Ա․ Լոպուխին
3-5․ «Այն ժամանակ Տերը պատերազմի է ելնելու այդ ազգերի դեմ, ինչպես որ պատերազմի դուրս եկավ մարտի օրը»: [3] «Այն օրը Նրա ոտքերը կանգնելու են Ձիթենիաց լեռան վրա, որը գտնվում է Երուսաղեմի դեմ դիմաց` դեպի արևելք: Ձիթենիաց լեռը պիտի պատռվի, նրա մի մասը` դեպի արևելք, իսկ մյուս մասը` դեպի ծով, նրանց միջև մի մեծ դաշտ պիտի լինի, ու լեռան մի կեսը պիտի սահի դեպի հյուսիս, իսկ մյուս կեսը` դեպի հարավ»: «Դուք փախչելու եք դեպի Մոխի լեռան դաշտը, քանի որ լեռների դաշտը ձգվելու է մինչև Ասայել; և դուք կփախչեք, ինչպես որ փախչում էին երկրաշարժից Օսիայի` Հուդայի թագավորի ժամանակ; ու գալու է իմ Տեր Աստվածն ու նրա հետ նաև բոլոր սրբերը»: (Սինոդական թարգ․)
Այդ ժամանակ Տերը` Իր ժողովրդի պաշտպանը, դուրս կգա նրա թշնամիների դեմ ու Անձամբ կկռվի նրանց հետ, ինչպես արել էր բազում անգամներ` հրաշալի կերպով հաղթելով Իսրայելի դեմ դուրս եկածներին: Բացի այդ՝ Երուսաղեմի բնակիչներին փախուստի միջոցով փրկության հնարավորություն կտրվի: Տերը կանգնելու է Երուսաղեմից դեպի արևելք գտնվող Ձիթենյաց լեռան վրա. լեռը երկու մասի է բաժանվելու (ըստ երանելի Հիերոնիմոսի` լեռը չորս մասի է բաժանվելու, տե՛ս Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 122)` արևելքից դեպի արևմուտք, այնպես որ փրկություն փնտրողները լեռան երկու կեսերի միջև առաջացած հովտով հեշտությամբ կարող են փախչել Երուսաղեմի դեմ մարտնչող թշնամիներից: «Ասայելը» (Սինոդական թարգմանություն) կամ «Ացայը» (Վիեենական կանոն) Ձիթենյաց լեռից դեպի հարավ գտնվող բնակավայր է, սակայն ոմանք «el' azal» արտահայտությունը նաև «մոտ», «մոտակայք» իմաստով են հասկանում (Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 206; Հիերոնիմոս Երանելի; էջ 170, Keil. Op. cit.S. 649, 650; Köhler. Der Weissagungen Sacharjas... 9–14, S. 255–257): Իր հապճեպությամբ այս փախուստը հիշեցնելու է երկրաշարժից փախուստի հայտնի դրվագը, որը տեղի էր ունեցել Օսիայի գահակալության ժամանակաշրջանում (Ամ. 1:1; Allioli. Op. cit. Bd. 2. S. 1094, 2): Աստծո ժողովրդի թշնամիներից այս հրաշալի պաշտպանության ժամանակ Տերը հայտնվելու է հրեշտակային զորություններով շրջապատված:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Տէրը պիտի ելնի ու պատերազմի այդ բոլոր ազգերի դէմ, պիտի պատերազմի, ինչպէս իր համար ճակատամարտի օրը:
(Արարատ թարգ․) Եվ Տերը պիտի դուրս գա և պատերազմի այն ազգերի դեմ, ինչպես կճակատամարտեր պատերազմի օրը։
(Գրաբար) Եւ ելցէ Տէր՝ եւ տացէ պատերազմ ընդ ազգսն ընդ այնոսիկ. իբրեւ յաւուր ճակատու իւրոյ յաւուր պատերազմի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: