Ելից գրքի մեկնություն 34։1

Ա. Լոպուխին

1-4. Եվ Տերն ասաց Մովսեսին. «Քեզ համար երկու քարե տախտակներ կոփիր նախորդների նմանողությամբ, և Ես այդ տախտակների վրա կգրեմ այն խոսքերը, որոնք գրված էին նախորդ տախտակների վրա, որոնք որ դու կոտրեցիր: [1] Եվ առավոտյան պատրա՛ստ եղիր, և առավոտյան բարձրացի՛ր Սինա լեռը, և կանգնիր Իմ առջև այնտեղ՝ լեռան գագաթին: Բայց ոչ ոք չպետք է բարձրանա քեզ հետ, և ամբողջ լեռան վրա ոչ ոք չպետք է երևա, անգամ մանր և խոշոր եղջերավոր անասունները չպետք է արածեն լեռան մոտակայքում»: Եվ Մովսեսը կոփեց երկու քարե տախտակներ՝ նախկինների նմանողությամբ, և առավոտյան շուտ վեր կենալով՝ բարձրացավ Սինա լեռան վրա, ինչպես որ պատվիրել էր նրան Տերը: Եվ իր ձեռքը վերցրեց քարե երկու տախտակները: (Սինոդական թարգ․)
   
   Ինչպես պարզ է դառնում նախորդ գլխից, Աստծո կողմից անտեսված Իսրայելին խոստում է տրվում, ըստ որի նա առաջվա պես կհամարվի Աստծո ընտրյալ ժողովուրդը: Այդպիսի խոստման իրականացումն էլ կլինի խախտված Ուխտի վերականգնումը: Քանի որ այս երկրորդ Ուխտն իր բնույթով նման է առաջինին, ուստի և այն իրականանում է նախորդին հար և նման պայմաններում: Պատրաստվում են տախտակները, բայց ոչ թե Տիրոջ (Ելք. 32:16), այլ Մովսեսի կողմից՝ որպես Ուխտի խախտման մասին հիշեցնելու նշան: Որևէ մեկին՝ բացի Մովսեսից, արգելվում է բարձրանալ Սինա լեռան վրա (հմմտ. Ելք 19:12), և որպես Ուխտի կնքման միջնորդ հանդես է գալիս Մովսեսը, իսկ Տերն իջնում է նրա մոտ ամպի տեսքով (Ելք. 19:9, 20:20):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Մովսէսին. «Դու ինքդ նախկին տախտակների նման քարէ երկու տախտակներ կոփի՛ր եւ ինձ մօտ՝ լեռը բարձրացի՛ր: Տախտակների վրայ կը գրեմ այն պատգամները, որ արձանագրուած էին քո ջարդուփշուր արած նախկին տախտակների վրայ:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց Մովսեսին. «Քեզ համար երկու քարեղեն տախտակներ կոփիր նախորդների պես: Ես այդ տախտակների վրա պիտի գրեմ այն խոսքերը, որոնք գրված էին նախորդ տախտակների վրա, որոնք դու կոտրատեցիր:
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցՄովսէս. Կոփեա դու քեզ երկուս տախտակս քարեղէնս ըստ առաջին տախտակացն, եւ ել առ իս ի լեառնն. եւ գրեցից ի վերայ տախտակացն զպատգամսն` որ էին յառաջին տախտակսն զոր խորտակեցերն: