Ելից գրքի մեկնություն 13։11

Ա. Լոպուխին

11-16․ «Եվ երբ Տերը քեզ քանանացիների երկիրը տանի, ինչպես խոստացել էր քեզ ու քո հայրերին, և այն կտա քեզ, [11] տիրոջ առջև կբերես յուրաքանչյուր արգանդ բացող առաջնեկին: Եվ քո ունեցած անասունների բոլոր արու առաջնածինները թող Տիրոջը պատկանեն: Եվ էշի ամեն մի առաջնածին կփոխանակես մի ոչխարով, և եթե չփոխանակես, գնի՛ր այն: Եվ քո որդիների մեջ մարդկանց բոլոր առաջնեկների համար փրկագին պիտի տաս: Եթե դրանից հետո որդիդ հարցնի քեզ ու ասի, թե՝ «Ի՞նչ է այս», նրան կասես, թե՝ «Տերը հզոր ձեռքով  մեզ դուրս բերեց Եգիպտոսի երկրից՝ ստրկության տնից: Երբ փարավոնի սիրտը կարծրացավ ու մեզ չարձակեց, Տերը սպանեց Եգիպտոսի երկրի բոլոր անդրանիկներին՝ մարդկանց անդրանիկ զավակներից մինչև անասունների առաջնածինները: Հենց դրա համար էլ ես Տիրոջն եմ նվիրաբերում բոլոր առաջնածին արուներին, իսկ իմ որդիներից բոլոր անդրանիկ զավակներին փրկագին տալիս»: Եվ սա թող քո ձեռքին և ճակատիդ նշան լինի, որովհետև Տերը զորավոր ձեռքով մեզ դուրս բերեց Եգիպտոսից»: (Սինոդական թարգ․)
   
   Բաղարջների մասին օրենքի նման մարդկանց և անասունների առաջնեկների ընծայաբերման օրենքը ևս պետք է իրագործվեր ավետյաց երկրում բնակվելու պահից սկսած: Քանի որ այդ ժամանակ արդեն Վկայության խորանում ծառայելու պարտականությունն ընկած էր ղևտացիների վրա (Թվ. 8:5-6), ուստի մարդկանց անդրանիկների ընծայումը փոխարինվում է օրենքով սահմանված փրկագնի վճարումով (Ելք 34:20, Թվ. 18:15 և հաջորդող համարները): Անմաքուր կենդանիների առաջնածինները չէին կարող զոհաբերվել (Ելք 13:15), ուստի այն կամ փոխարինվում էր մաքուր կենդանիներով (Ելք 34:20), կամ էլ փրկագնվում էր (Թվ. 18:15):
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) «Երբ քո Տէր Աստուածը քեզ կը տանի Քանանացիների երկիրը, ինչպէս խոստացել է քեզ ու քո հայրերին, եւ այն կը տայ քեզ,
(Արարատ թարգ․) Եվ երբ Տերը քեզ քանանացիների երկիրը տանի, ինչպես որ խոստացել է քեզ և քո հայրերին՝ այն քեզ տալու համար,
(Գրաբար) Եւ եղիցի յորժամ տանիցի զքեզ Տէր Աստուած քո յերկիրն Քանանացւոց` որպէս երդուաւ քեզ եւ հարցն քոց. եւ տացէ զնա քեզ.