ԱՂՈԹՔ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԵՋ

Վարագույրը բացվում է սարկավագի «Օրհնեա՛, Տէր»-ով և քահանան արտասանում է իր վերջին աղոթքներից մեկը: Հովհաննես Ոսկեբերանի խմբագրած աղոթքներից մեկն է, շատ սիրված մեր ժողովրդի կողմից: Մաքուր ու ազնիվ ներշնչումով հորինված աղերսներ են, որոնք, իբրև վերջին խնդրանք, պատարագիչ քահանան ուղղում է առ Աստված:

Քահանան վերջին անգամ երկրպագում է Ս. Սեղանի առջև, Ս. Ավետարանը առնում է ձեռքը և, հարավային կողմից դեպի դասը, դեպի ժողովուրդը գալուց առաջ, այս նշանավոր «Աղօթք ի մէջ եկեղեցւոյ»-ն է արտասանում:

«Որ օրհնես զայնոսիկ, որք օրհնեն զքեզ, Տէ՛ր, եւ սուրբ առնես զյուսացեալս ի քեզ: Կեցո՛ զժողովուրդս քո եւ օրհնեա՛ զժառանգութիւնս քո. զլրումն եկեղեցւոյ քո պահեա՛: Սրբեա՛ զսոսա, որք ողջունեցին սիրով զվայելչութիւն տան քո. դու զմեզ փառաւորեա՛ աստուածային զօրութեամբ քով եւ մի՛ թողուր զյուսացեալս ի քեզ: Զխաղաղութիւն պարգեւեա՛ ամենայն աշխարհի, եկեղեցեաց, քահանայից, թագաւորաց քիրստոնէից եւ Հանրապետութեան (Խորհրդային) Հայաստան աշխարհի, եւ զինուորեալ մանկանց նոցա եւ ամենայն ժողովրդեանս: Զի ամենայն տուրք բարիք եւ ամենայն պարգեւք կատարեալք ի վերուստ են իջեալ առ ի քէն, որ ես Հայր Լուսոյ, եւ քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն»:

(Ով Տեր, դու որ օրհնում ես նրանց, ովքեր օրհնում են քեզ և սրբացնում ես քեզ հուսացողներին: Ապրեցրո՛ւ քո ժողովուրդը և օրհնի՛ր քո ժառանգությունը: Պահի՛ր քո եկեղեցու ամբողջությունը: Սրբացրո՛ւ սրանց, ովքեր սիրով ողջունեցին քո Տան վայելչությունը: Դու մեզ փառավորի՛ր քո Աստվածային զորությամբ և մի՛ լքիր քեզ հուսացողներին: Խաղաղություն պարգևիր ամբողջ աշխարհին, եկեղեցիներին, քահանաներին, թագավորներին, քրիստոնյաներին, (Խորհրդային) Հայաստանի Հանրապետությանը և նրա զինվորյալ զավակներին և այս ամբողջ ժողովրդին: Որովհետև բոլոր բարի տուրքերն ու բոլոր կատարյալ պարգևները վերևից են իջել՝ քեզանից, որ Լույսի Հայրն ես, և քեզ վայելում է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն):

Ուրեմն այս աղոթքը վերջացնելով, քահանան Ս. Ավետարանը ձեռքին՝ բեմից իջնում է ներքև, մինչ դպիրները ոգևորյալ շեշտով երգում են. «Եղիցի անուն Տեառն օրհնեալ յայսմհետէ մինչեւ յաւիտեան» (երեք անգամ): (Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը այսուհետև մինչև հավիտյան):

Իսկ քահանան, որ այժմ եկել է դասի մեջ, դեմքը դարձնում է դեպի խորանը և աղոթում. «Կատարումն օրինաց եւ մարգարէից, դու ես, Քրիստոս Աստուած Փրկիչ մեր, որ լցեր զամենայն Հայրակամ տնօրէնութիւնս քո. լի՛ց եւ զմեզ Հոգւովդ քով Սրբով»: (Օրենքների և մարգարեների կատարումը դու ես, Քրիստոս Աստված Փրկիչ մեր, որ կատարեցիր հայրակամ քո բոլոր տնօրենությունները. մեզ նույնպես լցրու քո Սուրբ Հոգով):

Քահանան իր վերջին օրհնությունը տալուց առաջ դառնում է ժողովրդի կողմը և նրան մոտենալով՝ Ավետարանից մի հատված է կարդում:

Բնականաբար, բուն պատարագի խորհուրդը արդեն վերջացել է, սակայն կարծեք, սույն աստվածային արարողությունը Ավետարանի խոսքով վերջացնելը հոգեկան անհրաժեշտություն է: Ահա, այդ պատճառով է, որ այս պահին, սովորաբար, Հովհաննես Ավետարանչի առաջին գլխի տասից տասնչորս համարներն են կարդացվում: Այս ընթերցումը, իրականության մեջ, վերջերս ընդունված հավելում է, նվիրագործված մեր ազգային եկեղեցու հայրապետների կողմից:

Ինչ վերաբերում է ընտրությանը, մեր նախնիները շատ իմաստուն և ճաշակի տեր մարդիկ են եղել, որովհետև, իսկապես, Ս. Ավետարանի այս հատվածը ամենից ներշնչված ավետարանչի ամենից ներշնչված էջերից մեկն է: Այնքան ճշմարտացի աստվածային շնչով է գրված և այնքան գեղեցիկ է իր խոսքով և հայ լեզվի՝ գրաբարի ձևի մեջ, որ ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ աշխարհաբար թարգմանությամբ հանդերձ.

«Ի սկզբանէ էր Բանն, եւ Բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր Բանն: Նա էր ի սկզբանէ առ Աստուած: Ամենայն ինչ նովաւ եղեւ, եւ առանց նորա եղեւ եւ ոչ ինչ, որ ինչ եղեւն: Նովաւ կեանք էր, եւ կեանքն էր Լոյս մարդկան: Եւ Լոյսն ի խաւարի անդ լուսաւորէր, եւ խաւար նմա ոչ եղեւ հասու: Եղեւ այր մի առաքեալ յԱստուծոյ՝ անուն նմա Յովհաննէս: Սա եկն ի վկայութիւն, զի վկայեսցէ վասն Լուսոյն, զի ամենեքեան հաւատասցեն նովաւ: Ո՛չ էր նա Լոյսն, այլ զի վկայեսցէ վասն Լուսոյն: Էր Լոյսն ճշմարիտ, որ լուսաւոր առնէ զամենայն մարդ, որ գալոց է յաշխարհ: Յաշխարհի էր, եւ աշխարհ նովաւ եղեւ, եւ աշխարհ զնա ո՛չ ծանեաւ: Յիւրսն եկն, եւ իւրքն զնա ո՛չ ընկալան: Իսկ որք ընկալանն զնա, ետ նոցա իշխանութիւն Որդիս Աստուծոյ լինել, որոց հաւատասցեն յանուն նորա: Ոյք ո՛չ յարենէ եւ ո՛չ ի կամաց մարմնոյ, եւ ո՛չ ի կամաց առն, այլ յԱստուծոյ ծնան: Եւ Բանն մարմին եղեւ եւ բնակեաց ի մեզ: Եւ տեսաք զփառս նորա՝ զփառս իբրեւ զՄիածին առ ի Հօրէ, լի շնորհօք եւ ճշմարտութեամբ» (Յովհ. Ա, 1-14):

(Սկիզբից էր Բանը, և Բանը Աստուծո մոտ էր, և Բանը Աստված էր: Նա սկզբից Աստուծո մոտ էր: Ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրան ոչինչ չեղավ, ինչ որ եղավ: Կյանքը նրանով էր: Եվ այդ կյանքը մարդկանց Լույս էր: Եվ Լույսը խավարի մեջ լուսավորում էր, և խավարը նրան չնվաճեց: Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկված, նրա անունը՝ Հովհաննես: Սա եկավ որպես վկա, որպեսզի վկայի Լույսի մասին, որպեսզի բոլորը նրա միջոցով հավատան: Ինքը Լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի Լույսի մասին: Ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ: Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով եղավ, սակայն աշխարհը նրան չճանաչեց: Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին: Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստուծո որդիներ, նրանց, որոնք իր անվանը կհավատան: Նրանք ոչ արյունից, ոչ մարմնի կամքից, և ոչ էլ այր մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին: Եվ Բանը մարմին եղավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը, որպես փառքը Միածնի՝ Հոր կողմից՝ լի շնորհով և ճշմարտությամբ):

Այս Ավետարանի վերջում էլ դպիրները գոչում են. «Փառք քեզ, Տէր Աստուած մեր», որից հետո սարկավագը իր վերջին հրավերն է արտասանում: «Սուրբ Խաչիւս աղաչեսցուք զՏէր, զի սովաւ փրկեսցէ զմեզ ի մեղաց եւ կեցուսցէ շնորհիւ ողորմութեան իւրոյ: Ամենակալ Տէր Աստուած մեր կեցո եւ ողորմեա»:

(Այս Սուրբ խաչով աղաչենք Տիրոջը, որպեսզի սրանով փրկի մեզ մեղքերից և իր ողորմության շնորհիվ մեզ ապրեցնի: Ո՜վ ամենակալ Տեր Աստված մեր՝ ապրեցրո՛ւ և ողորմի՛ր):

Քահանան այս խնդրանքին պատասխանում է՝ աղոթելով, որ Քրիստոս ինքը օրհնի ժողովրդին. «Պահպանիչ եւ յոյս հաւատացելոց, Քրիստոս Աստուած մեր, պահեա՛, պահպանեա՛ եւ օրհնեա՛ զհաւատացեալ ժողովուրդս քո ընդ հովանեաւ սուրբ եւ պատուական խաչի քո ի խաղաղութեան: Փրկեա՛ յերեւելի եւ յաներեւոյթ թշնամւոյն, արժանաւորեա՛ գոհութեամբ փառաւորել զքեզ ընդ Հօր եւ ընդ Հոգւոյդ Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն»:

(Պահպանիչ և հավատացյալների հույս, Քրիստոս Աստված մեր, պահի՛ր, պահպանի՛ր և օրհնի՛ր քո հավատացյալ ժողովրդին քո սուրբ և պատվական խաչի հովանու տակ՝ խաղաղության մեջ: Փրկիր տեսանելի և անտեսանելի թշնամուց: Արժանի արա, գոհությամբ փառավորել քեզ, Հոր (Աստուծո) և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն):

Դպիրներն ու ժողովուրդը վերջին օրհնությունն են ուղղում Աստծուն՝ ասելով. «Օրհնեցից զՏէր յամենայն ժամ, յամենայն ժամ օրհնութիւն նորա ի իմ բերան իմ»: (Պիտի օրհնեմ Տիրոջը ամեն ժամ. ամեն ժամ նրա օրհնությունը իմ բերանի մեջ է):

Քահանան լսելով ժողովրդի այս հավատքի ջերմ խոսքերը՝ ինքն էլ, վերջին անգամ լինելով՝ օրհնում է նրան. «Օրհնեալ եղերո՛ւք ի շնորհաց Սուրբ Հոգւոյն: Երթա՛յք ի խաղաղութիւն, եւ Տէր Յիսուս եղիցի ընդ ձեզ ընդ ամենեսեանդ: Ամէն»: (Օրհնյալ եղեք Սուրբ Հոգու շնորհներով, գնացեք խաղաղությամբ և Տեր Հիսուսը թող լինի ձեզ բոլորիդ հետ. ամեն):

 

Նախորդ գլուխը՝

ԳՈՀՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ