Սոփոնիայի մարգարեության մեկնություն 1:8

Ա․ Լոպուխին

Եվ դա կլինի Տիրոջ զոհաբերության օրը. Ես կայցելեմ իշխաններն և թագավորի որդիներին և բոլորին, որոնք օտարերկրացիների հագուստ են հագնում: (Սինոդական թարգ․)[8]
   
   Տիրոջ զոհաբերության սարսափելի օրվա մոտենալու մասին հայտարարելով (տե՛ս համար 7)՝ մարգարեն նախքան այդ օրվա աղետը նկարագրել սկսելը կանգ է առնում հասարակության վերին խավերի բարոյական վիճակի վրա, որոնք ժողովրդի անբարոյականության գլխավոր մեղավորներն են, և որոնց վրա, առաջին հերթին, կմեկնվի Եհովայի պատժիչ ձեռքը: «Գոյություն ունեն,− ասում է Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին,− հետևյալ երեք ինստիտուտները, որոնցից կախված է քաղաքների և երկրների բարեկեցությունը. թագավորական իշխանությունը, դրան ենթակա պետական պաշտոնները և փառահեղ քահանայությունը: Եթե նրանք իրենցից յուրաքանչյուրին համապատասխանող լավ վիճակում են, ապա նրանցից կախված՝ բոլոր գործերը լավ վիճակի մեջ են լինում, իսկ ենթակաները բարգավաճում են: Բայց եթե նրանք ցանկանան նախընտրություն տալ այլասերման ուղուն և անմիջապես սկսեն դրանով քայլել, ապա ամեն ինչ կհայտնվի խառնաշփոթի մեջ, և հարբեցողի պես կշտապի դեպի կործանում: Ինչպես մարմնի գլխին հարվածող ցավի ժամանակ են մնացած անդամներն անխուսափելիորեն կարեկցում և ցավակցում նրան, այնպես էլ ղեկավարների՝ դեպի չարիքը շեղման և արատների հակումով տառապելու դեպքում են ենթակաները անխուսափելիորեն ապականվում նրանց հետ: Այսպիսով՝ ասում է, Աստծուն ընդունելի զոհաբերության օրը, այսինքն՝ այն ժամանակ, երբ սարսափելի մեղքեր գործածների սպանությունը պետք է լինի, (Աստծո) բարկությունը առաջին հերթին կգտնի փառքով և ակնառու կերպով մյուսներից տարբերվող առարկաներին: Այսպիսին է իսկությունը․ թագավորի տունը, այնուհետև՝ փառքով ու պատվով պսակված նրան ամենամոտ մարդկանց տները, և երրորդը՝ նրանցից հետո, մյուսներից ավելի Տիրոջ կողմից նախապատվություն ստացած Աստծո քահանաների տունը» (Սոփոնիայի մարգարեության մեկնություն // Աստվածաբանական բանբեր, 1895, հ. Բ, էջ 337, 338): Առաջին հերթին մերկացվում են իրենց դիրքը ի չար օգտագործած «իշխանները» (եբրայերեն՝ «սարիմ−сарим», հուն. «arconteV», լատ. principes)՝ վարչական կամ դատական իշխանություն ունեցող անձինք, պետական պաշտոնյաները, ազնվականները: Այնուհետև մարգարեն դատապարտում է «թագավորի որդիներին» (եբրայերեն՝ «бенехаммелех», Վուլգաթայում՝ «filios Regis», Յոթանասնիցի՝ «tÕn oi' ~ kon toà basile/wj», սլավոներեն՝ «թագավորական տունը»): Յոթանասնիցը, ակնհայտորեն, ընթերցել է ոչ թե «բենե (бене (хаммелех)»՝ «որդիներ», այլ «бет»՝ «տուն»: Երկու բառերի գրության նմանությունը, ինչպես նաև իմաստային ազգակցությունը, հաշվի առնելով՝ եբրայերեն տեքստի սրբագրիչները և թարգմանիչները հաճախ են այս բառերից մեկը մյուսի փոխարեն վերցրել: Այսպիսով՝ Յոթանասնից թարգմանության Երեմ. 16:15, Եզր. 2:3; 1 Ա Մնաց. 2:10 համարներում «oi' ~ koj» է, մինչդեռ այդ նույն տեղիններում մասորեթական տեքստն ունի «бене» (Իսրայելի որդիները և այլն)։ Նաև հակառակը՝ Յոթանասնից թարգմանության Ելք. 16:31, Հսեու. 17:7; 18:5, Նեեմ. 7:8, Ովս. 1:7 համարներում «ui`o…−որդիներ» է, իսկ մասորեթական տեքստում՝ «бет»: Երկու ընթերցումների դեպքում էլ, ըստ էության, արտահայտության իմաստը նույնն է:

   Սակայն մենք, ի տարբերություն Տյուրինի (Սոփոնիա մարգարեի գիրքը, Ս. Պոսադ, 1897, էջ 31, տե՛ս էջ 29), կարծում ենք, որ այս պարագայում սկզբնական ընթերցումը եբրայերեն մասորեթական տեքստն է, այլ ոչ թե հունարենը: Այստեղ եբրայերեն տեքստը «бет»−ի օգտին բացարձակապես ոչ մի տարբերակ չունի, մինչդեռ հունարեն 91−րդ ձեռագրում կա եբրայերեն «бене»−ի միտքը արտահայտող ընթերցում (touV ekgonouV Iwsisu tou eusebestatou): Հունարեն ընթերցանության անհամապատասխանությունը երևում է նաև այն բանից, որ հաջորդող 9−րդ համարի «бет−տուն» բառը արդեն այլ իմաստ ունի: Սակայն, ընդունելով մասորեթական տեքստի ընթերցումը, մենք չենք կարող «թագավորի որդիներ» արտահայտությունը առնչել բացառապես Հովսիա թագավորի որդիներին, ինչպես մտածում են Սոփոնիա մարգարեի գրքի որոշ հետազոտողներ և մեկնաբաններ (Գիտցիգ, Ֆիլիպպսոն և այլք)։ Գրքի համեմատաբար ուշ գրվելու վերաբերյալ նրանց կարծիքը հիմնված է հենց այն փաստի վրա, որ Հովսիայի որդիներն են Հովաքազը, Հովակիմը, Սեդեկիան, Աղումը (Ա Մնաց. 14:14, 15), որոնք գրքի գրության ժամանակ արդեն պետք է մեծ լինեին, սակայն դա չէր կարող լինել, եթե գիրքը գրված լիներ Հովսիայի թագավորության առաջին կեսին (ինչպես հայտնի է, գահին բարձրացել է ութ տարեկանում, Դ Թագ. 22:1): Ավելի բնական է «бене−хаммелех» արտահայտությունը հասկանալ արքայական ընտանիքի անդամների լայն իմաստով (Բ Թագ. 10:3, 6−8) և այստեղ իշխող դինաստիայի՝ Դավթի տան մասին ընդհանուր մատնանշում տեսնել (Երեմ. 21:11, 12): 8−րդ համարի երկրորդ կեսը դատապարտում է «բոլորին, որոնք օտարերկրացիների հագուստ են հագնում» («коль халловэшим малбуш нохри»): Արդյո՞ք այս արտահայտությունը ցույց է տալիս Աստված−Դատավորի մեծ բարկությունն առաջացրած մարդկանց նոր՝ երրորդ դասը, թե՞ այս խոսքերը կապված են միայն նախորդ՝ ազնվականների և թագավորական ընտանիքի անդամների մեղքը բացահայտող, արտահայտության հետ: Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին այստեղ տեսնում է կրթված բնակչության երրորդ դասի՝ հոգևորականների մերկացումը. «(Մարգարեն) խստագույնս մեղադրում է նրանց և հոգևորականներին օտար հագուստ հագնելու համար։ [Սա նշանակում է, որ] աստվածային բոլոր բաների հանդեպ նրանք այնպիսի զզվանքի էին հասել և այն աստիճանի էին սկսել անտեսել Մովսեսի կողմից դրված հնագույն օրենքները, որ անգամ չէին հետևում քահանայագործության համար սահմանված արտաքին տեսքին, երբ սահմանված ժամանակին կանչվում էին քահանայագործելու: Ուստի, ինչպես Ահարոնի որդիները ոչնչացվեցին կրակով, քանզի նրանց հանցանքը և մեղավորությունը զոհասեղանի վրա անմաքուր կրակ դնելն էր (Ղևտ. 10:1, 2), ճիշտ նույն կերպ էլ սրանք (ում մասին որ խոսվում է) են պատժի ենթարկվելու այն բանի համար, որ անտեսելով իրենց պատշաճող գեղեցիկ տեսքը, օրենսդրի կամքի համաձայն, քահանային բնորոշ ձևով չեն հագնվել, այլ օտար հագուստ հագած՝ քահանայագործելու քաջություն են ունեցել» (նշված տեղում, էջ 338): «Օտարերկրացիների հագուստ հագնողներ» արտահայտության այսպիսի հատուկ բացատրության օգտին կարող է խոսել նաև կրկին ոչ միակերպ ընկալվող 9−րդ համարի բովանդակությունը: Սակայն խոսքի ընդհանուր իմաստն ու համատեքստը պահանջում է այս արտահայտությունն ավելի լայն՝ ոչ միայն քահանաների, այլև ընդհանրապես այս ժամանակում սաստիկ և աղետալի կերպով ասորական, բաբելոնյան և եգիպտական սովորույթներով ու նորաձևությամբ տարված բնակչության բարձր խավերի իմաստով հասկանալ (Ես. 2:6−ը և հաջորդը, Ամբակում. 6:4−6): Այստեղ առաջին տեղում, ինչպես մշտապես պատահում է մշակութային փոխառությունների դեպքում, գտնվում է օտարերկրյա հագուստներով տարվածությունը, որը հատկապես ակնառու էր հարուստ կանանց շրջանում (Ես. 3:16−23): Օտարերկրյա հագուստներից հետո օտարերկրյա մշակույթների ջատագովները փոխառում էին նաև այլ ազգերի հոգևոր կյանքի առանձնահատկությունները, այդ թվում նաև հատկապես վնասակարները՝ կրոնական−բարոյական աշխարհայացքը և կռապաշտությունից եկող պաշտամունքային ձևերը (օրինակ, Եզ. 8:7, 8): Հետևաբար հասկանալի է, թե որքան խստորեն մարգարեները դատապարտեցին նմանատիպ փոխառությունները, որոնք նրանց կողմից նկատվում էին իրենց ժամանակի հրեաների մեջ, և որոնք մարգարեների աչքում կռապաշտության խորհրդանիշներ էին: Սակայն, Սոփ. 1:8 համարի երկրորդ մասում ուղղակի տղամարդկանց կողմից կանանց հագուստ հագնելու պախարակման (Բ Օր․ 22:5 համարում սա արգելվում է) և, հատկապես, Աստարոտ կուռքի պաշտամունքի ու նրա կանանց զգեստ կրող քրմերի մասին մատնանշում տեսնելու ոչ մի հիմք չկա, քանի որ քրմերի՝ Բահաղի սպասավորների և նաև նրան ազգակից Աստարոտի պաշտամունքի մասին արդեն հիշատակվել է ավելի վեր՝ 4-րդ, 5-րդ համարներում, ինչպես նաև, որովհետև «нохри» բառը միշտ էլ նշանակել է «օտար, օտարական, օտարերկրացի» (օրինակ, Ելք 21:8, Բ Օր. 17:1 բ, Դատ. 19:12) և ոչ մի պարագայում «մյուս սեռին պատկանող, բնորոշ» իմաստ չի ունեցել: Ավելի շուտ, այստեղ անհրաժեշտ է կապ տեսնել, ինչպես մյուսների հետ նշում է նաև երանելի Թեոդորիտը, միաժամանակ բրդից և վուշից հագուստ պատրաստելու մասին Մովսեսի օրենքում եղած արգելքի հետ (Ղև. 19:19, Բ Օր. 22:11): «Օրենքը,− նշում է երանելի Թեոդորիտը,− արգելում է վուշից և բրդից հյուսված հագուստը (Բ Օր. 22:11)»: Հավանաբար, հարստությամբ պարծեցողները և շքեղությանը անձնատուր եղածները հագուստով ընդօրինակում էին հարևան ժողովուրդներին և վուշե խիտոնների՝ ներքնազգեստների վրա գորշ գույնի բրդից ինչ−որ բազմաձև և ավելորդ ձևավորումներ էին անում։ Սա ուղղակիորեն դեմ էր աստվածադիր օրենքին: Ահա թե ինչու է Աստված սպառնում անօրինությամբ և շողոքորթությամբ Աստվածային տաճար մտնողներին» (Սոփոնիայի մարգարեության մեկնություն. Մ., 1857 թ., էջ 44):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) եւ հրաւիրեց իր հրաւիրեալներին: «Կը լինի այնպէս, որ Տիրոջ զոհի օրը կը պատժեմ իշխաններին, թագաւորի տունը եւ բոլորին, ովքեր օտար զգեստ են հագել:
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ զոհի օրը պիտի պատժեմ իշխանավորներին և թագավորի որդիներին և բոլոր օտար զգեստ հագնողներին։
(Գրաբար) եւ հրաւիրեաց զկոչնականս իւր։ Եւ եղիցի յաւուր զոհի Տեառն խնդրեցից զվրէժ յիշխանաց՝ եւ ի տանէ թագաւորին, եւ յամենայնէ, որ զգեցեալ են զհանդերձս աւտարս։