Ա․ Լոպուխին
Քո պարիսպների կառուցման օրը, այդ օրը կհեռանա սահմանվածը։ (Սինոդական թարգ․)[11]
11−րդ համարը տարբեր կերպ է թարգմանվում եբրայերեն և հունարեն տեքստերում։ Այն դժվարություն է ներկայացնում թե՛ թարգմանության և թե՛ մեկնաբանության համար։ Ռուսերեն թարգմանությունը հստակ միտք չի փոխանցում։ Ըստ ընդունված կարծիքի՝ մարգարեն խոսում է Երուսաղեմի պարիսպների ապագա վերականգնման մասին, կամ էլ, «gader» (ռուսերեն՝ «պարիսպ») բառի խաղողի այգու ցանկապատի իմաստով ընկալման դեպքում, խաղողի այգու հետ համեմատվող աստվածապետության ապագա վերականգնման մասին։ Մարգարեն իր միտքը բացականչական ձևով է արտահայտում. «պարիսպների (ցանկապատի) կառուցման օրը»։ «Jom» բառը մեր թարգմանության մեջ ընդունված է որպես «երբ» (կառուցման օրը) ժամանակի վերաբերյալ հարցի հայցական հոլով, սակայն, սովորաբար, այն ընդունվում է որպես ուղղական հոլով։ «Այդ օրը (ծագում է «hahu»−ից) կհեռանա (irhak) սահմանվածը (chok)». ռուսերեն տեքստի իմաստը պարզ չէ։ Ինչ−որ հաստատված, սահմանված բան (Ելք․ 5։14, Ղև․ 10։13, Առ․ 30։8) նշանակող «chok» բառը, երբեմն նաև «սահման» (Առ. 8։29), և հատկապես՝ «հաստատված սահման» (Հոբ 14։5, 26։10, 38։10, Ես. 5։14) իմաստն է ունենում։ Ըստ երևույթին, «chok» բառն այս իմաստով կարելի է հասկանալ նաև դիտարկվող համարում՝ «կհեռանա սահմանը», այսինքն՝ միմիայն եբրայական ժողովրդի մեջ սահմանափակված աստվածապետության սահմանը։ Այսպիսով՝ մարգարեն ոչ միայն աստվածապետության վերականգնումը, այլ նաև դրա սահմանների ընդլայնումը, այսինքն՝ դրանում, բացի Իսրայելից, նաև այլ ժողովուրդների ընդգրկումն է կանխատեսում։ Յոթանասնիցը, ըստ 10−րդ համարի բացատրության, մարգարեի խոսքերը հակառակ՝ թշնամական քաղաքի կործանման և Իսրայելի հանդեպ թշնամաբար տրամադրված ժողովրդի ոչնչացման մասին մարգարեության իմաստով է հասկացել։ Այստեղից էլ ծագել է սլավոներեն տեքստի «աղյուսի ծեփի օրը (այսինքն՝ աղյուսների ոչնչացման օրը), այդ օրը կլինի քո կործանումը, և այդ օրը կվերացվեն քո օրենքները» ընթերցումը։ Երանելի Թեոդորոս Կյուրոսացին այդ բառերը հետևյալ կերպ է բացատրում. «Դու բոլորի համար հասանելի կլինես և բոլորի կողմից հեշտությամբ կգրավվես, շրջակայքի բոլոր բնակիչները կկործանեն և կուլ կտան քեզ։ Այդ ժամանակ էլ քո հակաօրինական օրենքները կավարտվեն»։ Սակայն մյուս մեկնաբանները Յոթանասնիցի տեքստը Երուսաղեմի մասին են հասկանում (Անտոնիոս արք. (Խրապովիցկի), Յունգերով)։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Աղիւսի ծեփի օր եւ քո ջնջման օր կը լինի այն օրը. այդ օրը կը մերժի քո իրաւունքները:
(Արարատ թարգ․) Այն օրը, երբ քո պարիսպները կշինվեն, նույն օրը սահմանները կընդարձակվեն։
(Գրաբար) Օր ծեփո՛յ աղիւսոյ, և ջնջո՛ւմն քո եղիցի օրն այն. մերժեսցէ զիրաւունս քո օրն այն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: