Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
18-20. Ի՞նչ օգուտ կա քանդակողի կերտած կուռքից՝ այդ ձուլածո սուտ ուսուցչից, թեև կերտողը, համր կուռքեր ստեղծելով, ապավինում է իր ստեղծածին: [18] Վա՜յ նրան, ով ասում է փայտին՝ «վե՛ր կաց», և մունջ քարին՝ «զարթնի՛ր»: Մի՞թե նա կարող է որևէ բան սովորեցնել։ Ահա, այն պատված է ոսկով և արծաթով, բայց շունչ չկա նրա մեջ: Իսկ Տերը Իր սուրբ տաճարում է. թող ամբողջ երկիրը լռի Նրա առաջ: (Սինոդական թարգ․)
Հինգերորդ և վերջին «վայ»-ը դատապարտում է քաղդեացիների (ինչպես նաև մյուս հեթանոս ազգերի) չարության և անօրենության արմատը՝ նրանց կռապաշտությունը: Բոլոր տեսակ կուռքերը՝ փայտյա կամ քարե, ինչպես նաև մետաղաձույլ քանդակները («մասսեկա»), բացարձակ ոչնչություն են, և նրանց աղոթքով դիմելը՝ անհեթեթություն։ Առաջինն ապացուցվում է աստվածաշնչյան հեղինակների այն մատնանշմամբ, որ կուռքը մարդու ձեռքի գործ ու ստեղծագործություն է (18-րդ համար, հմմտ. Սաղմ. 113:11–16, Ես. 44:9), իսկ երկրորդը՝ նրանով, որ կուռքերը «ստի ուսուցիչներ» են այն իմաստով, որ մարդիկ դրանցից ակնկալել են իմաստուն խորհուրդներ և մարգարեություններ, սակայն թե՛ մեկը, թե՛ մյուսը կատարյալ սուտ են եղել:
20−րդ համարը, որն այլևս չի վերաբերում «վայ»−երի ահեղ խոսքին, այլ ծառայում է որպես անցում 3−րդ գլխին, ցույց է տալիս, որ մարդկանց հավատի և հույսի միակ արժանի առարկան կարող է լինել Տեր Աստված: Երկնքում (Բ Օր. 26:15, Սաղմ. 10:4), ինչպես նաև Երուսաղեմի տաճարում (Ես. 46:6, Հովել 3:16, Ամբ. 1:2) բնակվող Տեր Աստծու առաջ պետք է լռի ամբողջ երկիրը (Սոփ․ 1:7), և ոչ միայն քաղդեացիները: «Կուռքերը համր են և զուրկ ամենայն զորությունից: Մեր Տիրոջ համար որպես տաճար ծառայում է երկինքը, իսկ երկրի վրա Նա ունի Իրեն նվիրված վայրը Երուսաղեմում»:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Ինչ օգուտ ունի քանդակուած արձանը, երբ քանդակեցին, ձուլեցին այն. սուտ երեւոյթ. իսկ ստեղծողը յոյսը դրեց իր ստեղծածի վրայ՝ իր համար անօգուտ կուռքեր շինելով:
(Արարատ թարգ․) Ի՞նչ օգուտ ունի կուռքը, որի քանդակողը քանդակել է նրան, ձուլածո կուռքը և ստություն սովորեցնողը, որ քանդակողը վստահում է իր քանդակածին և համր կուռքեր է շինում։
(Գրաբար) Զի՞նչ աւգուտ է դրաւշեալ զի դրաւշեցին զնա. ստեղծին զնա ձուլածոյ, երեւոյթ սուտ։ Զի յուսացաւ որ ստեղծն ի ստեղծուածն իւր առնել իւր կուռս անաւգուտս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: