Զաքարիայի մարգարեության մեկնություն 12։2

Ա․ Լոպուխին

2-3․ «Ահա, Ես Երուսաղեմը կատաղության գավաթ եմ դարձնելու շրջակա բոլոր ազգերի համար, ինչպես նաև Հուդայի համար Երուսաղեմը պաշարելու ժամանակ»:[2] «Եվ այն օրը այնպես է լինելու, որ Երուսաղեմը ծանր քար եմ դարձնելու բոլոր ազգերի համար; բոլոր նրանք, ովքեր փորձելու են բարձրացնել այն, ջլատելու են իրենց, իսկ երկրի բոլոր ազգերը հավաքվելու են նրա դեմ»: (Սինոդական թարգ․)
   
   Այս գլխի թեման Աստծո ընտրյալ ժողովրդի դեմ հեթանոսների պայքարն է: Մարգարեն նկարագրում է Հուդայի և Երուսաղեմի դեմ ուղղված հեթանոս ժողովուրդների ծրագրերի անհաջող և հենց նրանց համար դրանց կործանարար լինելը: Իր հանդեպ թշնամաբար տրամադրված ժողովուրդներով շրջապատված Երուսաղեմը նրանց համար դառնալու է «կատաղության գավաթ»։ Երուսաղեմի դեմ պայքարում նրանք, ասես, այնքան կհարբեն ու կթուլանան, որ չեն կարողանա իրենց ոտքերի վրա կանգնել: Երուսաղեմի գլխավորությամբ ամբողջ Հուդան նպաստելու է հեթանոսների այս թուլացմանը, երբ նրանք պատերազմական գործողություններ սկսեն Երուսաղեմի դեմ, որը 3−րդ համարում համեմատվում է ծանր քարի հետ. այն բարձրացնողները միայն իրենց ուժերն են ջլատելու և իրենք իրենց են վնասելու: Այսպես է լինելու այն բոլոր ազգերի հետ, որոնք հավաքվում են Երուսաղեմի դեմ պատերազմելու:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Ահա ես Երուսաղէմը պիտի դարձնեմ երերուն մի շեմք այն բոլոր ժողովուրդների համար, որոնք գտնւում են նրա շուրջը. Հրէաստանում էլ այդպէս է լինելու Երուսաղէմի պաշարման ժամանակ:
(Արարատ թարգ․) «Ահա Երուսաղեմը ես թմրության բաժակ եմ շինելու շրջակա բոլոր ժողովուրդների համար, դա նաև Հուդայի համար պիտի լինի Երուսաղեմի պաշարման ժամանակ։
(Գրաբար) Ահաւասիկ ես դնեմ զԵրուսաղէմ իբրեւ զսեամս շարժունս ամենայն ժողովրդոց՝ որ շուրջ զնովաւ իցեն, եւ ի Հրէաստանի եղիցի պաշարումն Երուսաղէմի։