ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ ԾՆՕՂՆԵՐԻ՝ ՅՈՎԱԿԻՄԻ ԵՎ ԱՆՆԱՅԻ ՎԱՐՔԸ

Բուսաւ յԱննայէ մորենին Մարիամ, յոր վառեցաւ հուրն Աստուածային.

Զոր ետես Մովսէս զօրինակ Կուսին ի Սինա լցեալ լուսովն անմատոյց

Փառս տացուք Տուողին մեզ զօրհնեալն ի կանայս:

Գառինքն օրինականքն Յովակիմ եւ Աննա՝ ետուն մեզ զգեղմն ընդունիչ զցօղն երկնային.

Յորմէ հոսեաց անձրեւն կենաց եւ բղխեաց աշխարհի աղբիւրն իմաստից.

Փառս տացուք Տուողին մեզ զօրհնեալն ի կանայս:

(Շարակնոց)

 

ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ ԾՆՕՂՆԵՐԻ՝ ՅՈՎԱԿԻՄԻ ԵՒ ԱՆՆԱՅԻ ՎԱՐՔԸ

 

Պանծալի եւ գովելի Յովակիմն ու Աննան, որ հրեշտակներ էին մարդկանց մէջ, մարդկային ազգի պարծանքներն են: Նրանք Աստուծոյ կողմից գերագոյն պատուով փառաւորուած են առաւել, քան բոլոր նախահայրերը եւ նախամայրերը, որովհետեւ ընտրուած էին՝ լինելու ծնօղներ Աստուածորդու ծնօղի համար եւ ստուգապէս՝ լինելու աշխարհի Փրկչի նախահայրը եւ նախամայրը:

 

Արդ, ո՞վ կարող է խօսել այս երիցս երանելիների մեծութեան մասին, որոնք այսպիսի երանութեան հասան, կամ ո՞ր խօսքերը կարող են արժանաւորապէս ճառել նրանց առաքինութիւնների մասին: Ինչպէս որ նրանց սուրբ զաւակի կատարելութիւնն ամբողջանում է այն յանգամանքով, որ նա Աստուծոյ մայրն է, այդպէս էլ նրանց գովեստի եւ վարքի մասին բաւական է ասել, որ նրանք սուրբ Աստուածածնի ծնօղներն էին: Ինչպէս որ սուրբ Կոյսը կենաց ծառ եղաւ, այդպէս էլ Յովակիմն ու Աննան կենաց ծառի արմատներ եղան, սուրբ Կոյսը՝ օրհնութեան տունկ, նրա ծնօղները՝ օրհնութեան արմատ: Ինչպէս որ ծառը ճանաչւում է իր պտղից, այդպէս էլ սուրբ Կոյսը ճանաչւում է Քրիստոսով  եւ աներկբայօրէն՝ Յովակիմն ու Աննան ըստ իրենց առաքինութեան շնորհների՝ ճանաչւում են Մարիամով: Եւ արդարեւ, եթէ աւետարանիչը սուրբ Կարապետի ծնօղների՝ Զաքարիայի եւ Եղիսաբէթի համար վկայեց, թէ նրանք երկուսն էլ արդար էին Աստուծոյ առաջ եւ սրբութեամբ էին պահում Աստուծոյ պատուիրաններն ու օրէնքները, ապա որքա՞ն առաւել մեզ իմանալ է տալիս Յովակիմի եւ Աննայի ծայրագոյն արդարութեան եւ անարատ կենցաղավարութեան մասին: Նրանք ընտրուեցին՝ կանգնելու աւելի բարձր աստիճանին, քան Մկրտչի ծնօղները եւ բարձր էին այնքանով, որքանով մեծ էր իրենց սուրբ զաւակի աստուածմայրութեան գերաստիճան բարձրութիւնը կարապետութեան եւ մկրտութեան պաշտօնի համեմատ: Եթէ Եղիսաբէթը մեծ համարուեց կանանցից, ապա Աստուծոյ մօր համար չկայ որեւէ համեմատութիւն կանանցից ծնուածների հետ, եւ ինչ համեմատութիւն կարող է լինել ծառայական եւ ծնօղական աստիճանների միջեւ: Բայց քանի որ Սուրբ Գրքից որեւէ պատմական տեղեկութիւն չունենք Աստուծոյ Բանի ծնօղի ծնօղների մասին, տեսնենք, թէ թողած ինչ աւանդութիւններ կան եկեղեցական հայրերի եւ վարդապետների գրքերում:

 

Սուրբ Աստուածածնի հայրը՝ սուրբ Յովակիմը, եւ Աստուծոյ Որդու՝ Յիսուս Քրիստոսի հարազատ պապը, թէպէտ երկրի մեծանուն եւ հարուստ ընտանիքից չէր, սակայն ծագումով Իսրայէլի տան արքայական զարմից էր, Յուդայի ցեղից եւ Դաւթի ազգից: Ըստ ոմանց էլ՝ նա սերում էր Սողոմոն արքայի սերնդից, որին յաջորդեցին Յուդայի թագաւորները եւ խնամիական կապով միաւորուած էր Սողոմոնի եղբօր՝ Նաթանի տան հետ:

 

Եբրայական աւանդութիւնից Մովսէս Խորենացին եւ Յովհաննէս Դամասկացին առաջ են բերում Եպիփանի խօսքերը, թէ սուրբ Յովակիմը Ղեւիի որդու՝ Բարեայ Պանթեռնի որդին էր: Սա այն Ղեւին է, որի մասին յիշատակում է սուրբ  Ղուկաս աւետարանիչը՝ ասելով. «Որդին էր ... Յովսէփի, Յակոբի, ... Հեղիի, Մատաթիայի, Ղեւիի, ... Մեղքիի ... »: Ըստ Խորենացու՝ Հեղին սուրբ Յովակիմի հօրեղբօր որդին էր, եւ միաժամանակ նոյն Հեղին սուրբ Յովակիմի օրինական հայրն էր, որի իրական հայրը Յակոբն էր՝ նոյն մօրից ծնուած Հեղիի եղբայրը: Էլ չասենք այն մասին, որ յետոյ Յովակիմին եւ Յովսէփին կամեցան համարել համահայր եղբայրներ, իսկ նոր մեկնիչներից ոմանք առանց նախնիների վկայութեան ճիշտ համարեցին ասել, թէ Հեղին նոյն ինքը Յովակիմն է, քանի որ Հեղի անունը մօտ է հնչում Եղիակիմ, այսինքն Յովակիմ անուանը: Եւ ըստ այսմ՝ Յովակիմը Ղեւիի որդի Մատաթիայի որդին է, եւ սուրբ Յովսէփը մերձաւոր չէ Յովակիմին, այլ Աննայի եղբօր որդին է, իսկ Աննան՝ Յովսէփի հօրաքոյրը, քանզի համարում են, թէ Աննան Մատթանի դուստրն է, որը ծնեց Յակոբին՝ Յովսէփի հօրը, ինչպէս պատմում է Մատթէոս աւետարանիչը:

 

Բայց ուրիշներն էլ ըստ յոյն եւ հայոց «Յայմաւուրք»-ների պնդում են, թէ սուրբ Աննան Յուդայի տնից Մատթանի դուստրը չէր, այլ ղեւտացի Մատթան քահանայի դուստրն էր, որ բնակւում էր Յուդայի Բեթլեհէմ քաղաքում: Նա Եղիսաբէթի մօր՝ Սովիէի կամ Սոբէի քոյրն էր, որովհետեւ ինչպէս ասում են, Մատթան քահանան երեք դուստրեր ունէր, եւ Եղիսաբէթը, Տիրոջ մայրը՝ Մարիամը եւ Սողոմէն այս երեք քոյրերի դուստրերն էին: Սրան  են հանգում հին եւ նոր վարդապետների բազմապատիկ կարծիքները, որոնք թէպէտ անմիաբան են ազգաբանութեանը վերաբերող հարցերում, սակայն միասնական հաստատում են, որ Յովակիմն ու Աննան Դաւթի թագաւորական ազգից են եւ միաժամանակ ազգակցական կապ ունեն քահանայական տոհմի հետ:

 

Արդ, երբ լրացաւ հայրերին տուած խոստման ժամանակը, Յովակիմի եւ Աննայի մէջ միաւորուեցին թագաւորական եւ քահանայական գաւազանները, եւ Փրկչի ծնօղի ծննդեամբ սպասւում էր նոր աշխարհի ակնկալելի հիմնարկէքը: Աստուծոյ կամքով Յովակիմն ու Աննան անզաւակ էին, որպէսզի իրենց ծերութեան եւ ամլութեան մէջ Աստուած հրաշագործէր մի հրաշալի զաւակ՝ սահմանուած ծնելու Իր Միածնին: Յովակիմը տխրում էր Աննայի ամլութեան համար, իսկ Աննան՝ նրանից առաւել: Բայց նրանց տրտմութիւնն առաւել մեծացաւ այնժամ, երբ բարեկամների եւ քահանաների կողմից մխիթարութիւն գտնելու փոխարէն արժանացան վերջին նախատինքների: Քանզի ինչպէս ասւում է՝ երբ մի անգամ Յովակիմն այլոց հետ Երուսաղէմի տաճար էր գնում՝ իր ոչխարներից Աստծուն զոհ մատուցելու համար, Իսաքար անունով մի քահանայ ամօթանք տուեց նրան՝ ասելով. «Պէտք չէ առաջինը զոհ մատուցես Աստծուն, որովհետեւ դու զաւակ չունես Իսրայէլի մէջ»:

 

Խոցուեց Յովակիմի հոգին, որովհետեւ նա Տիրոջ երկիւղն ունէր: Թախծագին սրտով հեռացաւ Երուսաղէմից եւ չվերադարձաւ Նազարէթի իր տունը, եւ ոչ էլ այցելեց կնոջը՝ Աննային, այլ գնաց անապատ՝ իր ոչխարների հովիւների մօտ, որն ասում են, թէ մօտ է Պրոպատիկէին: Այնտեղ խփեց իր վրանը եւ ըստ ոմանց՝ քառասուն օր պահք պահեց՝ ասելով. «Չեմ գնայ իմ տուն, չեմ ուտի եւ չեմ խմի, մինչեւ որ իմ Տէր Աստուած չայցելի ինձ: Իմ կերակուրը կը լինեն աղօթքներս, իսկ ըմպելին՝ իմ արտասուքները»:

 

Իսկ նրա բարեպաշտ կինը՝ Աննան, տագնապելով նրա ուշանալու համար եւ տեղեկանալով պատճառի մասին, անդադար ողբում էր մեծ կսկիծով եւ ասում. «Պիտի լամ իմ այրիութեան համար ու պիտի լամ նաեւ իմ անզաւակութեան համար»:

 

Եւ Աննան սգոյ հանդերձներ հագաւ: Մի օր, օրուայ իններորդ ժամին իջաւ իր տան պարտեզը, նստեց դափնու ծառի տակ եւ աղօթեց առ Աստուած՝ ասելով. «Մեր հայրերի Տէր Աստուա՛ծ, յիշի՛ր իմ տառապանքները եւ օրհնի՛ր ինձ, ինչպէս որ օրհնեցիր մեր արդար հօրը՝ Աբրահամին եւ Սառայի միջոցով նրան զաւակ տուեցիր»: Նա սեւեռուած երկնքին էր նայում ու լաց էր լինում: Դափնու ծառի վրայ տեսաւ ճնճղուկների երկու բոյն, մեծապէս ողբաց եւ ասաց. «Վա՜յ ինձ, ո՞ր մայրը երկնեց ինձ, եւ ո՞վ ծնեց ինձ, քանզի ես անէծքով ծնուեցի Իսրայէլի մէջ ու նախատինք եւ արհամարհանք եղայ մեր Տէր Աստուծոյ տաճարում: Վա՜յ ինձ, որովհետեւ ես չնմանուեցի ո՛չ երկրի գազաններին եւ ո՛չ էլ երկնքի թռչուններին, որովհետեւ Քո առաջ երկնքի թռչունները ձագեր ունեն, իսկ գազաններն ու անասունները ծնունդներ են տալիս: Վա՜յ ինձ, ես ո՞ւմ եմ նման: Ինձ նման չտեսայ նաեւ այս ջրերին, որովհետեւ ջրերը Քո առաջ զեռուներ են բերում, եւ ձկներն ու  բոլոր լողացող կենդանիներն օրհնում են Քեզ: Վա՜յ ինձ, ես ո՞ւմ եմ նման: Նման չեմ նաեւ երկրի հողին, քանզի հողն իր ժամանակին իր պտուղն է մատուցում մարդկանց, եւ բոլորն օրհնում են Քեզ, Տէ՛ր»: Եւ ահա նոյն պահին Տիրոջ հրեշտակը երեւաց Աննային ու ասաց. «Աննա՛, Աննա՛, Աստուած լսեց քո աղօթքները: Ահա դու կը յղիանաս եւ կը ծնես մի մանուկ, որի անունը պիտի տարածուի ամբողջ երկրի վրայ»: Եւ Աննան պատասխանեց. «Կենդանի է իմ Տէր Աստուածը: Եթէ ես զաւակ ծնեմ, ապա նրան կþընծայեմ Տէր Աստծուն Սամուէլի մօր՝ Աննայի օրինակով, եւ իմ զաւակը եւս կը լինի Աստուծոյ տաճարի սպասաւորը իր կեանքի բոլոր օրերում»:

 

Աստուծոյ հրեշտակը իջաւ նաեւ նրա ամուսնու մօտ եւ ասաց. «Յովակի՛մ, Աստուած լսեց քո աղօթքները: Գնա՛ քո տուն, քո կինը՝ Աննան, կը յղիանայ, եւ ձեզ ու ամբողջ աշխարհին ցնծութիւն պիտի լինի»: Եւ Յովակիմն իր հովիւներին ասաց. «Բերէ՛ք ինձ տասը անդրանկածին եւ անարատ գառներ, որ դրանք ընծաներ լինեն իմ Տէր Աստուծոյ համար»: Եւ ասաց. «Բերէ՛ք ինձ մատաղ եւ ընտիր զուարակներ քահանաների եւ ծերերի համար, ինչպէս նաեւ նոխազներ՝ ժողովրդի համար»: Եւ երբ նա ճանապարհ ընկաւ, հրեշտակները յայտնեցին Աննային՝ ասելով. «Ահա քո ամուսին Յովակիմը գալիս է եւ իր յետեւից հովիւներ է բերում»:

 

Եւ ահա Յովակիմը տուն եկաւ, իսկ Աննան ընդառաջ գնաց նրան՝ ասելով. «Այժմ գիտեմ, որ Աստուած ողորմեց եւ յոյժ օրհնեց ինձ, որովհետեւ այլեւս այրի եւ անզաւակ չեմ լինելու»: Երբ Յովակիմն իր ընծաները մատուցեց Աստծուն, Աննան՝ նրա կինը, բնութիւնից վեր օրէնքով յղացաւ խոստման զաւակին՝ կանանցից ծնուածներից օրհնեալին: Իսկ երբ լրացան օրերը, շնորհանուն Աննան ծնեց իր մանկանը՝ շնորհալի դստերը եւ կոչեց նրան Մարիամ, որ է՝ Միյրէմ, որը այլեւայլ լեզուներով ստուգաբանւում է բարձրութիւն, տիրուհի, լուսապայծառ, ծովաստղ, որոնք բազմապատիկ իմաստներով պատշաճում են մեր Իսկուհուն:

 

Ինչպէս պատմութիւնն է յայտնում՝ երբ մանկահասակ Մարիամը վեց ամսական եղաւ, կանգնեց իր ոտքերի վրայ, եօթ քայլ արեց եւ ապա մօր գիրկը դարձաւ: Եւ Աննայի սիրտը լցուեց մեծ ուրախութեամբ: Նա ասաց. «Կենդանի է իմ Տէր Աստուած, որ մինչեւ Տիրոջ տուն տանելը նա ոտք չի դնի երկրի վրայ»: Եւ Աննան սուրբ պահեց իր սենեակը, որպէսզի իր զաւակը սուրբ լինի Աստուծոյ կողմից: Ոչ մի պիղծ կամ զազիր բան չէր տանում իր սենեակ՝ Մարիամի մօտ՝ չիմանալով հանդերձ, որ Ինքը՝ սրբութիւնների Սուրբն է բնակւում Մարիամի սրտում, եւ որ ժամանակ անց պիտի բնակուի նաեւ մարմնապէս:

 

Եւ երբ մանուկը մէկ տարեկան դարձաւ, Յովակիմը Նազարէթի կամ Երուսաղէմի իր տանը մեծ ընդունելութիւն արեց՝ հրաւիրելով քահանաներին, դպիրներին, ծերերին եւ Իսրայէլի ժողովրդից շատերին: Նրանց բոլորի առջեւ մանկանը տուեց քահանայապետի ձեռքը, որն օրհնեց նրան՝ ասելով. «Տէր Աստուա՛ծ, օրհնի՛ր այս մանկանը եւ տո՛ւր նրան շնորհներ, որ յաւիտեան անուանի լինի բոլոր ազգերի մէջ»: Եւ ամբողջ բազմութիւնն ասաց. «Եղիցի՛, եղիցի՛»: Մանկանը տուեցին նաեւ քահանաներին, որոնք եւս օրհնեցին նրան՝ ասելով. «Աստուա՛ծ, որ բնակւում ես բարձունքներում, նայի՛ր այս մանկանը եւ օրհնի՛ր նրան յաւիտենական օրհնութեամբ»: Եւ ժողովուրդն ասաց. «Եղիցի՛, եղիցի՛»: Ապա մայրը նրան իր գիրկն առաւ, տարաւ իր մաքրազարդուած սենեակը եւ օրհնեց Աստծուն՝ ասելով. «Պիտի նոր օրհներգութիւն ասեմ իմ Տէր Աստծուն, որովհետեւ Նա այցելեց ինձ, իմ վրայից վերցրեց մարդկանց որդիների նախատինքները եւ ինձ արդարութեան պտուղ տուեց»:

 

Եւ երբ մանուկը երեք տարեկան դարձաւ, այն նոյն հասակում, երբ Սամուէլն ընծայուեց Աստուծոյ տանը, Յովակիմն ու Աննան Մարիամին տարան տաճար եւ նրան ընծայեցին Աստծուն, ինչպէս խոստացել էին, որպէսզի Ասերի ցեղից Փանուէլի դուստր Աննա մարգարի դաստիարակութեամբ նա ծառայէր Տիրոջը այլ կոյսերի հետ, որոնք բնակւում էին տաճարի կուսանոցում: Բայց քանի որ Կոյսի հասակը բաւարար չէր այլոց հետ բնակութեան համար, քահանայապետը նրա ծնօղներին ասաց՝ տանել նրան եւ սրբութեամբ պահել տանը ու երբ լրանայ եօթ տարին, բերել ու յանձնել կուսանոց: Եւ նրանք այդպէս արեցին: Այնուհետեւ Մարիամը, որ հողեղէն սերովբէ էր, եօթ տարի մնաց կոյսերի դասում եւ ապա Աստուծոյ տնօրինութեամբ տասնչորս տարեկան հասակում նշանուեց Յովսէփ Արդարի հետ, իսկ տասնհինգ տարեկանում անարատ կուսութեամբ ծնեց աշխարհի Փրկչին:

 

Սուրբ Աստուածածնի ծնօղները՝ Յովակիմն ու Աննան, իրենց կեանքի օրերն ապրելով սքանչելի կենցաղավարութեամբ, հասան խոր ծերութեան եւ Աստուծոյ կամքով փոխուեցին այս կեանքից: Տարածուած կարիք կայ, թէ Յովակիմը վախճանուել է Աննայից առաջ, եւ թէ՝ վերջինս արժանացել է տեսնելու Աստուածորդուն՝ Յիսուս Քրիստոսին մարմնի մէջ եւ փոխուել է այս կեանքից Փրկչի մանկութեան օրերին՝ թաղուելով իր ամուսնու՝ Յովակիմի գերեզմանում, Գեթսեմանիի ձորում: Նրա շիրմի տեղը կայ մինչեւ այսօր եւ գտնւում է այն աստիճանների վրայ, որտեղից իջնում են դէպի սուրբ Աստուածածնի գերեզմանը:

 

Սուրբ Յովակիմի եւ Աննայի յիշատակութեան օրը վայելչապէս կարգուած է առընթեր Աստուածամօր Վերափոխման տօնին եւ այն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնում է Իւղաբեր կանանց հետ, Վերափոխման իննօրեակին անմիջապէս յաջորդող երեքշաբթի օրը:

 

ԻՒՂԱԲԵՐ ՍՈՒՐԲ ԿԱՆԱՆՑ ՅԻՇԱՏԱԿԸ

 

Սրանցից գլխաւորը Քրիստոսի ժրաջան աղախին Մարիամ Մագդաղենացին էր: Սա այն մեղաւոր կինն էր, որը Նային քաղաքում, փարիսեցի Սիմօնի տանը անոյշ իւղով օծեց Յիսուսի ոտքերը, եւ հէնց այդ օրը թողութիւն եղաւ նրա բազում մեղքերին:

 

Քրիս­տո­­սասէր եղբայրնե՛ր, եկէ՛ք լսէ՛ք եւ քաղցրա­ցէ՛ք այդ մեծ եւ հի­ասքանչ կնոջ պատ­մու­թեամբ, թէ ինչպէս նա, ով կանչ­ուած չէր, համարձակ մօտե­ցաւ Նրան, ինչպէս լռութեամբ յայտնեց սրտում ծածկ­ուածները եւ թողութիւն ստացաւ: Նայի՛ր նրա հոգու արտասովոր նուիրուածութեանը եւ սքան­չա­ցի՛ր: Բոլոր այն մեղաւոր­նե­րը, ովքեր ապ­րում են նրա նմանութեամբ, թող հաւատան, որ իրենք եւս նրա օրինակով կþարժանանան մեղ­քե­րի թո­ղու­թեան, եթէ հետեւեն նրա օրի­նակին:

 

Տէրը յոյժ սիրում է անկեղծ զղջացող­նե­­­­րին: Նա Իրեն դիմող մե­ղաւորից ոչինչ չի պահանջում, այլ ցնծում է մեծ ուրախութեամբ: Ինչո՞վ փոխհատուցեց անա­ռակ կինը, երբ Նա ներեց նրա բո­լոր մեղ­քե­րը. նա միայն իւղ գնեց եւ եկաւ օծելու Տիրոջ ոտքերը: Անգին եւ հիասքանչ էր նրա սէ­րը, յաղ­թա­նա­կող էր նրա հաւատը: Նա բերեց իւղ եւ ջերմ արցունքներ ու փոխարէնը թո­ղու­թիւն ստացաւ: Շա՜տ չնչին էր բերած ըն­ծան ստացած թողութեան փոխա­րէն: Նա այր­ւում էր իր գործած մեղքերի հրից, բայց աչքե­րից բխած վտա­կ­ները իսպառ հանգցրին այն: Նա իր արցունքներով ցօղեց Տիրոջ ոտքե­րը եւ հանգց­րեց իր համար պատ­­­­­­­րաստ­ուած յաւիտե­նական կրակէ լի­ճը: Մեղքի պատճառած թարա­խի շիթեր էին հո­սում նրանից եւ տանջում նրան, սակայն նա գի­տէր իր հիւանդու­թիւնից բուժ­ուելու ճանապարհը. սգաց իր մեղ­քերի համար, սի­րող սրտից բխած ար­ցունք­­ներ թափեց Տիրոջ ոտ­քե­րի մօտ եւ առողջացաւ: Եւ սա՛ է Աստծուն ամե­նա­հա­ճե­լի եւ ան­գին ընծան, միայն սա՛ է, որ Աստուած կամենում է ստա­նալ մեղաւորներից:

 

Աստուած մեծ սիրով եւ ուրախութեամբ է մօտենում նրանց, ովքեր Իր օգնութիւնն են խնդրում: Մարդկա­յին տկար միտքը չի կարող ընկալել Նրա սիրոյ մեծութեան սահմանները զղջացող մեղաւորների հան­­դէպ: Նրան հրաւիրում էին մաքսաւորները, եւ Նա գնում էր մեծ սիրով` թերեւս նրանց շահելու համար: Մօտենում էին անառակները՝ թողու­թիւն խնդրելու, եւ Նա մաքրում էր նրանց իրենց անօրէնութիւն­նե­րից՝ նախքան խնդրե­լը: Ահա Նրան իր տուն հրաւի­րեց Սիմօնը, եւ Նա, արբած մարդկանց փրկութեան փափագով, գնաց նրա տուն, ուր բոցավառ սրտով եկաւ նաեւ մեղաւոր կինը: Նա, չար որոգայթ լինելով տղամարդկանց համար, իր ա­ն­ամօթ ա­րարքներով որսում էր նրանց իր ցանցի մէջ: Նա գայթակղութիւն էր անբարոյ մարդկանց հա­մար եւ աղեղ` սատանայի ձեռքին, որով չարն իր թու­նաւոր նե­տերն էր արձակում անմիտների վրայ: Նրա աչքերից ցան­կութեան եւ կրքի կայծեր էին ար­ձակւում վաւաշոտ ու ցան­­կա­­սէր մարդ­­կանց վրայ եւ տռփանքով այրում նրանց: Մի խօսքով, նա մի գիշատիչ կին էր, ով իր գե­ղեց­կութեամբ ու հմայք­­ներով գերում էր շա­տե­րին. նայում էր նրանց, եւ խոցոտւում էին, աչ­քե­րով հրամայում էր, եւ հետեւում էին իրեն: Սրբութիւնն ատող այդ կի­նը գովեր­գում էր հեշտա­սի­րութիւնը եւ յանդգնում ծաղրել Օրէնքը: Բազո՜ւմ օ­րեր նա մաշեց ի­րեն անառակութեան մէջ: Ար­­բած հեշտասիրութիւնից` թողել էր ամօթը, թողել ամէն ինչ եւ հեռացել սրբու­­­թիւնից: Մեղ­քերն ու ախտերը յօ­շոտել էին նրան` չթողնելով ոչ մի առողջ տեղ: Բայց նա, տես­նելով իր վէր­քե­­րը, խոհեմ գտնուեց. շտապեց դրանք ցոյց տալ միակ Բժշկին եւ առողջանալ: Անթիւ ու անհամար էին նրա վէր­­քերը, սահման չկար ապա­կա­նու­թեանը, աւերակ էր նրա տունը: Եկաւ ու ներս մտաւ` իր հետ բերելով թան­­կարժէք իւղ: Բնաւ չամա­չեց ո՛չ բազ­մա­թիւ հիւրերից, ո՛չ Սիմօնից եւ ան­գամ նրանց մէջ նստած Տի­րո­ջից, որովհետեւ տառապող հիւանդը չի ա­մա­չում ցոյց տալ իր ցա­ւոտ վէրքերը բուժել կամեցողին: Փշրուած սրտով ընկաւ Տիրոջ ոտքերը, խնկարկեց խոս­տո­­վա­նու­­թեան բուրվառը` ծխեցնելով արցունքների եւ հե­ծե­ծանք­ների անուշահոտու­թիւն, որը բարձ­րա­նալով մտաւ Սրբարան եւ Մեծ Քահանայապետին դրդեց ողորմու­թեան: Խոս­տո­վանում էր հո­գու շուր­թերով, ջերմ ար­ցունք­­­ներով, փշրուած սրտով եւ ասում. «Տէ՜ր, նե­րի՛ր ինձ, որ համար­ձա­կուեցի մօտե­­­նալ Քեզ: Գիտեմ, որ Դու աշխարհ եկար ոչ թէ արդարների, այլ մե­­­­ղաւոր­նե­րի համար, որպէսզի Քո ողորմութեամբ նրանց բժշկու­թիւն պարգեւես եւ դար­ձեալ կեանքի կոչես: Ահա ինձ եւս, որ այս­պէս տառապում եմ հոգուս ցաւերից, ցոյց տուր Քո մեծ ո­ղոր­­մու­թիւնը եւ գթու­թիւնը: Դու բժշկում ես բեկ­ուած սրտերը եւ պատում բոլոր վէրքերը: Բժշկի՛ր նաեւ ինձ, որ այս­­պէս բազ­մա­հա­ռաչ թա­խան­­ձում եմ Քեզ: Ազատի՛ր ինձ չար թշնամու ձեռքից եւ Քո մեծ ողորմութեամբ ների՛ր ինձ: Ահա լուանում եմ Քո ոտ­քերը իմ արցունքներով, Դու էլ Քո ողոր­մու­թեան անապական անձրեւով լուա՛ իմ ա­­նօ­րէ­նու­թիւն­ների տիղ­մը: Դարձրու ինձ հիասքանչ օրի­նակ մեղաւորների համար, որոնց փրկու­թեան համար Դու աշխարհ ե­կար: Ա­ղա­չում եմ Քեզ, մի՛ անտեսիր սրտիս խորքերից բխած յորդ ար­ցունք­ները եւ բժշկի՛ր ինձ»:

 

Այսպէս անձայն եւ ողջ հոգով աղօթում էր կինը: Նա բերեց թանկարժէք իւղ եւ սիրտն այրող սէր եւ փոխա­րէ­նը ստա­ցաւ մեծագոյնը` մեղքերի թողութիւն: Այնտեղ գտնուողներից ոչ ոք նրան չհե­­ռացրեց տանից, եւ ոչ ոք չզայրացաւ նրա վրայ: Ներկայ գտնուող­նե­րից ոչ ոք չհարցրեց. «Ո՞վ քեզ թոյլ տուեց համարձակ ներս մտնել»: Ոչ ոք չասաց. «Ի՞նչ ես փնտրում այստեղ, ո՛վ կին», այլ հակառակը` բոլորը համ­րա­­ցած“եւ զարմանքով նրան էին նայում: Բոլորը հրա­ւէր­քի ընթ­րի­քի սեղանից ճաշակելու փոխարէն յագեցան յան­­կար­­­ծա­կի եւ այդ երեկոյին անակնկալ տե­սա­րանով: Ո՛վ կին, ինչպիսի՞ անսահման հաւատ ցուցա­բե­րե­ցիր: Ո՞վ կը գովերգի քո անհուն սէրը, որ լի էր այրող ջեր­մութեամբ: Ո՞վ սիրեց այնպէս, ինչպէս դու սի­րե­ցիր:

 

Սակայն այս ամէնը մեր Փրկիչը տնօրինեց մարդկանց փրկութեան համար, որպէսզի անօրէնու­թիւն­նե­րով եւ ծանր մեղքերով կապուած մեղաւորները զղջան այս կնոջ օրի­նա­կով եւ ապաշխարեն:

 

Երբ կինը Տիրոջ ոտքերի մօտ աղօթում եւ լաց էր լինում, փարիսեցի Սիմօնը, ով Փրկչին իր տուն էր հրաւի­­­­րել, խռովվեց իր հոգում: Նա ինքն իր մէջ մտածում էր. «Ես կարծում էի, թէ Նա մի մարգարէ է: Ճշմա­րիտ մարգարէն կան­խա­գէտ է եւ յստակ գի­տի արդէն կատարուածի մասին: Բայց պարզ­ւում է, որ Նա չճա­­­նա­­չեց, թէ Իրեն ով մօտե­ցաւ: Ապա ուրեմն Նա այս­տեղ գտնուողների նման սովորական մէկն է»: Իսկ Տէրը, Ով միշտ թափանցում է սրտի խորքերը, կարդաց նրա մտքե­րը եւ ասաց նրան. «Սի­­­մօ՛ն, Սիմօ՛ն, քեզ մի առակ եմ ու­զում պատմել եւ կամենում եմ, որ դու ինքդ դատես: Մի փո­խա­տու երկու պար­տա­պան ունէր. մէկը հինգ հարիւր դա­հե­­­կան պարտք ու­նէր, միւսը` յիսուն: Բայց եղաւ, որ նրանք երկուսն էլ աղքատացան: Այն մեծ փոխատուն, տեսնելով նրանց թշուա­ռութեան մէջ, մեծ գթասրտութիւն ցուցաբերեց եւ եր­կու­սին էլ հաւասար կերպով շնորհեց իրենց պարտքերը: Այժմ ասա՛ Ինձ, ի՞նչ ես կարծում, նրանցից ո՞վ աւելի շատ կը սիրի պարտքը շնորհողին. նա՞, ում քիչ շնորհ­ուեց, թէ՞ նա, ում՝ շատ»: Սիմօնը պատասխանեց. «Ում շատ շնորհուեց, նա անհա­մե­մատ առաւել պիտի սիրի»: Տէրը նրան ասաց. «Ուղիղ դատեցիր: Դու Ինձ քո տուն հրաւի­րե­ցիր, բայց որպէս մարգարէի` ոտքերիս համար ջուր չտուեցիր, իսկ այս կինը, որին տեսնում ես, իր արցունքներով լուաց Իմ ոտքերը եւ սրբեց իր մազերով: Դո՛ւ, Սիմօ՛ն, Ինձ անգամ մի համբոյր չտուիր, իսկ սա չի դադարում Իմ ոտքերը համբուրե­լուց: Դու Իմ գլուխը չօծեցիր իւղով, բայց սա ոտ­քերս է օծում թան­կարժէք իւղով: Դրա հա­մար ա­սում եմ քեզ` նրա բազում մեղքերը, որոնք կարծում ես, թէ Ես չգի­տեմ, պիտի ներուեն, որովհետեւ նա նախ ուժ­գին սի­րեց, ապա յուսաց իր մեղքերի թողութեանը: Ով քիչ է սիրում, նրան քիչ է թողութիւն տրւում: Եւ դու մի՛ գայթակղուիր այս կնոջ փրկութեամբ, որովհետեւ Ես եկել եմ փրկելու մեղաւորներին եւ լուսաւորելու խաւարում գտնուողներին: Ահա Ես ընդունեցի այս կնո­ջը, քանզի նա անսասան հաւատով եւ կատարեալ նուիրուածութեամբ, ամ­բողջ սրտով եւ ամբողջ հո­գով սիրեց Ինձ: Ես նրան կþըն­­դունեմ որպէս ընտիր մէկը, նա կը դասուի Իմ արդարների հետ, եւ կը ներուեն նրա ան­հա­մար մեղքերը: Նրա անունը չի մոռացուի դարէդար, եւ ինչ որ արեց, նրա յիշատակի հա­մար պիտի պատմուի սերնդից սերունդ: Եւ ով կը լսի նրա մասին, թող սիրով նախանձախնդիր լինի նրա գովելի արարքին, որպէսզի յաւիտենական պարգեւների ժա­ռանգորդ դառնայ»:

 

Ուստի, սիրելինե՛ր, մենք եւս խոոստովանենք մեր հոգու անմաքրութիւնները եւ սրբենք դրանք մեր ան­կեղծ ար­­ցունք­­ներով, որպէսզի նմանուենք այն մեղաւոր կնոջը եւ արժանանանք մեր Փրկչից թողութեան երանու­թեանը:

 

Յակոբի մօր՝ Մարիամի հետ առաջինը նա գնաց ՝ իր հետ տանելով անոյշ իւղեր եւ խունկեր ու տեսան, որ Տէրը յարութիւն է առել: Մշտապէս սպասաւորում էր սուրբ Աստուածածնին: Ժամանակներ անց գնաց Եփեսոս՝ Յովհաննէս աւետարանչի մօտ եւ մեծ ճգնութեամբ ապրելով այնտեղ՝ խաղաղութեամբ ննջեց ի Քրիստոս:

 

Միւս Մարիամը՝ որը Յակովբեան Մարիամն էր, Տիրոջ մօրաքոյրն էր, Կղէովպասի կինը եւ Տեառնեղբայր կոչուող Յակոբ Արդարի, ինչպէս նաեւ Յովսէի, Յուդայի եւ Սիմոնի մայրը, գործակից էր Մագդաղենացուն տէրունական մարմինն օծելիս: Այս երկուսին աջակից էր Սողոմէն կամ Սաղոմէն՝ Զեբեդեոսի որդիների՝ Յակոբոսի եւ Յովհաննէսի մայրը, որն ըստ ստոյգ տեղեկութեան՝ Մարիամի եւ Կղէովպասի դուստրն է: Այս երեքի հետ սուրբ Ղուկասի կողմից յիշատակւում է նաեւ Յովհաննան, որը Հերովդէսի հազարապետ Քուզայի կինն էր, ինչպէս նաեւ այլ կանայք, որոնցից էր նաեւ Շուշաննան, որոնք իրենց ունեցուածքից մատակարարում էին Նրան:

 

Արդ, սրանց բոլորի գովքը պատմւում է Աւետարանում, եւ նրանց արած գործը մինչեւ աշխարհի վերջը արժանի է անմոռանալի յիշատակութեան՝ ըստ Մագդաղենացուն տուած Տիրոջ խոստման: Այս խմբի յիշատակը սուրբ Աստուածածնի ծնօղների՝ Յովակիմի եւ Աննայի հետ վայելչապէս տօնում ենք սուրբ Կոյսի վերափոխումից յետոյ, որպէսզի նրանց բարեխօսութեամբ, առաքինութեան անուշահոտ վարքով եւ խնկանուէր աղօթքներով պաշտենք մեր Քրիստոս Աստծուն եւ Աստուածամօրը, որպէսզի նրանց հետ հանդիպենք մեռելներից յարութիւն առած Քրիստոսի քաղցր տեսութեանը, Նրան, Ով պիտի մեզ յարութիւն տայ անմահ կեանքում: Նրան Հօր եւ Սուրբ Հոգու հետ փա՜ռք յաւիտեանս. ամէն: