Ելից գրքի մեկնություն 2։15

Ա․ Լոպուխին

Երբ փարավոնը լսեց այդ դեպքի մասին, կամեցավ սպանել Մովսեսին, բայց Մովսեսը փախավ ու եկավ, կանգ առավ Մադիամի երկրում և նստեց մի ջրհորի մոտ: (Սինոդական թարգ․)[15]
   

   Աստվածաշնչում Մադիամի երկիրը, ուր հեռացավ Մովսեսը, Սինայի թերակղզու սահմաններից դուրս էր ընկած (Ելք 18:1-6, 27): Դրա դիրքը սովորաբար տեղայնացնում են Էլատյան ծովածոցի արևելյան հատվածում, ինչի մասին վկայում են Մոդիան կամ Մադիամ քաղաքի ավերակները: Այդ տեղանքում բնակվող մադիամացիները Աբրահամի սերնդից էին՝ ծնված Քետուրայից (Ծննդ. 25:1, Ա Մնաց. 1:32): Ջրհորները, որոնց շուրջ հավաքվում էին հովիվներն իրենց հոտերով (Ծննդ. 29:2), անապատում գտնվող այն վայրերն էին, որտեղ թերևս հնարավոր էր մարդ հանդիպել: Ահա հենց այս նկատառումներից ելնելով էլ Մովսեսը նստեց ջրհորի մոտ:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Երբ փարաւոնը լսեց այդ դէպքի մասին, պահանջեց, որ սպանեն Մովսէսին: Մովսէսը փախաւ փարաւոնի պատճառով ու բնակուեց Մադիամի երկրում:
(Արարատ թարգ․) Երբ փարավոնը լսեց այս մասին, կամեցավ Մովսեսին սպանել, բայց Մովսեսը փախավ ու եկավ Մադիամի երկիրը: Եվ գալով՝ նստեց մի ջրհորի մոտ:
(Գրաբար) Եւ լուաւ փարաւոն զբանն, եւ խնդրէր սպանանել զՄովսէս: Եւ փախեաւ Մովսէս յերեսաց փարաւոնի, եւ բնակեաց յերկրին Մադիամու: Եւ եկեալ յերկրին Մադիամու` նստաւ առ ջրհորի միում: