Զաքարիայի մարգարեության մեկնություն 6։2

Ա․ Լոպուխին

2-5․ Առաջին կառքի ձիերը կարմիր էին, իսկ երկրորդ կառքինը` սև, [2] երրորդ կառքի ձիերը սպիտակ էին, իսկ չորրորդ կառքի ձիերը պուտավոր էին, ուժեղ: Եվ, սկսելով խոսել, ես ասացի Հրեշտակին, որը խոսում էր ինձ հետ. «Ի՞նչ է սա, Տեʹր»: Հրեշտակն ինձ պատասխան տվեց ու ասաց. «Սա դուրս են գալիս երկնային չորսը հոգիները, որոնք կանգնում են ամբողջ երկրի Տիրոջ առաջ»: (Սինոդական թարգ․)
   
   Այս վերջին տեսիլքի բովանդակությունը սերտորեն կապված է առաջին տեսիլքի հետ. այնտեղ խոսվում է սիմվոլիկ գունավորում ունեցող ձիերի մասին, որոնք շրջում են ամբողջ երկրով մեկ՝ պարզելու, թե ինչ վիճակում են թագավորություններն ու ժողովուրդները․ իսկ այստեղ խոսվում է նույն գունավորում ունեցող ձիերով լծված կառքերի մասին, որոնք հեթանոսների նկատմամբ Տիրոջ դատաստանը իրագործելու համար շարժվում են դեպի երկրի տարբեր կողմերը: Առաջին առաքելությունն իրականացնում են ձիերը (կամ էլ նրանց հեծյալները), իսկ երկրորդը կարող են իրականացնել զինված մարտակառքերը․ այդ իսկ պատճառով էլ դրանք միայն վերջին տեսիլքում են հիշատակվում: Նախկինում մատնանշվում էին ապագայի ինչ−որ անորոշ ժամանակահատվածում սպառնացող աղետներ, սակայն այժմ 5−րդ համարում երկնային հոգիներ կոչվող և ամբողջ երկրի Տիրակալի առջև կանգնող Տիրոջ կամքը կատարողները՝ մարտակառքերի պատկերի ներքո, պատերազմի աղետներն ու դրանցից բխող բոլոր հետևանքներն արդեն տանում են դեպի բոլոր հեթանոսական երկրները:

   Միևնույն ժամանակ, մարգարեի ութերորդ տեսիլքը կապի մեջ է իրեն նախորդած տեսիլքների հետ: Վեցերորդ և յոթերորդ տեսիլքները պատկերում են սուրբ երկրում մեղավորների պատիժը և պղծության հեռացումը դեպի հեթանոսության սահմանները։ Ութերորդ տեսիլքում պատկերվում է բոլոր հեթանոս ազգերի նկատմամբ Տիրոջ դատաստանը, որը տեղի է ունենալու վերջիններիս անաստվածության և անմաքրության հետևանքով։ Այս երևույթները նրանց մեջ երկարաժամկետ բնակության տեղ էին գտել: Այս դատաստանին ենթարկվելու են երկրի բոլոր թագավորությունները, աշխարհի չորս կողմերում գտնվող բոլոր երկրները, ինչն էլ ցույց է տալիս հենց մարտակառքերի թիվը:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Առաջին կառքին լծուած էին աշխէտ ձիեր, երկրորդ կառքին՝ սեւ ձիեր,
(Արարատ թարգ․) Առաջին կառքի ձիերն աշխետ էին, երկրորդ կառքի ձիերը սև էին։
(Գրաբար) Ի կառսն առաջինս ձիք աշխէտք, եւ ի կառսն երկրորդս ձիք սեաւք.