Ա․ Լոպուխին
Եվ վեր կացավ Հովնանն ու, Տիրոջ պատվիրանի համաձայն, գնաց Նինվե: Նինվեն Աստծո մոտ մի շատ մեծ քաղաք էր, և այն երեք օրվա ճանապարհ էր: (Սինոդական թարգ․)[3]
Մարգարեն հնազանդվում է Տեր Աստծու երկրորդ ձայնին, քանի որ նախորդող իրադարձությունները (ծովում տեղի ունեցած փոթորիկը, նրան ընկած վիճակը, կետի կողմից կուլ տրվելը և փսխվելը) նրա համար նշաններ էին, որոնք համոզեցին նրան իր ստացած հայտնության ճշմարտացիության և անփոփոխելիության մեջ։ «Նինվեն Աստծո մոտ մի շատ մեծ քաղաք էր, և այն երեք օրվա ճանապարհ էր»: Մեջբերված խոսքերի վրա հիմնվելով՝ շատ հաճախ են Հովնան մարգարեի գրքի՝ ավելի ուշ շրջանում ծագած լինելու մասին եզրակացություն անում: Այստեղ կիրառված «շատ մեծ քաղաք էր» բայի անցյալ ժամանակը ցույց է տալիս, որ գրքի գրման ժամանակ Նինվեն արդեն գոյություն չուներ, հակառակ դեպքում դրա մասին կխոսվեր ներկա ժամանակով, ինչպես, օրինակ, Ծննդ. 10:12 համարում: Այնուհետև Հովնանի ժամանակակիցների համար քաղաքի մեծության մասին հիշատակությունը բոլորովին ավելորդ է, քանի որ նրանք առանց դրա էլ շատ լավ ծանոթ էին Նինվեին․ այս արտահայտությունը միանգամայն տեղին կլիներ միայն դրա անկումից հետո ապրած հեղինակի շուրթերին: Բայի անցյալ ժամանակի վերաբերյալ անհրաժեշտ է ասել, որ այստեղ կիրառվում է «präteritum» կոչվող ձևը: Այս ժամանակաձևն առանց ներկայի հետ որևէ առնչության անցյալ ժամանակով նկարագրվող առարկայի իրապես գոյություն ունենալու մասին գաղափար է արտահայտում։ Հետևաբար անցյալ ժամանակի այս ձևի կիրառությունը ոչ մի կերպ չի բացառում գրքի ստեղծման ժամանակաշրջանում Նինվեի գոյություն ունենալը։ Սույն ձևը օգտագործված է միայն միևնույն իրադարձության հետ կապված այլ բայերի նույն ժամանակաձևը ունենալու պատճառով, հետևաբար այս հատվածը կարելի է հետևյալ կերպ փոխանցել. Հովնանը վեր կացավ ու գնաց Նինվե, «և պարզվեց», որ դա մեծ քաղաք է: Հովնանի ժամանակակիցների համար, որոնցից շատերը չէին տեսել այդ քաղաքը, իսկ ոմանք էլ, միգուցե, այն անունով էլ չէին ճանաչում, Նինվեի մեծության մասին պատմելը նույնքան բնական էր, որքան որ մեր ժամանակներում տարբեր խոշոր քաղաքներ նկարագրելը: Այս հիմքի վրա, միայն կանխակալ մոտեցում ունենալու պարագայում կարելի է եզրակացնել, որ այդ նկարագրության ժամանակ Նինվեն չէր կարող գոյություն ունենալ: Հովնանի մարգարեության՝ Նինվեի կործանումից առաջ գրված լինելու մասին ուղղակի մատնանշում ենք գտնում Տոբիթի գրքի 14:6 համարում, որտեղ Տոբիթն իր որդուն Նինվեից հեռանալ է հորդորում, «քանի որ Նինվեն կործանվելու է, ինչպես որ դրա մասին ասել է Հովնան մարգարեն»: Ակնհայտ է, որ Ասորեստանում գտնվող հրեա գերիները մտածում էին, որ Նինվեի կործանման մասին Հովնանի մարգարեությունը (3:4) միայն քաղաքի ապաշխարելու պատճառով է հետաձգվել, և իրենց օրերում ասորիների ծայրահեղ անբարոյականությունը տեսնելով՝ նրանք սպասում էին վերոհիշյալ մարգարեության իրականացմանը: Ամեն դեպքում այստեղից պարզ է դառնում, որ նրանք Հովնան մարգարեի գրքին Նինվեի կործանումից շատ տարիներ առաջ էին ծանոթ: Նինվեի մեծության մասին խոսքերին ավելացվել է «Աստծո մոտ» արտահայտությունը: Այս արտահայտության միջոցով հեղինակը ցանկացել է հստակեցնել Աստծո առաջ Նինվեի ունեցած դիրքը․ այն մեծ էր Տիրոջ աչքերում՝ Աստծո առաջ։ Սա նշանակում է, որ նրանում ինչ−որ բարոյական ուժ և մեծություն կար: Նմանատիպ խոսքերի նպատակը կարող էր այն լինել, որ հրեա ընթերցողների աչքում նախապես արդարացվեր հաջորդիվ նկարագրվող Տիրոջ կողմից Նինվեի կործանման մասին որոշման չեղարկումը (3:10, 4:11):
3−րդ համարում Նինվեի մեծությունը «այն երեք օրվա ճանապարհ էր» արտահայտության միջոցով է նկարագրվում: «Օրվա ճանապարհ»−ը (այսինքն՝ այն տարածությունը, որը կարելի է անցնել մեկ օրվա ընթացքում) հին ազգերի մոտ, Հերոդոտոսի վկայությունների համաձայն, 160−200 ստադիա էր, որը մեր չափման միավորով հավասար է 25−30 մղոնի (մոտավորապես 26−32 կմ): Այսպիսով՝ 3 օրվա ճանապարհը հավասար կլինի 75−90 մղոնի (մոտավորապես 79−95 կմ): Քաղաքների և [առանձին] տարածքների չափերը որոշելու համար սովորաբար վերցվում էր դրանց շրջագիծը, այդ իսկ պատճառով էլ պետք է մտածել, որ այս հատվածում էլ է «երեք օրվա ճանապարհ» արտահայտությունը վերաբերում է Նինվեի շրջագծին (այլ ոչ թե մի ծայրից մյուսն ունեցած երկարությանը): Եթե մենք ընդունենք, որ Նինվեն ունեցել է 80 մղոն (մոտավորապես 84,5 կմ) շրջագիծ և 30 մղոնից (մոտավորապես 32 կմ) պակաս տրամագիծ, ապա դրանք կլինեն այն նույն չափերը, որոնցով Նինվեի մեծությունը չափվում է մի շարք հին հեղինակների մոտ` Ստրաբոն, Հերոդոտոս, Դիոդոր Սիցիլիացի, Քսենոփոն: Սա նշանակում է, որ Հովնանի մարգարեության մեջ Նինվեի մասին առկա տվյալները համապատասխանում են պատմական այլ հեղինակների փաստարկների հետ, և իրենց մեջ որևէ արտասովոր բան չեն պարունակում, ինչպես որ դա փորձում են ներկայացնել այն հեղինակները, որոնք «երեք օրվա ճանապարհ» արտահայտությունը Նինվեի երկարության վերաբերյալ են հասկանում: Պետք է հաշվի առնել նաև այն, որ Նինվեն աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է։ Այն կառուցվել է աստվածաշնչյան Նեմրոթի (Բ Օր. 10:10, 11) կամ պատմական Նինվեի կողմից, որը չափերով և տեսքով արտասովոր մի քաղաք կառուցելու նպատակ է ունեցել: Չպետք է մոռանալ նաև, որ հին ժամանակներում քաղաքներն ամբողջությամբ չէին կառուցվում կամ կառուցապատվում, այլ դրանց սահմաններում պաշարման ժամանակ օգտագործելու համար նախատեսված զգալի տարածք զբաղեցնող արոտավայրեր ու վարելահողեր էին թողնվում: Այդ իսկ պատճառով էլ չպետք է զարմանալ քաղաքի այն ահռելի չափերի վրա, որոնք նկարագրվում են Հովնանի մարգարեության մեջ: Տիգրիս գետի ձախ ափի մոտակայքում գտնվող Նինվե քաղաքի ավերակների վերջին պեղումները մեկ անգամ ևս հաստատում են Հովնան մարգարեի գրքի վկայությունները:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Յովնանը ելաւ ու գնաց Նինուէ, ինչպէս Տէրն ասել էր նրան: Նինուէն շատ մեծ քաղաք էր՝ երեքօրեայ ճանապարհի չափ:
(Արարատ թարգ․) Հովնանը վեր կացավ ու գնաց Նինվե՝ Տիրոջ խոսքի համաձայն։ Նինվեն մեծ քաղաք էր՝ երեք օրվա ճանապարհորդություն մի կողմից մյուսը։
(Գրաբար) Յարեաւ Յովնան եւ գնաց ի Նինուէ՝ որպէս խաւսեցաւ ընդ նմա Տէր. եւ Նինուէ էր քաղաք մեծ Աստուծոյ, իբրեւ գնաց երից աւուրց ճանապարհի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: