Առաջին հայրերը, որոնց անխտիր նախահայրեր կամ նահապետներ ենք կոչում, ընդհանուր առմամբ վկայակոչում են Հին Օրէնքի բոլոր ընտրեալներին՝ նախքան մարգարէները եւ նախաստեղծ Ադամից սկսած՝ ընդհանուր տօնով յիշատակւում են Նոր Եկեղեցում: Կան, որ անուանապէս են նշուած տօնացոյցերում եւ յայսմաւուրքներում եւ կան, որ առանց անուանական յիշատակման դասուած են նոյն արդարների երամների շարքում: Եւ սրա օրինակն ունենք սուրբ Պօղոսից, որը գեղեցիկ քաղուածքով դրուատում է Հնում հաւատով արդարացած անձանց, իսկ վերջում ընդհանրական ձեւով նշում է, թէ «Ժամանակը չի բաւականացնի մէկ առ մէկ պատմելու նրանց մասին, որոնք հաւատով պարտութեան մատնեցին թագաւորութիւններ»[1] եւ այլն՝ ըստ կարգի, եւ ապա կնքում է իր ճառը, որն սկսել էր նախահայրերից ու աւարտել մարգարէներով:
Արդ, նրանց բոլորի վարքն ու պատմութիւնը կարելի է գտնել Սուրբ Գրքում, իսկ ինչ որ կայ դրանից դուրս, հրեական աւանդութիւններ են՝ կամ տարակուսելի կամ էլ հերքելի: Ուստի աւելորդ համարելով սփռել այդ աւանդութիւնները՝ առաւել կարեւոր համարեցինք վերցնել Աստուածաշունչ գրքի անսուտ խօսքերը եւ սուրբ վարդապետների խորհրդածութեամբ, յայտնի, պարզ ու յստակ խօսքերով ճառել ու մատուցել եկեղեցու մանուկներին ներքոգրեալ օրինակով:
ԱԴԱՄ, ԱԲԵԼ, ՍԷԹ, ԵՆՈՍ ԵՒ ԵՆՈՔ
Նախահայրերից առաջինը, մեր բոլորի համընդհանուր հայրը եւ մարդկութեան արմատը եղաւ նախաստեղծ Ադամը՝ առաջին մարդը եւ բանական կենդանութեան հաստաբուն արմատը, ամենաճարտար Արարչապետի ու մարդասէր Աստուծոյ ձեռքի նախկին գործը եւ գեղեցիկ դաստակերտը, որ ստեղծուեց աշխարհի լինելիութեան վեցերորդ օրը՝ առաջին ուրբաթ օրը, վերցուեց հողից եւ արարուեց ոչնչից աննիւթական հոգով, իմացական մտքով, անձնիշխան կամքով եւ Արարչի պատկերով ու նմանութեամբ:
Ո՞վ կարող է ճառել նրա հոգու եւ մարմնի անզուգական շնորհների ու փառքի մասին, որոնցով նա պանծալի եղաւ: Նրա նմանը չեղաւ եւ չի լինի նրա որդիների մէջ՝ բացի նոր Ադամից, Ով նորոգեց Հինը: Իմաստուն էր աւելի, քան Սողոմոնը, գեղեցիկ, քան Աբիսողոմը, կատարեալ էր մտքով, կարգաւորուած՝ կամքով եւ հոգու բոլոր մասերով, ներքին եւ արտաքին զգայարանների զօրութեամբ ու մարմնի կատարեալ հասակով: Երիտասարդ ամրակազմ այր էր պանծալի վայելչութեամբ, ժիր ու զօրեղ, բարետեսիլ բոլոր անդամներով եւ համօրէն բնութեան պարծանք: Իր հարստութեամբ եւ իշխանութեամբ նա միանձնեայ տէր կարգուեց իր բնութիւնից ցած եղող բոլոր արարածների վրայ, եղաւ տիեզերակալ թագաւոր եւ գերապատիւ ինքնակալ, աշխարհի հայր եւ իշխան: Նրա թագաւորութեան աթոռն Արեւելքում էր՝ Հայաստան աշխարհում, աստուածակերտ եդեմական Դրախտի բերկրութեան պարտէզում, որը պէտք է մշակէր ու պահպանէր առանց չարչարանքների, պէտք է պատուէր պատուիրանի քանքարը, որպէսզի փոքրի մէջ հաւատարիմ գտնուելով՝ մեծի մէջ հաւատարիմ երեւար ու արժանի լինէր Աստուծոյ կամքով եւ հաճութեամբ առանց մահ ճաշակելու վերափոխուէր անմահութեան՝ երկնքի Արքայութեան անճառելի երկնաւոր Դրախտի մէջ: Եւ ահա աշխարհի արարչութեան առաջին հինգ օրերի ընթացքում Աստուած ստեղծեց երկնքի ու երկրի բոլոր զարդերը, որպէսզի մարդուն դարձնէր երկրի թագաւոր եւ երկնքի ժառանգորդ: Այդ պատճառով նրան մտցրեց արքայարան, որ պատրաստեց նրա համար, այն է՝ Դրախտը, որը սքանչելի էր տիեզերական ողջ վայելչութեամբ եւ հրամայեց վայելել Իր բարերարութեան առատ բարիքներից, տիրել ու իշխել ամբողջ աշխարհին, ծովին, ցամաքին եւ բոլոր արարածներին, որ կան նրանցում՝ ձկներին, թռչուններին, չորքոտանիներին ու ողջ կենդանական աշխարհին:
Եւ որպէս բոլոր կենդանիների գլուխ եւ տէր լինելու նշան՝ Տէր Աստուած Ադամի մօտ բերեց գլխաւոր անասունների, գազանների եւ թռչունների բոլոր տեսակներին, որպէսզի նա ճանաչէր իր հպատակներին եւ իր իմաստութեամբ անուններ տար նրանց՝ ըստ իրենց բարքի ու գործերի որպիսութեան: Եւ Աստուած Ադամի համար նման օգնական չգտաւ բոլոր կենդանիների մէջ, որովհետեւ նրանք բոլորն անբան էին եւ անասուն: Ուստի Նա թմրութիւն բերեց Ադամի վրայ ու նրա կողից ստեղծեց կողակցին՝ մեր նախամայր Եւային եւ նրան կնութեան տուեց՝ իբրեւ մաքուր, անարատ, պանծալի, ամենագեղ եւ սխրալի փեսայի արժանի հարս, որը պէտք է լինէր նրա օգնականն ու գործակիցը՝ մարդկութեանը սերունդներ տալու եւ պահելու համար, լինէր նրա սիրոյ ընկերն ու լծակիցը բոլոր բարի գործերում: Եւ երբ Ադամը տեսաւ, որ նա իսկապէս նման է իրեն, անձամբ սիրեց նրան, քանզի նմանը էապէս սիրում է նմանին: Նրան անուն տուեց ու կոչեց Եւա՝ իբրեւ նմանակից, բայց կարգով եւ իրաւունքով իրենից աւելի ցածր, որովհետեւ վերցուել էր իր ամուսնուց: Նա մարդ էր Ադամի նման, սակայն այր չէր, ուստի չէր կարող հայր, այսինքն զաւակի սկզբնապատճառ լինել, այլ պատճառակից մայր՝ լուռ մարգարէութեամբ ակնարկելով պսակի խորհուրդը եւ հարս-Եկեղեցու միաւորութիւնն իր Քրիստոս Փեսային, որի ստուերագիրն Ադամն էր:
Եւ Ադամն ու իր կինը՝ իբրեւ աստուածամերձ եւ աստուածախօս մարմնաւոր հրեշտակներ, շնորհազարդուած էին Սուրբ Հոգու պարգեւներով, անտրտում խնդութեամբ, անմեղութեամբ, անախտ ու անցաւ կեանքով եւ բոլոր հոգսերից ու հոգու եւ մարմնի տառապանքներից ազատ՝ բերկրում էին երանաւէտ փափկութեան Դրախտում:
Սակայն աւա՜ղ, անտանելի աղէտներ եղան, որոնց ականջները լսել չեն հանդուրժում, քանզի նախաստեղծները, որոնց վիճակուեցին այսչափ, այսպիսի շնորհներ ու փառք եւ նախատեսուած էին հոգու եւ մարմնի անմահութեան համար, իսկ եւ իսկ, հէնց նոյն՝ ուրբաթ օրը իրենց իսկ ձեռքով երանութիւնից անցան ծայրագոյն թշուառութեան, որը եղաւ չար բանսարկուի պատրանքներով: Նա ոխ ու մախանք ունէր մարդու դէմ, որ չլինի թէ նա բարձրանայ եւ լրացնի ընկած հրեշտակների տեղը, քանզի ցանկանում էր նրան իր հետ դժոխք իջեցնել:
Այսուհետ ծանր է պատմութիւնը, ու լեղուց դառն է բարու եւ չարի գիտութեան ծառից ճաշակումը, որի համար խօսքերս չեն յօժարում մէկ առ մէկ անցնել դրանց վրայով: Ինչպէ՞ս նախամայր Եւան լսեց խորամանկ թունաւոր օձին, որն անխօս անասուն լինելով՝ չգիտէր խօսել եւ չար ոգու թելադրանքի տակ էր: Ինչպէ՞ս իմաստուն նախահայրն անսաց կնոջ ձայնին, սա էլ օձին եւ սա էլ՝ օձախաբին, որով խախտեցին իրենց Արարչի քաղցր պատուիրանը, այն էր՝ որպէս հնազանդութեան նշան՝ չուտել միայն մէկ ծառի պտղից:
Կերան, սակայն դառնացան, ցանկանալով աւելին՝ կորցրեցին ունեցածը, ձգտելով ունենալ առաւելը՝ դէպի յետ, կրկնկի վրայ գետնին զարնուեցին, ճաշակեցին գիտութեան արգելուած ծառից, բայց չառան բարութեան համը, այլ միայն՝ չարութեան, քանզի անչար ու անմեղ նախաստեղծներն իսկ եւ իսկ ճանաչեցին չարը եւ իմացան, որ մերկ են ոչ միայն մարմնի ծածկոյթից, որը դիւրին էր ծածկել թզենու տերեւներով, այլ որ աւելի կարեւոր ու ողբալի էր արիւն-արտասուք թափելու չափ, մերկացան հոգու լուսեղէն պատմուճանից, այսինքն անմեղութիւնից եւ անմահութիւնից:
Սակայն ամենագորով Արարիչն ու մարդասէր Տէրը որպէս դատաւոր արժանահաս պատուհաս բերեց նախաստեղծների վրայ. առաջին պայմանով մարդը պէտք է մեռնէր մահուամբ ու հող դառնար եւ ապա՝ ժառանգէր անէծքը ու երեսի քրտինքով տրտմութեամբ հաց ուտէր, իսկ կինը պէտք է հեծութեամբ ու տրտմութեամբ որդիներ ծնէր, լինէր ամուսնու իշխանութեան տակ եւ ոչ թէ հաւասար: Բայց Աստուած նաեւ հայրաբար գթաց, քանզի նրանք թշուառութեան մէջ էին, խաբուել էին տգիտութեան պատճառով եւ պարտուել՝ տկար բնութեամբ խաբուելով խորամանկ ու աշխարհակուլ օձից՝ սատանայից: Նրանց տուեց թողութեան եւ ազատութեան յոյս՝ ի նշան ապաշխարութեան հագցնելով սգատեսակ մաշկեղէն պատմուճան եւ քաջալերեց նախամօրը՝ ոտնակոխ անել օձի գլուխը՝ անվնաս պահելով իր գարշապարները: Եւ դա տիրապէս կատարեց Եւայի իմաստուն դուստրը՝ անապական եւ անարատ Կոյսը՝ Մարիամ Աստուածածինը, որը ծնեց աշխարհի Փրկչին՝ մահաթոյն օձի գլուխը Ջախջախողին, վերացրեց նախամօր անէծքը եւ եղաւ մեղքերով մահացած անձանց փրկութեան եւ կենդանութեան մայրը:
Արդ, քանի որ նախաստեղծները չարժանացան անմահութեան եւ մահառիթ պտղով զրկուեցին Կենաց Ծառից, Տէր Աստուած նրանց դուրս բերեց բերկրութեան Դրախտից եւ բնակեցրեց Դրախտին յանդիման: Փակեց մուտքը հրեղէն ցանկապատով՝ հրեղէն զօրքերի բոցեղէն սրով, որպէսզի անմատչելի լինէր Կենաց Ծառի ճանապարհը, իսկ Ադամն ու Եւան չակնկալէին անմահութեան դեղ գտնել երկրաւոր տնկիներից, այլ ապաշխարութեամբ ապաւինելով Աստծուն՝ հոգիների անմահութեան դեղ որոնէին, քանզի Կենաց Ծառը Տիրամօր՝ Կեանքի մօր օրինակն էր, իսկ ընդհանուր առմամբ Կենաց Ծառը Կենարարի սուրբ Խաչի օրինակն էր:
Ահա Փրկչի եւ փրկութեան Յոյսի ակնկալութեամբ, որն Աստուած տնկեց ընկած մարդու սրտում, Ադամն ու Եւան կարողացան ապրել իրենց երկարատեւ կեանքը, այլապէս իսկոյն կը մեռնէին անտանելի տրտմութիւնից, կամ անյուսութիւնից անձնասպան կը լինէին, կամ էլ միմեանց սպանելիս կը մտաբերէին եւ կը հասկանային, թէ ինչ բարձրութիւնից գահավիժեցին: Ապաշխարութեան տրտմութիւնը մխիթարում էր նրանց ծայրագոյն տրտմութիւնը, եւ յանցանքների համար հեղուող դառն արտասուքները քաղցրացնում էին նրանց Բարձրեալի մարդասիրութեան թողութեան յոյսով, Ով մշտապէս կարեկից էր նրանց: Գիտէին, որ անձամբ չէին կարող դարմանել իրենց անբուժելի վէրքերը, բայց գիտէին նաեւ, որ ամենաբաշխ Աստուած զօրաւոր է եւ կամեցող՝ իրենց ցաւերին դարման տալու համար, որի համար ամբողջ սրտով եւ մշտամռունչ հեծութեամբ դիմում էին Նրան ու ապաւինելով Նրա խնամարկու տեսչութեանը՝ որդիական եւ ոչ թէ ծառայական երկիւղով ամէն օր պաշտում էին Նրան հաստատուն հաւատով, աներկբայ յոյսով, ջերմ սիրով եւ առաքինափայլ վարքով՝ յօրինակ իրենց սերունդների: Պատեհ է ասել, որ նոյն նրանք էին, որ սկզբում ծանրապէս մեղանչեցին, սակայն վերջում առնելով մահաբեր մեղքերի դառնահամը, այլեւս չմեղանչեցին մահուչափ մեղքերով: Նրանք մէկ անգամ վնասուեցին չարաթոյն օձից, բայց այնուհետեւ փախչում էին մեղքի բոլոր դրսեւորումներից: Մարդու կեանքն այլեւս պատերազմի դաշտ էր, իսկ նրա վարքը՝ փորձութիւն երկրի վրայ: Եւ արդարեւ, առաջին պարտութիւնից յետոյ նախաստեղծներ Ադամն ու Եւան ճանաչւում են յաղթող նախամարտիկներ, որոնք մեղանչելուց յետոյ արդարացան նոր Ադամի շնորհիւ:
Նախահօր եւ նախամօր Դրախտից ելնելուց յետոյ, ըստ ոմանց երկու տարի, իսկ ըստ այլոց՝ երեսուն տարի անց, Եւան յղացաւ Ադամից ու ծնեց իր անդրանիկ որդուն, որին անուանեց Կայէն, որ նշանակում է ստացուածք, «որովհետեւ, - ասաց, - մարդ ստացայ»՝ կարծելով, թէ նա կը լինի գովելի զաւակ եւ ոտնակոխ կþանի օձի գլուխը կամ դէպի Դրախտ վերադառնալու պատճառ կը լինի, սակայն վրիպեց: Ոստի, երբ ծնուեց երկրորդ որդին, նրան կոչեց Հաբէլ կամ Աբէլ, որպէս թէ՝ աւա՜ղ, քանզի ծնօղները ողբացին նրա անժամանակ մահուան համար:
Եւ ահա նախածնօղների մեղանչելուց յետոյ սկսուեց կարիքների ներքոյ անցաւոր կեանքը՝ փորձութիւններով հանդերձ. ծննդեան երկունքները մեծ տրտմութեամբ պաշարեցին Եւային, սակայն երբ նա լոյս աշխարհ բերեց իր որովայնի պտղին, ուրախութիւնից չյիշեց իր նեղութիւնը, որովհետեւ աշխարհում մարդ ծնուեց: Այնուհետեւ սկսուեցին իրենց զաւակների սննդի եւ դարմանելու համար չարչարանքները՝ մխիթարութեան եւ սփոփանքների հետ միաժամանակ: Ադամը, առաւել քան Եւան, հոգ էր տանում զաւակների առաքինութինների համար, որովհետեւ ունէր հոգսեր եւ վարանքներ. յանձինս Աբէլի՝ ունէր ուրախութիւն բարի եւ հնազանդ զաւակի համար, եւ յանձինս Կայէնի՝ տրտմութիւն՝ չար եւ ստահակ զաւակի համար, քանզի Աբէլի առ Աստուած ընթացքն անմեղութեամբ էր, իսկ Կայէնինը՝ ծնօղների հանդէպ անհնազանդութեամբ: Ուղղում էր զաւակներին խրատներով եւ օրէնքներով, սակայն պահելը կամ չպահելը նրանց կամքն էր: Նախաստեղծը նրանց, ինչպէս նաեւ իր բոլոր ուստրերին ու դուստրերին ուսուցանում էր ամէն բանից առաջ ճանաչել արարիչ Աստծուն, ամբողջ սրտով, անարատ կենցաղավարութեամբ ու սիրով պաշտել Նրան եւ աշխատել կենսական կարիքների համար՝ պիտանի գործ անելով: «Քանզի, որդեակնե՛ր - ասում էր, - ես եւ ձեր մայրը կորցրեցինք երանելի Դրախտի անչարչարելի ու հանգստաւէտ կեանքը եւ ընկանք այս փշաբեր, անիծուած երկիրը»:
Անդրանիկ որդին՝ Կայէնը, հողագործ էր, իսկ կրտսերը՝ Աբէլը, հօտերի հովիւ: Նրանք տեսել էին, որ իրենց ծնօղները պատարագներով պատւում են Տէր Աստծուն, որոնք մատուցում կամ զոհաբերում էին իրենց հողի բերքից եւ կենդանիներից՝ ի նշան երկնքի ու երկրի Տիրոջ խոստովանութեան եւ մինչ ի մահ իրենց անձերը բոլորանուէր ծառայութեան: Նոյնն արեցին նրանք, սակայն յոյժ տարբեր միմեանցից. Կայէնը Աստծուն ընծայաբերեց իր հողի պտուղներից՝ տալով իբրեւ տուրք եւ պարտքերի հարկադրուած հատուցում, որի համար ընտրութիւն չարեց՝ բերելու լաւագոյնը եւ նուիրելու ամենայն յօժարութեամբ, այլ անմտութեամբ մատուցեց անպիտանը: Այդ պատճառով սրտագէտ Աստուած տեսանելի ինչ-ինչ նշաններով չնայեց Կայէնին եւ նրա զոհաբերութեանը: Իսկ արդար Աբէլն ընտրողաբար առաւ իր հօտի անդրանիկներից եւ պարարտներից ու ամբողջ սրտով մատուցեց Աստծուն: Ի փառս Աստուծոյ՝ զոհաբերութեան հետ միասին մատուցեց եւ իր սիրտը՝ որպէս ողջակէզ ու զուարթամիտ յօժարութեամբ ընծայաբերեց իր ունեցածը եւ իր անձը: Այդ պատճառով Աստուած նայեց եւ հաճեցաւ Աբէլին ու նրա պատարագին եւ այն ընդունելի լինելու յայտնապէս նշան ցոյց տուեց. երկնառաք հրով այրեց ողջակէզը եւ մէկ այլ յայտնապէս նշան եւս ցոյց տալով՝ հոտոտեց անուշահոտութիւնը՝ օրհնելով նրան եւ նրա ընծան:
Այս տեսնելով՝ չար Կայէնն առաւել չարացաւ, լցուեց չար նախանձով եւ դժոխային տրտմութեամբ: Կախեց իր երեսը եւ սկսեց խեթ նայել Աբէլին: Նա չէր ցանկանում, որ եղբայրը սիրելի լինէր Աստուծոյ աչքին եւ լինէր իրենից աւելի պատուական, չէր կամենում, որ նա իշխէր իրեն, իսկ ինքն էլ անարգուած լինելով անցնէր կրտսեր եղբօր ծառայութեան տակ: Բայց Աստուած յանդիմանեց նրա անմտութիւնը եւ խրատեց նրան՝ քաջալերող խօսքերով հանդերձ: Յայտնեց, թէ՝ բաւարար չէ միայն պատարագ մատուցել Աստծուն, որովհետեւ այն պէտք է մատուցել ուղիղ մտքով՝ չարից ընտրելով բարին, եւ լաւից՝ աւելի լաւին: Ասաց. «Թէպէտ դու մեղանչեցիր թէ՛ անարժան զոհաբերութեամբ, թէ՛ անիրաւ չարակնութեամբ, սակայն Ես, որ մարդասէր Տէր եմ, այս անգամ ներում եմ քեզ: Հանդարտուի՛ր եւ մի՛ կարծիր, թէ դու քո եղբօր ծառան ես, որովհետեւ նա դեռեւս քո կրտսեր եղբայրն է եւ հնազանդ է քեզ՝ որպէս աւագ եղբօր»:
Սակայն նա չօգտուեց իր Տէր Աստուծոյ կենդանարար խրատից, այլ խրատուեց բանսարկու սատանայի կողմից, որի նախանձութեամբ մահն աշխարհ մտաւ: Եւ ահա որոշելով եղբօրը զրկել կեանքից՝ մի օր ծնօղներից գաղտնի ասաց նրան. «Ե՛կ դաշտ գնանք», իբրեւ թէ զբօսնելու կամ միասին դաշտում աշխատելու: Եւ արդար Աբէլը լսեց նրան հեզութեամբ, որովհետեւ տեղեակ չէր նրա սրտի չարութեանը, այլ ամէն բանում պատրաստ էր լսել նրա հրամանները՝ որպէս աւագ եղբօր, աստուածադիր կանոնի ու հայրենի խրատի, ըստ որոնց՝ փոքրը պէտք է հպատակ լինէր մեծին, կրտսերը՝ աւագին: Եւ երբ դաշտ գնացին, Կայէնը յարձակուեց իր եղբօր՝ Աբէլի վրայ ու սպանեց նրան՝ հեղելով նրա արիւնը ինչ-որ գործիքով՝ կամ գայլախազով, կամ բրով, կամ երկաթով, քանզի հողագործ էր, եւ այդժամ աշխատում էին բահով ու երկաթէ բրիչներով:
Եւ ո՞վ կարող է պատմել անմեղ եւ արդար Աբէլի սրտի հեծութեան ու հառաչանքների մասին՝ հոգին Բարձրեալին աւանդելիս: «Նայի՛ր, Տէ՛ր, - ասաց, - ամենատես Ա՛չք, անպարտիս մահը եւ հաճութեամբ ընդունի՛ր բանաւոր պատարագս, քանզի Քո անուան փառքի համար մորթուեցի որպէս ոչխար: Վաղամեռիկ եւ բռնամահ չարչարանքներով ահա մեռնում եմ Քո սիրոյ համար վկայութեան Քո հանդէսում: Եւ ուրախ եմ, որովհետեւ այժմ իմ անձն ամբողջովին Քեզ է պատարագւում: Գոհանում եմ Քեզնից, Տէ՛ր եւ օրհնում եմ Քեզ: Քո ձեռքն եմ յանձնում իմ հոգին, ով իմ երկնաւոր Հա՛յր, մարդասէր Աստուա՛ծ, կեանքի եւ մահուան Տէ՛ր, որ կարող ես միւս անգամ նորոգել ինձ Կեանքում»: Այսպէս նահատակուեց ճշմարիտ առաքինութեան եւ աստուածպաշտութեան առաքինի վկան՝ արդար Աբէլը, արդարների պարագլուխը եւ մարտիրոսների նախաշաւիղը, շուշանափայլ եւ վարդապսակ առաջին կուսակրօնը, մեռելներից նախավախճանը եւ կատարեալ արդար հոգիների բազմութեան մէջ առաջինը, ստուերի մէջ ճշմարտութեան նախատիպ օրինակը, որ անպարտ էր Աստուծոյ Գառան մահուանը, որ պատարագուեց խաչի վրայ՝ սուրբ Արեան հեղումով եւ Նորում աստուածեղէն Բերանի կողմից յիշատակուեց գովութեամբ եւ «արդար» կոչուեց:
Իսկ երբ անգութ մարդակեր գազանը՝ եղբայրասպան Կայէնը եւ մատնիչ Յուդայի նախատիպը, հարցաքննուեց Տիրոջ կողմից, թէ՝ ո՞ւր է քո եղբայր Աբէլը, որպէսզի թերեւս զղջայ իր գործած չարիքի համար, լրբենի դէմքով յանդգնեց պատասխանել. «Չգիտեմ, մի՞թէ ես իմ եղբօր պահապանն եմ»: Թշուառականը նոյն պատասխանը տուեց իր ծնօղներին՝ ինքնահաճ չարութեամբ չհասկանալով, որ եղբայրը եղբօրը պէտք է ամէն բանում ձեռք մեկնող ու պահապան լինի եւ ոչ թէ գազանաբար յօշոտի: Եւ եղկելին անգամ չհասկացաւ, որ արդարի համար բազում հատուցում է պահուած անանց Կեանքում, իսկ իրեն սպասում է աններելի պատուհասը թէ՛ այստեղ, թէ՛ հանդերձեալում: Եւ այս էր, որ Աստուած ասաց նրան. «Այդ ի՞նչ արեցիր, քո եղբօր արեան կանչը երկրից բողոքում է ինձ»: Եւ տեսնելով նրան առանց զղջման գործած չարիքի համար՝ արդարադատ Տէրն ասաց. «Արդ, անիծեա՛լ լինես երկրի վրայ, որը բացեց իր բերանը եղբօրդ՝ քո ձեռքով թափած արիւնն ընդունելու համար: Դու պիտի մշակես հողը, բայց նա պիտի չկարողանայ քեզ տալ իր արդիւնքը: Ահ ու դողի և երերման մէջ պիտի լինես երկրի վրայ»:
Անզեղջ Կայէնն ընկաւ անյուսութեան մէջ, թողութիւն չակնկալեց, այլ ցանկացաւ մահը, քան թէ երերուն կեանքը: Ուստի Աստուած նշան դրեց Կայէնի վրայ, որպէսզի ով հանդիպէր նրան, չսպանէր, իսկ ով կը սպանէր, կþարժանանար եօթնապատիկ վրէժի: Եւ այդպէս երկար ապրեց ցաւոտ կեանքում՝ ամէն օր աչքի առջեւ բերելով այն կեանքի տանջանքների առհաւատչեան, մինչեւ որ, ինչպէս կարծւում է, անգիտութեամբ սպանուեց Ղամէքի կողմից, որը վեցերորդն էր նրա սերունդներից:
Մեծ սուգ պատեց նախահօրն ու նախամօրը՝ արդար Աբէլի վաղահաս եւ բռնի մահուան պատճառով, քանզի իրենց սուրբ զաւակը հեռացաւ իրենցից եւ իրենց վիճակուեց առաջինը ճաշակել մահուան բաժակի դառնութիւնը, որ պէտք է ըմպէին: Եւ որ ամենավատն էր, մնաց չար զաւակ Կայէնը, որ պէտք է իր սերունդներով լցնէր երկիրը, իսկ կուսութեամբ նահատակուած Աբէլից ոչ մի մնացորդ չեղաւ երկրի վրայ:
Բայց Աստուած մխիթարեց նախաստեղծներին՝ Ադամի կեանքի երկու հարիւր երեսուներորդ տարում տալով նրանց այլ արդար որդի, որին ծնօղը Սէթ անուանեց եւ ասաց. «Կայէնի սպանած Աբէլի փոխարէն Աստուած ինձ ուրիշ զաւակ պարգեւեց»: Եւ Սէթը եղաւ իր հօր՝ Ադամի նմանատիպը՝ ըստ պատկերի եւ կերպարանքի ու համանման իր եղբայր Աբէլին՝ ըստ արդարութեան եւ անարատ վարքի: Սէթի հետ նաեւ նրա զաւակները, որոնց Աստուած սիրեց, ընտիր եւ աստուածապաշտ եղան, որի համար Աստուծոյ որդիներ կոչուեցին, իսկ Կայէնի սերունդները, որոնք մարդապաշտ էին եւ խառնակեցիկ, կոչուեցին մարդկանց որդիներ, որոնց չար ճանապարհներից հեռու մնալու համար Սէթը զգուշացնում էր իր զաւակներին:
Արդ, Սէթի անդրանիկը՝ Ենոսը, իր եղբայրներից առաջադէմ գտնուեց առաքինութիւնների մէջ: Նրա գովքը բովանդակուած է Աստուածային Գրքում. նա յուսալով կանչում էր Տէր Աստուծոյ անունը: Իսկ «կանչել»-ը ըստ Մովսէս քերթողահօր՝ իմանալի է երկու կերպով. կամ անուանում էր ինչպէս մոռացուած, կամ էլ օգնութեան էր կանչում, որոնցից երկրորդն առաւել է ընտրում: Քանզի ճշմարտութեամբ հանդերձ քաջահաւատ լինելով մարդկանց որդիների մէջ, որոնք ընկղմուած էին տարակուսանքների եւ անյուսութեան, բայց աւելի շատ ինքնահաճոյ գործերի մէջ, Ենոսն ապաւինում էր Աստծուն, միաժամանակ աղօթքներով ու պատարագներով կոչում Նրան իր Տէրը եւ Աստուածը, խօսքով ու օրինակներով մերձաւորներին ուսուցանում պաշտել միայն Նրան եւ ոչ թէ ծառայել աշխարհին ու մարմնին:
Նրա սերնդից ելաւ մեծ նահապետ Ենոքը՝ հինգերորդը Ենոսից եւ եօթերորդը Ադամից, գերազանցը բոլոր արդարներից, որ կային իրենից առաջ եւ իր ժամանակներում: Նա հաճելի եղաւ Աստծուն այնքան, որ Նա նրան կենդանի մարմնով վերափոխուեց կամ ժամանակաւորապէս Ադէնի Դրախտը, կամ էլ նոյնպիսի մի երանաւէտ այլ վայր՝ անտես մարդկանց աչքից եւ անգտնելի: Նա ինքը՝ սքանչելի Ենոքը ճանաչւում է նաեւ որպէս առաջին մարգարէ, քանզի գրաւոր եւ բանաւոր պատգամաւորութեամբ գուշակեց հանդերձեալի մասին: Երանելի Յուդա առաքեալը ընդհանրական թղթում նրա բերանով գրում է. «Ահաւասիկ եկաւ Տէրը բիւրաւոր սուրբ հրեշտակներով՝ դատաստան տեսնելու բոլորի հանդէպ եւ յանդիմանելու բոլոր ամբարիշտներին իրենց այն գործերի համար, որ ամբարշտութեամբ գործեցին, եւ այն բոլոր խիստ խօսքերի համար, որ նրա դէմ ասացին մեղաւորները եւ ամբարիշտները»[2]: Արդ, ճշմարտապէս գիտենք, որ Ադամից յետոյ կային պէս-պէս այլ աւանդութիւններ՝ աստուածպաշտութեան կենցաղօգուտ գիտութեան եւ սքանչելի գործերի մասին, որից էլ աւանդութիւն է ելել՝ ստոյգ, թէ անստոյգ, Աստուած գիտէ, թէ Ենոքն իր խօսքերը դրոշմել է երկու սիւների վրայ:
Եւ այս բանի երաշխաւոր Յովսեպոս Եբրայեցին նախնեաց գրութեան մէջ այսպէս է գրում Սէթի եւ նրա յետնորդների մասին. «Սա մեծացաւ իր հօր՝ Ադամի ձեռքի տակ եւ, հասնելով բարին ընտրելու հասակին, կրթուեց ու զօրացաւ առաքինութիւնների մէջ եւ ընտիր գտնուելով՝ թողեց իր նման զաւակների: Սրանք բոլորը հանդէս եկան բարերարութեամբ եւ բնակուելով նոյն երկրում՝ կենցաղավարեցին առաքինութեամբ: Նրանցից ոչ ոք չգործեց անպատշաճը, բոլորը խոկում էին երկնայինների իմաստութեամբ ու իմաստասիրում երկնային զարդարանքներով: Եւ որպէսզի մարդկանց մօտ մոռացութեան չտրուէր իրենց գիւտը, շինեցին երկու սիւներ. մէկն աղիւսից, միւսը՝ քարից, եւ դրանց վրայ դրոշմեցին իրենց գիւտերը, որ եթէ պատահի, որ աղիւսէ սիւնն ապականուի յորդ ջրերից, քարեղէնը մնայ եւ մարդկանց ուսանել տայ գրուածը»:
Արդ, թէ՛ ըստ Սուրբ Գրքի, թէ՛ ըստ մատենագրերի՝ նախահայր Ադամը եւ նրա որդիներն իրենց ամբողջ կեանքում պահեցին եւ յետնորդներին աւանդեցին աստուածպաշտութեան կատարեալ օրէնքներն ու իմաստութեան եւ ճշմարտութեան կանոնները: Նախաստեղծի վախճանը եղաւ աշխարհի եւ իր կեանքի ինը հարիւր երեսներորդ տարում՝ թողնելով աշխարհին սերունդների լի բազմութիւն: Եւ իջնելով մահուան ստուերների խորքը՝ շատ հազարամեակներ սպասեց ազատեցուցիչ Յոյսին՝ երկնքից Աստուածորդու Գալստեանը: Ըստ վարդապետների միաբան աւանդութեան՝ Ադամը թաղուած է Գողգոթայում: Նա բազում կերպերով եղաւ ըստ մարմնի իր զաւակի՝ Քրիստոսի օրինակը, ըստ որում նա ստուերն էր, իսկ Քրիստոս՝ Ադամի ճշմարտութեան օրինակը ամէն կերպով, բացի մեղքերից, ինչպէս որ գրուած է. «Առաջին մարդը՝ երկրից, հողեղէն, իսկ երկրորդ մարդը՝ Տէրը՝ երկնքից»[3]: Ինչպէս որ Ադամով բոլորը ծնուեցին ու դեռեւս չծնուած՝ մեռան, նոյնպէս էլ Քրիստոսով բոլորը կենդանացան. ոչ միայն նրանք, որոնք Նրա Գալուստից յետոյ վերածնուեցին Աւազանով, այլեւ նրանք, որոնք նախքան Նրա Գալուստը վախճանուեցին հաւատով: Ինչպէս որ Ադամը եղաւ հին աշխարհի հենքը եւ հողեղէն արարածների անդրանիկը, այնպէս էլ նոր Ադամը եղաւ նոր աշխարհի Հիմքը եւ բոլոր արարածների անդրանիկը, ըստ մարդկութեան՝ գլուխը եւ վախճանական պատճառը բոլոր տեսանելիների ու աներեւոյթների, եւ ըստ Աստուածութեան՝ Արարիչը ամենայնի: Ադամին ստեղծեց Իր պատկերով, կերպարանքով եղաւ նոյն նրան առաւել նման, քան ամէն մի մարդ եւ ինչպէս սաղմոսն է ասում՝ մարդանց որդիներից առաւել գեղեցիկ տեսքով: Նման էր ըստ երեսուներեքամեայ հասակի, այն նոյն հասակի, որ ստեղծուեց Ադամը: Նաեւ՝ Ադամի Դրախտը Քրիստոսի Եկեղեցու օրինակն էր ըստ բազում խորհուրդների՝ սկսած չորս գետերի ակունքներից, որ ունէին չորս աւետարանիչների խորհուրդը: Կենաց Ծառը սուրբ Կոյսի եւ Խաչի օրինակն էր, կամ Ադամը, որ ստեղծուեց ուրբաթ օրը եւ երեկոյեան ելաւ Դրախտից, նոյնպէս էլ մեր Տէրը Ուրբաթ օրը ելաւ Խաչին եւ երեկոյեան աւազակին Իր հետ մտցրեց Աստուածտեսութեան նոր Դրախտը: Եւ քանի որ Ադամն ընկաւ պտղի ճաշակմամբ, նրա փոխարէն Տէրը լեղի ճաշակեց եւ քառասնօրեայ պահեցողութեամբ քաւութիւն տուեց նրան: Դարձեալ՝ քանի որ նախահայրը վիրաւորուեց կողի միջոցով, որն իրեն կողակից եղաւ, այդ պատճառով Տէրն Իր կենարար կողի վրայ առաւ գեղարդի խոցը: Կամ թէ՝ քանի որ մեղքերի հուր ելաւ Ադամի կողից՝ տոչորելու մեր բնութիւնը, այդ պատճառով ջուր ելաւ Քրիստոսի կողից՝ մեր մեղքերը մարելու, սրբելու եւ նորոգելու համար: Այսպէս էլ խորհի՛ր այլ խորհուրդների շուրջ, որ կան իմաստուն վարդապետների խօսքերում:
Աւելացնեմ եւ այն, որ երբուանից Աստուծոյ Որդին եղաւ Ադամի Որդի, Նա Իրեն մարդու Որդի կոչեց եւ Իր անուանը հաւատացողներին իշխանութիւն տուեց լինել Աստուծո որդիներ: Իսկ Աւետարանն էլ Ադամի Աստուծոյ որդիութիւնն է ցոյց տալիս՝ ասելով. «... սա՝ Սէթի, եւ սա՝ Ադամի, եւ սա՝ Աստուծոյ»[4]: Սակայն ողբալին այն է, որ Ադամի եւ Սէթի մահից յետոյ նրանց որդիները, որ Աստուծոյ որդիներ էին կոչւում, հետզհետէ խառնակուեցին մարդկանց որդիների հետ, եւ ամէն մարմին ապականեց իր ճանապարհը, որի համար Նոյի ժամանակներում Աստուած հարկ համարեց նորոգել աշխարհը ջրհեղեղով:
ԱԴԱՄԻ ՄԱՍԻՆ
Հարց. - Որո՞նք էին տասներկու պարգեւները, որոնք Ադամն ունէր Դրախտում եւ կորցրեց:
Պատ. - Նախ՝ Աստուծոյ տեսութիւնը,
- երկրորդ՝ խօսակցութիւնը Նրա հետ,
- երրորդ՝ անմահութիւնը,
- չորրորդ՝ լուսեղէն պատմուճանը,
- հինգերորդ՝ անախտ կեանքը,
- վեցերորդ՝ անծերանալի հասակը,
- եօթերորդ՝ բերկրութեան Դրախտի անչարչար վայելչութիւնը,
- ութերորդ՝ Աստուծոյ ծառայութիւնը,
- իններորդ՝ Աստուծոյ սէրն ու գութը, որ կար մարդու վրայ պատուիրանի հնազանդութեան համար,
- տասներորդ՝ թագաւորութիւնը Աստուծոյ ձեռքի բոլոր գործերի վրայ,
- տասնմէկերորդ՝ քահանայութիւնը:
Եւ Եւան մեզ զրկեց այս տասներկու պարգեւներից:
- Աստուծոյ տեսութիւնից, որովհետեւ այլեւս չէին կարող տեսնել Աստուծոյ երեսը:
- խօսակցութիւնից, որովհետեւ նախքան Յորդանանում մկրտութիւնը այլեւս չի ասւում, թէ Հայր Աստուած խօսել է մարդկանց հետ:
- անմահութիւնից, որովհետեւ վճռուեց. «Հող էիր եւ դէպի հողը դարձիր»[5]:
- լուսաւոր պատմուճանից, որովհետեւ երբ կերան պտղից եւ իմացան, որ մերկ են, իրենց համար ծածկոյթ պատրաստեցին:
- անախտ կեանքից, որովհետեւ ասաց. «Տանջանքով եւ քրտինքով ուտես քո հացը»[6]:
- անծերանալի հասակից, որովհետեւ ասաց. «Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը»[7]:
- պահպանութիւնից, որովհետեւ ասաց. «Արդեօք կերա՞ր այն ծառի պտղից, որից պատուիրել էի չուտել»[8]:
- վայելչութիւնից, որովհետեւ ասաց. «Աստուած դուրս հանեց Ադամին եւ բնակեցրեց բերկրութեան դրախտի դիմաց»[9]:
- թագաւորութիւնից, որովհետեւ գրուած է. «Մարդը պատիւ ունէր եւ չհասկացաւ, հաւասարուեց անբան անասուններին ու նմանուեց նրանց»[10]:
- քահանայութիւնից, որովհետեւ չհամարձակուեց պատարագ մատուցել իր կեանքում:
Հարց. - Որո՞նք էին Ադամի եօթ շնորհները, որոնք Աստուած պարգեւել էր նրան:
Պատ. - Նախ՝ նրան արարեց Աստուած,
- երկրորդ՝ տուեց հոգի,
- երրորդ՝ միտք,
- չորրորդ՝ կամք,
- հինգերորդ՝ գիտութիւն,
- վեցերորդ՝ բանականութիւն,
- եօթերորդ՝ գործելու կարողութիւն:
Հարց. - Որո՞նք էին նրա եօթ յանցանքները:
Պատ. - Նախ՝ ցանկացաւ աստուածանալ,
- երկրորդ՝ հաւատաց օձին,
- երրորդ՝ առաւել հնազանդուեց կնոջը, քան Աստծուն,
- չորրորդ՝ կերաւ պտղից,
- հինգերորդ՝ թաքնուեց,
- վեցերորդ՝ չզղջաց եւ «մեղա՜յ» չասաց,
- եօթերորդ՝ պատճառ բռնեց Աստծուն՝ ասելով, թէ. «Այս կինը, որ տուեցիր ինձ, նա՛ տուեց ինձ ծառի պտղից, եւ ես կերայ»[11]:
Հարց. - Ի՞նչ պատիժների արժանացաւ:
Պատ. - Նախ՝ մերկացաւ անմահութիւնից եւ դասուեց անասունների կարգին, երկրորդ՝ զրկուեց Կենաց Ծառից եւ արտաքսուեց Դրախտից, երրորդ՝ բնակուեց Դրախտի դիմաց եւ մշտապէս մաշուեց նախանձից, չորրորդ՝ ապրեց քրտինքով եւ չարչարանքներով, հինգերորդ՝ ապրեց ցաւով եւ հեծեծանքներով, վեցերորդ՝ նախքան իր վախճանը՝ տեսաւ կնոջ եւ որդու մահը, եօթերորդ՝ մեռաւ եւ մտաւ երկրի արգանդը, այսինքն գերեզման:
ԱԲԵԼԻ ԵՒ ԿԱՅԷՆԻ ՄԱՍԻՆ
Հարց. - Ի՞նչ է նշանակում Սուրբ Գրքի այն խօսքը, թէ. «Աստուած բարի աչքով նայեց Աբէլին ու նրա ընծաներին, իսկ Կայէնի ու նրա ընծաների վրայ ուշադրութիւն չդարձրեց»[12]:
Պատ. - Աբէլն իր եօթ առաքինութիւնների համար արժանացաւ եօթ պարգեւների:
Նախ՝ Նա ունէր սուրբ եւ աննենգ սիրտ, որի համար անմեղութեամբ եղբօր հետ դաշտ գնաց:
Երկրորդ՝ խոնարհ եւ հնազանդ էր ամէն բանում, ուստի սպասեց, որ նախ պատարագի եղբայրը, թէպէտ իր ընծան պատրաստ էր երեք ամսիս առաջ, քան եղբօրինը, այսինքն՝ ոչխարների ծնունդն աւելի առաջ էր, քան երկրի պտուղները: Եւ ինչպէս մարգարէն է ասում. «Մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստուած չի արհամարհում»[13]:
Երրորդ՝ յօժար կամք եւ զուարթ սիրտ ունէր, որը երեւում է ընծայաբերութեան մէջ ըստ այն խօսքի, որն ասում է. «Ես իմ կամքով Քեզ զոհ մատուցեցի»[14] եւ նաեւ՝ «Աստուած սիրում է զուարթառատ տուրքը»[15]:
Չորրորդ՝ մատուցեց անարատը եւ պարարտը՝ յօրինակ անարատ Գառան՝ Քրիստոսի:
Հինգերորդ՝ մատուցեց անդրանիկը, ինչպէս վկայում է Սուրբ Գիրքը, թէ՝ «Աբէլը բերեց իր ոչխարների առաջնեկներից ու գէրերից»[16],
Վեցերորդ՝ այս ամենից երեւում է նրա արդարութիւնը, որովհետեւ ճանաչելով Աստուծոյ մեծութիւնը՝ նուիրեց ընտիրը, իսկ խոտանը թողեց իրեն:
Իսկ փոխարէնը ստացաւ պարգեւներ, որոնք են:
Առաջին՝ Սուրբ Գիրքն ասում է. «նայեց Աբէլին», այսինքն՝ Աբէլը հաճելի եղաւ Աստծուն:
Երկրորդ՝ ասում է. «նայեց նրա պատարագին», այսինքն ընդունեց անուշահոտ ընծան:
Երրորդ՝ սիրտը բերկրեց, եւ դէմքը զուարթացաւ:
Չորրորդ՝ եղաւ առաջին քահանան՝ ճշմարիտ Քահանայապետ Քրիստոսի նմանութեամբ:
Հինգերորդ՝ ստացաւ անդրանկութեան օրհնութիւնը, ինչպէս Յակոբը՝ Եսաւի ձեռքից:
Վեցերորդ՝ արդար վկայուեց ամենաերանելի Բերանից՝ ըստ այն խօսքի, թէ. «Աբէլի արիւնից մինչև արիւնը Զաքարիայի պիտի պահանջուի՛ այդ սերնդից»[17], այսինքն սպանողներից:
Եօթերորդ՝ այնքան սիրելի եղաւ Աստծուն, որ մահից յետոյ վրէժխնդիր եղաւ նրա արեան համար՝ ըստ այն խօսքի, թէ. «Քո եղբօր արեան կանչը երկրից բողոքում է Ինձ»[18]: Դարձեալ՝ սիրելի եղաւ Աստծուն, որովհետեւ նա եղաւ առաջին մարտիրոսը:
Իսկ Կայէնը չմատուցեց այսպիսի կամեցողութեամբ եւ մեղանչեց եօթ յանցանքներով, որի համար եօթ պատիժներ կրեց: Առաջին յանցանքը անարժան պատարագն էր: Երկրորդը՝ նախանձը եղբօր հանդէպ: Երրորդը՝ խաբեց՝ ասելով, թէ՝ գնանք զբօսնելու: Չորրորդը՝ սպանեց: Հինգերորդը՝ եղաւ առաջին սպանողը: Վեցերորդ՝ եղբայրասպան եղաւ: Եօթերորդ՝ ստեց Աստծուն:
Այդ պատճառով արդարադատ Աստուած եօթ պատիժներ դրեց Կայէնի վրայ, որովհետեւ մեղանչեց եօթ տեսակ չար գործերով:
Առաջին պատիժն անէծքն էր:
Երկրորդը՝ ասաց՝ անիծեալ լինես երկրի վրայ, որը ներկեց արեամբ:
Երրորդը՝ չարչարանքով աշխատելը:
Չորրորդը՝ արդիւնք չստանալը:
Հինգերորդը՝ երերալը:
Վեցերորդ՝ տատանուելը:
Եօթերորդը՝ նշանը, որ նրան չսպանելու համար Աստուած դրեց նրա վրայ:
ԵՆՈՍ
Ո՞րն էր Ենոսի յոյսը, ինչպէս Սուրբ Գիրքն է ասում. «Նա յուսալով կանչում էր Տէր Աստուծոյ անունը»[19]: Այն կարելի է հասկանալ չորս կերպով: Նախ՝ նա յուսացաւ աներեւոյթ եւ հանդերձեալ կեանքին ու արհամարհեց տեսանելի, երկրաւոր կեանքը, որովհետեւ տեսանելի յոյսը յոյս չէ: Երկրորդ՝ բռնել էր բարի գործերի ընթացքը եւ հաւատացած էր, որ կայ գործերի հատուցում եւ բարի գործերի դիմաց փոխարէնը: Երրորդ՝ յուսալով կանչում էր Տէր Աստուծոյ անունը ի օգնութիւն, իսկ մարդիկ յուսահատուած էին, որ մեղքերի պատճառով Աստուած ձեռքից բաց է թողել իրենց: Եւ նա օգնութեան է կանչում Տէր Աստուծոյ անունը, այսինքն նա Տէր է եւ չի խորշում Իր ծառաներից: Աստուած է, որ մեզ բերեց այստեղ ոչ թէ կորստեան մատնելու համար, այլ ապրեցնելու: Չորրորդ՝ երկու սիւներ կանգնեցրեց՝ պղնձից եւ աղիւսից, ու դրանց վրայ գրեց այն բոլոր անունները, որ տալիս էր Ադամը, որպէսզի դրանք չայլափոխուեն թոթովախօս եւ լեզուատ մարդկանց կողմից: Եւ մարգարէացաւ, թէ մարդկանց մեղքերի պատճառով երկիրը դարձեալ պիտի ապականուի ջրով ու հրով. եթէ ապականուէր ջրով, մնար պղնձէ սիւնը, իսկ եթէ հրով՝ աղիւսէ սիւնը: Եւ սրանք յոյսի դրսեւորումներ են՝ հանդերձեալի մասին հոգալու եւ պատրաստուելու համար:
ԵՆՈՔ
Ենոքի մասին Սուրբ գիրքը յայտնում է միայն այն, թէ՝ «Ենոքը սիրելի եղաւ Աստծուն: Նա անյայտացաւ, որովհետև Աստուած նրան տարաւ Իր մօտ»[20], որն արժա՛ն էր, որովհետեւ նա Աստուծոյ նախանաձախնդիր էր՝ հակառակ Կայէնի տան: Երկրորդ՝ տասներկու տարի առանձնական կեանք ստացաւ: Երրորդ՝ չէր նայում դէպի վեր, այլ գլխին երկաթէ կապիճներ ունէր: Չորրորդ՝ չկերաւ պտուղ, որը Եւան ուտելով զրկուեց Կեանքից: Եւ այս բաները մարդուն երկինք են հանում: Հինգերորդ՝ սուրբ սիրտ ունէր: Վեցերորդ՝ միամիտ էր կամքով: Իսկ այս բաները մարդուն մօտեցնում են Աստծուն:
Եղիայի վերանալը տեսաւ Եղիսէն, որպէսզի չասէին, թէ նա սպանուեց Յեզաբէլի կողմից: Նոյնպէս էլ Ենոքի փոխուելը տեսան նրա եղբայրները, ուստրերն ու դուստրերը, որպէսզի չասէին, թէ նա սպանուեց Կայէնի թոռան Ղամէքի կողմից:
ՆՈՅ
Ադամից յետոյ աշխարհի երկրորդ հայրը եւ նրանից յետոյ տասներորդ սերունդը մեծ նահապետ Նոյն էր: Նա կատարեալ այր էր եւ արդար մէկը իր սերնդի մէջ: Կանխատեսելով նրա բարեպաշտութիւնը՝ Մաթուսաղայի որդի Ղամէքը դեռեւս նրա ծննդեան օրուանից նրա անունը Նոյ դրեց եւ ասաց. «Սա մեզ կը հանգստացնի մեր գործերից, մեր ձեռքերի ցաւերից եւ այն երկրից, որ անիծեց Տէր Աստուած»[21]: Այս ասելով՝ նա յայտնեց, թէ Նոյի միջոցով պիտի նորոգուի աշխարհը, որ մաշուել էր չարութեամբ եւ մօտեցել ապականութեան: Քանզի մարդկանց որդիները՝ Կայէնի չար սերունդը, որոնցից շատերը հսկաներ էին եւ յայտնի էին իրենց անօրէնութիւններով, կամաց-կամաց իրենց խառնակ վարքը ներմուծեցին Աստուծոյ որդիների՝ Սէթի սերնդի մէջ՝ իրենց դուստրերին կնութեան տալով նրանց: Նրանցից ծնուեցին վիթխարի հսկաներ եւ այրեր, որոնք առաւել շատ զօրաւոր էին չարութեան մէջ: Եւ նրանց բազմանալով ու չարը սփռելով երկրի երեսին՝ նուազեց աստուածպաշտութիւնը եւ տիրեցին մարմնապաշտութիւնն ու բոլոր չար ախտերը: Այդպէս Աստուծոյ Հոգին հեռացաւ նրանցից, եւ Աստուած զղջաց, որ արարեց մարդուն:
Այսպիսի չար ժամանակներում արդար Նոյը ծաղկում էր իբրեւ փշերի մէջ բացուած վարդ՝ հաճելի Աստուծոյ աչքին, որովհետեւ երկրի երեսին չկար նրա նման առաքինի եւ Աստուծոյ երկիւղն ունեցող մէկը: Նոյը տեսնում էր, որ կանանց պատճառով մարդիկ սրտով հեռանում էին Տիրոջից, ուստի յանձն չէր առնում մտնել աշխարհի կարգի մէջ, մինչեւ որ լրացաւ նրա հինգ հարիւրերորդ տարին: Սակայն Աստուած, որ կամենում էր Նոյի միջոցով պահել աշխարհը, նրա սրտում դրեց օրէնքով ամուսնանալ իր ընտրեալ ազգի դուստրերից մէկի հետ եւ աշխարհի համար որպէս ժառանգներ որդիներ ծնել:
Եւ ծնուեցին Նոյի երեք որդիները. Նոյի հինգ հարիւրերորդ տարում ծնուեց անդրանիկ որդին՝ Յաբէթը, յաջորդ տարում Սեմը եւ նրանից յետոյ՝ կրտսերը՝ Քամը: Սակայն որդեծնութիւնից քսան տարի առաջ Աստուած Նոյին յայտնեց, թէ՝ «Հարիւր քսան տարի յետոյ պիտի բնաջնջեմ աշխարհը ջրհեղեղով, իսկ քեզ եւ քո տունը պիտի պահպանեմ, որովհետեւ դու շնորհ գտար Իմ առաջ»: Ուստի նրան հրամայեց շինել մի մեծ տապան՝ մեծաշէն եւ ընդարձակ, որը բաւական կը լինէր նրա տան եւ զոյգ-զոյգ անասունների, գազանների ու թռչունների համար՝ պաշարով հանդերձ: Այս նախապատրաստութիւնը երկարաձգւում էր Աստուծոյ մարդկանց հանդէպ ունեցած ներողամտութիւնից, որ թերեւս նրանք ապաշխարեն: Քանզի արդար Նոյը արդարութիւն էր քարոզում իր վարքով եւ խօսքերով, իսկ տապանի շինութեամբ ձայն էր հնչեցնում ողջ աշխարհով մէկ՝ հեռանալ մեղքերից եւ դառնալ առ Աստուած, «որովհետեւ, - ասում էր, - Աստուած մեղքերի պատճառով պիտի ջրհեղեղով ոչնչացնի աշխարհը»:
Սակայն ամբարշտութիւնների մէջ շաղախուած մարդկանց որդիները, այդ թւում նաեւ տապանը շինողները, արհամարհում էին արդարի խօսքերը: Ոմանք ծաղրում էին նրան, ոմանք անհոգ կեանք էին վարում՝ ուտում էին, խմում, տնկում, կառուցում, առնում, վաճառում եւ ամուսնանում, մինչեւ որ վրայ հասաւ օրն ու ժամը, որում Աստուած Նոյին ասաց. «Իմ առջեւ այս սերնդի մէջ արդար միայն քեզ տեսայ»:
Եւ Նոյը ամէն բան արեց այնպէս, ինչպէս Տէր Աստուած պատուիրեց իրեն: Նոյը, նրա հետ երեք որդիները՝ Սեմը, Քամը, Յաբէթը, Նոյի կինը, երեք որդիների կանայք մտան տապան՝ զոյգ-զոյգ, արու եւ էգ բոլոր կենդանիներով հանդերձ: Տէր Աստուած դրսից փակեց տապանը: Նոյի եւ իւրայինների տապան մտնելուց եօթ օր անց, Նոյի կեանքի վեց հարիւրերորդ տարում քառասուն օր եւ քառասուն գիշեր ջրհեղեղ եղաւ երկրի վրայ: Անձրեւները բացեցին երկնքի սահանքները, աղբիւրներ հոսեցին երկրի պատռուածքներից, մինչեւ որ ջրերը վարարեցին այնքան, որ ծածկեցին երկնքի տակ եղող բոլոր լեռներն ու բարձունքները, իսկ երկրի երեսից բարձրացած տապանը շրջում էր ծով դարձած ջրերի վրայով: Ահարկու եւ սքանչելի տեսարա՛ն, կորուստը համաշխարհային էր, սակայն փրկութիւն եղաւ միայն տապանում գտնուող ութ անձանց համար:
Ո՜հ, սոսկալի կորուստ եւ հրաշալի փրկութիւն: Կþասե՞ս արդեօք, թէ ովքեր ապաշաւեցին նրանցից, որ անհոգ էին առաջ, ինչպէ՞ս եւ ինչո՞ւ ականջալուր չեղան ապաշխարութեան մեծաքարոզ խօսքին: Եւ այժմ այդ ամէնը եկաւ մեզ վրայ: Վազելով գնում էին տանիքների, բարձր աշտարակների եւ բարձրաբերձ լեռների վրայով, սակայն ջրերը, որ բարձրացել էին հարիւր յիսուն կանգունի չափով, ծածկել էին բոլոր բարձունքները: Մեռաւ երկրի վրայի ամէն մի շարժուն մարմին. մարդուց մինչեւ անասուն, սողուններից մինչեւ երկնքի թռչուններ ջնջուեցին երկրի երեսից, եւ մնաց միայն Նոյը ու տապանում իր հետ եղողները՝ յօրինակ Քրիստոսի, Նրա Եկեղեցու եւ կենարար Խաչափայտի, որով մեզ փրկութիւն եղաւ:
Այնժամ Նոյը եւ նրա հետ եօթ անձինք, տեսնելով Աստուծոյ քաղցր մարդասիրութիւնն իրենց հանդէպ եւ մեծ վրէժխնդրութիւնը մեղաւորների հանդէպ, ահով եւ խնդութեամբ փառաւորեցին Տէր Աստծուն: Չէին դադարում եւ չէին յագենում գիշեր թէ ցերեկ գոհանալ Աստուծոյ շնորհների այցելութեան համար, որ եղաւ միայն իրենց: Սկսած տապան մտնելու օրից մինչեւ ելնելու օրը՝ նրանք տապանում մնացին շուրջ մէկ ամբողջ տարի:
Եւ Աստուած յիշեց Իր սիրելի Նոյին եւ նրա հետ եղող բոլոր արարածներին: Այնժամ հողմ փչեց երկրի վրայ, յորդ ջրերը կանգ առան եւ սկսեցին յետ քաշուել հարիւր յիսուն օր ու նոյնքան օրեր կամաց-կամաց պակասեցին երկրի երեսից: Տապանը եկաւ նստեց Արարադ լերան՝ Հայոց մեծ աշխարհի Արարատ կամ Մասիս լերան վրայ: Եւ երբ երեւացին նաեւ միւս լեռների կատարները, Նոյը սպասեց եւս քառասուն օր, ապա բացեց տապանի պատուհանը եւ արձակեց ագռաւին՝ տեսնելու, թէ արդեօք ցամաքել են ջրերը երկրի վրայից: Ագռաւը գնաց ու չվերադարձաւ: Պարզ էր, որ անսուրբ գիշակեր թռչունը մնաց ճախճախուտ լեռների վրայ՝ կերակուր գտնելով մարդկանց եւ անասունների դիերից: Եւ սա անսուրբ քրիստոնեաների օրինակն էր, որոնք ախորժում են շաղախուել կեանքի մեռելոտի գործերի մէջ, քան թէ սրբութեամբ ապրել Աստուծոյ տան մէջ:
Ապա Նոյը նրա յետեւից արձակեց աղաւնուն, որ սուրբ թռչուն է: Սակայն աղաւնին, չգտնելով իր ոտքը դնելու մի մաքուր տեղ տղմաշաղախ եղած երկրի վրայ, վերադարձաւ տապան: Նոյը մեկնեց իր ձեռքը, վերցրեց նրան ու իր մօտ՝ ներս տարաւ: Այսպէս էլ առաքինասէր անձինք սուրբ են պահում իրենց աղտեղի ճանապարհներից եւ կեանքի մրրկածուփ հաճոյքներից ու ջանում պատսպարել իրենց անձերը Կեանքի նաւահանգստում՝ իրենց Քրիստոս Փրկչի ձեռքում: Նոյը սպասեց եւս եօթ օր եւ դարձեալ արձակեց աղաւնուն: Երեկոյեան աղաւնին վերադարձաւ, եւ ահա կտուցին ձիթենու պոկուած տերեւ կար: Եւ Նոյն իմացաւ, որ երկրի վրայից ջրերը պակասել են: Ահա գեղեցիկ խորհուրդ, մարդկանց հետ Աստուծոյ հաշտութեան նշան Սուրբ Հոգու աղաւնակերպ երեւմամբ՝ մշտադալար տերեւով հանդերձ, որ խորհրդանշում էր անապական շնորհներով աշխարհի վերստին արարչութիւնը Քրիստոսի փրկագործութեամբ, ինչպէս երբ սկզբում՝ արարչութեան ժամանակ, Աստուծոյ Հոգին շրջում էր ջրերի վրայ՝ կենդանածնելու արարածներին: Եւ Նոյեան տապանի պատուհանի բացուելը խորհրդանշում է Կենարարի կողի բացուելը՝ խորհրդաւոր թուերի՝ քառասուն օրերի, եօթական օրերի, ինչպէս նաեւ սուրբ եւ անսուրբ կենդանիների թուերի բազմաթիւ նշանակութիւններով հանդերձ:
Եւ երբ Նոյը եօթ օր յետոյ դարձեալ արձակեց աղաւնուն, նա այլեւս չվերադարձաւ, որովհետեւ ջրերն արդէն ցամաքել էին: Այնժամ Նոյը բացեց տապանի ձեղունը եւ տեսաւ, որ ջրերը յետ են քաշուել երկրի երեսից, իսկ մի քանի օր յետոյ տեսաւ, որ իսպառ ցամաքել են: Ապա Տիրոջ հրամանով Նոյը եւ նրա հետ եղողները ելան տապանից, ոտք դրեցին Հայաստան աշխարհի հողին ու գոհութեամբ երկրպագեցին Աստծուն: Նոյը զոհասեղան շինեց Աստուծոյ համար եւ բոլոր սուրբ անասուններից, թռչուններից, որոնցից Աստուծոյ հրամանով եօթական մտցրել էր տապան, ողջակէզ մատուցեց եւ իր ամբողջ տնով հաշտեցրեց Աստծուն, որպէսզի Նա նոյնօրինակ արդարութեամբ չդատի մարդկանց, այլ ողորմութեամբ խրատի եւ խնայի:
Եւ Աստուած հոտոտեց ողջակէզի անուշ հոտը, օրհնեց նրան ու նրա որդիներին եւ հրամայեց՝ աճել, բազմանալ ըստ այն օրհնութեան, որ տուեց Ադամին, աշխարհի նոր հայր կարգեց ընտրեալ նահապետին եւ խոստացաւ այլեւս չպատուհասել երկիրը ջրհեղեղով: Եւ ի նշան հաշտութեան՝ եղաւ սքանչելի ծիածանի երեւումը երկնքում, որն աղեղնաձեւ լինելու պատճառով Իր աղեղ կոչեց, սակայն աղեղն առանց հրեղէն նետի էր, որն Աստուծոյ գթութեան նշան էր: Սրանով Նա հասկացրեց, որ հաւաքուած ամպերի ժամանակ ցասումի հետ մէկտեղ ցոյց կը տայ Իր պահպանութիւնը եւ հայրախնամ բարի հովանաւորութիւնը:
Բայց այժմ երանի եմ տալիս աստուածասէր, արդար Նոյին եւ նրա ընտանիքին, որ սիրելի եղան Աստծուն, որովհետեւ նրանք ոչ միայն փրկուեցին տիեզերական պատուհասից, այլեւ եղան նոր աշխարհի ծնօղները: Քանզի այդ օրից, մինչեւ այսօր եւ նաեւ յետոյ, որքան մարդիկ եղել են ու պիտի լինեն, Նոյի եւ նրա սերունդների որդիներն են: Առաւել եւս երանի եմ տալիս երանելի Նոյին, որովհետեւ նա արժանացաւ լինել նաեւ Աստուածորդու նախահայրը, Ով եղաւ մարդու Որդի նրա օրհնեալ զաւակից՝ Սեմից, որին Նոյը մարգարէաբար օրհնեց՝ ասելով. «Օրհնեա՛լ լինի Տէրը, Սեմի Աստուածը», որովհետեւ նա եղաւ եբրայեցիների սկզբնահայրը, որոնցից էլ Քրիստոս՝ ըստ մարմնի, Ով օրհնեալ Աստուած է յաւիտեան: Մարգարէացաւ նաեւ առ այն, որ հաղորդ պիտի լինի եւ Յաբէթի տոհմը, քանզի ասաց. «Աստուած թող բարգաւաճեցնի Յաբէթին, նա թող բնակուի Սէմի տանը», այսինքն Աստուծոյ Եկեղեցում: Իսկ Քամը, որից եղաւ Քանանը, կարգուեց նրանց ծառայ, որովհետեւ չհասկացաւ ծնօղի պատուականութիւնը, այլ անարգեց նրան՝ երեւան բերելով հօր մերկութիւնը, որը ծածկեցին Սեմն ու Յաբէթը: Եւ արդարեւ, ովքեր պատւում են ծնօղներին, արժանանում են նրանց եւ Աստուծոյ օրհնութեանը, ինչպէս որ անարգւում են ծնօղներին անարգողները:
Վերջում երանի եմ տալիս Հայաստան աշխարհին, որ եղաւ մեծ նահապետի նաւահանգիստը եւ նրա ողջ տան ընդունարանը, աշխարհակեցոյց տապանի կայանը եւ առաջին իջեւանը տապանից ելածների համար, որի մերձակայքում Նոյը իր որդիների հետ շինեց առաջին բնակավայրը եւ կոչեց Նախիջեւան: Տնկեց առաջին այգին, որը կոչեց Ակոռի, այսինքն Արկուռի: Խորհրդաբար զօրաւոր եղաւ նրա գինին եւ արբեցրեց նահապետին, որը թախծում էր աշխարհի աւերման համար՝ յօրինակ Փրկչի, Ով աշխարհի փրկութեան սիրով արբած տարածուեց խաչի վրայ ու Իր կողից հոսած արեան եւ ջրի աղբիւրից արբեցրեց տիեզերքին անմահութեամբ:
Ջրհեղեղից յետոյ Նոյն ապրեց երեք հարիւր յիսուն տարի, եւ նրա կեանքի բոլոր օրերը եղան ինը հարիւր յիսուն տարի: Նա տեսաւ իր որդիների որդիների բազում սերունդներին, տեսաւ Հայաստան աշխարհը եւ այլ երկրները՝ լցուած մարդկանց բազմութեամբ, տեսաւ նաեւ իր երեք որդիների միջեւ բաժանուած երկրները եւ զառամեալ, ալեւոր տարիքում հեռացաւ կեանքից ու թաղուեց Հայոց աշխարհում՝ ոչ հեռու Արարատից՝ տապանի գտնուելու վայրից:
ՄԵԼՔԻՍԵԴԵԿ
Աստուածաշունչ սուրբ Գրքում առաջին քահանայ, այն էլ բարձրեալ Աստուծոյ քահանայ յիշատակուածը միմիայն նա ինքը՝ երանելի հայրապետ Մելքիսեդեկն է, որը Աբրահամ նահապետի ժամանակակիցն էր եւ շատ առաջ էր, քան ղեւտացի Ահարոնը, որից սկիզբ առաւ եբրայեցի ազգի քահանայութիւնը: Քանզի թէպէտ նախահայր Ադամը եւ մինչեւ Նոյն ու Աբրահամն եղած այլ նահապետներն ու տանուտէրերը զոհաբերութիւններ ու պատարագներ էին մատուցում Աստծուն, սակայն նրանցից ոչ ոք քահանայ չկոչուեց, բացի Մելքիսեդկից: Նա եղաւ մեր ճշմարիտ Քահանայապետ Քրիստոսի օրինակը եւ ստուերակերպ պատկերով խորհրդաբար նմանուեց Աստուծոյ որդուն:
Սուրբ Գիրքը պատմողաբար տեղեկութիւն է ընծայում միայն այն մասին, թէ Մելքիսեդեկը բարձրեալ Աստուծոյ քահանայ էր, Շաղէմի արքան, որն ինչպէս ասում են՝ յետոյ Երուսաղէմ կոչուեց: Եւ եղաւ, որ երբ Աբրահամը վերադառնում էր Քոդողագոմորի եւ նրա հետ եղած թագաւորների կոտորածից յետոյ, սոդոմացիների արքան ընդառաջ ելաւ նրան: Շաղէմի արքայ Մելքիսեդեկը հաց ու գինի մատուցեց նրան, որովհետեւ ինքը բարձրեալ Աստուծոյ քահանայ էր: Նա օրհնեց Աբրամին եւ ասաց. «Օրհնեալ է Աբրամը բարձրեալ Աստուծոյ կողմից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը: Օրհնեալ է բարձրեալն Աստուած, որ քո թշնամիներին մատնեց քո ձեռքը»[22]: Եւ Աբրամն իր առած ամբողջ աւարից տասանորդ տուեց նրան, որի համար առաքեալն իրաւամբ զարմացած ասում է. «Տեսէ՛ք, թէ ինչպիսի մէկն էր սա, որին Աբրահամ նահապետն էլ տասանորդներ տուեց աւարից»[23]: Մելքիսեդեկը ոչ միայն տասանորդ առաւ, այլեւ օրհնեց նրան, որն ընդունել էր աւետիսը՝ որպէս պատուով նրանից աւելի բարձր, քանզի առանց հակաճառութեան՝ ստորինն օրհնւում է պատուկանի կողմից: Եւ որ կարեւոր է՝ աստուածահայր Դաւիթը եւս Քրիստոսի մշտնջենաւոր քահանայութիւնը համեմատ է դասում Մելքիսեդեկի կարգին, ինչպէս որ ասում է. «Երդուեց Տէրը եւ չի զղջայ, որ Դու յաւիտենական քահանայ ես ըստ Մելքիսեդեկի կարգի, եւ Տէրը Քո աջ կողմում է»[24]:
Եւ այս ամէնից կարող ենք իմաստասիրել, թէ Մելքիսեդեկը շատ առումներով եղաւ Քրիստոսի օրինակը:
Նախ՝ ըստ իր անուան, որովհետեւ Մելքիսեդեկ թարգմանւում է արդարութեան թագաւոր (Մելիք նշանակում է թագաւոր, իսկ սատըդ՝ արդար): Եւ յայտնի է, որ արդարութեան Թագաւորը տիրապէս միայն մեր Տէր Յիսուս Քրիստոս է՝ փառքերի Թագաւորը, Ով Աստուծոյ կողմից արդարութիւն, սրբութիւն եւ փրկութիւն եղաւ մեզ համար եւ Ով Իր արդարութեամբ արդարացրեց մարդկային ազգին ու իրաւամբ դատապարտեց մեր կեանքի թշնամուն:
Երկրորդ՝ ըստ քաղաքի անուան, որը կոչւում էր Սէլիմ, այսինքն խաղաղութիւն: Այդ պատճառով երբ ասում ենք Շաղէմի արքայ, նոյնն է, թէ ասել՝ խաղաղութեան թագաւոր, որը մեր Փրկչի առանձնական կոչումն է եւ որը Ամովսածին մարգարէի կողմից վերօրհնուեց խաղաղութեան Իշխան, որովհետեւ Նա Իր խաչելութեամբ եւ արեամբ խաղաղութիւն բերեց երկնքում եւ երկրի վրայ:
Երրորդ՝ ըստ պատուի նշանակութեան, քանզի Մելքիսեդեկը թագաւոր եւ քահանայ էր, իսկ Քրիստոս ունէր գերագոյն թագաւորութիւն եւ քահանայութիւն՝ լինելով ըստ մարմնի Իր հօր՝ Դաւթի թագաւորութեան ժառանգ անվախճան թագաւորութեամբ եւ քահանայութեան Խորհրդակատար՝ Մելքիսեդեկի աղօտ ստուերագրութեամբ:
Չորրորդ՝ ըստ քահանայութեան կամ պաշտամունքի պատարագի ժամանակ ընծայաբերուող նիւթի նմանութեան, որովհետեւ Մելքիսեդեկի քահանայութեան ժամանակ չեն յիշատակւում զոհեր եւ ողջակէզներ անբան անասուններից, այլ նա խորհրդաբար հաց ու գինի բերեց, որը մատուցեց նախ՝ որպէս անարիւն պատարագ, որովհետեւ բարձրեալ Աստուծոյ քահանայ էր, եւ ապա նոյն նուիրական հացն ու գինին բաշխեց Աբրամին եւ նրա մարդկանց, որպէսզի բոլորը հաղորդ լինեն ու զօրանան: Այդպէս էլ Քրիստոս, մեզ համար ընծայելով Իր պատուական Մարմինն ու Արիւնը որպէս պատարագ երկնաւոր Հօրը, նոյնը հաստատեց հացի եւ գինու տեսակով՝ ի խորհուրդ սուրբ եւ անարիւն պատարագի եւ ի հաղորդութիւն անմահարար Սեղանի:
Հինգերորդ՝ ըստ երէցութեան կամ քահանայական կարգի աստիճանի՝ իբրեւ աւելի բարձրը, քան ղեւտականը, քանզի Մելքիսեդեկն՝ իբրեւ երիցագոյն եւ սրբազնագոյն քահանայապետ, օրհնեց ահարոնեան քահանայութեան արմատին՝ Աբրամին եւ նրա կողի մէջ՝ Ղեւիին ու ղեւտացիներին, որպէս վերինը ստորիններին ու բարձրը ցածրին: Եւ այս խորհրդով Աբրահամը տասանորդ տուեց նրան, որով էլ՝ ղեւտացիներին, ինչպէս որ առաքեալն է ասում: Սոյն առումով Քրիստոս ճշմարիտ քահանայապետը քահանայ կոչուեց ոչ թէ ըստ Ահարոնի կարգի, այլ՝ Մելքիսեդեկի, որպէսզի յայտնի լինի նրա գերագոյն լինելը ղեւտական քահանայութիւնից:
Վեցերորդ՝ ըստ քահանայութեան միակ եւ մշտնջենաւոր լինելու: Ինչպէս որ Մելքիսեդեկը միակն է, որ պարզապէս յիշատակւում է որպէս բարձրեալ Աստուծոյ քահանայ՝ առանց իր քահանայապետութեան մէջ նախորդների ու յաջորդների, նոյնպէս էլ Քրիստոս միակ եւ մշտնջենաւոր ճշմարիտ Քահանայապետն է, Ով ոչ որեւէ այլ քահանայի յաջորդեց, ոչ էլ այլ քահանայ կարող է յաջորդել Նրան: Քանզի ըստ Աստուծոյ տուած երդման՝ Նա քահանայ է յաւիտեան եւ կայ ու կը մնայ միայն Ինքը՝ որպէս կենդանի ու մշտնջենաւոր քահանայապետ մինչեւ յաւիտեան՝ երկրի վրայ ունենալով Իր Եկեղեցու քահանայապետերն ու քահանաները՝ իբրեւ փոխանորդներ, որոնք մատուցում են միայն այն պատարագը, ինչ որ մատուցեց Քրիստոս: Եւ Նա Իր անձը մատուցում էնրանց ձեռքով, որովհետեւ Նա Ինքը՝ Տէրն է խորհրդի Խորհրդակատարը, այսինքն քահանայագործութեան գլխաւոր Խորհրդակատարը սուրբ պատարագի ժամանակ, իսկ Քրիստոսի քահանաները պատարագիչներն են ի դէմս Նրա, որի համար սուրբ խորհրդի այն խօսքերը, թէ՝ այս է Իմ մարմինը, կամ՝ այս է Իմ արիւնը, չեն ասում ի դէմս իրենց, այլ Քրիստոսի:
Եօթերորդ՝ ըստ անյայտ ծագման կամ ծննդեան անճառելիութեան: Քանզի ինչպէս որ Մովսէսի կողմից չի պատմւում Մելքիսեդեկի ազգատոհմի մասին, թէ ովքե՞ր էին նրա հայրն ու մայրը, այդպէս էլ ու առաւել եւս Եսային է ասում Քրիստոսի համար, թէ՝ «Նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի»[25]: Եւ ըստ Պօղոսի ՝ սա անհամեմատելի օրինակով է ու խորին տեսութեամբ, քանզի ինչպէս որ Մելքիսեդեկի ազգատոհմի մասին չի պատմւում գրաւոր կերպով, այդպէս էլ իսկապէս անհնար է պատմել Քրիստոսի ազգատոհմի՝ Նրա Աստուածութեան անճառելիութեան եւ զարմանահրաշ մարդեղութեան մասին: Քանզի ըստ Աստուածութեան՝ նախքան յաւիտեանները Նա ծնուեց Հօրից՝ առանց մօր, իսկ ըստ մարդկութեան՝ ծնուեց ժամանակի մէջ Կոյս Աստուածամօրից՝ առանց հօր: Մելքիսեդեկը ոչ տիրապէս ասւում է՝ անհայր եւ անմայր, ազգատոհմ չունեցող, անյայտ պատմութեանը, թէպէտ իրապէս քանանացիների երկրից էր, այսինչ անուններով հօր եւ մօր որդի, բայց Քրիստոս ճշմարտապէս անհայր է ըստ մարմնի եւ անմայր՝ ըստ Աստուածութեան: Ուստի անկարելի է համարել Նրան սոսկ մարդկային ազգից, կամ համարել իբրեւ լոկ Աստուած, այլ Նա դաւանելի է որպէս կատարեալ Աստուած եւ մարդ, ճշմարիտ Աստուծոյ Որդի, նոյն եւ ճշմարիտ մարդու Որդի, որն անհաս տնօրէնութիւն է եւ խորհուրդների խորհուրդ:
Եւ ահա այս ամէնի համար Բարձրեալի քահանայ Մելքիսեդեկը ստուերային նմանութեամբ համեմատում են Աստուծոյ Որդու՝ մեր Քրիստոս Թագաւորի եւ յաւիտենական Քահանայապետի հետ:
Հարց. - Որտեղի՞ց էր Մելքիսեդեկը:
Պատ. - Հօր անունը Մելքի էր, իսկ մօր անունը՝ Սաղայ: Նա Սաղիմ քաղաքից էր: Մանկուց ընծայուեց կուռքերին, եւ Աստուծոյ հրեշտակը յափշտակելով մեծացրեց նրան անապատում՝ մինչեւ հասցրեց կատարեալ հասակի: Ապա խոնարհուեց Թաբօր լերան վրայ, եւ Ձեռքը, կարկառուելով նրա միջից, ձեռնադրեց նրան՝ ասելով. «Աստուծոյ Որդու նմանութեամբ այս Մելքիսեդեկը անհայր է, անմայր եւ չունի ազգատոհմ», քանզի պարզամիտ մանուկ լինելով ոչ ոք չէր ճանաչում նրան, եւ ոչ էլ նա էր ճանաչում մէկին, որովհետեւ քանանացի էր եւ օտար նրանց: Բնակւում էր Գողգոթայում, ուր Ադամի գերեզմանն էր: Ցանում էր իր ձեռքով եւ մշակում խաղողի շատ որթեր: Եւ երբ Աբրահամն եկաւ, նա ընդառաջ ելաւ նրան տաք բաղարջ հացով եւ գինով՝ յօրինակ տէրունական Խորհրդի: Եւ այնտեղ օրհնեց Աբրահամին ու տասանորդ առաւ նրա աւարից:
Հարց. - Ի՞նչ զանազանութիւններ կային Մելքիսեդեկի եւ Աբրահամի քահանայութիւնների միջեւ:
Պատ. - Մելքիսեդեկն ու Աբրահամը հաւասար են միմեանց երեք շնորհներով՝ քահանայութեամբ, թագաւորութեամբ եւ մարգարէութեամբ, որովհետեւ երբ Աբրահամը սեղան կանգնեցրեց, դա ցոյց է տալիս նրա քահանայութիւնը, երբ կոտորեց Քոդողգոմորի թագաւորներին, ցոյց տուեց, որ ինքը թագաւորների թագաւորն է, եւ երբ Աստուած խօսեց նրա հետ, ցոյց տրուեց նրա մարգարէութիւնը:
Նոյնպէս էլ Մելքիսեդեկը Շաղէմի թագաւորն էր, ինչպէս որ իր անունն է յայտնում, որովհետեւ Մելքի նշանակում է թագաւոր: Եւ քահանայ էր, որովհետեւ հացով եւ գինով պատարագ մատուցեց, ու նաեւ մարգարէ էր, որովհետեւ նա օրհնեց Աբրահամին:
Սակայն նրանք զանազանւում են իրենց պատարագներով, որովհետեւ նախ՝ Մելքիսեդեկն ուներ հացով ու գինով պատարագ, իսկ Աբրահամը չունէր:
Երկրորդ՝ Աբրահամը յետոյ պատարագեց կենդանիներ, որն Ահարոնի ժամանակաւոր պատարագի խորհուրդն ունէր, իսկ Մելքիսեդեկի հացի եւ գինու տեսակով պատարագը Քրիստոսի յաւիտենական պատարագի խորհուրդն էր:
Երրորդ՝ Աբրահամի պատարագը ուտւում է որպէս շնչաւոր եւ արիւնաւոր պատարագ, իսկ Մելքիսեդեկինն անաղտ է, որը մշտապէս ուտւում է որպէս անշունչ եւ անարիւն պատարագ:
Չորրորդ՝ Աբրահամինը ծնուած է սաղմով եւ ախտով, իսկ Մելքիսեդեկինը ծնուած է երկրից եւ սնուած երկնքում, որ պատշաճում է Ճշմարտութեանը՝ իջած երկնքից եւ ծնուած Կոյսից:
Հինգերորդ՝ Մելքիսեդեկը օրհնեց մարդկանց, ինչպէս Քրիստոս առաքեալներին եւ մեզ, իսկ Աբրահամը՝ ոչ:
Վեցերորդ՝ Մելքիսեդեկը պատարագ մատուցեց եւ տասանորդ ընդունեց, ինչպէս որ Քրիստոս է շնորհներ պարգեւում հաւատացեալներին եւ առնում կատարեալ տասնեակը ու բարի գործերը, կամ տասնաբանեայ օրէնքը տասը զգայարաններով:
Եօթերորդ՝ Մելքիսեդեկն անձամբ պատարագ մատուցեց քաղցածներին եւ ծարաւածներին: Այդպէս էլ Քրիստոս ոչ թէ հրեշտակների կամ մարդկանց միջնորդութեամբ, այլ անձամբ բաշխեց Իր Մարմինն ու Արիւնը քաղցածներին եւ ծարաւածներին:
Ութերորդ՝ ինչպէս որ Աբրահամը ճաշակեց Մելքիսեդեկի պատարագը եւ հաղորդ չեղաւ Սոդոմին, այդպէս էլ ովքեր հաղորդւում են Քրիստոսի Մարմնին, չեն մերձենում անթլփատ մարմինների զանազան ախտերին եւ դիւային զոհաբերութիւններին:
Իններորդ՝ Մելքիսեդեկի քահանայութիւնն ու պատարագն առաջինն էր եւ երկնաւոր էր, իսկ Աբրահաինը նրանից յետոյ էր եւ երկրաւոր: Այդ պատճառով մարգարէն ասում է. «Ճշմարտութիւնը երկրից բուսաւ», որ Աբրահամն է, եւ «արդարութիւնը երկնքից երեւաց»[26], որ Մելքիսեդեկն է, ըստ այն խօսքի, թէ նա «Բարձրեալ Աստուծոյ քահանայ էր»:
Տասներորդ՝ Մելքիսեդեկը ոչ միայն պատարագով, այլ նաեւ անունով ու տեղով Քրիստոսի օրինակն էր, որովհետեւ Մելքի թարգմանւում է թագաւոր, Սեդեկ՝ արդար, Սաղիմ՝ խաղաղութիւն: Եւ մեր Տէր Յիսուս Քրիստոս թագաւոր է յաւիտենական: Նա մեզ արդարութիւն գործեց եւ Աստծուն հաշտեցրեց մարդկանց հետ:
Այսքան զանազանութիւններ կան Մելքիսեդեկի եւ Աբրահամի քահանայութիւնների միջեւ:
«Դու յաւիտեան քահանայ ես, ըստ Մելքիսեդեկի կարգի»
Համեմատութիւն Մելքիսեդեկի եւ Քրիստոսի միջեւ
Նախ՝ ինչպէս որ Մելքիսեդեկը Քանանի մեղաւոր եւ անիծեալ ազգից էր, այդպէս էլ մեր Տէրը մարմին առաւ դատապարտուած մարդկային ազգից, ըստ այն խօսքի, թէ «Քրիստոս մեզ վերստին գնեց օրէնքի անէծքից՝ անէծք դառնալով մեզ համար»[27]:
Երկրորդ՝ Մովսէսի գիրքը Մելքիսեդեկին վկայում է որպէս առաջին քահանայ, ըստ այն խօսքի, թէ «Բարձրեալ Աստուծոյ քահանայ էր»[28]: Եւ ինչպէս Պօղոս առաքեալն է ասում. «մեր Անդրանիկը եւ առաջին Քահանայապետը մտաւ վարագոյրի ներքին կողմը»[29]:
Երրորդ՝ Մելքիսեդեկը քահանայ էր ոչ թէ իւղի մարմնաւոր օծմամբ, ինչպէս այլոց, այլ Հոգու անընդմիջաբար շնորհներով: Եւ Քրիստոս եւս օծեալ է ոչ թէ իւղի երեւութապէս օծմամբ, այլ օծեալ է ասւում Աստուծոյ Բանի հետ միաւորութեամբ, ըստ այն խօսքի, որն ասում է. «Դրա համար Աստուած՝ քո Աստուածն օծեց քեզ»[30]:
Չորրորդ՝ նման էին ըստ անուանակոչութեան, որովհետեւ Մելքի նշանակում է թագաւոր, եւ նա Շաղէմի թագաւորն էր, եւ Քրիստոս յաւիտենական թագաւոր է, ինչպէս որ հրեշտակն ասաց. «Նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»[31]:
Հինգերորդ՝ Սեդեկ նշանակում է արդար, եւ Տիրոջ համար էլ մարգարէն ասում է. «Դատաստանդ արքայի՛ն տուր, եւ արդարութիւնդ՝ թագաւորի որդո՛ւն»[32]: Եւ դարձեալ՝ «Նրա ձեռքի գործերն արդար են ու իրաւացի»[33]:
Վեցերորդ՝ Շաղէմը, որ Երուսաղէմն է, թարգմանւում է խաղաղութիւն: Եւ Քրիստոս թագաւորը վերին Երուսաղէմի նոյն խաղաղութիւնը տուեց առաքեալներին, որի մասին երգում էին հրեշտակները Նրա ծննդեան ժամանակ:
Եօթերորդ՝ Մելքիսեդեկն անհայր եւ անմայր էր ու չունէր ազգատոհմ, եւ մեր Տէրն անմայր էր երկնքում եւ անհայր՝ երկրի վրայ, եւ ինչպէս Եսայի մարգարէն է ասում. «Նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի»[34]:
Ութերորդ՝ Մելքիսեդեկը հաց եւ գինի մատուցեց Աբրահամին, եւ մեր Տէրն էլ աւանդեց նոյնը՝ Իր փրկչական Մարմինն ու Արիւնը:
Իններորդ՝ նա ոչ թէ իր ծառաների միջոցով, այլ ինքն ընդառաջ գնաց Աբրահամին եւ տուեց: Եւ մեր Տէրն էլ փրկեց մեզ ոչ թէ հրեշտակների, Սերովբէների ու Քերովբէների միջոցով, կամ ընտրեալ մարդկանց, նահապետների, մարգարէների, առաքեալների կամ մարտիրոսների միջնորդութեամբ, այլ Նա Ինքը խոնարհուելով առաւ մեր բնութիւնը եւ փրկեց մեզ:
Տասներորդ՝ ինչպէս որ Մելքիսեդեկը մատուցեց եւ տասանորդ առաւ Աբրահամից, նոյնպէս էլ մեր Տէրը հաւատացեալներին տուեց Իր կենարար Մարմինն ու Արիւնը եւ նրանցից էլ տասանորդ է խնդրում, այսինքն կատարելութիւն եւ տասնաբանեայ օրէնքի կատարում, որը տասը զգայարանների մաքրութիւնն է:
ԱԲՐԱՀԱՄ, ԻՍԱՀԱԿ ԵՒ ՅԱԿՈԲ
Հաւատի հայր եւ մեծ նահապետ Աբրահամը Նոյի տասնմէկերորդ եւ Ադամի քսաներորդ սերունդն էր: Նա սերում էր Սեմի սերնդից. Եբերի որդիներից քաղդէացի Թարայի որդին էր, որից առաջացան եբրայեցիները, այսինքն հրեաները: Նրա նախկին անունն Աբրամ էր, որ թարգմանւում է բարձր հայր: Հօր հետ բնակւում էր Ուր կոչուած քաղաքում՝ քաղդէացիների երկրում, որն ասորիների երկիրն է:
Թէպէտ այդ ժամանակներում երկրի վրայ կային աստուածաճանաչ եւ աստուածապաշտ մարդիկ, սակայն հաշուած թուով, որովհետեւ Ասորեստանի Նինոս նշանաւոր արքայի օրօք երկրի մեծ մասում, մանաւանդ մոգերի Քաղդէաստան երկրում, տարածուած էր անօրէն կռապաշտութիւնը եւ հեթանոսական բազմաստուածութիւնը: Քաղդէացի Թարան եւս մեծացել էր կռամոլ օրէնքներով եւ պաշտում էր ձեռագործ կուռքերին ու օտար աստուածներին: Իսկ նրա որդին՝ Աբրամը, որն ընտրեալ էր որովայնից, երբ հասաւ բարին եւ չարն ընտրելու հասակին, ներքուստ լուսաւորուելով Աստուծոյ Հոգով, իսկ արտաքուստ՝ Աստուծոյ գործերով, եւ նաեւ յաճախ նայելով երկնքին, որը պատմում է Աստուծոյ փառքի մասին՝ իբրեւ ամենահնար Ճարտարապետի ձեռքի գործ, միակ պաշտելի ճանաչեց ճշմարիտ բարձրեալ Աստծուն՝ երկնքի ու երկրի Արարչին, քանզի ուշիմ էր մտքով եւ կիրթ էր քաղդէացիների աստղաբաշխական գիտութեան մէջ:
Եւ այդպէս իմաստասիրելով արարածների Արարչին՝ ճանաչեց Աստծուն, փառաւորեց Նրան որպէս Աստուած, ողջ սրտով յարեց, սիրեց ու սրբութեամբ եւ արդարութեամբ պաշտեց իր Տէր Աստծուն ու իր կեանքի բոլոր օրերին երբէք իր սիրտը չհեռացրեց Նրանից: Եւ գուցէ ինքն էր, որ շահեց իր հօր, եղբայրների եւ ազգատոհմի սիրտը՝ թողնել սուտ կուռքերի պաշտամունքը, հեռանալ դիցամոլ քաղդէացիներից եւ գնալ փնտռել մի այլ վայր, ուր կը գտնէին ճշմարիտ աստուածգիտութիւն:
Արդ, թէ՛ սոյն խորհրդով, թէ՛ այլ ինչ պատճառներով, բայց առաւել Բարձրեալի տնօրինութեամբ եւ առաջնորդութեամբ Թարան վերցրեց իր որդիներին՝ Աբրամին եւ Նաքորին, ինչպէս նաեւ իր վախճանուած որդի Առանի որդուն՝ Ղովտին, Աբրամի կնոջը՝ Սարային, դուրս բերեց նրանց քաղդէացիների երկրից՝ Քանանի երկիրը գնալու համար: Նրանք հասան Խառան, որն ասորիների երկիր Միջագետքում է՝ մօտ Եդեսիային ու երկար տարիներ բնակուեցին այնտեղ: Թարան մեռաւ Խառանում, երկու հարիւր հինգ տարեկան հասակում, երբ Աբրամը եօթանասունհինգ տարեկան էր:
Այնժամ Աստուած հրեշտակի երեւելի տեսիլքով կամ երկնառաք ձայնով կանչեց Աբրամին՝ գնալ այն երկիրը, որը ցոյց կը տայ իրեն: «Հեռացի՛ր, - ասաց, - քո երկրից, եւ ոչ միայն քաղդէացիների երկրից, որտեղից հեռացար, այլեւ Խառանից, որտեղ սկսեցիր բնակութիւն հաստատել: Հեռացի՛ր քո ազգատոհմից, քո հօր տնից, որպէսզի քո զաւակների մէջ հեթանոսութեան հետքեր չմնան եւ գնա՛ այն երկիրը, որ ցոյց կը տամ քեզ: Ընտրելով ձեզ՝ քեզ ու քո իւրայիններին, Ինձ սեփական ժողովուրդ պիտի դարձնեմ, քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ՝ սերունդների բազմութեամբ եւ աստուածպաշտութեամբ: Պիտի օրհնեմ քեզ հոգեւոր եւ մարմնաւոր օրհնութեամբ, բարձրացնեմ քո անունը, եւ դու պիտի օրհնեալ լինես: Եւ ոչ միայն այսքանը, այլեւ պիտի օրհնեմ քեզ օրհնողներին ու պիտի անիծեմ քեզ անիծողներին, եւ քեզնով պիտի օրհնուեն աշխարհի բոլոր ժողովուրդները»:
Արդարեւ, մեծ էին մարդասէր Տիրոջ խոստումները, եւ յոյժ մեծ հրաւէր էր՝ ուղղուած Իր սիրելի Աբրամին: Այլեւ մեծ էր ներքին շնորհը, որով նրան դարձրեց Իր բարի եւ հաւատարիմ ծառան, որովհետեւ Աստուծոյ հետ բարեկամութիւնը դէպի վեր է տանում մարդուն: Այնքան մեծ էր Աբրամի միամիտ հաւատով եւ անկասկած յոյսով հանդերձ սէրն ու հնազանդութիւնը Աստուծոյ հանդէպ, որ պատրաստ էր իր հոգին ու շունչը նուիրել Նրան՝ ի ծառայութիւն: Այդ պատճառով յօժարամիտ եւ փութաջան եղաւ ոչ այնքան խոստումի պատճառով, որքան վառուած էր իր Տիրոջ կամակատարը լինելու յօժարութեամբ: Ուստի շտապեց դուրս գալ Խառանից եւ գնալ, ուր Տէրը կը կամենար: Ելաւ, որովհետեւ հրաման առաւ, սակայն չգիտէր, թէ ուր պիտի գնար: Նրա հետ էր եւ կինը՝ Սարան, ով ամուլ էր մարմով, սակայն՝ բիւրաբեղուն[35], բերրի հոգով, զարդարուած երկիւղածութեամբ եւ բարեպաշտութեամբ: Նրա հետ գնաց նաեւ իր եղբօր՝ Առանի որդի Ղովտը, որն աստուածպաշտ էր եւ ունէր Տիրոջ երկիւղը: Խառանում մնաց միայն Աբրամի եղբայրը՝ Նաքորը՝ իր ամբողջ տնով, որի համար այնուհետեւ Խառանը կոչուեց Նաքորի քաղաք:
Աբրամը հասաւ Քանանի երկիրը: Վրաններով շրջում էր այս ու այն կողմ, մինչեւ տեսնէր, թէ Տէրն ինչ կը հրամայէր իրեն: եւ Աստուած այնտեղ երեւաց նրան ու ասաց, որ այս երկիրը տալու է իր սերունդներին: Այդ տեղում Աբրամը զոհասեղան շինեց իրեն երեւացած Տիրոջ համար եւ միամիտ սրտով գոհացաւ Նրանից, քանզի անզաւակ էր ու չգիտէր, թէ ինչ սերունդ պիտի ունենար, որ ժառանգէր Աստուծոյ խոստացած երկիրը: Սակայն սպասում էր համբերութեամբ, որպէսզի ամէն բանում կատարուէր Աստուծոյ կամքը՝ ըստ Իր անսուտ խոստման: Եկաւ Բեթել, այնտեղ՝ լերան վրայ խփեց իր վրանը, Տիրոջ համար զոհասեղան շինեց ու կանչեց Տիրոջ անունը: Ապա գնաց, հեռացաւ ու վրաններով բնակուեց անապատում: Եւ երբ սով եղաւ երկրում, իջաւ Եգիպտոս, որ բնակուի այնտեղ պանդխտութեան մէջ, որտեղ եգիպտացիներին յայտնի եղան Աբրամի Աստուծոյ հանդէպ երկիւղածութիւնը եւ Սարայի բարեպաշտութիւնը: Յայտնի եղաւ նաեւ, որ Աստուած հովանի էր նրանց. Նա պատժեց փարաւոնին եւ նրա ընտանիքին, իսկ եգիպտացիներն ահով եւ մեծ պատուով արձակեցին նրանց: Այնտեղից Աբրամը իւրայիններով հանդերձ ուղղուեց դէպի անապատ, դարձեալ եկաւ Բեթել՝ զոհասեղանի մօտ, եւ կանչեց Տէր Աստուծոյ անունը:
Աբրամը շատ հարուստ էր անասուններով, արծաթով եւ ոսկով, ու նրա եղբորորդի Ղովտը եւս մեծ ստացուածք ունէր: Եւ երբ վէճ ծագեց նրանց հօտերի հովիւների միջեւ, Աբրամն իմաստութեամբ առաջարկեց Ղովտին, որ եթէ նա կամենում է մնալ այդտեղ, ինքը կը գնայ այլուր, իսկ եթէ կամենում է մեկնել, թող խաղաղութեամբ մեկնի: Եւ Ղովտն ընտրեց մեկնել ու բնակուել Սոդոմ քաղաքում, իսկ Աբրամը, որ իրեն պանդուխտ էր համարում երկրի վրայ, հաստատուն բնակավայր չընտրեց իր համար, այլ պանդխտութեամբ շրջեց Քանանի երկրում:
Ղովտի մեկնելուց յետոյ Աստուած դարձեալ ասաց Աբրամին. «Քո աչքերով նայի՛ր բոլոր կողմերին: Այդ ամբողջ երկիրը, որ տեսնում ես, յաւիտեան քեզ եմ տալու եւ քո սերունդներին: Քո յետնորդներին պիտի բազմացնեմ երկրի աւազի չափ: Եւ արդ, ե՛կ, շրջի՛ր այդ երկրում՝ իր երկարութեամբ ու լայնութեամբ, որովհետև այն քեզ եմ տալու»:
Եւ Աբրամն ուրախ եղաւ ոչ այնքան Աստուծոյ պարգեւի համար, որքան Պարգեւողի սիրոյ համար, որովհետեւ Տէրը գգւում էր նրան այնպէս, ինչպէս հայրն իր որդուն: Եւ Աբրամը որդիական սիրով ու հպատակութեամբ ճանապարհ ընկաւ, եկաւ Քեբրոն եւ Մամբրէի կաղնու մօտ Տէր Աստուծոյ համար զոհասեղան շինեց:
Այդ ժամանակ Աբրամը լսեց, որ հինգ թագաւորներ առել եւ բռնագրաւել են Սոդոմը եւ գերեվարել Ղովտին: Այնժամ հաւաքեց իր երեք հարիւր տասնութ ընդոծիններին եւ գիշերով հետապնդեց գերեվարողներին: Զօրացած Աստուծոյ հզօր Աջով՝ հարուածելով քշեցին նրանց, Աբրամը վերադարձրեց ամբողջ աւարը եւ Սոդոմի գերի բնակիչներին՝ այդ թւում նաեւ Ղովտին: Այնժամ Աբրամին ընդառաջ ելաւ Շաղէմի արքայ Մելքիսեդեկը՝ բարձրեալ Աստուծոյ քահանան, օրհնեց նրան եւ հաց ու գինի տուեց նրան եւ նրա ծառաներին: Աբրամն էլ թշնամիներից առած ողջ աւարից նրան տասանորդ տուեց իբրեւ Աստուծոյ քահանայի ու վերադարձրեց սոդոմացիների աւարն ու գերիներին: Եւ երբ սոդոմացիների արքան ասաց. «Բաւական է, որ վերադարձնես գերիներին: Տո՛ւր ինձ այդ մարդկանց, իսկ աւարը թող մնայ քեզ», Աբրամը, որ մեծահարուստ էր եւ աշխարհի հարստութեան կարիք չունէր, հաւատով պատասխանեց նրան. «Տարածում եմ իմ ձեռքերն առ բարձրեալն Աստուած, Ով ստեղծեց երկինքն ու երկիրը եւ երդւում եմ Նրա անունով, որ քեզ պատկանող ոչ մի բանից՝ թելից մինչև կօշիկի կապն անգամ ես չեմ վերցնի, որպէսզի չասես, թէ՝ ''ես հարստացրի Աբրամին''», եւ այսպէս ցոյց տուեց, որ ոչ թէ մարդը, այլ Աստուած էր, որ բարձր էր պահում նրա անունը, ինչպէս որ խոստացել էր:
Այսպիսին էր մեծ նահապետի հաւատքը ամէն բանում: Ուստի Աստուած գիշերային տեսիլքում դարձեալ երեւաց Աբրամին եւ ասաց նրան. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, Ես քեզ հովանաւոր պիտի լինեմ, եւ քո վարձը յոյժ մեծ պիտի լինի», այսինքն Ես Ինքս կը լինեմ քո վարձատրութիւնը, որովհետեւ դու Իմ ազնիւ ու հաւատարիմ ծառան ես: Տեսնելով Աստուծոյ մեծ սէրն ու գորովն իր հանդէպ՝ Աբրամը համարձակուեց ասել Նրան. «Տէ՛ր, Տէ՛ր, ի՞նչ ես անելու ինձ, չէ՞ որ ես անորդի կորչում եմ: Գիտեմ, որ ճշմարիտ են Քո խոստումները, բայց քանի որ ինձ զաւակ չտուեցիր, ուստի ինձ ժառանգելու է Եղիազար Դամասկացին՝ իմ ընդոծին Մասեկի որդին»: Եւ նրան իսկոյն հասաւ Աստուծոյ ձայնը, որն ասաց. «Նա չէ, որ ժառանգելու է քեզ, այլ քեզնից ծնուածն է ժառանգելու քեզ»: Աստուած դուրս հանեց նրան եւ ասաց. «Նայի՛ր երկնքին ու հաշուի՛ր աստղերը, եթէ կարող ես հաշուել դրանք: Ահա այդքան է լինելու քո սերունդը՝ անթուելի բազմութեամբ»: Եւ ինչպէս Սուրբ Գիրքն է ասում, Աբրամը հաւատաց Աստծուն, և այդ հաւատը իր համար արդարութիւն համարուեց, որն ըստ առաքեալի Աբրամի գովեստի գագաթնակետն է: Քանզի թէպէտ նա նայում էր իր ծերութեանը եւ Սառայի ամլութեանը, սակայն այդ ամենով հանդերձ՝ յոյսով եւ աներկբայ մտքով հաւատում էր Աստուծոյ խոստմանը: Աստուած նաեւ ասաց. «Ե՛ս եմ քո Տէր Աստուածը, որ քեզ դուրս բերեցի Քաղդէացւոց երկրից, որպէսզի այս երկիրը քեզ տամ որպէս ժառանգութիւն»: Եւ երբ Աբրամը խնդրեց Տիրոջը՝ յայտնել իրեն, թէ ինչպէս պիտի իմանայ, որ ինքն ու իր որդիները ժառանգելու են քանանացիների երկիրը, Աստուած նրան յայտնեց հրաշքի միջոցով, որ եղաւ նրա կողմից մատուցուած մէջտեղից կտրուած կենդանիների վրայ թռչունների իջմամբ եւ կտրատուած անդամների միջով անցնող հրի ճառագայթների փայլատակմամբ եւ յայտնեց, թէ եգիպտական ծառայութեան տակ ինչեր պիտի պատահեն նրա յետնորդներին օտար երկրում: «Պիտի դատաստան տեսնեմ, - ասաց, - նրանց չարչարողների հետ, ապա վերադարձնեմ նրանց ու բերեմ ամորհացիների եւ քանանացիների երկիրը»: Եւ այդ օրը Աստուած ուխտ հաստատեց Աբրահամի հետ՝ ասելով. «Քո յետնորդներին եմ տալու այդ երկիրը՝ եգիպտացիների գետից մինչև Եփրատ մեծ գետը»:
Տասը տարի քանանացիների երկրում Աբրամի պանդխտութեամբ ապրելուց յետոյ Սարան խորհուրդ տուեց Աբրամին՝ կնութեան առնել իր եգիպտացի աղախնուն, «որպէսզի, - ասաց, - նրա միջոցով որդի ունենամ»: Աբրամն անսաց Սարայի խօսքին, որ թերեւս կատարուի Աստուծոյ խոստումը: Եւ Աբրամն ութսունվեց տարեկան հասակում Հագարից ծնեց Իսմայէլին: Իսկ երբ Աբրամն իննսունինը տարեկան եղաւ, Տէր Աստուած երեւաց նրան եւ ուխտ հաստատեց նրա հետ՝ դարձնել բազում ազգերի հայր, փոխեց նրա անունը եւ ասաց. «Այսուհետեւ Աբրամ չես կոչուի, այլ Աբրահամ (որ նշանակում է բազմութեան հայր), որովհետեւ բազում ազգերի հայր եմ դարձնելու քեզ: Յոյժ պիտի բազմացնեմ քեզ, թագաւորներ պիտի ծնուեն քեզնից: Որպէս յաւիտենական ուխտ՝ Իմ ուխտը պիտի հաստատեմ Իմ եւ քո միջև, եւ քո սերունդների հետ, որով Ես պիտի լինեմ քո եւ քո սերունդների Աստուածը»[36]: Եւ այս խօսքերով Աբրահամը դարձաւ բոլոր հաւատացեալների հաւատի հայրը: Այդ օրը որպէս նշան առաւ նաեւ թլփատութեան ուխտը, որպէսզի գալիք սերունդները լինեն խոստման եւ հաւատի որդիներ: Աստուած փոխեց նաեւ Սարայի անունը՝ դարձնելով Սարրա եւ անուան աւելացած տառով նշանակեց նրան լինել մայր այնպիսի զաւակի, որով պիտի օրհնուեն ազգերն ու ժողովուրդները, քանզի ասաց. «Ես կþօրհնեմ նրան եւ նրա միջոցով քեզ զաւակ կը պարգևեմ, Ես կþօրհնեմ նրան, նա ազգերի նախամայր կը դառնայ, եւ նրանից ազգերի թագաւորներ կը ծնուեն»[37]:
Այնժամ Աբրահամն ընկաւ իր երեսի վրայ, ծիծաղեց իր մտքում՝ ասելով ինքն իրեն. «Գուցէ Տէրը կամենում է մխիթարել ինձ եւ Սարրային՝ նրանից զաւակ չունենալու համար: Այնինչ Հագարից ինձ որդի եղաւ, որը պիտի ժառանգ լինի ինձ»: Եւ Տէրն ասաց նրան. «Քո խնդրանքով Ես նրան կþօրհնեմ ու կը բազմացնեմ, բայց մէկ տարի յետոյ Ես քեզ որդի կը տամ Սարրայից: Նրա անունն Իսահակ կը դնես (որ թարգմանւում է ծիծաղ կամ խնդութիւն), եւ նա կը լինի Իմ ուխտի ու աւետման զաւակը»: Այդ խօսքերը հաստատեցին երեք հրեշտակները, որոնց Աբրահամն ընդունեց առանց ճանաչելու: Նրանք Իսահակի ծննդեան համար առաւել յայտնապէս աւետիս տուեցին Աբրահամին ու Սարրային: Եւ Աբրահամն իմացաւ, որ Տէրն Ինքը երեւաց ի դէմս հրեշտակներից մէկի, որը Աստուծոյ Բանի խորհուրդն ունէր եւ պէտք է մարմնով երեւար Աբրահամի սերնդից: Տէրն այդտեղ յայտնեց նաեւ Իր ցասումն առ այն, որ պիտի կործանի Սոդոմն ու Գոմորը, իսկ Աբրահամը թախանձելով միջնորդում էր, որ մեղաւորների հետ կորստեան չմատնուեն նաեւ արդարները, յատկապէս Ղովտի տունը, որովհետեւ կարծում էր, թէ գոնէ յիսուն կամ քառասուն, գէթ երեսուն կամ քսան եւ աւելի քիչ՝ տասը արդարներ կը գտնուեն քաղաքում: Եւ երբ իմացաւ, որ այդչափ արդարներ չկան, լռեց, սակայն երկու հրեշտակները, որոնք գնացին կործանելու Սոդոմը, ազատեցին Ղովտին եւ նրա ընտանիքին՝ առաւել Աբրահամի շնորհների համար:
Երբ Աբրահամը պանդուխտ էր Գերարայում, այնտեղ նրա կնոջ՝ Սարրայի պատճառով Աստուած պատուհասեց գերարացիների Աբիմելէքին թագաւորին եւ Աբրահամի աղօթքներով բժշկեց նրա ընտանիքին: Եւ Աստուծոյ սահմանած ժամանակին՝ Աբրահամի հարիւրերորդ տարում Սարրայից ծնուեց խոստացած աւետման զաւակը՝ Իսահակը, օրհնեալ զաւակը եւ ողջ աշխարհի օրհնութեան արմատը, քանզի նա իր սերնդից ելած մարդու Որդու եւ Աստուածորդու սկզբնապատկերն էր, ինչպէս որ հաւատի հայր Աբրահամն էր երկնաւոր Հօր պատկերը եւ օրինակը:
Եւ ո՞ր խօսքերը կարող են պատմել Աբրահամի ուրախութեան մասին Իսահակի ծննդեան համար: Նա տեսաւ ոչ միայն ժամանակին կատարուած խոստումները, այլեւ Աստուծոյ խորհուրդների կատարումը՝ աշխարհի Փրկչի իր սերնդից լինելու խոստումը, եւ ինչպէս Տէրն Ինքն է վկայում՝ Աբրահամը ցանկանում էր տեսնել Քրիստոսի աշխարհ գալու օրը[38]: Ահա նա տեսաւ եւ ուրախ եղաւ Իսահակով, որ ուրախութիւն է նաեւ ըստ իր անուան նշանակութեան: Իսկ երբ մեծացաւ զաւակը, նա տեսաւ նաեւ Աստուծոյ Գառի պատարագուելու խորհուրդը խաչի զոհասեղանի վրայ, երբ Տէրն իրեն հրամայեց զոհաբերել իր սիրելի միածին որդուն՝ Իսահակին: Եւ նա առանց որեւէ խօսքի շտապեց զոհաբերել որդուն, որի հետ պիտի կատարուէին Աստուծոյ բոլոր խոստումները: Կատարեալ հնազանդութիւն ցուցաբերելու համար Աբրահամն Աստուծոյ կողմից վկայուեց որպէս ճշմարիտ երկիւղած եւ աստուածասէր այր, ու Աստծուց կրկին օրհնութիւն ստացան թէ՛ ինքը, թէ՛ իր օրհնեալ զաւակը:
Արդ, որչափ մեծ էր Աբրահամի Աստուծոյ հանդէպ երկիւղածութիւնը եւ հնազանդութինը, նոյնքան էլ մեծ էր Իսահակինը, որովհետեւ երբ նա տեսաւ, որ հայրը կապել է իրեն եւ կամենում է զոհաբերել, իմանալով Աստուծոյ կամքը՝ հնազանդութեամբ կամակից եղաւ, որովհետեւ նա փոքր մանուկ չէր, այլ չափահաս մի պատանի: Եւ կարող էր ոչ միայն ազատուել ծերունի հօր ձեռքից, այլ եթէ կամենար, բազում պատճառներ ունէր ընդդիմանալու համար: Նա նման էր իր հօրը՝ հնազանդ, լի հաւատով ու Աստուծոյ երկիւղով: Այդ պատճառով Աստուած հրեշտակի միջոցով դարձեալ օրհնեց Աբրահամին Իսահակի համար եւ Իսահակին էլ օրհնեց Աբրահամի համար:
Սարրայի մեռնելուց եւ նրան քանանացիների երկրում թաղելուց յետոյ Աբրահամն իր տան հաւատարիմ հազարապետի՝ Եղիազարի ձեռքով Ասորական Միջագետքից իր որդի Իսահակի համար կին բերեց գեղեցկուհի կոյս Ռեբեկային, որը բնակւում էր Խառանում եւ Աբրահամի եղբօր՝ Նաքովրի որդի Բաթուէլի դուստրն էր: Իսահակը քառասուն տարեկան էր, երբ առաւ Ռեբեկային, որն իր հօրեղբոր որդու դուստրն էր:
Աբրահամն իր համար Քետտուրա անունով մէկ այլ կին առաւ, որից իր համար ծնուեցին վեց որդիներ՝ Եմրանը, Յեկսանը, Մադանը, Մադիանը, Յեսբոկը եւ Սովիւէն: Չենք թւում Հագարից ծնուած Իսմայէլի սերունդներին, այլ որպէսզի յայտնի լինէր, որ միայն Իսահակն է իր բուն ժառանգը, Աբրահամը պարգեւներ տուեց Քետտուրայի որդիներին եւ ճանապարհեց նրանց դէպի արեւելք: Նրանցից առաջացան մադիանացիները, պարթեւները եւ շատ այլ ազգեր՝ իրենց մեծ թագաւորութիւններով, Իսմայէլից էլ ելան իսմայէլացիները, Կեդարի բնակիչները եւ միւսները: Իսկ ինքը՝ Աբրահամը՝ Աստուծոյ բարեկամը, ազգութիւնների հայրը եւ բոլորի համար պատկառելի այրը, ապրելով իր կեանքի հարիւր եօթանասունհինգ տարիները, մեռաւ՝ հասնելով խոր ծերութեան: Իսահակը եւ Իսմայէլի որդիները նրան թաղեցին Սարրայի մօտ:
Եւ Աստուած օրհնեց Իսահակին ու կոչեց Իրեն Աբրահամի Աստուած եւ Իսահակի Աստուած: Նրան տուեց մարմնաւոր հարսութիւն, բայց առաւել՝ հոգու հարստութիւն, որովհետեւ նա աստուածասէր էր, հաճելի՝ Աստուծոյ աչքին ու պատուական բոլոր մարդկանց համար: Եւ քանի որ Ռեբեկան ամուլ էր, Իսահակն աղաչեց Տիրոջը նրա համար: Ռեբեկան յղացաւ երկուորեակ մանուկներ: Նրանք խաղում էին մօր որովայնում եւ բախւում իրար՝ մէկը միւսի ծնունդը կանխելով, քանզի իւրաքանչիւրը ցանկանում էր անդրանիկ լինել, որպէսզի ժառանգէր մեծամեծ աւետիսները, որ խոստացուել էին իրենց հայր Իսահակին: Եւ երբ Ռեբեկան հարցրեց Տիրոջը, Տէրն ասաց նրան. «Քո արգանդում երկու ցեղ կայ, քո արգանդից երկու ժողովուրդ պիտի ծնուի: Մի ժողովուրդը միւս ժողովրդին պիտի գերիշխի, եւ աւագը կրտսերին պիտի ենթարկուի»[39]: Ծնուեց անդրանիկ որդին՝ ամբողջովին շէկ, թաւամազ մորթով, որին հայրը Եսաւ կոչեց, ապա Եսաւի գարշապարից բռնած ծնուեց նրա եղբայրը, որպէս թէ պիտի իշխի եւ նուաճի նրան: Նրան էլ Յակոբ կոչեց:
Երբ նրանք մեծացան, Յակոբը հնար գտաւ՝ Եսաւից անդրանկութիւնը գնելու համար: Եւ դա արեց մօր գիտութեամբ, որն աւելի էր սիրում Յակոբին ու գիտէր, որ Աստուծոյ կողմից մեծ խոստումներ կան անդրանիկների համար: Իսկ Եսաւն անմտութեամբ եւ արհամարհանքով էժանագին ոսպապուրով վաճառեց իր անդրանկութիւնը, որով կորցրեց մեծ անդրանկութիւնը՝ ի խորհուրդ նրանց, որոնք արհամարհում են Աստուծոյ շնորհները: Եւ այդպէս Յակոբը, տնակեաց եւ խոնարհ այր լինելով, առաջ էր ընթանում առաւել սիրելի լինելով Աստծուն եւ մարդկանց, քան Եսաւը, որը զօրաւոր եւ վայրագ մարդ էր, մի հմուտ որսորդ, թէպէտ ինքը գլխովին որս եղաւ եւ շնորհ չգտաւ Աստուծոյ եւ մարդկանց առաջ:
Մինչ Իսահակն իր ողջ ընտանիքով բնակւում էր քանանացիների Երդման ջրհորի մօտ, երկրում երկրում սով ընկաւ, որի համար որոշեց Եգիպտոս իջնել, սակայն սպասում էր Աստուծոյ հրամանին: Եւ Տէրը երեւաց նրան ու ասաց. «Եգիպտոս մի՛ իջիր, այլ բնակուի՛ր այն երկրում, որտեղ քեզ ասացի: Իբրև պանդուխտ ապրի՛ր այս երկրում, որ Ես լինեմ քեզ հետ եւ օրհնեմ քեզ, որովհետեւ քեզ ու քո սերունդներին եմ տալու այս ողջ երկիրը: Ես հաստատ կը պահեմ այն երդումը, որ տուեցի քո հայր Աբրահամին: Ես բազմացնելու եմ քո սերունդները երկնքի աստղերի չափ, քո զաւակներին եմ տալու այս ամբողջ երկիրը, եւ քո սերունդների միջոցով օրհնուելու են երկրի բոլոր ազգերը ի հատուցում այն բանի, որ քո հայր Աբրահամը լսեց Իմ խօսքը, պահեց Իմ հրամանները, Իմ պատուիրանները, Իմ կանոններն ու օրէնքները»[40]:
Եւ Իսահակը գնաց Գերարա, փղշտացիների Աբիմելէք արքայի՝ իր հօր բարեկամի մօտ: Նա սերմանեց այդ երկրում եւ նոյն տարում էլ հարիւրապատիկ գարու բերք ստացաւ, որովհետեւ Տէրն օրհնել էր նրան: Նա հարստացաւ, ապա առաջադիմեց ու այնքան հարստացաւ, որ մեծահարուստ դարձաւ: Փղշտացիները նախանձեցին նրան, իսկ Աբիմելէքն ասաց. «Հեռացի՛ր մեր մօտից, որովհետեւ մեզնից շատ աւելի զօրաւոր եղար»: Եւ Իսահակը հեզութեամբ հեռացաւ այդտեղից, բազում վշտեր ու նեղութիւններ կրեց չար ու նախանձ մարդկանց կողմից, որոնք շատ անգամ խցանում էին նրա ջրհորները, իսկ նա դարձեալ փորել էր տալիս: Նա զօրանում էր անտրտունջ համբերութեամբ եւ ներողամտութամբ: Երբ Իսահակն այդտեղից գնաց Երդման ջրհորի մօտ, Տէրը երեւաց նրան ու ասաց. «Ես քո հօր Աստուածն եմ: Մի՛ վախեցիր, որովհետեւ Ես քեզ հետ եմ, Ես օրհնելու եմ քեզ, բազմացնելու եմ քո սերունդները ի սէր քո հայր Աբրահամի»[41]: Իսահակն այդտեղ զոհասեղան շինեց ու կանչեց Տիրոջ անունը: Ապա Աբիմելէք արքան եկաւ նրա մօտ եւ աղաչեց խաղաղութեան ուխտ հաստատել իր հետ, «որովհետեւ, - ասաց, - դու Տիրոջ օրհնած մարդն ես»:
Իսահակը ծերացաւ պանդխտութեան մէջ: Տկարացել էր նրա աչքի տեսողութիւնը, եւ չգիտէր, թէ երկուորեակ որդիներից որին պիտի հասնէին Աստուծոյ խոստումները, թէպէտ արժան էր համարում երէց եղբօրը: Ուստի Եսաւին հրամայեց գնալ որսի եւ որսի միս բերել, «որպէսզի, - ասաց, - ուտեմ եւ օրհնեմ քեզ, քանի դեռ ողջ եմ»: Բայց Յակոբը, ընդունելով իր մօր յորդորը, հնազանդուեց նրա խօսքին, որպէս անդրանիկ առաջ ընկնելով՝ կերակուր մատուցեց հօրը եւ իրաւունքով ստացաւ անդրանկութեան կատարեալ օրհնութիւնը, որը գնել էր իր եղբօրից:
Եսաւին օգուտ չտուեց իր ուշացած զղջումը, որովհետեւ Իսահակը յետ չվերցրեց Յակոբին չիմացութեամբ տուած իր օրհնութիւնը, որովհետեւ հասկացաւ, որ դա Աստուծոյ տնօրինութեամբ էր: Նա Յակոբին դարձրեց իր եղբօր տէրը եւ Աստուծոյ բոլոր խոստումների ժառանգորդը, իսկ Եսաւին՝ նրա ծառան: Այդ պատճառով Եսաւը հօր մահից յետոյ որոշեց սպանել Յակոբին, իսկ Յակոբը մօր յորդորով եւ հօր կրկին օրհնութեամբ հեռացաւ-գնաց Միջագետք՝ իր քեռի Լաբանի մօտ, մինչեւ կþանցնէր եղբօր ցասումը:
Ճանապարհին, երբ արեւն արդէն մայր էր մտել, նա քնեց մի տեղ ու տեսաւ երկինք բարձրացող սանդուղքի տեսիլքը, որով իջնում ու բարձրանում էին Աստուծոյ հրեշտակները, եւ Տէրը կանգնած էր սանդուղքի վրայ: Նա ասաց. «Նա ասաց. «Ես Տէրն եմ, քո հայր Աբրահամի Աստուածը եւ Իսահակի Աստուածը: Մի՛ վախեցիր, որովհետև այն հողը, որի վրայ քնել ես դու, քեզ եմ տալու եւ քո սերունդներին: Քո սերունդները երկրի աւազի չափ շատ են լինելու, տարածուելու են դէպի ծովակողմ, դէպի արեւելք, դէպի հիւսիս ու հարաւ: Քո շնորհիւ եւ քո սերունդների շնորհիւ օրհնուելու են աշխարհի բոլոր ազգերը: Ես ահա քեզ հետ եմ, որ պահպանեմ քեզ քո բոլոր ճանապարհներին, որոնցով գնալու ես: Քեզ վերադարձնելու եմ այս երկիրը, որովհետեւ քեզ չեմ լքելու, մինչև որ չկատարեմ այն ամէնը, ինչ խոստացել եմ քեզ»[42]: Մեծ ահով եւ խնդութեամբ Յակոբն արթնացաւ քնից ու ասաց. «Տէրն այստեղ է, իսկ ես չգիտէի, Ահարկու է այս վայրը, եւ սա այլ բան չէ, եթէ ոչ Աստուծոյ տունը, իսկ սա էլ երկնքի դուռն է»[43]:
Եւ վեր կենալով՝ վերցրեց այն քարը, որ դրել էր գլխի տակ եւ այն կանգնեցրեց իբրեւ կոթող եւ իւղով օծեց նրա գագաթը, որովհետեւ այդ պահին ձեռքին չունէր այլ բան՝ Աստծուն գոհութեան պատարագ մատուցելու համար: Նա այդ վայրը կոչեց Բէթէլ, այսինքն Աստուծոյ տուն եւ ուխտ արեց Աստուծոյ հետ, որ եթէ Նա յաջողութիւն տայ իր ճանապարհին եւ կարողանայ իր հօր տուն վերադառնալ, ապա այն քարը, որ կանգնեցրեց իբրեւ կոթող, իր համար Աստուծոյ տուն կը լինի եւ այն ամէնից, ինչ Տէրը կը տայ իրեն, տասանորդ կը տայ Աստծուն:
Այնուհետեւ Յակոբը, որ սրտով զուարթացել էր Աստուծոյ տեսիլքից, իր խորհուրդներով հաստատուեց սանդուղքի գլխին՝ իր Տէր Աստուծոյ մօտ, եւ ինքը, հրեշտակի նմանութեամբ ակնկալում էր վեր ելնել իր ժամանակին, երբ խոստացած Որդու ձեռքով կը բացուէր երկնքի դուռը: Եւ այդպէս, թէպէտ ապրում էր երկրի վրայ, սակայն իր գովելի կենցաղավարութեամբ երկնքում էր եւ իր պանդխտութեան բոլոր տառապանքների մէջ մխիթարւում էր նոյն աստուածային տեսիլքով ու խոստումներով:
Յակոբը մտաւ Խառան՝ իր մօրեղբայր ասորի Լաբանի տուն, սակայն հանգիստ չունեցաւ, այլ կրեց մշտական ծառայութիւն եւ չարչարանքներ, անդադար զրկանքներ ու նեղութիւններ: Որպէս հովիւ նա եօթ տարի ծառայեց Լաբանին, որպէսզի կնութեան առնի Լաբանի դուստր Ռաքէլին: Սակայն Լաբանը խաբեց նրան՝ կնութեան տալով Լիային, որը բարետես չէր, որպէսզի հարկադրուած եւս եօթ տարի ծառայէր Ռաքէլի համար: Յակոբը յանձն առաւ սիրով եւ հեզութեամբ, միայն թէ իրեն տար Ռաքէլին, որն օրէնքով իր առաջին նշանածն էր: Խառանում Յակոբի ծառայութեան տասնչորս տարիների ընթացքում նրա երկու կանանցից եւ նրանց երկու աղախիններից ծնուեցին տասնմէկ որդիներ, իսկ նրա Խառան գալու տասնչորսերորդ տարում Ռաքէլից, որը մինչ այդ ամուլ էր, ծնուեց առաջին զաւակը՝ Յովսէփը: Այնժամ Յակոբը կամեցաւ վերադառնալ իր հօր՝ Իսահակի մօտ: Սակայն երբ Լաբանը ստիպեց նրան ծառայութեան վարձի համար, Յակոբն ըստ գոյների առանձնացրեց իր հօտերը Լաբանի հօտերից եւ յանձն առաւ որոշ ժամանակ հովուել նաեւ նրանը, որ նա տեսնի, թէ որ հօտերն են բազմանում, եւ յայտնի լինի, որ արդար քրտինքով են իրեն հասնում այդքան հօտերը: Այսպէս ծառայեց եւս վեց տարի, եւ Յակոբի հօտերն աւելի բազմացան, քան Լաբանինը:
Լրացան Յակոբի Միջագետքում մնալու քսան տարիները, որոնցից տասնչորս տարի նա ծառայեց Լաբանի դուստրերի համար եւ վեց տարի էլ նրա հօտերի համար: Եւ երբ նա տեսաւ, որ իր բռնակալ աները թոյլ չի տալիս իրեն հեռանալ, առաւ իր ընտանիքն ու ողջ ունեցուածքը եւ գաղտնի խոյս տուեց նրանից: Իսկ Լաբանը նրան հետապնդելիս տեսիլքի մէջ յանդիմանուեց Աստուծոյ կողմից եւ ստիպուած մեղմութեամբ խօսեց Յակոբի հետ ու արձակեց նրան խաղաղութեամբ:
Եւ Յակոբը գնաց խաղաղութեամբ: Ճանապարհին նա տեսաւ Աստուծոյ հրեշտակների բանակը. նրան ընդառաջ եկան Աստուծոյ հրեշտակները, որով Աստուած նրան յայտնեց, թէ Աստուած Ինքն էր, որ պահեց իրեն եւ պահում է ամէն ժամ: Յակոբը զօրացաւ եւ հասկացաւ, որ Տէրն իրեն կը փրկի նաեւ իր եղբայր Եսաւի ձեռքից, որի համար խիստ մտահոգ էր: Նա Եսաւին հաշտեցնելու համար իր ծառաներին ընծաներով հանդերձ ուղարկեց նրան ընդառաջ՝ իրեն նրա ծառան կոչելով: Եւ օգնութիւն խնդրելով Աստծուց՝ մտահոգ ննջեց: Գիշերուայ մէջ արթնանալով՝ իր ծառաներին ուղարկեց իրենից առաջ, եւ ինքը մնաց մենակ: Եւ ահա ի դէմս Աստուծոյ Բանի՝ նրան մօտեցաւ հրեշտակ՝ մարդու Որդու կերպարանքով եւ մարտնչեց նրա հետ մինչեւ առաւօտ: Երբ հրեշտակը տեսաւ, որ Յակոբն անյաղթելի է, բռնեց Յակոբի ազդրի ջլերը եւ անզգայացրեց դրանք: Ասաց նրան. «Թո՛յլ տուր գնամ, որովհետեւ արդէն լուսանում է», եւ Յակոբը պատասխանեց. «Թոյլ չեմ տայ, որ գնաս, մինչեւ ինձ չօրհնես»: Եւ հրեշտակը Աստուծոյ կողմից օրհնեց նրան՝ փոխելով նրա անունը սքանչելի խորհրդով: «Այսուհետեւ, - ասաց, - թող քեզ Յակոբ չկոչեն, այլ թող քո անունը Իսրայէլ լինի, որովհետեւ դիմացար Աստուծոյ հետ մաքառելիս, ուստի մարդկանց նկատմամբ էլ ուժեղ եղիր»[44], քանզի Իսրայէլ թարգմանւում է «Աստծուն յաղթող», սակայն ընդհանրօրէն մեզ մօտ ստուգաբանւում է «աստուածատես»: Եւ երբ Յակոբը հարցրեց նրա անունը, ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը»՝ յայտնելով, թէ Աստուած անանուն է եւ անսահմանելի, սակայն օրհնեց նրան երկնաւոր օրհնութեամբ ու աներեւոյթ եղաւ: Յակոբն այդ տեղն անուանեց Փանուէլ, այսինքն «Երեւումն Աստուծոյ», «որովհետեւ, - ասաց, - դէմ յանդիման տեսայ Աստծուն, եւ փրկուեց հոգիս»: Եւ այս ամէնը ցոյց է տալիս Աստուծոյ մարդեղութեան խորհուրդը Յակոբի սերնդից:
Յակոբը հանդիպեց Եսաւին ու սիրով ողջագուրուեց նրա հետ, որովհետեւ իր խոնարհ երկրպագութեամբ նա յաղթեց Եսաւին ու շահեց նրա սիրտը: Ապա եկաւ սիկիմացիների Սաղէմ քաղաքը, բնակուեց քաղաքի դիմաց եւ ամորհացիների հայր Եմորից մի կալուածք գնեց, ուր խփեց իր վրանը: Այնտեղ նա զոհասեղան շինեց եւ երկրպագեց Իսրայէլի Աստծուն:
Այդ ժամանակաշրջանում Լիայի որդիները՝ Շմաւոնը եւ Ղեւին, իրենց քրոջ՝ Դինայի պատճառով կոտորեցին սիկիմացիներին՝ առանց իրենց հօր գիտութեան ու ընդդէմ նրա կամքի: Այս դէպքերից յետոյ Աստուած երեւաց Յակոբին, ու նա հրաման առաւ կոչուել Իսրայէլ, գնալ Բեթէլ, այնտեղ զոհասեղան շինել եւ սրբել իր ընտանիքը հեթանոսութեան բոլոր հետքերից, որոնց տիրացել էին ասորիների երկրում: Եւ Բեթէլ գալով, որտեղ նա տեսել էր սանդուղքի տեսիլքը, զոհասեղան շինեց: Աստուած դարձեալ երեւաց նրան, օրհնեց նրան նախկին օրհնութեամբ՝ ասելով. «Ես եմ քո ամենակարող Աստուածը: Աճի՛ր եւ բազմացի՛ր: Ցեղեր ու ցեղախմբեր պիտի ծնուեն քեզնից, եւ թագաւորներ պիտի ելնեն քո կողից»[45]:
Բեթէլից Եփրաթա գնալու ճանապարհին Ռաքելը մեռաւ Բենիամինին ծննդաբերելիս ու թաղուեց Եփրաթայի՝ նոյն ինքը Բեթլեհէմի ճանապարհի վրայ, որի համար նա խորհրդաբար համարւում է Բեթլեհէմի անմեղ մանուկների մայրը, որոնք կոտորուեցին Քրիստոսի ծննդեան ժամանակ:
Հասնելով Քեբրոն՝ Իսրայէլը ողջ գտաւ իր հայր Իսահակին: Դրանից յետոյ մեծ նահապետ Իսահակն ապրեց եւս տասնհինգ տարի ու հասնելով խոր ծերութեան՝ մեռաւ հարիւր ութսուն տարեկան հասակում: Նրան թաղեցին որդիները՝ Յակոբն ու Եսաւը, որոնք այդժամ անցել էին իրենց հարիւրամեան:
Այնուհետեւ Յակոբը բնակուեց Քանանացիների երկրում, այնտեղ, ուր պանդխտել էր իր հայրը: Ապրեց այդտեղ, մինչեւ Յովսէփի հետ կապուած դէպքերի աւարտը, որին եղբայրները վաճառեցին նախքան Իսահակի մահը: Եւ երբ Աստուած Եգիպտոսում բարձրացրեց Յովսէփին, նրա հրաւէրով Յակոբն իր ամբողջ տնով իջաւ Եգիպտոս, որտեղ ապրեց տասնեօթ տարի եւ այդտեղ էլ վախճանուեց հարիւր քառասունեօթ տարեկան հասակում: Հօր կողմից պատուէր ստանալով ու երդուած լինելով՝ Յովսէփը նրան փառքով բերեց Քանանացիների երկիրը եւ թաղեց այնտեղ՝ իր նախնիների մօտ, որպէսզի յայտնի լինի, որ դա այն երկիրն է, որն Աստուած խոստացաւ իր ժամանակին տալ Իսրայէլի որդիներին:
Այսպիսին էին այս երեք անձինք՝ աստուածամերձ նահապետները, բարձրեալ Աստուծոյ բարեկամները, Աբրահամը, Իսահակը եւ Յակոբը, Աստուածորդու նախահայրերը եւ հին ու նոր Եկեղեցու հիմնաքարերը, որոնց Աստուած չհամարեց նախատինք, այլ յաւերժական պարծանք՝ Իրեն նրանց Աստուած կոչելով եւ շատ յաճախ ասելով. «Ե՛ս եմ, Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը, Յակոբի Աստուածը...»:
Ի՞նչ խօսքեր վերագրենք Աստուծոյ ընտրեալներին ու աստուածային եւ գերմարդկային կենցաղավարութեամբ զարդարուած անձանց, եթէ ոչ երեք աստուածային կոչուած առաքինութիւններ, որոնք են՝ Աբրահամը որպէս հաւատի ճշմարիտ պատկեր ու հաւատի հայր, Իսահակը որպէս յուսոյ գեղեցիկ օրինակ, եւ Յակոբը որպէս Աստուծոյ հետ միաւորուած ամբողջովին աստուածային սէր, որովհետեւ Աստուած սէր է: Եւ ահա այսպիսի առաքինութիւնների հարազատ ծնունդը եղաւ միմիայն Յովսէփը՝ Յակոբի որդիներից ընտրեալը, բարեգործութիւնների օրինակը եւ սքանչելի աստուածապաշտը, նախնիների առաքինութիւնների հետեւորդը եւ որոշ բաներում իր հայրերին գերազանցողը:
Հարց. - Ովքե՞ր են Աբրահամի այն որդիները, որոնք համեմատուեցին աւազի հետ եւ ովքե՞ր՝ աստղերի հետ:
Պատ. - Աւազ են կոչւում նրանք, որոնք ալեկոծուած եւ ծանրացած են մեղքերով, ինչպէս Իսմայէլի որդիները, նաեւ նրանք, որոնք Իսահակից սերնդից էին, բայց վատթար ու խոտելի վարքով: Իսկ աստղերը Իսահակի պայծառ եւ երկնային ընթացք բռնած սերունդներն են, ինչպէս մարգարէները, քահանաները, ընտրեալ թագաւորները եւ այլն:
ԱԲՐԱՀԱՄԻ ՓՈՐՁՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
Աստուած փորձեց Աբրահամին՝ ասելով. «Ա՛ռ քո միակ որդուն եւ բեր, մատուցիր Ինձ որպէս ողջակէզ»:
Աստուած մարդուն ճանաչում է ոչ թէ փորձելով, քանզի «Նա, որ ստեղծել է նրանցից իւրաքանչիւրի սիրտը, հաշուի է առնում նրանց բոլոր գործերը»[46], այլ Աստուած փորձում է մարդուն, որպէսզի [Իրեն] յայտնել տայ նրան, ինչպէս Աբրահամի եւ Յակոբի դէպքում, մարդը փորձում է, որ ճանաչի, իսկ սատանան փորձում է, որ խաբի, ինչպէս նախաստեղծներին:
Ասաց. «Ա՛ռ քո միակ որդուն՝ քո սիրելի Իսահակին եւ ողջակիզի՛ր»: Սիրելի ասելով աւելի է շարժում ծնօղի գութը, սակայն ամենեւին չպղտորուեցին Աբրահամի խորհուրդները, չտրտմեց նրա սիրտը եւ չտխրեց դէմքը, այլ նա ազատ էր այդ ամէնից եւ Աստուծոյ հանդէպ մեծ սիրոյ համար զոհաբերեց որդուն, որի փոխարէն Հայր Աստուած գերագոյն սիրուց դրդուած տուեց Իր Որդուն՝ աշխարհի փրկութեան համար: Աբրահամի կատարեալ սէրն առ Աստուած յայտնի եղաւ Իսահակով՝ ըստ այն խօսքի, որն ասում է. «Այժմ համոզուեցի, որ դու երկիւղ ունես Աստուծոյ նկատմամբ եւ Ինձ համար չես խնայի քո որդուն»[47]:
ՅՈՎՍէՓ
Սքանչելի Յովսէփը, որն իր առաքինութիւնների համար սիրելի էր իր հայր Իսրայէլին առաւել, քան միւս տասնմէկ որդիները եւ դեռեւս մանկուց լի էր Աստուծոյ Հոգով, հասկացաւ աստուածային յայտնութիւնը, որը տեսաւ երազում, երբ տասնեօթ տարեկան էր եւ այն պատմեց իր եղբայրներին: Դրանով կանխատեսւում էր նրա մեծ փառաւորութիւնը, մինչեւ իսկ երկրպագուելը իր բոլոր եղբայրների եւ ծնօղի կողմից: Բայց քանի որ պէտք էր, որ Քրիստոսի օրինակով նախ չարչարուէր եւ ապա մտնէր փառքի մէջ, այդ պատճառով իր եղբայր Յուդայի խորհրդով վաճառուեց եղբայրների կողմից, որպէսզի հնազանդութեամբ կրէր ամէն տեսակ նեղութիւններ: Ինչպէս որ նախ նեղութիւնն է եւ ապա հանգիստը, այդպէս էլ նախանձութիւնը կից է արժանաւորների պատուին եւ սիրուն՝ նրանց նեղութիւն պատճառելու եւ հալածելու համար: Սակայն այդ իսկ է խոնարհների եւ համբերողների նշանը եւ առիթը, որոնց գլուխը Հնում ճանաչւում է Յովսէփը:
«Ո՞վ վաճառեց Յովսէփին», - հարցնում էր սուրբերից մէկը: Եւ ովքեր լսում էին նրան, պատասխանեցին. «Եղբայրները վաճառեցին»: Եւ նա ասաց. «Ո՛չ, նրան վաճառեցին հնազանդութիւնը եւ խոնարհութիւնը, որովհետեւ նա Տիրոջ նմանութեամբ նրանց առջեւ կանգնեց իբրեւ մորթուող գառ: Իսկ եթէ նա բողոքէր իրեն գնողներին ու ասէր, թէ՝ ես սրանց եղբայրն եմ, որոնք անիրաւութեամբ են վաճառում ինձ եւ կամ ասէր, թէ՝ ողջ է իմ հայրը, որը հարուստ եւ մեծանուն մարդ է, իսմայէլացիները յանձն չէին առնի գնել նրան, այլ գուցե ողջանդամ վերադարձնէին նրան Իսրայէլին եւ նրանից մեծամեծ պարգեւներ ստանային»:
Եգիպտոսում Յովսէփը որպէս գերի դարձեալ վաճառուեց եգիպտացիների փարաւոն արքայի դահճապետին եւ հօր տանից՝ օտարացած միայնակ մնաց այլազգիների մէջ: Սակայն նա մենակ չէր, որովհետեւ Տէրը նրա հետ էր: Ծնօղներից սիրուածն անմխիթար էր օտարների ձեռքում, սակայն նրա սիրտը մխիթարւում էր իր հօր՝ Իսրայէլի Տէր Աստծով: Ծնօղի սիրելի զաւակը Տիրոջ սիրոյ համար ծառայում էր օտար տիրոջը: Յակոբի ծաղկէ պատմուճանով զարդարուածը մէջքին սրբիչ կապած ծառայական խոնարհութեամբ սպասաւորում էր այլազգի եգիպտացուն, որտեղ պանդխտութեան նեղութիւնների համբերութեան մէջ փայլում էր բոլոր առաքինութիւններով՝ անխոնջ աշխատասիրութեամբ, հաւատարմութեամբ եւ առաքինութեամբ, որովհետեւ Աստուծոյ շնորհները նրա վրայ էին:
Եւ երբ նրա տէրն իմացաւ, որ Տէրը նրա հետ է, եւ ամէն բան, ինչ որ անում էր, Տէրը յաջողութիւն էր տալիս, նրան վերակացու կարգեց իր ամբողջ տան վրայ, որը Տէրն օրհնեց Յովսէփի շնորհիւ: Յովսէփը դէմքով յոյժ գեղեցիկ էր եւ վայելչակազմ, բայց նա առաւել գեղեցիկ էր հոգով եւ ունէր ներքին մարդու լուսափայլութիւն՝ ընդդէմ չարի խաւար խորհուրդների: Իսկ բանսարկուն, տեսնելով եղբայրների նախանձութիւնը, որ թելադրուել էր իր կողմից, բնաւ չվնասեց նրան, այլ առիթ դարձաւ նրա առաքինութեան վարձքի: Արդարին գայթակղեցնելու համար իր վրայ առաւ նախանձութիւնը որպէս մահուան զէնք: Ձեռքն առաւ իր հին զէնքը՝ կնոջը, եւ գրգռեց Յովսէփի տիրոջ կնոջը ընդդէմ պատանու: Բայց պիղծը զուր յարձակուեց եւ ամօթահար եղաւ իր գործակցով հանդերձ, որովհետեւ առաքինի Յովսէփը, որ սրբութեան անարատ հայելի էր, թոյլ չտուեց, որ պղծախոհի շունչն անգամ արատաւորի իր անձի սրբութիւնը: Երեսը շրջած՝ իրենից հեռացնելով մերժում էր տիկնոջ անօրէն հրապոյրները եւ Աստուծոյ խօսքի հատու սուսերով մէջտեղից կտրում թունաւոր օձին: Ասում էր՝ «Ինչպէ՞ս կարող եմ անել այդ չար ու սոսկալի բանը եւ մեղանչել Աստուծոյ առաջ»: Թող առաքինի անձինք սովորեն հրարձակել այս երկսայրի սուրը չարի փորձութիւնների դէմ եւ անմիջապէս աջ ու ձախ կտրեն մեղքի փտած ընձիւղները՝ ճանաչելով չարին որպէս մերժելի եւ փախչելի: Արդ, ինչ հակառակ է Աստուծոյ օրէնքներին, այդ իսկ է մեղքը: Այնուհետեւ սատանան, գործադրելով իր վերջին ճիգերը, կնոջ ձեռքերով բռնեց արդարի հանդերձներից եւ կարծեց, թէ անճողոպրելիօրէն կը բռնի նրան մեղքերի թակարդների մէջ: Իսկ ի՞նչ արեց նահատակը՝ փախաւ ինչպէս հրից: Թողնելով իր հագուստը որսողի ձեռքում՝ փախաւ նրա ձեռքից, որպէսզի գարշահոտութիւնը, որով շաղախուել էին նրա հանդերձները, չանցնի իր սուրբ հոգուն: Փախչելով վանել եւ մերկամարմին ըմբշամարտութեամբ մնալ անորսալի. ահա գեղեցիկ յաղթանակ, որը Տիրոջից է, քանզի Նա է Իր զօրականների հանդիսադիրը, Նա է, որ շնորհների պատմուճան է հագցնում նրանց, դնում փառքի պսակը եւ արքայութեան գաւազան դնում ձեռքին, ինչպէս Յովսէփին: Սակայն Նա կամեցաւ, որ Իր սիրելուն առաքինի ճգնութեամբ անցկացնի բոլոր մրցապայքարներով եւ բազմայաղթ պայքարների համար զարդարի նրան բազմաթիւ պսակներով: Ուստի նոյն օրը չյայտնեց Յովսէփի անմեղութիւնը, այլ թոյլ տուեց, որ չար տիկնոջ չարախօսութեամբ անպարտը՝ որպէս մեղապարտ, բանտ նետուի: Երանի եմ տալիս արդարութեան ճանապարհին յանիրաւի բանտարկուած Յովսէփին, քան թէ իրաւամբ փարաւոնի երկրորդ գահին վերաբազմողին, որովհետեւ բանտի խուցը նրա համար եղաւ առաքինութեան դպրատուն, ճշմարտութիւնը քարոզելու աթոռ եւ մարտիրոսութեան վկայարան, իսկ միւս պատժուողների համար՝ ճշմարտութեան վարդապետարան եւ աստուածային դպրութեան վայր, քանզի ինչ որ հարցնում էին նրան դիմողները, իբրեւ Աստուծոյ բերանից լսում էին իրենց խնդիրների անվրէպ լուծումները: Մինչեւ անգամ բանտապետը, որը Յովսէփի տէրն էր, յօժարութեամբ եւ սիրով ծառայում էր նրան՝ ողջ իշխանութիւնը յանձնելով նրա ձեռքը, որովհետեւ նրա հետ էր աշխարհի Տէրը:
Այստեղ խորհուրդ եմ տեսնում խաչեալ Տիրոջ աջ ու ձախ կողմերի աւազակների եւ Յովսէփի բանտակիցների՝ տակառապետի ու եգիպտացիների արքայի մատակարարի մէջ, որոնցից մէկն արդար մարդու Աստծուց ցոյց տրուած երազների մեկնութեամբ եւ խօսքով պէտք է հասնէր ազատութեան, իսկ միւսը՝ մահուան: Այնտեղ աջակողմեան աւազակն աղաչեց Փրկչին՝ յիշել իրեն երբ գայ Իր թագաւորութեամբ եւ նոյն օրը հրաւիրուեց Դրախտ մտնելու Իրեն ուղեկից լինել, այստեղ էլ Յովսէփն աղաչեց տակառապետին՝ յիշել իրեն յաջողութեամբ ազատուելու դէպքում, սակայն չստացաւ խնդրանքը: Մոռացութեան մատնուեց մարդկանց կողմից, որ Տէրն Ինքը յիշէր Իր սիրելուն եւ յիշել տար պատեհ ժամանակին, որպէսզի բանտից ելքը լինէր փառքով եւ ոչ լռելեայն, ինչպէս որ եղաւ երկու տարի անց. փարաւոնը Աստծուց երազ տեսաւ, որի մեկնութիւնը տրուած չէր որեւէ մէկի, այլ միայն Յովսէփին:
Եւ եկաւ ժամը, որ փառաւորուի Իսրայէլի որդին, եւ Իսրայէլը՝ նրա հետ, որովհետեւ Տէրը գիտէ փորձութիւններից փրկել աստուածապաշտներին եւ փառաւորել Իրեն փառաւորողներին: Տէրը փորձութեան ենթարկեց Յովսէփին, ինչպէս ոսկին է փորձւում բովի մէջ, արժանաւոր համարեց Իրեն ու արքունի փառքին, որպէսզի լուսաւոր ճրագը չմնայ անօթի տակ, այլ դրուելով աշտանակի վրայ՝ լուսաւորի եգիպտացիների կարծեցեալ իմաստուններին եւ իր հօր՝ Յակոբի տունը:
Տե՛ս, թէ որն է հաւատարիմ ծառայութեամբ փառքի մէջ վեր ելնելու աստիճանը, քանզի դահճապետի տան մէջ բարի տնտես լինելով՝ ծառան նրա տան վերակացուն եղաւ, բանտում բանտարկեալը բանտապետ եղաւ, եւ ապա երեսնամեայ հասակում վերակացու ընտրուելով փարաւոնի տանը՝ եղաւ Եգիպտոսի կառավարիչ, երկրի փրկիչ եւ փարաւոնի հայր: Հասաւ թագաւորական պատուի, սակայն նրա յոյժ մեծ խոնարհութիւնը ծայրագոյն բարձրութեան էր: Զարմացած եմ այն բանի վրայ, որ Եգպիտոսի եօթ առատ տարիների ընթացքում այդպիսի փառքի հասած Յովսէփը, չէր յայտնում իր անձը. դեռեւս համբերելով օտարութեանը՝ աւետաւոր չէր ուղարկում ծեր հօր մօտ՝ գալու եւ տեսնելու իր փառքը եւ հասկանալու այն երազի խորհուրդը, որի համար մարգարէաբար սաստում էր իր սիրելի որդուն, թէ՝ «Այդ ի՞նչ երազ է, որ տեսել ես: Հիմա ես, քո մայրը և եղբայրները պիտի գանք եւ երկրպագե՞նք քեզ»: Արդ, թէպէտ Յովսէփը երբէք չընթացաւ փառքի ետեւից, բայց փառքը գնաց նրա յետեւից եւ հասաւ նրան:
Երբ շարունակւում էին սովի եօթ տարիները, Յովսէփի եղբայրները իրենց հօր խօսքով իջան Եգիպտոս՝ Յովսէփից ցորեն գնելու համար եւ այդպէս, առանց իմանալու եւ ակամայից, եկան Յովսէփի առաջ, երկրպագեցին եւ նրա ծառաներ կոչեցին ոչ միայն իրենց, այլեւ իրենց հօրը՝ Իսրայէլին: Յովսէփը, որ փառաւորուեց իր եղբայրների կողմից, դեռեւս ամուր էր պահում իրեն՝ չյայտնելու իր անձը, որպէզի անձնացոյց չլինէր, այլ եղբայրները ճանաչէին իրեն, սակայն նրանք անակնկալ հանդիպումից չկարողացան ճանաչել իրենց հարազատին: Եւ այդպէս Յովսէփը , որ ճանաչում էր իրեն չճանաչողներին եւ սիրում էր իրեն չսիրողներին, խորովւում էր գորովագին եւ սիրատոչոր: Ապա որոշեց եղբայրական խրատի խաղ խաղալ, որը միանգամից կը բացէր նրանց աչքերը, եւ այդպէս փորձեց զգաստացնել նրանց միտքը: Ամենից առաւել նեղութեան մէջ գցեց Շմաւոնին, որպէսզի նախ եղբայրատեացութեան առաջնորդին տանի եղբայրճանաչողութեան եւ ապա նրանով առաջնորդի միւսներին: Երբ տեսաւ, որ պաշարուած են նրանց մտքերը, պատճառաբանութեամբ բերել տուեց իր հարազատ կրտսեր եղբօրը՝ Բենիամինին, որ թերեւս համամայր եւ աննախանձ եղբայրը ճանաչի իր նախանձելի եղբօրը: Բայց նա եւս չճանաչեց՝ պաշարուած լինելով տարածուած չար լուրերով, թէ իր աւագ եղբայրը գազաններին կեր է դարձել: Այնժամ Յովսէփն իրեն յայտնապէս ճանաչել տուեց, որպէսզի նրանք չափից աւելի չնեղուեն մեծ վարանումներով: Յովսէփն իր եղբայրներին ասաց. «Ես եմ Յովսէփը», ասես հասկացնելով, թէ՝ «Ես եմ այն տառապեալ Յովսէփը, որ փոքրն էի ձեր մէջ ու ձեր աչքին՝ անպիտան, բայց Տէրն ինձ պիտանի դարձրեց եւ փառաւորեց այսպէս, ինչպէս որ տեսնում էք: Սակայն ես նոյնն եմ եւ չեմ փոխուել, որովհետեւ չեմ հպարտացել փառքով ու հարստութեամբ, եւ ինքս իմ աչքին դեռեւս անպիտան եմ»: Յովսէփը կարող էր ասել առաւելը, քան այս խօսքերը, սակայն զգուշացաւ, որպէսզի չամաչեցնի իր եղբայրներին եւ չտոչորի նրանց, այլ միայն յայտնեց իր սրտի կսկիծը՝ ասելով. «Արդարեւ, դեռեւս կենդանի՞ է իմ հայրը»: Սակայն նրանք դարձեալ չէին կարողանում պատասխանել նրան, որովհետեւ խռովքի էին մատնուել նրա ներկայութիւնից եւ մտքերի ալեկոծ ծփանքներից ապշահար եղել:
Այնժամ լցուած խանդաղատանքով՝ Յովսէփը նրանց՝ որպէս իր հարազատների համարձակութիւն տուեց մօտենալ իրեն, սիրով քաջալերեց եւ սրտապնդեց նրանց՝ ասելով. «Ես ձեր եղբայր Յովսէփն եմ, որին դուք վաճառեցիք Եգիպտոս տանելու համար: Բայց դուք մի՛ տրտմէք, մի՛ նեղուէք, որ ինձ վաճառել էք այստեղ բերելու համար, որովհետեւ Աստուած ձեզ փրկելու համար է ձեզնից առաջ ուղարկել ինձ այստեղ, որ երկրի վրայ պահպանի ձեր սերնդին եւ կերակրի ձեզ: Արդ, ոչ թէ դուք էք ինձ ուղարկել այստեղ, այլ՝ Աստուած: Նա ինձ դարձրեց փարաւոնի տան գործերի վերակացուն, նրա ողջ տան տէրը եւ եգիպտացիների ամբողջ երկրի իշխանը: Արդ, շտապ գնացէ՛ք իմ հօր մօտ եւ Աստուծոյ մարդու՝ ծեր հօր սրտի ուրախութեան համար եւ ոչ թէ ի պարծանս իմ, ասացէ՛ք նրան, թէ «Այսպէս է ասում քո որդի Յովսէփը. Աստուած ինձ եգիպտացիների ամբողջ երկրի տէր է դարձրել: Արի՛, իջի՛ր ինձ մօտ եւ մի՛ դանդաղիր»: Յովսէփն այսպէս հոգում էր ծնօղի համար, սակայն առաւել հոգում էր եղբայրների համար, որպէսզի տրտմութեան պատճառով չընկնեն իր հետ կապուած վատ յիշողութիւնների մէջ, որի համար դարձեալ պատուիրեց նրանց՝ ասելով. «Ճանապարհին չվիճէք»:
Ինչպէս որ Տէրը յայտնել էր տեսիլքով, Իսրայէլն իր ամբողջ ընտանիքով ճանապարհ ընկաւ դէպի Եգիպտոս: Յովսէփը փառքով եւ կառքերով Քաջաջ քաղաքի մօտ ընդառաջ գնաց իր հօրը: Ընկաւ նրա պարանոցին, եւ մեծ ուրախութիւնից լաց եղան: Եւ Իսրայէլը Յովսէփին ասաց. «Այսուհետեւ կարող եմ մեռնել, որովհետեւ տեսայ քո երեսը, եւ դու տակաւին կենդանի ես»: Յովսէփը գնաց ու պատմեց փարաւոնին եւ իր հօր տունը բնակեցրեց Գեսեմ բարեբեր երկրում:
Երբ մօտեցան Իսրայէլի մահուան օրերը, Յովսէփը նրա խնդրանքով երդուեց չթաղել իրեն Եգիպտոսում, այլ աւետեաց երկրում՝ Քանանացիների երկրում՝ իր հայրերի մօտ: Իսրայէլը խոնարհուեց իր գաւազանի գլխի վրայ, այսինքն ծերութեան պատճառով գաւազանին հենուելով՝ խոնարհեցրեց իր գլուխը մինչեւ գաւազանի վերին ծայրը՝ այդ կերպով խոնարհուելով Յովսէփին, որն իր որդիների մէջ իբրեւ գաւազանի ստորին ծայրն էր: Կատարուեց Յովսէփի երազը, քանզի իր աստղահոյլ եղբայրներից յետոյ իրեն երկրպագեց նաեւ արեգակնափայլ հայրը, որը իր զաւակից ծնուած բոլոր սերունդների երկրպագութիւնն էր Իսրայէլի Փրկչին, որովհետեւ Յովսէփը Յիսուս Փրկչի օրինակն էր: Նա փարաւոնի կողմից կոչուեց Փսոմփթոմփանէ, որ նշանակում է աշխարհի փրկիչ:
Իսկ Յակոբը՝ նոյն Իսրայէլը, որ կրտսերութիւնից անդրանկութիւն էր ստացել, տեսնելով, որ Յովսէփը՝ իր որդիներից կրտսերը, գերապատիւ եղաւ Աստուծոյ եւ մարդկանց կողմից, Յովսէփի Ասանէթից ծնուած երկու որդիներին՝ Մանասէին եւ Եփրեմին օրհնելու ժամանակ, իր աջը դրեց կրտսեր որդու վրայ, իսկ ձախը՝ աւագ որդու եւ ասաց. «Իսրայէլը թող ձեր միջոցով օրհնեալ լինի: Թող ասեն. ''Աստուած քեզ հետ թող վարուի այնպէս, ինչպէս Եփրեմի ու Մանասէի հետ''»[48]: Եւ նա Եփրեմին աւելի առաջ դասեց, քան Մանասէին:
Յակոբը կանչեց նաեւ իր տասներկու որդիներին եւ մարգարէական հոգով օրհնեց նրանց՝ իւրաքանչիւրին իրեն արժանի օրհնութեամբ, որոնց մէջ ամէնից պանծալին Յուդային տուած այն օրհնութիւնն էր, թէ՝ Քրիստոս պիտի լինէր նրա սերնդից, որի ժամանակ պիտի օրհնուեն բոլոր ազգերը: Եւ միայն նրանից յետոյ փափագելի օրհնութեան ժառանգ եղաւ Յովսէփը՝ բոլոր եղբայրների մէջ իր նախանձելի առաքինութեան համար:
Իսրայէլի վախճանից եւ թաղումից յետոյ եղբայրները գալով Յովսէփի մօտ՝ ընկան նրա ոտքերը եւ որպէս իրենց հօր բերանից թողութիւն խնդրեցին նրանից անցած դէպքերի համար: Եւ Յովսէփը, որ հեզ էր ու անյիշաչար, լաց եղաւ ասուած խօսքերի համար, ու երբ նրանք ասացին. «Ահա մենք քո ծառաներն ենք», Յովսէփը քաջալերեց նրանց եւ ասաց. «Մի՛ վախեցէք, որովհետեւ ես էլ Աստուծոյ մարդն եմ եւ աստուածսիրութեամբ եւ եղբայրասիրութեամբ ձեր ծառայակիցն եմ: Դուք մտածեցիք ինձ չարիք պատճառել, բայց Աստուած իմ հանդէպ բարի եղաւ, ինչպէս որ եղաւ այսօր , որովհետեւ ես մարդկանց մեծ բազմութիւն կերակրեցի: Մի՛ վախեցէք, ես կը կերակրեմ ձեզ եւ ձեր ընտանիքներին»[49]: Եւ այդպէս մխիթարեց ու սփոփեց նրանց:
Յովսէփն ապրեց երկար տարիներ եւ ծերացաւ: Նա Իսրայէլի որդիներին՝ իր եղբայրներին եւ նրանց զաւակներին ասաց. «Ահա ես մեռնում եմ: Թող Աստուած այցելի ձեզ, դուրս բերի այս երկրից ու տանի այն երկիրը, որ Աստուած երդուեց տալ մեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին եւ Յակոբին»[50]: Եւ երդուեցրեց նրանց, որ այն ժամանակ, երբ Աստուած Իսրայէլի որդիներին դուրս կը բերի Եգիպտոսից, այդտեղից տանեն նաեւ իր ոսկորները: Յովսէփը վախճանուեց հարիւր տասը տարեկան հասակում: Նրան թաղեցին Եգիպտոսում ու դրեցին տապանի մէջ, մինչեւ որ բազում տարիներ անց, երբ Մովսէսը Եգիպտոսից դուրս բերեց Իսրայէլի որդիներին, իր հետ վերցրեց նաեւ Յովսէփի ոսկորները, որոնք յետոյ թաղուեցին Սիկիմում:
ՅՈՎՍԷՓԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹԻՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԵՏ ԸՍՏ ԲՆԱՒՈՐԱԿԱՆ ՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԵՒ ԳՈՐԾԵՐԻ
Նախ՝ Յովսէփը գեղեցկատես էր: Եւ մեր Տէրն էլ գեղեցիկ էր տեսքով, քան բոլոր մարդկանց որդիները, որովհետեւ «Իմ եղբօրորդին սպիտակ է եւ կարմիր՝ ընտրեալ բիւրաւորներից»[51], այսինքն մարդացեալ Աստուած է:
Երկրորդ՝ եղբայրներն ատում էին Յովսէփին, բայց հայրը սիրում էր նրան: Նոյնպէս էլ սատանան ատում էր մարդկային բնութիւնը, որովհետեւ արարուեց Աստուծոյ պատկերով: Եւ հրեաներն էլ ատում էին Քրիստոսին, որովհետեւ Հայրը վկայեց, թէ. «Դա է Իմ սիրելի Որդին»:
Երրորդ՝ Յովսէփը գուբ մտաւ ու ապրեց: Եւ Քրիստոս մարմնով գերեզման եւ հոգով դժոխք մտաւ ու վերացրեց մահը եւ ապականութիւնը:
Չորրորդ՝ Յովսէփը պոռնիկ կնոջ[52] փոխարէն առաւ գեղեցիկ կոյս Ասանէթին: Նոյնպէս էլ մեր Տէրը շնացող հրեայ ազգի փոխարէն ընդունեց կոյս Եկեղեցուն եւ Իր սուրբ ժողովրդին:
Հինգերորդ՝ Յովսէփն իր հօր տանն ազատ էր, իսկ Եգիպտոսում ծառայ եղաւ: Այդպէս էլ մեր Տէրը ազատ էր երկնքում՝ Իր Հօր մօտ, բայց երկրի վրայ ծառայ եղաւ ու ծառայի կերպարանք առաւ:
Վեցերորդ՝ պոռնիկ կինը չկարողացաւ յաղթել առաքինի Յովսէփին: Եւ դժոխքն էլ չկարողացաւ յաղթել մեր Տիրոջը, այլ Նա անարգել դուրս եկաւ այնտեղից Իր հաւատացեալներով:
Եօթերորդ՝ Յովսէփը մխիթարում էր բանտարկեալներին: Եւ մեր Տէրն էլ լոյս ծագեցրեց դժոխքի բանտում:
Ութերորդ՝ երկու երազատեսներից մէկին Յովսէփը կեանք տուեց, միւսին՝ մահ: Եւ մեր Տէրն էլ երկու աւազակներից մէկին փառքի մէջ մտցրեց, միւսին՝ դատապարտութեան:
Իններորդ՝ ինչպէս որ ուլը մորթուեց, եւ Յովսէփը փրկուեց, այդպէս էլ մեր Տէրը, որ մեռաւ մարմնով, միշտ կենդանի է Աստուածութեամբ:
Տասներորդ՝ հայրը Յովսէփին ուղարկեց՝ տեսնելու իր եղբայրներին, որոնք հովիւներ էին ու նրանից աւագ, ապա վաճառուեց Յուդայի խօսքով, իսկ յետոյ եղաւ երկրի տէրն ու կերակրողը: Նոյնպէս էլ Քրիստոս եկաւ Իր եղբայրների՝ Դաւթի, Աբրահամի որդիների ու ժողովրդի առաջնորդների մօտ, Յուդան վաճառեց Նրան, ապա եղաւ ողջերի ու մեռելների Տէրը եւ նրանց կերակրողը, որովհետեւ ազատեց հոգիներին դժոխքի սովից:
Տասնմէկերորդ՝ Յովսէփը տասնհինգ տարեկանում վաճառուեց երեսուն դահեկանով, ինչպէս որ գրուած է Կտակարանում: Եւ մեր Տէրն է վաճառուեց երեսուն արծաթով կրկնակի՝ երեսուն տարեկանում (որովհետեւ Աստուած էր եւ մարդ):
Տասներկուերորդ՝ Յովսէփը երեսնամեայ էր, երբ իշխանութիւն ունեցաւ երկրում: Եւ մեր Տէրն էլ երեսնամեայ էր, երբ մկրտուեց, որի համար Հայրն ասաց. «Դա՛ է իմ ընտրեալ Որդին, լսեցէ՛ք Դրան»[53]:
Տասներեքերորդ՝ Յովսէփը ճանաչում էր ծածկուած խորհուրդները: Եւ մեր Տէրն էլ գիտէր, թէ ինչ կար մարդու մէջ, եւ նաեւ՝ ինչ էր ծածկուած էր Հօր մօտ, յայտնեց մեզ:
Տասնչորսերորդ՝ եգիպտացիները, որ թշնամի էին, երկրպագեցին Յովսէփին: Եւ վերջին Օրը թշնամիները պիտի դրուեն Քրիստոսի ոտքի տակ:
Տասնհինգերորդ՝ ովքեր այստեղ երկրպագում են Քրիստոսին, կերակրւում են Կենաց Հացով, ինչպէս Յովսէփի եղբայրները:
Տասնվեցերորդ՝ մինչեւ Յովսէփի մօտ գալը եղբայրները չէին յագենում հացով: եւ Մենք եւս այստեղ Խօսքի քաղցն ունենք, մինչ որ գնանք այնտեղ ու հագնենք երկու զգեստները՝ հոգու եւ մարմնի փառքը:
Տասնեօթերորդ՝ ինչպէս որ արծաթը վերադարձուեց եղբայրներին, այդպէս էլ մենք առանց արծաթի, ձրի եւ Քրիստոսի շնորհներով պիտի փրկութիւն եւ կեանք ունենանք:
Տասնութերորդ՝ Յովսէփն իրեն ճանաչել տուեց եղբայրներին երկրորդ անգամ: Եւ մեր Տէրն էլ երկրորդ Գալստեան ժամանակ պիտի ճանաչուի տէգով խոցուած կողով եւ բեւեռներով:
ՄՈՎՍԷՍ, ԱՀԱՐՈՆ, ԵՂԻԱԶԱՐ
Աստուածախօս եւ աստուածատես Մովսէսը՝ հրաշագործ կարողութեամբ նախամարգարէն ու խօսքով եւ գրքով մարգարէների գլուխը, Աստուծոյ կողմից աստուած կարգուեց փարաւոնի համար: Նա Աստուծոյ մերձաւոր ծառան ու հաւատարիմ բարեկամն էր՝ բերան առ բերան Աստուծոյ հետ խօսակցութեամբ, որի նմանը չեղաւ Իսրայէլի մէջ: Ամրամի որդին էր, Ամրամն էլ Կահաթի, սա էլ Ղեւիի, եւ սա էլ Իսրայէլի Աստծուն տեսնող Յակոբի, եօթերորդ սերունդը Աբրահամից: Ահարոնը Մովսէսի աւագ եղբայրն էր, ղեւտական քահանայութեան գլուխը, իսկ քոյրը՝ Մարիամը, նրանցից աւագ էր: Նրանք երեքն էլ Աստուծոյ ընտրեալներն էին՝ կարգուած Յակոբի տոհմի փրկութեան համար, որ այդ օրերին Յովսէփի մօտ պանդուխտ էր դարձել Եգիպտոսում: Քանզի երբ Իսրայէլի որդիները բազմացան պանդխտութեան այդ երկրում, եգիպտացիները լցուեցին նախանձով եւ այն թագաւորի օրօք, որը չէր ճանաչում Յովսէփին, որոշեցին այլեւայլ տառապանքներով չարչարել նրա ազգին: Բայց որքան աւելանում էին նեղութիւնները, այնքան նրանք աւելի ու աւելի էին բազմանում: Այնժամ անողորմ փարաւոն արքան հրաման տուեց եբրայեցի նորածին արու մանուկներին գցել Նեղոս գետի մէջ: Այդ ժամանակ էր, որ ծնուեց Ամրամի կրտսեր որդին, որը յետոյ Մովսէս կոչուեց եւ որի մօր անունը Յովքաբեդ էր: Երբ ծնօղները տեսան Աստուծոյ հրեշտակի պէս կայտառ մանկանը, երեք ամիս նրան թաքցրեցին տանը: Իսկ երբ այլեւ հնարաւոր չէր թաքցնել, մայրը մանկանը դրեց եղէգից հիւսուած մի տապանակի մէջ եւ դրեց գետափին մօտիկ մի ծանծաղուտ վայրում, իսկ նրա քոյրը՝ Մարիամը, հեռուից հետեւում էր նրան:
Եւ Աստուծոյ տնօրինութեամբ փարաւոնի դուստրը, տեսնելով տապանակը, դուրս բերել տուեց եւ երբ տեսաւ մանկանը, որը լալիս էր, խղճաց նրան ու ասաց. «Սա եբրայեցիների մանուկներից է»: Այնժամ Մարիամը, տեսնելով մանկան հանդէպ նրա գութը, իբրեւ թէ անծանօթի մօտեցաւ նրան եւ ասաց. «Ուզո՞ւմ ես եբրայեցիներից մի դայեակ կին կանչեմ, որ նա կերակրի այդ մանկանը», եւ նա ասաց՝ գնա՛: Այնժամ Մարիամը ուրախութեամբ գնաց ու կանչեց իր մօրը, իսկ փարաւոնի դուստրը, չիմանալով, որ նա մանկան մայրն է, ասաց նրան. «Վերցրո՛ւ այդ մանկանը եւ կերակրի՛ր նրան ինձ համար: Ես կը տամ քո վարձը»: Եւ երբ մանուկը մեծացաւ, կինը նրան բերեց փարաւոնի դստեր մօտ, եւ մանուկը նրա որդեգիրը դարձաւ: Նա նրան Մովսէս կոչեց, որ նշանակում է «ջրից եմ հանել»:
Մովսէսը մեծացաւ փարաւոնի տանը՝ արքունի դռանը եւ կրթուեց եգիպտացիների ողջ իմաստութեամբ: Նա զօրաւոր դարձաւ իր խօսքերով ու գործերով: Եւ երբ լրացաւ քառասուն տարին, որոշեց այցելել եգիպտացիների կողմից գերութեան մէջ գտնուող իր եղբայրներին՝ Իսրայէլի որդիներին: Եւ տեսնելով, որ եգիպտացիներից մէկը ծեծում էր մի եբրայեցու՝ սպանեց ծեծողին ու թաղեց տեղում: Յաջորդ օրը նա տեսաւ իրար հետ կռուող երկու եբրայեցիների, որոնց ստիպեց խաղաղուել եւ ասաց. «Ինչո՞ւ էք ծեծում միմեանց»: Իսկ անիրաւութիւն գործողն ասաց. «Ո՞վ է քեզ իշխան ու դատաւոր կարգել մեզ վրայ, թէ՞ ինձ էլ ես ուզում սպանել, ինչպէս որ երէկ սպանեցիր եգիպտացուն»: Մովսէսը վախեցաւ, մտածեց, որ եղելութիւնը յայտնի դարձել, որովհետեւ կարծում էր, թէ ոչ ոք չի տեսել, թէ ով է սպանել եգիպտացուն: Եւ յետոյ իմացաւ, որ լուրը հասել է փարաւոնի ականջին, եւ նա փնտրում է իրեն՝ սպանելու համար: Ուստի փախաւ, գնաց ու պանդխտութեամբ բնակուեց Մադիամի երկրում, ուր փեսայացաւ Յոթորի քուրմ Հռագուէլին՝ նրա դուստրերին ծառայութիւն մատուցելու համար, որոնք արածեցնում էին իրենց հօր ոչխարները: Այնտեղ նա երկու որդի ունեցաւ, որոնցից անդրանիկին կոչեց Գերսամ, որ նշանակում է «պանդուխտ կամ օտար», քանզի ասաց՝ «Ես պանդուխտ եմ օտար երկրում», իսկ երկրորդին անուանեց Եղիազար, որ նշանակում է «Աստուած իմ օգնականն է», քանզի ասաց. «Իմ հօր Աստուածը իմ օգնականն է եւ Նա փրկեց ինձ Փարաւոնի ձեռքից»:
Եւ Մովսէսը քառասուն տարի պանդխտութեամբ ապրեց այնտեղ՝ արածեցնելով իր աներոջ հօտերը, մինչեւ որ մեռաւ եգիպտացիների արքան, որը որոնում էր իրեն: Ապա նստեց եգիպտացիների մօտ փարաւոն կոչուող մէկ այլ թագաւոր, որը եւս չարաչար տանջում էր եբրայեցիներին: Իսրայէլի որդիներն աղաղակում էին Տիրոջը, եւ Տէրը լսեց նրանց, յիշեց նրանց հայրերին տուած Իր ուխտը եւ այցելեց նրանց Մովսէսի՝ ոչխարների ընտրեալ հովուի միջոցով, որը պիտի հովուէր Իսրայէլի Իր ժողովրդին: Քանզի Մովսէսը մի այր էր՝ սիրելի Աստծուն, ամբողջովին վառուած Աստուծոյ փառքի նախանձախնդրութեամբ, աստուածասէր էր եւ եղբայրասէր՝ պատրաստ իր անձը դնելու եղբայրների համար: Խոնարհ էր, լի հաւատով, որի համար առաքեալն ասում է. «Հաւատո՛վ է, որ Մովսէսը, երբ մեծացաւ, մերժեց փարաւոնի դստեր որդի կոչուել. նախընտրեց չարչարուել Աստուծոյ ժողովրդի հետ, քան միառժամանակ մեղապարտ հաճոյքներ վայելել. կարեւոր համարեց Քրիստոսի կրած նախատինքները, քան Եգիպտոսի գանձերի առատութիւնը. որովհետեւ, աչքերը յառած, վարձատրութեան էր սպասում»[54]: Եւ եթէ նա այսպէս էր իր կեանքի սկզբում, ապա որքան առաւել էր կեանքի ընթացքում, երբ մորենու միջից կանչուեց Տիրոջ կողմից եւ ստացաւ Իսրայէլի տան առաջնորդութիւնը, որը քառասուն տարի մեծամեծ հրաշքներով եւ նշաններով վարեց Եգիպտոսում ու անապատում:
Բոլոր առաքինութիւնների հիմք հանդիսացող նրա խոնարհութիւնը բազում կերպով յայտնի եղաւ իր ընտրութեան ժամանակ, որից հրաժարւում էր շատ պատճառներ բերելով: Իրեն կոչում էր անվարժ խօսացող եւ ծանրախօս ու ասում. «Աղաչո՛ւմ եմ Քեզ, Տէ՛ր, ես պերճախօս չեմ, մէկ այլ կարող մարդու ընտրիր եւ նրան ուղարկիր»: Տէրը խիստ բարկացաւ եւ ստիպեց նրան ընդունել առաքելութեան ու առաջնորդութեան պատիւը՝ տալով եղբօրը՝ Ահարոնին որպէս նրան գործակից: Եւ այդժամ Մովսէսը յանձն առաւ: Եւ Տէրը, որ բարձրացնում է խոնարհներին, Մովսէսին, որ կրտսեր էր, բազում կերպերով աւելի վեր դասեց, քան Ահարոնին, որ աւագն էր. Մովսէսին դարձրեց Աստուծոյ բերան, որ Ահարոնին յայտնի Տիրոջ պատգամները, իսկ Ահարոնը, որպէս Մովսէսի բերան եւ պատգամ փոխանցող, խօսի ժողովրդի հետ: Մովսէսին կոչեց փարաւոնի աստուած, այսինքն նրան տիրաբար պատուիրող եւ հրամայող, որպէսզի նա կատարի Տիրոջ, այսինքն Մովսէս նախամարգարէի մարգարէ Ահարոնի խօսքը: Այդ պատճառով Մովսէսն ու Ահարոնը միապէս Տիրոջ քահանաներ են կոչւում, եւ թէպէտ միայն Ահարոնը քահանայ դարձաւ, սակայն Մովսէսի ձեռամբ եւ Աստուծոյ կողմից:
Մովսէսի սքանչելի հեզութիւնն ամէնից բարձրն էր նրա բոլոր առաքինութիւններից, քանզի նա չարչարուեց ժողովրդի վրայ, առաւել, քան հայրը եւ մայրը, առաւել, քան հովիւը եւ դաստիարակը, բայց այս ամէնով հանդերձ՝ ապերախտ ժողովուրդը կամենում էր քարկոծել նրան: Նա փրկում էր նրանց Աստուծոյ բարկութիւնից՝ մատուցելով իր անձը նրանց պատիժը կրելու համար, բայց նրանք տրտնջում էին նրանից, չարանում նրա դէմ եւ յոխորտում: Իսկ նա ի՞նչ էր անում, ասում էր. «Մենք ովքե՞ր ենք, որ ձեր տրտունջը մեր դէմ էք ուղղում. ձեր տրտունջը Աստուծոյ դէմ է ուղղուած»: Մեծ համբերութիւն եւ հեզութիւն ցուցաբերեց Ահարոնի եւ Մարիամի հանդէպ, երբ նրանք ասացին. «Մի՞թէ Տէրը միայն Մովսէսի հետ խօսեց, նա նաեւ մեզ հետ չխօսե՞ց»: Նրա համար ծանր էր լսել այս բամբասանքը, սակայն հեզութեամբ լռեց: Եւ երբ Աստուած բորոտութեամբ պատժեց Մարիամին, Մովսէսն աղօթեց եւ բժշկեց նրան: Էլ չասենք, որ աղօթքով հեռացրեց Աստուծոյ մեծ բարկութիւնը, երբ Ահարոնը լսեց ամբոխին եւ ձուլեց պղնձէ հորթը:
Ահարոնը չարչարակից էր եղբօր բոլոր նեղութիւններին, նրա հետ կրում էր բոլոր վշտերը, որ ունէր Եգիպտոսում եւ անապատում, նրա հետ համբերեց խստապարանոց ազգին, որովհետեւ երբեմն քարկոծում էին նաեւ իրեն, երբեմն կամենում էին հեռացնել նրան քահանայապետութիւնից, սակայն Տէրը նրա հետ էր, բազմաթիւ նշաններով արդարացնում էր նրան՝ ամաչեցնելով ու ոչնչացնելով նրա թշնամիներին: Ուխտով հաստատեց նրա քահանայութիւնը ծաղկած գաւազանի սքանչելիքով: Նմանապէս բոլոր հրաշագործութիւնների ժամանակ Ահարոնը գործակից էր Մովսէսին, եւ շատ անգամներ Մովսէսի խօսքով ինքն էր հրաշագործում:
Չխոսենք Փրկչի տնօրէնութեան եւ նոր Եկեղեցու մեծամեծ խորհուրդների մասին, որ կային Մովսէսի ու Ահարոնի բոլոր գործերում, ինչպէս Մովսէսի գաւազանը, որ օձ դարձաւ եւ դարձեալ գաւազան եղաւ, որով Եգիպտոսում այնքան հրաշքներ գործուեցին: Յօրինակ Քրիստոսի պատուական եւ ամենայաղթ խաչի՝ այդ գաւազանով պատռուեց Կարմիր ծովը: Նաեւ օձից խայթուածների բժշկութեան համար ձողի վրայ բարձրացուած պղնձէ խաչը ցոյց էր տալիս Տիրոջ բարձրանալը խաչի վրայ՝ օձից խայթուածների փրկութեան համար, մանանան՝ սուրբ Խորհուրդը, վկայութեան խորանը՝ սուրբ Եկեղեցին, Եգիպտոսից ելքը՝ մեր ազատութիւնը չարի ծառայութիւնից, անապատը՝ կեանքի պանդխտութեան ընթացքը, աւետեաց երկիրը՝ երկնքի Արքայութիւնը, Տիրոջ գրաւոր պատգամների օրէնքներն ու տախտակները՝ նոր կտակարանի, այսինքն Աւետարանի ստուերակերպ օրինակը, հին Օրէնքի Զատիկն ու գառը՝ Աստուծոյ անմեղ Գառան չարչարանքների եւ խաչելութեան օրինակը, Ով Իր արեամբ եղաւ նոր Ուխտի աշխարհի Փրկիչը եւ Ով հին Իսրայէլը փոխարկեց նոր Իսրայէլի, ստուերը՝ ճշմարտութեան լոյսի:
Արդ, աստուածային Մովսէսը, Ահարոնի հետ տեղեակ լինելով սրբազան խորհուրդներին, փափագում էր անձամբ տեսնել աւետեաց երկիրը, ուր առաջնորդում էր ժողովրդին: Սակայն նրան արգելուեց մտնել այնտեղ չնչին թերութեան՝ հեզութեան մէջ փոքր-ինչ տեղի տալու պատճառով, քանզի նեղուած լինելով ապերախտ եւ խստասիրտ ազգից՝ ասել էր. «Լսեցէ՛ք ինձ, ապստամբնե՛ր, հնարաւո՞ր է, որ այս ապառաժից ձեզ համար ջուր հանենք»: Այդ պատճառով չհարուածեց ապառաժին մէկ անգամ եւ զուարթ սրտով, ինչպէս մինչ այդ, այլ խփեց երկու անգամ եւ նեղսրտութիւնից սրտաբեկ եղած: Ահարոնը եւս, բռնուած նոյն կրքով, չհոգաց հանդարտեցնել Մովսէսի սիրտը եւ յորդորել նրան, ինչպէս որ պարտաւոր էր, որպէսզի նա խաղաղութեամբ կատարէր Տէրունի հրամանը: Այդ պատճառով երկուսին էլ արգելուեց մտնել ընծայուած երկիրը: Այսպէս Տէրը խրատում է Իր սիրելիներին եւ անպատիժ չի թողնում նրանց ներելի յանցանքները, իսկ իր ատելիներին ներում է բազում անգամ՝ առանց տեսանելի պատիժների, որն աւելի դաժան է բոլոր պատուհասներից, որովհետեւ դա խորհրդանշում է պատուհաս հասցնել հանդերձեալում:
Աստուծոյ կամքով Ահարոնը ննջեց Հոր լերան վրայ, եւ քահանայ դարձաւ նրա որդին՝ Եղիազարը, մի ընտրեալ այր՝ հաճելի Աստուծոյ եւ ժողովրդի աչքին, ինչպէս Ահարոնը, եւ թերեւս աւելին, քան նա, որովհետեւ Սուրբ Գիրքը Եղիազարի, ինչպէս նաեւ նրա որդու՝ Փենեհէսի մասին, որը յաջորդեց նրա քահանայութեանը, ոչ մի թերութիւն չի յայտնում: Առաւելը՝ իր նախընծայ առաքինութեամբ գովելի գտնուեց Աստուծոյ փառքի նախանձախնդրութեան համար, եւ ազգովին քահանայութեան ժառանգներ եղան: Եղիազարն էր, որը Յեսուի հետ անցաւ Յորդանանը եւ Իսրայէլի ժողովրդին աւետեաց երկրի ժառանգորդ դարձրեց:
Ինչպէս յայտնում է Սուրբ Գիրքը, Տիրոջ ծառայ Մովսէսը ելաւ Նաբաւ լեռը, տեսաւ աւետեաց երկիրը եւ Տիրոջ հրամանով աւարտեց իր կեանքը Մովաբի երկրում՝ թաղուելով Գայիում, Փոգորի տան մօտ: Մինչեւ այսօր ոչ ոք չգիտի, թէ որտեղ է նրա գերեզմանը, որպէսզի նրա մեծամեծ գործերի համար, որ Աստուած արեց նրա ձեռքով, Իսրայէլի որդիները չպաշտէին նրան իբրեւ Աստուծոյ: Երբ Մովսէսը վախճանուեց, հարիւր քսան տարեկան էր, եւ այդ տարիքում ո՛չ նրա տեսողութիւնն էր վատացել, ո՛չ էլ դէմքը խորշոմել: Էլ չենք խօսում նրա փառաւորութեան մասին, երբ նա տալիս էր օրէնքները, որովհետեւ նրա լուսաւորուած երեսից ճառագայթներ էին արձակւում այնքան, որ ծածկւում էր քողով: Չասենք նաեւ ժայռի ծերպի մէջ նրա Աստուածտեսութեան անճառելի օրինակի մասին, ուր նա թիկունքից տեսաւ Աստծուն, որ խորհրդանշում էր գալիք Աստուածտեսութիւնը, երբ նա Եղիայի հետ Թաբոր լերան վրայ տեսաւ Քրիստոսի փառքը:
Մովսէս նախամարգարէն Աստուծոյ Հոգով գրեց Աստուածաշունչ Գրքի Հնգամատեանը՝ Ծննդոց, Ելից, Ղեւտական, Թուեր եւ Երկրորդ Օրէնքի Գրքերը: Իսրայէլի Եկեղեցին, Յեսուն եւ Եղիազարը Մատեանի վերջում յաւիտենական յիշատակի արժանի խօսքերով արձանագրեցին Աստուծոյ այր Մովսէսի վախճանի մասին, թէ «Իսրայէլում այլեւս նման մարգարէ չելաւ: Նա մի մարդ էր, որին Տէրը ճանաչեց երես առ երես: Եգիպտացիների երկրում փարաւոնի, նրա պաշտօնեաների հանդէպ կատարուող Տիրոջ առաքած բոլոր նշաններն ու զարմանահրաշ գործերը, նրա ամբողջ երկրի հանդէպ եղած մեծամեծ նշանները Մովսէսը իսրայէլացիների առջեւ կատարում էր ամուր ձեռքով եւ հզօր բազուկով»[55]:
Տիրոջ հրամանով Մովսէսի կողմից կարգուեց նրա յաջորդը՝ նրա ծառայ Յեսու զօրավարը, որը Մովսէսի օրօք զօրացել էր Տիրոջ անուան համար թշնամիների դէմ մղուած մարտերում: Յայտնի է ամաղէկացիների դէմ մղուած պատերազմից, երբ Մովսէսը ձեռքերը խաչանման վեր պահած աղօթում էր լերան վրայ: Երբ Մովսէսի ձեռքերը յոգնելուց ծանրանում էին, առաւելութեան էր հասնում Ամաղէկը, իսկ երբ բարձր էր պահում, զօրանում էր Յեսուի բանակը: Այդ պատճառով Ահարոնը եւ Ովրը օգնելով Մովսէսին՝ քարեր դրեցին նրա տակ եւ բարձր պահեցին նրա ձեռքերը, որով Յեսուն զօրացաւ ու իսպառ յաղթեց թշնամուն:
ՄՈՎՍԷՍԻ ԵՒ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹԻՒՆԸ ՏԱՍԸ ԵՂԱՆԱԿՈՎ
Արդ, մեծ Մովսէսը բազում եղանակներով համեմատւում է մեր Փրկիչ Քրիստոսի հետ, ինչպէս որ գրուած է. «Քո Տէր Աստուածը ձեզ համար ինձ նման Մարգարէ պիտի մէջտեղ հանի, նրա՛ն կը լսէք»[56]:
Առաջին. ինչպէս որ երբ Մովսէսը ծնուեց, փրկուեց փարաւոնի հրամանով արու մանուկներին խեղդամահ լինելուց, եւ մեր Տէրն էլ փրկուեց Հերովդէսի հրամանով մանուկներին կոտորելուց:
Երկրորդ. Մովսէսը քարոզում էր ժողովրդին, թէ՝ ձեր հայրերի Աստուածն առաքեց ինձ, եւ նրանց հրաւիրում էր երկրպագել Նրան: Եւ Քրիստոս եւս, որ ուղարկուած է Հօր կողմից, քարոզում էր ու պատուիրում հաւատալ Հօրը:
Երրորդ. Մովսէսը տասը պատուհասներով հարուածեց եգիպտացիներին, իսկ Քրիստոս, հոգ տանելով իւրայինների համար, տասը հրաշագործութիւններով մարմնի բժշկութիւն տուեց իսրայէլացիներին: Այսինքն նախ՝ կոյրերին տուեց տեսնել, երկրորդ՝ խուլերին՝ լսել, երրորդ՝ համրերին՝ խօսել, չորրորդ՝ ձեքերին՝ շարժուել, հինգերորդ՝ կաղերին՝ քայլել, վեցերորդ՝ անդամալոյծներին՝ բժշկութիւն, եօթերորդ՝ բորոտներին՝ մաքրութիւն, ութերորդ հիւանդ ու ջերմող մարմիններին՝ առողջութիւն, իններորդ՝ դեւերից հալածում, տասներորդ՝ մեռելներին յարութիւն: Եւ այստեղից պարզ է, որ Քրիստոսի հրաշագործութիւնները մարդասիրութեան շնորհներով առաւել էին, քան Մովսէսինը, որովհետեւ նախ՝ նա իսրայէլացիներին տանջում էր խաւարով, իսկ Քրիստոս լուսաւորում էր կոյրերի աչքերը: Նա խայթող մժեղներ եւ շնաճանճեր ուղարկեց նրանց վրայ, իսկ Քրիստոս մաքրեց բորոտութիւնն ու ցաւերը նրանց մարմիններից: Նա պատուհասեց անդրանիկների մահով, իսկ Քրիստոս մեռելներին յարութիւն տուեց:
Չորրորդ. նա մորթեց զատկական գառը, որով ազատուեցին փարաւոնից, եւ Քրիստոս՝ ճշմարիտ Գառը, զոհաբերուեց՝ ազատելով մեզ սատանայից:
Հինգերորդ՝ Մովսէսը ճեղքեց ծովը, իսկ Քրիստոս քայլեց ծովի վրայով:
Վեցերորդ՝ Մովսէսը քաղցրացրեց դառը ջուրը եւ գետի ջրերը վերածեց արեան, իսկ Տէրը ջուրը փոխարկեց գինու, եւ գինին՝ Իր սուրբ Արեան:
Եօթերորդ՝ Մովսէսը քառասուն օր անսուաղ պահեց լերան վրայ, եւ մեր Տէրն էլ քառասուն օր պահեց փորձութեան լերան վրայ:
Ութերորդ՝ Մովսէսը քառասուն օր ամպի մէջ մնալով առաւ պատուիրանները, եւ Տէրն էլ յարութիւնից յետոյ քառասուն օր մնաց օդում:
Իններորդ՝ Մովսէսի երեսը լուսաւորուեց Սինա լերան վրայ, իսկ Տէրը պայծառակերպուեց Թաբօր լերան վրայ:
Տասներորդ՝ Մովսէսը եռայարկ խորանը կանգնեցրեց չորս նիւթերից, եւ Քրիստոս Դաւթի տաճարը, որը Եկեղեցին է չորս անգամ առաւել առաքինութեամբ, Աստուծոյ եռաբնակ օթեւան դարձրեց:
Տասնմէկերորդ՝ Մովսէսը ջարդեց առաջին տախտակները եւ օրէնքը գրեց նորի վրայ, եւ Քրիստոս մերժեց հրեաներին եւ օրէնքներն աւանդեց հեթանոս՝ նոր ժողովրդի սրտերում:
Տասներկուերորդ՝ Մովսէսն ընտրեց եօթանասուն ծերեր եւ նրանց տուեց Հոգուց, եւ Տէրն էլ՝ Իր եօթանասուն աշակերտներին:
Տասներեքերորդ՝ Մովսէսը տասներկու իշխաններով առաջնորդեց տասներկու ցեղերին, եւ Տէրը տասներկու առաքեալներով քրիստոնեաներին երկինք հրաւիրեց:
Տասնչորսերորդ՝ Մովսէսը որպէս կերակուր ծովից մանանայ եւ լորամարգիներ տուեց, եւ մեր Տէրն էլ ապերախտ ազգի համար բազմացրեց հացը եւ ծովից դուրս բերած ձուկը:
Տասնհինգերորդ՝ Մովսէսը վէմից ջուր բխեցրեց (ինչպէս առաքեալն է ասում՝ «Այն վէմը ինքը՝ Քրիստոսն էր»[57]), եւ Տիրոջ կողից բխեցին աղբիւրներ՝ ծարաւ անձանց յագեցման եւ ախտաժէտ հոգիների լուացման համար:
Տասնվեցերորդ՝ Մովսէսը տուեց թլփատութիւնը եւ ջրով լուացումը, իսկ Քրիստոս, խնայելով Եկեղեցուն, դրանք փոխարինեց մկրտութեամբ:
Տասնեօթերորդ՝ Մովսէսն ընծայ մատուցեց մէկ անգամ, ապա գործը փոխանցեց Ահարոնին ու նրա որդիներին, եւ Տէրն էլ մէկ անգամ պատարագեց Վերնատանը ապա յանձնեց առաքեալներին եւ Եկեղեցու մանուկներին:
Տասնութերորդ՝ Մովսէսը բարձրացրեց օձը՝ օձից խայթուածների բժշկութեան համար, եւ Տէրն էլ Ինքը բարձրացաւ խաչի վրայ ու բժշկեց դեւի կողմից խայթուածներին:
Տասնիններորդ՝ Մովսէսը ձեռքերը տարածելով պարտութեան մատնեց Ամաղէկին, եւ խաչի վրայ բազկատարած Տէրն էլ կորստեան մատնեց սատանային:
Քսաներորդ՝ Մովսէսը հակառակուող ժողովրդի համար աղօթում էր Աստծուն, եւ Տէրն էլ Իրեն չարչարողների համար թողութիւն էր խնդրում Հօրից:
Քսանմէկերորդ՝ Մովսէսը չորս ծնունդ ունեցաւ՝ մօրից, ջրից, հրից եւ վէմից: Նոյնպէս էլ մեր Տէրը. Նա ծնուեց Հօրից եւ ապա մօրից, պայծառակերպուեց Թաբօր լերան վրայ, մկրտուեց ջրով եւ յարութիւն առաւ գերեզմանից ու պարգեւեց մեզ ծնուել ջրից, հրից, Հոգուց, մարմնի յարութեամբ եւ բնականաբար՝ մօրից:
Քսաներկուերորդ՝ Մովսէսն աստուած կոչուեց եւ իշխեց տարերքներին, եւ մեր Տէրը Աստուած էր, Նա Էմմանուէլ կոչուեց եւ իրապէս ցոյց տուեց Աստուծոյ գործեր:
Քսաներեքերորդ՝ Մովսէսը հուր իջեցրեց, եւ մեր Տէրն էլ Սուրբ Հոգին իջեցրեց առաքեալների վրայ, ինչպէս որ ասաց. «Երկրի վրայ կրակ գցելու եկայ»[58]:
Քսանչորսերորդ՝ Մովսէսը պատռեց երկիրը Դաթանի եւ նրա հետ եղողների համար, եւ Տէրն էլ շարժեց երկիրը, բացեց գերեզմանները եւ երեք ժամ խաւար բերեց Եգիպտոսի երեքօրեայ խաւարի փոխարէն:
Քսանհինգերորդ՝ Մովսէսը վերացրեց խայթող օձերին, եւ մեր Տէրն էլ ոչնչացրեց իմանալի օձին ու ոտնակոխ արեց:
Քսանվեցերորդ՝ Մովսէսն իր վախճանին մօտ կտակ գրեց գալիք իրողութիւնների մասին եւ եկեղեցին յանձնեց կոյս Յեսուին, եւ մեր Տէրն էլ խօսեց Հոգու գալստեան ու աշխարհի վերջի մասին եւ Իր անապական տաճարը յանձնեց կոյս Յովհաննէսին:
Քսանեօթերորդ՝ Մովսէսը խաչանիշ գաւազանով ճեղքեց ծովը, եւ մեր Տէրն էլ խաչով ճեղքեց աշխարհի մեղքերի ծովը:
Քսանութերորդ՝ Մովսէսը միայնակ մտաւ Եգիպտոս եւ այնտեղից ելաւ բազմութեամբ, եւ Փրկիչը միայնակ իջաւ դժոխք ու ազատեց բոլոր հոգիներին սատանայի հրահալոց տանջանքներից: Ինչպէս որ Մովսէսը գիշերուայ մէջ դուրս բերեց ժողովրդին, այդպէս էլ Տէրը յարութիւն առաւ գիշերուայ մէջ եւ ազատեց բանտում արգելափակուած հոգիներին:
Քսանիններորդ՝ Մովսէսը ձեռքը դրեց Յեսուի վրայ, եւ Տէրն էլ ձեռքը դրեց առաքեալների վրայ:
Երեսուներորդ՝ ամպը ծածկեց Մովսէսին, եւ ամպն էլ ծածկեց Տիրոջը աշակերտների աչքից, ու Նա բարձրացաւ Հօր մօտ:
Հարց. - Ի՞նչ էր նշանակում պատերազմը Մովսէսի մարմնի հետ:
Պատ. - Փոգորը կուռքերի վայրն էր, եւ դեւերը թոյլ չէին տալիս թաղել նրա մարմինը, եւ ինչպէս որ յայտնի է վերջին ընդհանրական թղթից, թէ Միքայէլ հրեշտակապետը սաստեց նրանց՝ ասելով. «Թող Տէրը սաստի քեզ»[59]: Եւ այս խօսքին Եկեղեցու վարդապետները բազում մեկնութիւններ են աւելացնում:
Նախ՝ ասում են թէ՝ նիւթը աստուած համարեցին, եւ սատանան խաբում էր՝ ասելով, թէ՝ իմն է այս մարմինը, որի համար ասուեց. «Տէրը, որ բոլոր հոգիների եւ մարմինների Տէրն է, թող սաստի քեզ»:
Երկրորդ՝ սատանան չէր կարող յափշտակել Մովսէսի հոգին: Ուստի հոգու փոխարէն ջանում էր յափշտակել մարմինը եւ վիճում էր հրեշտակի հետ, թէ՝ իմն է: Բայց երբ սպասաւորեց հրեշտակապետը՝ սաստելով նրան Տիրոջ անունով, այնժամ այդ տեղում լուսաւոր ամպ իջաւ, վերացրեց չարի երեւմունքը եւ բոլոր կողմերից անջրպետ ստեղծեց ժողովրդի ու [Մովսէսի] մարմնի միջեւ, որպէսզի չիմանան նրա թաղումը:
Երրորդ՝ երբ Մովսէսը վախճանուեց լերան վրայ, Միքայէլ հրեշտակապետը փոխադրեց նրա մարմինը, իսկ սատանան սկսեց հայհոյել սուրբին եւ նրան սպանող կոչել՝ եգիպտացուն սպանելու համար: Այդ պատճառով հրեշտակապետը սաստեց նրան:
Չորրորդ՝ Մովսէսին առաւել փառաւոր տեսնելով՝ Աստուած թոյլ տուեց յանդգնել բանսարկուին՝ մեղադրել նրան մեղքերի համար, որպէսզի նրան աստուած կարծելով՝ գերազանց պատիւ չտան:
Հինգերորդ՝ ինչպէս Պօղոս առաքեալն է ասում. «Մահը թագաւորեց Ադամից մինչեւ Մովսէս»[60], այսինքն բանսարկուն, որ մարտնչեց Ադամի հետ եւ յաղթեց նրան, բայց այստեղ նկուն եղաւ եւ յաղթուեց: Եւ տիրապէս բնութեան վրայ իշխողը կարիք ունեցաւ Հոգու փոխարէն ցոյց տալ հրեշտակային օգնութիւնը, որով էլ կշտամբեց նրա բռնութեամբ թագաւորելը:
Վեցերորդ՝ Մովսէսի թաղումը սպասաւորեց Միքայէլ հրեշտակապետը, որին սատանան հակառակւում էր Աստուծոյ թողտւութեամբ: Սա ցոյց է տալիս, որ երբ հոգին ելնում է մարմնից եւ ցանկանում գնալ վերին շաւղով, սատանան եւ չար զօրութիւնները հակառակւում են եւ ցանկանում են տանել նրանց, ովքեր չարիքներ են գործել, բայց հրեշտակների օգնութեամբ յաղթւում են արդարներից, ինչպէս որ տեսաւ Անտօնը:
ՅԵՍՈՒ
Նաւէի որդի Յեսուն, որ Յովսէփի որդու՝ Եփրեմի ցեղից էր, մեր Փրկչի անուանակիրը եւ օրինակն էր: Իսրայէլի օրհնութիւնները, որոնք տրուեցին Յովսէփին եւ Եփրեմին, առաւելապէս կատարուեցին Յեսուի վրայ, այնպէս որ Յովսէփի Փսոմփթոմփանէ անունը, որ նշանակում է փրկիչ, առաւել պայծառացաւ Յեսուի վրայ: Քանզի նրա նախկին անունը, որ Ովսէ կամ Օսէս էր, թարգմանում է ապրեցուցիչ կամ փրկիչ, բայց Մովսէսը, մի նշանախեց[61] աւելացնելով, նրան կոչեց Յովսէ կամ Յեսու, որ նշանակում է տիրոջ փրկիչ եւ համընկնում է Յիսուս անուան հետ, որովհետեւ թէ՛ Յիսուս եւ թէ՛ Յեսու եբրայեցիների մօտ միօրինակ գրւում են նոյն տառերով եւ միօրինակ էլ հնչում՝ Իշուա, կամ Եհուսա, կամ Յեշուահ:
Արդ, սկզբում Յեսուն Մովսէսի գլխաւոր սպասաւորն էր, իբրեւ նրա ձեռնասուն եւ փոքր աշակերտը: Նա ամէն ժամ Մովսէսի հետ ելումուտ էր անում Տիրոջ եւ ժողովրդի առաջ: Երբ Մովսէսն Աստուծոյ խորան էր մտնում, Յեսուն՝ որպէս սարկաւագ, վկայութեան խորանի մօտ աղօթակցութեամբ սպասաւորում էր նրան: Երբ Մովսէսը քառասուն օր եւ քառասուն գիշեր ծոմ պահեց, նրա հետ պահեց նաեւ Յեսուն, որովհետեւ նա Մովսէսի հետ էր սուրբ լերան վրայ եւ հեռուից լսում էր Աստուծոյ պատգամները, որոնք Տէրը յայտնում էր Մովսէսին:
Յեսուն կոյս էր եւ սուրբ, Յիսուսի ճշմարիտ պատկերը, միաժամանակ Իսրայէլի տան փրկութեան՝ Տիրոջ բանակի զօրավարը՝ յօրինակ մեր Փրկչի եւ հաւատի Զօրագլխի: Նա եղաւ տասներկու ցեղապետերից կամ նահապետներից մէկը, որոնք Մովսէսի կողմից ուղարկուեցին հետախուզելու աւետեաց երկիրը: Նրանցից տասը վատ համբաւեցին երկիրը, եւ միայն քաջ Յեսուն եւ Յուդայի ցեղի իշխան Քաղէբի որդի Յեփոնիան, որ համամիտ էր նրան, բարի համբաւ բերեցին: Եւ երբ Յեսուն ու Քաղէբը տեսան ժողովրդի տրտունջը, որոնք դժգոհելով կամենում էին իրենց համար մի զօրավար ընտրել եւ վերադառնալ Եգիպտոս, պատռեցին իրենց հանդերձները, խօսեցին ժողովրդի՝ Իսրայէլի որդիների հետ եւ ասացին. «Մեր հետախուզած երկիրը չափազանց լաւ է: Եթէ Աստծուց բարեհաճութիւն ունենանք, Նա մեզ կþառաջնորդի այդ երկիրը եւ այն կը տայ մեզ: Դա մի երկիր է, ուր կաթ ու մեղր է հոսում: Միայն թէ Տիրոջ դէմ չապստամբէք եւ այդ երկրի ժողովրդից չվախենաք, որովհետեւ մենք կը լափենք նրանց: Տէրն արդէն լքել է նրանց, Նա մեզ հետ է: Մի՛ վախեցէք նրանցից»: Իսկ անզուսպ ամբոխը, բորբոքուած տասը բանսարկուների խօսքերից, կամեցաւ քարկոծել Յեսուին եւ Քաղէբին: Այն ժամանակ Տիրոջ փառքը ամպի մէջ ահարկութեամբ երևաց վկայութեան խորանի վրայ եւ բոլոր իսրայէլացիների դիմաց, ու այդ չարախօս մարդիկ մեռան Տիրոջ առաջ չարաչար հարուածներ ստանալով: Փրկուեցին միայն Յեսուն եւ Քաղէբը ու գովելի եղան այնպէս, որ Եգիպտոսից ելածների միջից, որոնք չափահաս էին, միայն նրանք արժանի եղան մտնելու խոստացած երկիրը: Շատ շատերն անմահամար բազմութեամբ մեռան անապատի ճանապարհին, եւ նրանց փոխարէն աւետեաց երկիր մտան նրանց որդիները, որովհետեւ խստապարանոց ժողովուրդն ասում էր, թէ՝ Տէրը տանում է մեզ՝ կոտորելու մեր ուստրերին եւ դուստրերին: Ուստի Տէրը նրանց փոխարէն խոստացած երկիր մտցրեց զաւակներին եւ ոչ ծնօղներին: Եւ երբ մօտեցան Մովսէսի կեանքից հեռանալու օրերը, նա Տիրոջն ասաց. «Հոգիների ու բոլոր էակների ո՜վ Տէր Աստուած, այս ժողովրդի վրայ մի մարդ նշանակի՛ր, որ կարողանայ առաջնորդել նրան, որ հանի եւ տանի նրան այստեղից, որպէսզի Տիրոջ այս ժողովուրդը չնմանուի այն ոչխարներին, որոնք հովիւ չունեն»: Եւ Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Վերցրո՛ւ Նաւէի որդի Յեսուին, որի մէջ Հոգի կայ, եւ ձեռքդ դի՛ր նրա վրայ: Նրան կը կանգնեցնես Եղիազար քահանայի առջեւ եւ ամբողջ ժողովրդի ներկայութեամբ պատուէր կը տաս նրան: Այո՛, պատուէր կը տաս նրան նրանց առաջ: Քո իշխանութիւնից որոշ բաժին կը տաս նրան, որպէսզի իսրայէլացիները հնազանդուեն նրան: Նա թող կանգնի Եղիազար քահանայի առաջ, եւ թող նրան հարցեր տան Տիրոջ իրաւունքների մասին: Եղիազարի խօսքով պիտի շարժուեն, գործեն բոլորը՝ Յեսուն եւ իսրայէլացի ամբողջ ժողովուրդը միաբան»: Մովսէսն արեց ամէն բան: Յեսուին տարավ վկայութեան խորանի առաջ, եւ երբ կանգնեցին վկայութեան խորանի դռանը, Տէրն իջաւ ամպի սիւնով եւ ի վկայութիւն ամբողջ ժողովրդի՝ յայտնեց Իր փառքը, եւ թէ Ինքն է ընտրել Յեսուին Մովսէսից յետոյ: Մովսէսն իր ձեռքը դրեց նրա վրայ, եւ Յեսուն լցուեց իմաստութեան հոգով, ու Իսրայէլի որդիները հնազանդուեցին նրան:
Այսպէս Մովսէսի վախճանից յետոյ Իսրայէլի տան յաջորդ առաջնորդը եղաւ Յեսուն՝ զօրավարութեամբ հադերձ: Տէրն ասաց նրան. «Զօրացի՛ր եւ արիացի՛ր, որովհետեւ ինչպէս Մովսէսի հետ էի, այդպէս կը լինեմ նաեւ քեզ հետ, չեմ լքի քեզ եւ անտես չեմ անի: Ոչ ոք դէմ չի կանգնի ձեզ քո կեանքի բոլոր օրերում»: Այնուհետեւ Տիրոջ հրամանով Յեսուն պատուիրեց ամբողջ ժողովրդին՝ պատրաստ լինել Յորդանան գետն անցնելու համար եւ նախապէս յայտնեց այ հրաշքների մասին, որ Տէրը պիտի անէր ոչ պակաս, քան այն հրաշագործութիւնները, որոնք եղան Մովսէսի ժամանակ՝ Կարմիր ծովն անցնելիս: «Մաքրուեցէ՛ք առաւօտեան, - ասաց, - որովհետեւ Տէրը վաղը ձեր մէջ զարմանահրաշ գործեր է անելու»:
Եւ ահա յաջորդ օրը Յեսուն Իսրայէլի բանակը մօտեցրեց աւետեաց երկրին: Երբ Տիրոջ ուխտի տապանակը տանող քահանաների ոտքերը մխուեցին Յորդանանի ափի ջրերի մէջ, գետի ջրերը պակասեցին, վերեւից իջնող ջրերը կանգ առան ինչպէս մի քարակոյտ, եւ ամբողջ ժողովուրդն անցաւ ցամաքած Յորդանանի միջով: Իսկ երբ քահանաները ոտք դրեցին գետի միւս ափին, ջուրն սկսեց հոսել իր հունով: Յեսուի պատուէրով Իսրայէլի ցեղերի տասներկու նահապետները մի-մի քար առան Յորդանան գետի միջից, որոնք Յեսուն կանգնեցրեց Գաղգաղայում: Նա ժողովրդին ասաց. «Երբ ձեր որդիները հարցնեն ու ասեն՝ ''Այս ի՞նչ քարեր են'', ասացէ՛ք ձեր որդիներին, որ Իսրրայէլը ցամաքով անցաւ Յորդանան գետով, երբ մեր Տէր Աստուածը ցամաքեցրեց Յորդանան գետի ջուրը նրանց առաջ, մինչեւ որ անցան: Այսպէս արեց մեր Տէր Աստուածը Կարմիր ծովում: Մեր Տէր Աստուածն այն ցամաքեցրեց մեր առաջ, մինչեւ որ անցանք, որպէսզի երկրի բոլոր ազգերն իմանան, որ մեծ է Տիրոջ զօրութիւնը, եւ դուք միշտ պաշտէք մեր Տէր Աստծուն»:
Եւ երբ Յեսուն գտնւում էր Երիքովի դիմաց, բարձրացրեց իր աչքերը եւ տեսաւ իր առջեւ կանգնած մի զօրաւոր մարդու, որի ձեռքին մերկացրած սուր կար: Յեսուն մօտեցաւ նրան եւ արիաբար ասաց. «Իւրայի՞ն ես, թէ՞ մեր թշնամիներից»: Եւ նա պատասխանեց. «Ես Տիրոջ զօրքի զօրավարն եմ եւ այժմ եկայ»: Նա ինքը՝ Միքայէլ հրեշտակապետն էր: Յեսուն երեսնիվայր գետին ընկաւ, երկրպագեց ու ասաց. «Տէ՛ր, ի՞նչ կը հրամայես Քո ծառային»: Եւ Տիրոջ զօրավարը Յեսուն ասաց. «Հանի՛ր կօշիկներդ քո ոտքերից, որովհետեւ որտեղ կանգնած ես, սուրբ է»: Եւ Յեսուն այդպէս արեց: Եղաւ այնպէս, ինչպէս Մովսէսի մորենու տեսիլքի ժամանակ: Հրեշտակը զօրացրեց նրան եւ ցոյց տուեց, որ ինքը նիզակակից է իրեն Տիրոջ թշնամիների դէմ մղուող պատերազմներում:
Այնուհետեւ աւելի ու աւելի զօրանալով Տիրոջ զօրութեամբ՝ Յեսուն հրաշապէս կործանեց եօթնապարիսպ Երիքովը, փախուստի մատնեց քանանացիների երկրի բոլոր թշնամիներին, բռնեց, սրի քաշեց թագաւորներին եւ երկրի իշխաններին ու տիրեց նրանց քաղաքներին: Յեսուի համբաւը տարածուեց բոլոր տեղերում, եւ առհասարակ բոլոր ազգերն ու ժովուրդները սարսափում էին նրանից՝ իբրեւ զօրութիւնների Տիրոջ զօրավարից, յատկապէս երբ ողջ երկրում յայտնի եղաւ այն մեծ նշանը, որ եղաւ Յեսուի միջոցով՝ Գաբաւոնի դէմ պատերազմելիս. նա հրամայեց արեգակին եւ լուսնին մնալ իրենց տեղում, մինչեւ հալածէր Տիրոջ թշնամիներին: Եւ ինչպէս Սուրբ Գիրքն է ասում. «Չէ՞ որ այս է գրուած ''Ուղղութեան'' գրքում: Արեգակը կանգնեց երկնքի մէջտեղում եւ չշարժուեց դէպի Արեւմուտք մէկ ամբողջ օր: Այսպիսի օր չէր եղել ո՛չ առաջ, ո՛չ յետոյ, որ Աստուած լսէր մարդու ձայնը, որովհետեւ Տէրն Իսրայէլի հետ միասին պատերազմեց»[62]: Եւ այստեղ Յեսուն դարձեալ ցոյց տուեց Յիսուս Փրկչի ճշմարիտ օրինակը, որովհետեւ երբ Նա աղաղակեց խաչի վրայ, բոլոր արարածները սգացին մարդացեալ Արարչի չարչարանքների եւ մահուան համար: Արեգակն ու լուսինն ամբողջովին խաւարեցին, որն աւելի վեր է, քան նրանց տեղում կանգնելը: Անմահի մահով յաղթուեց մահը՝ վերջին թշնամին եւ թագաւորեց կեանքն ու փրկութիւնը:
Արդ, երբ Յեսուն հալածեց Տիրոջ բոլոր թշնամիներին, ողջ երկիրը, որը գրաւեց, վիճակով բաժանեց Իսրայէլի որդիների բոլոր ցեղերին եւ նրանց խոստացած երկրի ժառանգներ դարձրեց, ինչպէս որ Տէրն Իր սիրելիներին խոստացաւ երկինքը: Եւ երբ Տիրոջ ծառայ Յեսուն ծերացաւ, եւ մօտեցան նրա վախճանի օրերը, կանչեց Իսրայէլի բոլոր որդիներին ու ծերերին եւ ասաց նրանց. «Դուք ինքներդ տեսաք այն ամէնը, ինչ մեր Տէր Աստուածն արեց այն բոլոր ազգերին, որոնց վերացրեց ձեր առջեւից, եւ ոչ ոք ձեզ դէմ չկանգնեց մինչեւ այսօր: Ձեզնից մէկը հալածեց հազարներին, որովհետեւ Տէր Աստուած Ինքն էր պատերազմում ձեզ հետ, ինչպէս որ ասել էր ձեզ: Զգո՛յշ եղէք ձեր հանդէպ, որ սիրէք ձեր Տէր Աստծուն: Ահա ես այսօր ճանապարհ եմ ընկնում, ինչպէս երկրի վրայ եղող բոլոր մարդիկ: Երկիւղէ՛ք Տիրոջից եւ ծառայեցէ՛ք Նրան ճշմարտութեամբ եւ արդարութեամբ: Եթէ ձեզ համար հաճելի չէ պաշտել Տիրոջը, ապա ընտրէ՛ք այսօր, թէ ում էք պաշտելու (քանզի սկսել էին գնալ կուռքերի յետեւից): Իսկ ես եւ իմ տունը Տիրոջն ենք պաշտում, որովհետեւ Նա սուրբ է»: Ժողովուրդը պատասխան տուեց եւ ասաց. «Քա՛ւ լիցի, որ մենք թողնենք մեր Տէր Աստծուն եւ պաշտենք օտար աստուածների, որովհետեւ Տէրն է մեր Աստուածը, Նա հանեց մեզ եւ մեր հայրերին եգիպտացիների երկրից, մեզ համար մեծամեծ նշաններ գործեց: Մենք Տիրոջն ենք պաշտելու, որովհետեւ Նա է մեր Աստուածը»: Եւ Յեսուն ժողովրդին ասաց. «Դուք չէք կարող պաշտել Տիրոջը, որովհետեւ Նա սուրբ է: Երբ Նա տեսնի, որ հեռացել էք Իրենից, չի՛ ների ձեր չար գործերը, այլ կþոչնչացնի ձեզ այն բարիքների փոխարէն, որ արել է ձեզ համար»: Եւ ժողովուրդն ասաց. «Այդպէս չէ, մենք Տիրոջն ենք պաշտելու»: Այնժամ Յեսուն ասաց նրանց. «Ահա դուք ինքներդ ձեր վկաներն էք, որ ընտրեցիք Տիրոջը՝ պաշտելու համար»: Նրանք ասացին. «Վկայ ենք»: Եւ ասաց. «Իսպառ հեռացրէ՛ք ձեզնից օտար աստուածներին եւ ձեր սրտերը Իսրայէլի Տէր Աստծուն դարձրէ՛ք»: Եւ այդ օրը Յեսուն ժողովրդի հետ ուխտ արեց եւ Սելովում նրան օրէնքներ եւ կանոններ տուեց: Յեսուն այս բաները գրեց Աստուծոյ Օրէնքների Գրքում, եւ Աստուածաշունչ Գրքի մէջ այն եղաւ վեցերորդ մատեանը՝ Մովսէսի հինգ Գրքերից յետոյ:
Նաւէի որդի Յեսուն՝ Աստուծոյ ծառան, մեռաւ հարիւր տասը տարեկան հասակում: Նրան թաղեցին իր ժառանգութեան սահմաններում՝ Թամնասաքարում, Եփրեմի լերան վրայ, Գայաս լերան հիւսիսային կողմում: Այնտեղ, ուր թաղեցին նրան, որպէս յիշատակ նրա հետ դրեցին այն քարեղէն սրերը, որոնցով Գաղգաղայում թլփատեց Իսրայէլի որդիներին: Եւ Իսրայէլը պաշտեց Տիրոջը Յեսուի կենդանութեան բոլոր օրերին եւ այն ծերերի կենդանութեան բոլոր օրերին, որոնք ողջ մնացին Յեսուից յետոյ, եւ որոնք տեսան Տիրոջ բոլոր գործերը, որ Նա արեց Իսրայէլում: Իսկ դրանից յետոյ իսյարէլացիներից ոմանք ծառայեցին հեթանոսական պաշտամունքներին եւ ոմանք էլ երբ տեսան, որ մտել են հեթանոսների դառը ծառայութեան տակ, դարձան Տիրոջը: Սակայն Տէրը խնայում էր Իր ժողովրդին, երբ նրանք աղաղակում էին Իրեն եւ ուղարկում Իր մարգարէներին, որոնց մէջ անգամ կանանց ու դատաւորների ձեռքով, որոնց նշանակում էր նրանց վրայ, փրկում նրանց հեթանոսներից: Նրանց մէջ իրենց հաւատի զօրութեամբ ու առաքինութեամբ անուանի եւ գովեստի արժանի էին Բարակը, Գեդէոնը, Յեփթայէն եւ Սամփսոնը: Մինչեւ որ եկաւ Սամուէլը՝ Տիրոջ մարգարէն եւ Մովսէսի ու Ահարոնի հետեւորդը:
ՍԱՄՈՒԷԼ ՄԱՐԳԱՐԷ
Իսրայէլի տան անարժան որդիների սրբութիւնից անսրբութեան եւ ագահութեան մէջ խոտորուելու պատճառով դատաւորի իշխանութեամբ եւ Ահարոնի ցեղից Հեղի քահանայապետի մօտ քահանայութեամբ Իսրայէլի առաջնորդութեանը գալու եւ միանալու համար Աստուած որպէս դատաւոր, քահանայ եւ մարգարէ ընտրեց Սամուէլին: Նա Ղեւիի ցեղից էր, Կահաթի ազգատոհմից ոչ թէ Ահարոնի, Արիմաթէմ Սիբայից՝ Եփրեմի լեռից եկած աստուածապաշտ Եղկանայ Արեմաթէմացու եւ սքանչելի Աննայի որդին, որ Աստծուց խնդրուեց ուխտով եւ հրաշքով պարգեւուեց ամուլ արգանդից: Այդ պատճառով նրան կոչեցին Սամուէլ, որ նշանակում է՝ «Նրան զօրութիւնների Տէր Աստծուց եմ խնդրել»:
Երբ մանուկը կտրուեց կրծքից, մայրը, ինչպէս որ խոստացել էր, նրան տարաւ եւ մատուցեց Աստծուն՝ Հեղի քահանայապետի մօտ Աստուծոյ տանն ընդմիշտ մնալու համար: «Իբրեւ հատուցում, - ասաց, - նրան նուիրում եմ Տիրոջը, ինչքան որ կþապրի»: Եւ նրան թողեց այնտեղ՝ Տիրոջ առաջ ու վերադարձաւ Արիմաթէմ, իսկ Տէրը փոխարէնի դիմաց Աննային հատուցեց փոխարէնով՝ եւս երեք ուստրեր եւ երեք դուստրեր տալով նրան: Այդպէս Աննայի ջերմ աղօթքներով եւ հաւատով նոյն ինքը, որ ամուլ էր, ծնեց եօթ անգամ:
Եւ մանուկ Սամուէլը Տիրոջ առաջ սպասաւորում էր Հեղի քահանային եւ ծառայում Տիրոջը՝ քաթանէ պատմուճան հագած: Նրա մայրը կարճ վերարկու էր պատրաստում ու բերում նրան, երբ իր ամուսնու հետ բարձրանում էր՝ մատուցելու ամէնամեայ զոհը: Այդպէս մանուկ Սամուէլը մեծանում էր Տիրոջ առաջ:
Իսկ Հեղին շատ էր ծերացել: Նրա որդիները՝ Օփնին եւ Փենեհէսը, ի գայթակղութիւն ողջ ժողովրդի՝ աւելի ու աւելի էին ընկղմւում չարիքների մէջ: Հայրը խրատում էր նրանց մեղմօրէն, եւ ոչ այնպէս, ինչպէս որ հարկ էր: Այդ օրերին լուռ էին մարգարէութիւնները ու չկային յայտնութիւններ, ինչպէս որ Սուրբ Գիրքն է ասում. «Այդ օրերին Տիրոջ խօսքը հազուագիւտ էր, եւ չկար տեսիլք, որ գուշակուէր»[63]: Այդ պատճառով Սամուէլը չընկալեց Աստուծոյ ձայնը, երբ նա ննջած էր Սելովի Տիրոջ տաճարում, ուր գտնւում էր Աստուծոյ տապանակը: Տէրը կանչեց նրան՝ ասելով. «Սամուէ՛լ, Սամուէ՛լ»: Նրան թուաց՝ Հեղին է կանչում իր սենեակից, ելաւ անկողնուց, գնաց նրա մօտ եւ ասաց. «Ահա ես այստեղ եմ, ինչո՞ւ կանչեցիր ինձ»: Հեղին նրան ասաց. «Ես քեզ չեմ կանչել, որդեա՛կ, վերադարձի՛ր եւ քնի՛ր»: Եւ սա կատարուեց երեք անգամ: Երբ նա միամիտ հնազանդութեամբ երրորդ անգամ գնաց Հեղիի մօտ, այնժամ Հեղին հասկացաւ, որ Տէրն է կանչում մանկանը եւ ասաց նրան. «Վերադարձի՛ր, որդեա՛կ, ու ննջի՛ր: Իսկ եթէ դարձալ կանչի քեզ, կþասես. ''Խօսի՛ր, Տէ՛ր, Քո ծառան լսում է''»: Եւ նա այդպէս արեց. Տէրն եկաւ, կանգնեց ու յայտնեց Սամուէլին, թէ պէտք է մերժի Հեղիի տունը՝ նրա որդիների անօրէնութիւնների պատճառով: Եւ երբ տեսիլքն անցաւ, Սամուէլը վախեցաւ այն պատմել Հեղիին, բայց երբ ստիպեց նրան՝ երդուել տալով հանդերձ, պատմեց ամէն բան:
Սամուէլը մեծացաւ: Տէրը նրա հետ էր, եւ Նրա ասած խօսքերից ոչ մէկը գետնին չէր մնում: Ամբողջ Իսրայէլն իմացաւ, որ Սամուէլն ընդունելի է Տիրոջ մարգարէների մէջ, քանզի Տէրը Սամուէլի ընտրութեան մասին ժողովրդին յայտնեց նաեւ այլ սքանչելիքներով:
Եւ այն շրջանում, երբ Տիրոջ տապանակը գերուեց այլազգիների կողմից, Հեղիի որդիներն ընկան պատերազմում: Հեղին եւս մեռաւ, եւ միայն Սամուէլն էր, որ ելումուտ էր անում Տիրոջ ու ժողովրդի առաջ: Իսկ երբ Տիրոջ տապանակը վերադարձաւ Կարիաթարիմ, Սամուէլը խօսեց Իսրայէլի ամբողջ ժողովրդի հետ եւ ասաց. «Եթէ դուք ամբողջ սրտով դարձել էք դէպի Տէրը, ապա ձեր միջից վերացրէք օտար աստուածներն ու անտառները, թող ձեր հոգիները պատկանեն Տիրոջը: Միայն Նրա՛ն ծառայեցէք, եւ Նա ձեզ կը փրկի այլազգիների ձեռքից»:
Ապա Սամուէլը բոլոր իսրայէլացիներին հաւաքեց Մասեփաթում, պատուիրեց նրանց ծոմ պահել եւ ասել. «Մեղանչել ենք Տիրոջ առաջ», եւ ինքն էլ աղօթեց նրանց համար: Իմանալով այս մասին՝ այլազգիները շտապեցին անակնկալ յարձակուել նրանց վրայ, իսկ ահաբեկուած ժողովուրդն ասաց Սամուէլին. «Մի՛ դադարիր մեզ համար աղաղակել քո Տէր Աստծուն, որ Նա փրկի մեզ այլազգիների ձեռքից»: Սամուէլն առաւ մի ծծկեր գառնուկ եւ ամբողջ ժողովրդի ներկայութեամբ ողջակիզեց Տիրոջը: Սամուէլն աղաղակեց Տիրոջը Իսրայէլի համար, եւ Տէրը լսեց նրան. մինչ Սամուէլը ողջակէզ էր մատուցում, այլազգիները մօտեցան պատերազմելու, եւ այդ ժամանակ Տէրը բարձր ձայնով որոտաց այլազգիների վրայ, որից խուճապահար թշնամիները Մասեփաթում ընկան իսրայէլացիների առաջ, իսկ ովքեր մնացին, փախուստ տուեցին:
Եւ Սամուէլը մի քար կանգնեցրեց Մասեփաթի եւ Փաղեսի միջեւ եւ այն կոչեց Աբենեզեր, այսինքն՝ «Օգնականի քար», որպէսզի Իսրայէլի որդիները յիշեն, թէ Աստուած նրանց օգնեց մինչեւ այդ վայրը: Տէրը տկարացրեց այլազգիներին, եւ Սամուէլի ապրած բոլոր օրերին նրանք այլեւս չյարձակուեցին Իսրայէլի սահմանների վրայ: Այդ ժամանակ Սամուէլը եղաւ իբրեւ Մովսէսը, Ահարոնը եւ Յեսուն՝ բոլորին միասին վերցրած, եղաւ իր ժողովրդին օտարների ձեռքից ազատողը, օրէնսդիրը, դատաւորը, քահանան եւ մարգարէն: Իր կեանքի բոլոր օրերին նա բարեկարգեց եւ դատաւոր եղաւ Իսրայէլում: Իբրեւ վերատեսուչ եւ Աստուծոյ ժողովրդի հոգիների եւ մարմինների այցելու, ամէն տարի անձամբ գնում, շրջում էր հեռաւոր քաղաքներով ու Իսրայէլի որդիների բնակավայրերով եւ ապա վերադառնում Արիմաթէմի իր տունը: Եւ այնտեղ, ուր Տիրոջ սեղան շինեց, դատում էր Իսրայէլին:
Իսկ երբ ծերացաւ, իր որդիներին՝ Յովէլին եւ Աբիային, կարգեց Իսրայէլի դատաւորներ, սակայն նրանք չգնացին իրենց հօր ճանապարհով, այլ ընչաքաղցութեան յետեւից ընկնելով՝ կաշառք էին վերցնում եւ թիւրում օրէնքը: Իրենց աստուածամերձ հօր սքանչելի վարքը իրենց ուղղութեան խրատ չեղաւ: Այս տեսնելով՝ ժողովուրդն սկսեց տրտնջալ եւ գալով Սամուէլի մօտ՝ ստիպեցին նրան՝ այլ ազգերի նման իրենց մի թագաւոր տալ: Այս բանը չար թուաց Սամուէլի աչքին, բայց Աստուած ասաց նրան. «Կատարի՛ր ժողովրդի կամքը, որպէսզի փորձով տեսնեն, որ մաքուր չէր նրանց սիրտը քեզնից թագաւոր խնդրելիս: Նրանք ոչ թէ քեզ անարգեցին, այլ չցանկացան, որ Ես թագաւորեմ իրենց վրայ: Բայց դու նրանց տեղեակ պահի՛ր, յայտնի՛ր թագաւորի իրաւունքների մասին, որը պիտի իշխի իրենց վրայ»:
Սամուէլը Տիրոջ խօսքերը հաղորդեց ժողովրդին, եւ երբ նրանք ինքնակամ յօժարութեամբ յանձն առան կրել բոլոր դժուարութիւնները, Սամուէլը նրանց կամքը յայտնեց Տիրոջը: Եւ Տէրը հրամայեց, որ նրանց թագաւոր դնի այն մարդուն, ում Ինքը կþուղարկի: Օրեր անց Աստուած Սամուէլի մօտ առաքեց Սաւուղին՝ Բենիամինի ցեղից սերուած Կիսի որդուն՝ իր հօր կորած աւանակին որոնելու առիթով: Քանզի երբ Սաւուղը եկաւ ու այդ մասին հարցրեց տեսանողին[64], Աստուած մինչ այդ Սամուէլին յայտնեց, թէ՝ «Ահա սա է այն մարդը, որին պիտի Իսրայէլի թագաւոր կարգես»:
Սամուէլը հաւաքեց ժողովրդին, Սաւուղին կարգեց որպէս օծեալ թագաւոր, թագաւորի իրաւունքները գրեց մատեանում եւ դրեց Տիրոջ առաջ:
Մէկ ուրիշ անգամ դարձեալ հաւաքելով Իսրայէլի որդիներին՝ թագաւորով հանդերձ, ասաց նրանց. «Ահաւասիկ ես լսեցի այն ամէնը, ինչ դուք ինձ ասացիք: Ես ձեզ վրայ թագաւոր դրեցի, որ առաջնորդի ձեզ: Ես ծերացել եմ եւ պէտք է հանգստանամ: Բայց կամենում եմ, որ դուք վկայէք Տիրոջ առաջ, թէ ես ինչպէս գործեցի ձեր առաջ վաղ հասակից: Ահաւասիկ կանգնած եմ ձեր առաջ, Տիրոջ եւ Նրա օծեալի ներկայութեամբ խօսէ՛ք իմ մասին, թէ ում եմ զրկել, կամ ինչ-որ մէկից բան եմ առել: Պատասխանէ՛ք ինձ, որ հատուցեմ ձեզ»: Ասացին Սամուէլին. «Դու մեր դէմ չես մեղանչել, մեզ չես զրկել, մեզ նեղութիւն չես պատճառել եւ որեւէ մէկի ձեռքից ոչինչ չես խլել» ու երդուեցին Տիրոջ եւ թագաւորի առաջ: Այնժամ Սամուէլն ասաց. «Առա՛ջ եկէք, որ ձեզ դատեմ Տիրոջ առաջ ու պատմեմ ձեզ բոլոր բարերարութիւնների մասին, որ Տէրն արել է ձեզ, ու այդ ամէնի դիմաց՝ Նրա հանդէպ ձեր ապերախտութեան մասին»:
Եւ ըստ կարգի յիշեցրեց նրանց, թէ ինչպէս Աստուած հզօր ձեռքով ազատեց իրենց եգիպտացիների ձեռքից Մովսէսի եւ Ահարոնի միջոցով, ինչպէս Յեսուի ձեռքով ժառանգել տուեց օտարների երկիրը, ինչպէս երբ մոռացան Տիրոջը, Տէրը նրանց մատնեց այլազգիների ծառայութեանը, իսկ երբ աղաղակեցին Տիրոջը, Նա առաքեց նրանց մօտ Գեդէոնին, Բարակին, Յեփթայէին, Սամփսոնին, եւ թէ ինչպէս փրկեց շրջակայ թշնամիներից եւ ապահովութեամբ բնակեցրեց խոստացած երկրում: «Եւ արդ, - ասաց, - մեր Տէր Աստուած՝ մեր Թագաւորը, նոյնպէս կարող էր միշտ պահպանել եւ փրկել ձեզ, բայց դուք ըմբոստանալով ձեզ համար թագաւոր խնդրեցիք: Եւ ահա Տէրը ձեզ թագաւոր տուեց: Ուրեմն զգո՛յշ եղէք եւ տեսէ՛ք, թէ ինչպէս պիտի քայլէք Տիրոջ առաջ, այլապէս Տիրոջ ձեռքը ձեր ու ձեր թագաւորի վրայ կը լինի»: Ապա իր խօսքերը հաստատելու համար Սամուէլն ասաց. «Արդ, սպասէ՛ք եւ կը տեսնէք այն մեծագործութիւնները, որ Տէրը պիտի անի ձեր աչքերի առաջ: Չէ՞ որ այսօր ցորենի հնձի ժամանակ է, երկինքը խաղաղ է եւ անամպ: Ահա ես կþաղաղակեմ Տիրոջը, եւ Նա որոտ ու անձրեւ կը տայ: Դուք կþիմանաք եւ կը տեսնէք, որ ձեզ համար թագաւոր խնդրելով՝ մեծ չարութիւն գործեցիք Տիրոջ առաջ»:
Սամուէլն աղաղակեց Տիրոջը, եւ Տէրն այդ օրը որոտ ու անձրեւ ուղարկեց: Ամբողջ ժողովուրդը սաստիկ վախեցաւ Տիրոջից եւ Սամուէլից ու միաբան ասացին Աստուծոյ մարդուն. «Աղօթի՛ր քո Տէր Աստծուն քո ծառաների համար, որ չմեռնենք, քանզի մեզ համար թագաւոր խնդրելով մեր բոլոր մեղքերի վրայ այդ չարիքն էլ աւելացրինք»: Այնժամ Սամուէլը քաջալերեց նրանց՝ ասելով. «Մի՛ վախեցէք, այլ այսուհետեւ խրատուէ՛ք, որ այլեւս չխոտորուէք Տիրոջ ճանապարհից, այլ ամբողջ սրտով ծառայեցէք Տիրոջը՝ թագաւորով հանդերձ: Մի՛ գնացէք ոչնչի՝ սուտ կուռքերի յետեւից, որոնք ոչինչ չեն տալիս եւ չեն փրկում, որովհետեւ աստուածներ չեն: Տէրը Իր մեծ անուան համար չի մերժի Իր ժողովրդին, որովհետեւ Նա բարեհաճութեամբ է ձեզ Իր ժողովուրդը դարձրել: Քա՛ւ լիցի, որ ես մեղանչեմ Տիրոջ դէմ՝ հրաժարուելով աղօթել ձեզ համար: Ես ձեզ ցոյց կը տամ բարի եւ ուղիղ ճանապարհը: Երկիւղէ՛ք Տիրոջից եւ ձեր ամբողջ սրտով ծառայեցէ՛ք Նրան ճշմարտութեամբ, որովհետեւ տեսա՛ք, թէ ինչ մեծամեծ գործեր արեց մեզ համար: Իսկ եթէ շարունակէք խարդախել, կորստեան կը մատնուէք թէ՛ դուք, թէ՛ թագաւորը»:
Արդ, թւում էր Սաւուղ արքան առաջին երկու տարիներին իր թագաւորութիւնը Իսրայէլի որդիների համար վարում էր արդարութեամբ, սակայն հետզհետէ նա փոխեց իր ճանապարհը, քանզի մէկ երկու անգամ յայտնապէս անհնազանդ եղաւ Տիրոջ խօսքին, որն ասուեց Սամուէլի բերանով: Մէկն այն էր, որ Գաղգաղայում ժամադրուած օրը նա չսպասեց Սամուէլի գալստեանը, այլ չհամբերեց եւ համարձակուեց առանց նրա զոհ մատուցել, որով էլ զրկուեց Տիրոջ կողմից ցմահ թագաւոր դառնալու առիթից, եւ միւսը, որ իսպառ չոչնչացրեց ամաղէկացիներին, այլ փրկեց ամաղէկացիների Ագագ թագաւորին, աւար վերցրեց նրա ընտիր ոչխարներին՝ Տիրոջը զոհ մատուցելու համար: Եւ այս բանի համար Սամուէլը Տիրոջ խօսքով խստագոյնս կշտամբեց նրան, բայց նա չզղջաց ճշմարտութեամբ, այլ՝ արտաքուստ: Եւ որպէսզի չանարգուէր ազգի կողմից, նա խնդրեց Սամուէլին՝ մեծարել իրեն ժողովրդի առաջ, սակայն Սամուէլը հեռացաւ եւ ամէն օր լսելով նրա անկարգ ընթացքի մասին՝ սգում էր նրա համար: Տէրը պատժեց Սաւուղին այսահարութեամբ եւ հրամայեց Սամուէլին Իր ժողովրդի համար թագաւոր օծել Դաւթին՝ Յուդայի ցեղից բեթղեհէմացի Յեսսէի կրտսեր որդուն, ինչպէս որ մանրամասն պատմում է Թագաւորաց Առաջին գիրքը, որն ինչպէս ասում են, գրուել է Սամուէլի կողմից: Հասնելով խոր ծերութեան՝ Սամուէլը վախճանուեց: Ամբողջ Իսրայէլը հաւաքուեց եւ ողբաց նրա համար: Նրան թաղեցին Արիմաթէմի իր տան մօտ:
Իսկ Սաւուղը, վախենալով այլազգիներից, հասկացաւ, թէ որքան շատ Սամուէլի կարիքն ունի, որովհետեւ չկար մէկը, որ փրկէր իրեն աղօթքներով: Ուստի գնաց մի վհուկ կնոջ մօտ, որպէսի սա դիւական հնարքներով օգնութիւն խնդրէր Սամուէլից: Այնժամ Աստուծոյ թոյլտւութեամբ Սամուէլի նմանութեամբ մի ուրուական երեւաց Սաւուղին, որը յանդիմանեց նրան՝ ապերախտութեան եւ անհնազանդութեան համար ու ցոյց տուեց, որ յաջորդ օրը նա պիտի ընկնի պատերազմում, որը եւ կատարուեց: Նրա ամբողջ թագաւորութիւնն անցաւ Դաւթի՝ Աստուծոյ սիրելու եւ սաղմոսասաց մարգարէի ձեռքը, որն արժանացաւ լինելու աստուածահայր, այսինքն մեր Քրիստոս Աստուծոյ նախահայրը. Նրան փառք յաւիտեանս. ամէն:
[1] Տե՛ս Եբր. ԺԱ 32:
[2] Յուդ. Ա 14-15:
[3] Ա Կորնթ. ԺԵ 47:
[4] Ղուկ. Գ 38:
[5] Ծննդ. Գ 19:
[6] Ծննդ. Գ 19:
[7] Ծննդ. Գ 18:
[8] Ծննդ. Գ 11:
[9] Ծննդ. Գ 24:
[10] Սաղմ. ԽԸ 13:
[11] Ծննդ. Գ 12:
[12] Ծննդ. Դ 4-5:
[13] Սաղմ. Ծ 19:
[14] Սաղմ. ԾԳ 8:
[15] Բ Կորնթ. Թ 7:
[16] Ծննդ. Դ 4:
[17] Ղուկ. ԺԱ 51:
[18] Ծննդ. Դ 10:
[19] Ծննդ. Դ 26:
[20] Ծննդ. Ե 24:
[21] Ծննդ. Ե 29:
[22] Ծննդ. ԺԴ 19-20:
[23] Եբր. Է 4:
[24] Սաղմ. ՃԹ 4-5:
[25] Ես. ԺԳ 8:
[26] Սաղմ. Ձ 12:
[27] Գաղ. Գ 13:
[28] Ծննդ. ԺԴ 18:
[29] Հմմտ. Եբր. Զ 20:
[30] Սաղմ. ԽԴ 8:
[31] Ղուկ. Ա 33:
[32] Սաղմ. ՀԱ 2:
[33] Սաղմ. ՃԺ 7:
[34] Ես. ԾԳ 8:
[35] Բիւրաբեղուն – յոյժ բերրի, բազմառատ:
[36] Հմմտ. Ծննդ. ԺԷ 5-7:
[37] Ծննդ. ԺԷ 16:
[38] Հմմտ. Յովհ. Ը 58:
[39] Ծննդ. ԻԵ 23:
[40] Ծննդ. ԻԶ 2-5:
[41] Ծննդ. ԻԶ 24:
[42] Ծննդ. ԻԸ 13-15:
[43] Ծննդ. ԻԸ 16-17:
[44] Ծննդ. ԼԲ 28:
[45] Ծննդ. ԼԵ 11:
[46] Սաղմ. ԼԲ 15:
[47] Ծննդ. ԻԲ 12:
[48] Ծննդ. ԽԸ 20:
[49] Ծննդ. Ծ 21:
[50] Ծննդ. Ծ 24:
[51] Երգ. Ե 10:
[52] Յովսէփի տիրոջ՝ Պետափրէսի կինը:
[53] Ղուկ. Թ 35:
[54] Եբր. ԺԱ 24-26:
[55] Բ Օրին. ԼԴ 10-12:
[56] Բ Օրին. ԺԸ 18:
[57] Ա Կորնթ. Ժ 4:
[58] Ղուկ. ԺԲ 49:
[59] Յուդ. Ա 9:
[60] Հռոմ. Ե 14:
[61] Փոքրիկ նշանագիր, ինչպիսին է եբրայերէն յովտ տառը:
[62] Յես. Ժ 13-14:
[63] Ա Թագ. Գ 1:
[64] Հնում ժողովուրդը մարգարէին տեսանող էր անուանում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: