ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

«Եկայք առ իս, ամենայն վաստակեալք եւ բեռնաւորք, եւ ես

հանգուցից զձեզ»:

(Մատթ. ԺԱ 28)

 

   Քրիստոսի Եկեղեցին Աստծո արքայության իրականացումն է այս աշխարհում և Սուրբ Հոգին շնորհաբախշումն իրականացնողը: Քրիստոսը Գողգոթայի վրա Իր Արյունը թափեց մեղավոր մարդկության համար՝ բացելով մինչ այդ փակված երկնքի ճանապարհը: Իր հրաշափառ Հարությամբ Նա կենդանացրեց մեզ, որ մի ժամանակ մեռած էինք մեղքերի մեջ: Մեղքն է, որ հեռացնում է մարդուն Իր Արարչից՝ Աստծուց, և քանի դեռ մեր սրտերում փափայում ենք մեղքի ժամանակավոր զվարճության վայելումը (Եբր. ԺԱ 25), այդ հեռացումը՝ օտարումը, չի դադարի: Երբ մարդը գիտակցում է մեղքի հասցրած վնասների ահավորությունը, ապա առանց երկմտելու զղջում է գործած մեղքի համար, փորձում ազատվել այդ բեռից: Մեղքի մեջ ընկնելով՝ մարդ կորցնում է իր աստվածային պատկերը, ապականում մարմնի տաճարը, հեռացնում շնորհի լույսից, ավերում այն ճանապարհը, որ կապում է իրեն մեր Փրկչի՝ Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Եվ այն հավիտենական  «ինչ անել»  (Գործք Բ 37) հարցը դառնում է մարդու համար հույժ արդիական:

   Եկեղեցին սուրբ է և իր անդամներին առաջնորդում է դեպի նոր կյանք, ուր տեղ չունի ապականարար մեղքը: Բայց երբ մարդն ընկնում է մեղքի մեջ, Եկեղեցին անմիջապես պատգամում է զղջմամբ ու ապաշխարությամբ մաքրվել նրանից և Սուրբ Հոգու շնորհով ազատվել գործած անօրենությունների հետևանքներից: Սա է քրիստոնյաների ճանապարհը. «Սրբվեցե՛ք և սո՛ւրբ եղեք, որովհետև Ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ» (Ղևտ. ԺԱ 44):

   Դարեր շարունակ մեր հայրերը, համաձայն սուրբգրային պատվերների, սրբվել և մաքրվել են իրենց գործած հանցանքներից ու մեղքերից՝ խոստովանելով դրանք Եկեղեցու սպասավորի՝ քահանայի առաջ, և քահանան, իրեն տրված աստվածային իշխանության համաձայն, թողություն է տվել խոստովանողներին՝ արձակելով և խրատելով, որ հետայսու մեղավոր ճանապարհով գնալու փոխարեն բարեգործության ճանապարհն ընտրեն: Ս. Գրիգոր Տաթևացուն վերագրված զղջման բանաձևը, որ մինչ այսօր չի կորցրել իր կենսունակությունն ու արդիականությունը, հայտնի է գրեթե բոլորին: Բայց շատ հաճախ մերօրյա քրիստոնյաների համար այդ հանճարեղ բանաձևը մնում է անհասկանալի և անհրաժեշտություն է զգացվում այն մեկնելու, բացատրելու: Վերջին երկու հարյուր տարիների ընթացքում ընդամենը երկու գիրք է մեզ հայտնի, ուր տրված է «ՄԵՂԱՅ»-ի բացատրությունը: Այս նոր 21-րդ դարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ-ն ընթերցողներին է ներկայացնում «ՄԵՂԱՅ»-ին նվիրված մի նոր գրքույկ, ուր հեղինակն ամփոփ ու սպառիչ պատասխաններ է տալիս նշյալ բանաձևին վերաբերող գրեթե բոլոր հարցերին: Կարծում ենք, որ այն օգտակար կլինի ինչպես հոգևոր հովիվների, հոգևոր ճեմարանների ուսանողների, այնպես էլ կրոնի ուսուցիչների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Հայ Եկեղեցու դավանանքով ու ծեսով: Համոզված ենք, որ այն օգտակար կլինի նաև խոստովանության գնացող բոլոր հայորդիների համար:

 

ՂԵՎՈՆԴ ՔԱՀԱՆԱ ԱՅԻԼՅԱՆ
ՔԴԿ հրատարակչության գլխավոր խմբագիր

Սբ. էջմիածին, 22 սեպտեմբերի 2001թ.
Սրբալույս Մյուռոնի օրհնության օր