Ելից գրքի մեկնություն 12։3

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

Ասա՛ Իսրայելի ամբողջ ժողովրդին. «Այս ամսի տասներորդ օրը թող յուրաքանչյուրն իր համար մեկ գառ վերցնի՝ ամեն տունը մեկ գառ՝ ըստ իրենց ընտանիքների»: (Սինոդական թարգ․)[3]

   

   Ավիվի՝ եկեղեցական տարվա առաջին ամիս դարձնելն ամրապնդում էր եգիպտական ստրկությունից ազատվելու հիշողությունը: Միևնույն նպատակն էր հետապնդում նաև Զատկի տոնի հաստատումը («Պասեխ»՝ «կողքով անցնել», Ելք. 12:11-12):

   Զատկի տոնակատարության ընթացքում փառաբանելով Եգիպտոսից ելքի պատմական իրադարձությունը՝ Իսրայելի ժողովուրդը դրա հետ մեկտեղ տոնում էր նաև իր՝ որպես Աստծո ժողովուրդ ընտրվելը, իր ծնունդը և արարումը, քանի որ ելքը հենց այդ նպատակն էլ ուներ՝ Իսրայելի վերածնունդը որպես Աստծո ժողովուրդ (Ելք 19:4-6): Զատիկը ծննդյան տոն է, կյանքի տոն: Տոնի հենց այս ընդհանուր իմաստն է արտահայտվում նրա առանձին ծիսակատարությունների միջոցով: Աստծո ընտրությանն արժանանալու համար հրեա ժողովուրդը պետք է մաքրագործվեր: Հին Կտակարանում դրա միակ միջոցը զոհաբերություններն էին: Զոհով է սկսվում և նրա մեջ է կենտրոնանում զատկական տոնակատարությունը:

   Զատկական տոնի զոհը գառն էր, որը «Տիրոջ համար զատկի զոհ» (Ելք  12:27) կամ «զատկի տոնի զոհ» (Ելք 34:25) էր կոչվում: Նրան նույն իմաստն է վերագրվում նաև հրեական «zebach» անվամբ, որը կիրառվում է արյան զոհաբերությունը մատնանշելու համար: Բարձրյալի՝ աստվածպաշտության համար նախատեսված գառն ընտրվում էր մորթվելուց չորս օր առաջ՝ ավիվի 10-ին, հավանաբար նրա անարատ լինելն ավելի ուշադիր զննելու համար: Այն  ընտրվում էր յուրաքանչյուր ընտանիքի կողմից, քանի որ ստրկությունից ազատվել և Աստծո ժողովրդի անդամ էին դարձել բոլոր հրեաները:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Դու խօսի՛ր իսրայէլացի ողջ ժողովրդի հետ ու ասա՛. «Այս ամսի տասներորդ օրը ամէն մարդ թող մի ոչխար առնի ըստ իր ընտանիքի՝ ամէն մի տան համար մէկ ոչխար:
(Արարատ թարգ․) Խոսե՛ք ամբողջ ժողովրդի հետ՝ ասելով. “Այս ամսվա տասներորդ օրը թող յուրաքանչյուրն իր համար մեկ գառ առնի՝ ամեն տունը մեկ գառ՝ ըստ իրենց ընտանիքների:
(Գրաբար) Խաւսեաց ընդ ամենայն ժողովրդեան որդւոցն Իսրայէլի եւ ասասցես. Ի տասներորդում ամսեանս այսորիկ առցեն իւրեանց իւրաքանչիւր ոչխար ըստ տունս ազգաց իւրեանց. ոչխար ըստ երդ: