկ ըստ առաքյալի` «Նստեց բարձունքում` Մեծության աջ կողմում» (հմմտ. Եբր. 1:3), ինչը նաև ավելի վաղ հայտնվել էր մարգարեությամբ. «Համբարձվեց Աստված օրհնությամբ» (Սաղմ. 46:6), այսինքն` աստվածացած Մարդը, ում մասին հիացմունքով գոչում է մարգարեն. «Ո՞վ է սա, որ ելել գալիս է Եդոմից` արնանման բոսորագույն կարմիրով [ներկված]» (հմմտ. Ես. 63:1)` երկրավորներիս սրբության և գերվածների փրկության համար: Եվ քանի որ «նո՛ւյն մարմնով ելավ երկինք» ասվեց, այս ճշմարիտ խոսքով թող ամոթ կրեն ու սանձակոծ լինեն նրանք, ովքեր հիմարաբանում են, թե [Նրա] մարմինը երկրում է թողնվել, կամ օդում անհետացել, կամ էլ դրվել արևի և լուսնի վրա:
Հաջորդը՝
18․ Եվ փառքով նստեց Հոր աջ կողմում.
Նախորդը՝
16․ Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, մեռելների հետ եղավ, գերեզման դրվեց և երրորդ օրը հարություն առավ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: