Ելից գրքի մեկնություն 12։23

Ա․ Լոպուխին

Եվ Տերն անցնելու է եգիպտացիներին կոտորելու համար: Նա, տեսնելով դռան բարավորի և երկու սյուների վրայի արյունը, կանցնի այդ դռան մոտով և ոչնչացնողին թույլ չի տա մտնել ձեր տներն ու կոտորել ձեզ: (Սինոդական թարգ․)[23]
   

   Ըստ Ելք 11:4-րդ համարում եգիպտացիների անդրանիկներին «մահաբեր հարվածներ» (Ելք 12:13) հասցնողը նույն Ինքը Բարձրյալն է, մինչդեռ սույն՝ 23-րդ համարում որպես պատժող «գործիք» հատուկ «ոչնչացնող» կա, որը տարբերվում է Աստծուց: Միանշանակ չէ, որ Տերն Ինքն անձամբ է պատժել մարդկանց։ Գուցե Նա Իր հրեշտակներին է դա պատվիրել, սակայն անձամբ չի գործադրել մարդկանց ոչնչացնելու պատուհասը։ Սուրբ գրություններում շատ հաճախ հրեշտակներն ուղեկցում են Աստծուն, առաջնորդում են, օգնում, խոսում են Աստծո անունից։ Դա վկայվում է նաև սուրբ հայրերի ներքոհիշյալ վկայություններով։ Եկեղեցու ուսուցիչներից ոմանց՝ Հուստինոս Վկայի, Որոգինեսի և Օգոստինոս Երանելու կարծիքով դրանք չար հրեշտակներ էին, որոնց մատնանշում է սաղմոսերգուն (Սաղմ. 77:49), իսկ սբ. Բարսեղ Մեծը, սբ. Հովհան Ոսկեբերանը և Երանելի Թեոդորետոսը «ոչնչացնող» անվան տակ բարի հրեշտակի են տեսնում: Թարգումում, համաձայն Սողոմոնի Իմաստության գրքի ցուցման (Իմաստ. 18:15), «ոչնչացնող»-ի անվան տակ ներկայացվում է Աստծո խոսքի (ըստ Թարգումի՝ «мемра») անմիջական, բացառիկ գործողությունը: Նորագույն շրջանի մեկնաբաններից ոմանք այդ խոսքը նույնացնում են Բարձրյալի հրեշտակի հետ, մյուսներն էլ «ոչնչացնող»-ին պարզ հրեշտակ են համարում, որն առավել հավանական է թվում (հմմտ. Բ Թագ. 24:16, Ես. 37:36):
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Տէրն անցնելու է եգիպտացիներին կոտորելու համար: Նա, տեսնելով դռան սեմին երկու տեղ եւ դռան շրջանակի վերեւում եղած արիւնը, կ՚անցնի կը գնայ այդ դռնով եւ Ոչնչացնողին թոյլ չի տայ մտնել ձեր տներն ու կոտորել ձեզ:
(Արարատ թարգ․) Եվ Տերը պիտի անցնի եգիպտացիներին հարվածելու համար: Եվ երբ դռան սեմի և երկու դրանդիների վրա արյուն տեսնի, այնժամ Տերը կանցնի այդ դռան վրայով և թույլ չի տա սատակչին, որ մտնի ձեր տները՝ ձեզ հարվածելու համար
(Գրաբար) Եւ անցցէ Տէր հարկանել զԵգիպտացիսդ: Եւ տեսանիցէ զարիւնն որ ի վերայ բարաւորին եւ ի վերայ երկուց սեմոց, եւ զանց առնիցէ Տէր զդրաւքն. եւ ոչ տայցէ թոյլ սատակչին մտանել ի տունս ձեր եւ հարկանել: