ՄԱՍ Բ

Բացատրություն «Հրաժարիմքի» և մեղքերի ընդհանրական խոստովանության աղոթքի խոսքերի 
   
   Մեղքերի ընդհանրական խոստովանությունը՝ «Մեղայ Ամենասուրբ  Երրորդութեանն» աղոթքը, ամենայն  հավանականությամբ, ս. Աթանաս Ալեքսանդրացուն ու ս. Եփրեմ Ասորուն (Դ դ.) վերագրվող և Ե դարում հայերեն թարգմանված   նմանատիպ  ավելի  ընդարձակ  մի  աղոթքի համառոտ տարբերակն է: Հաճախ նրանից առաջ արտասանվում են սատանայից և նրա ամբողջ զորությունից հրաժարման մի բանաձև՝ «Հրաժարիմքը», և ապա մեր Եկեղեցու ուղղափառ հավատքի խոստովանությունը՝ «Խոստովանիմք և հաւատամք»-ը: Այս երեքի խոսքերն էլ, որոնց հեղինակ է համարվում ս. Գրիգոր Տաթևացին, զետեղված  են  հայոց  «Ժամագրքի»  առաջին  էջերում՝ Գիշերային ժամերգության բնագրից առաջ:

   Հարկ է նշել, որ նմանատիպ «Մեղաները» վանական միջավայրի արդյունք են և սկզբնապես ստեղծված ու նախատեսված են եղել միայն  անապատականների  կամ  վանականների  համար: «Մեղան անապատականը ասում էր խոստովանահօրը և միաժամանակ  իւր յատուկ յանցանքն ասում», ինչպես նաև՝ «Մեղան ասվում էր ամէն առաւօտ վանքում ծնկաչոք ի լուր ամենքի. որովհետև այն խիստ պահանջները, որ Մեղայում կան՝ ոչ մի կրօնաւոր չէր կարող լրիւ  Մեղան  կատարել, հետևապէս որևէ մեղք մէկը կ՚ունենար: Մեղան այնուհետև մտնում է նաև Եկեղեցու մէջ, և հաղորդուողը պարտաւոր է Մեղան ասել, ապա հաղորդուել»:
   Գրքի այս մասում փորձ է կատարված որոշ բացատրություններ տալու  «Հրաժարիմքի»  և  «Մեղայի»  խոսքերի  վերաբերյալ: