Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»
«Բայց հորդահոս հեղեղով Նա հիմքից կկործանի Նինվեն, և խավարը կհասնի Նրա թշնամիներին»։ (Սինոդական թարգ․)[8]
Ըստ 8−րդ համարի՝ «Տերը վերջնական կործանման ու անանցանելի խավարի կմատնի նրանց, ովքեր համարձակվում են ըմբոստանալ Իր դեմ, քանզի մարգարեն «հեղեղ» և «վախճան» անվանեց հենց վերջնական կործանումը» (Երանելի Թեոդորիտոս. «Տասներկու մարգարեների մեկնությունը», Մ․, 1857, գիրք 3, էջ 9)։ Ջրերի վարարումն ու ջրհեղեղները աստվածաշնչյան հեղինակների մոտ գործածվող սովորական պատկերներ են՝ թշնամիների ներխուժումն և նրանց ավերիչ գործողությունները նկարագրելու համար (Դատ․ 6։1−5, Ես․ 8։7-8, 27։12, 28։17, 30։30, Դան․ 9։21, 11։10 և այլն)։ Հենց այդպիսի կործանում է կանխատեսում Նավում մարգարեն Նինվեի համար՝ հայտնելով անգամ դրա տեղի անհետացումը ((եբր.՝ «makomah»)․ իգական սեռի «հ» վերջածանցը այստեղ սովորաբար վերաբերում է 1-ին համարում հիշատակված Նինվե անվանը))։ Այս պարագան տե՛ս նաև Վուլգաթայի թարգմանության մեջ՝ «consummationem faciet loci ejus»։ Սակայն երանելի Հերոնիմոսը, հիմնվելով հնագույն թարգմանությունների վրա, այս բառի մեկ այլ թարգմանություն է մատնանշում և ասում է. «”Makomah” բառը, որը մենք փոխանցել ենք հիշյալ արտահայտության փոխարեն, բոլորը երկու մասի են բաժանել, ուստի «ma»−ն որպես «απο»−ից նախդիր են թարգմանել, իսկ «komah»-ն՝ որպես «ապստամբներ»։ Այսպես, Ակյուղասն ասում է՝ «απο αντισταμενων» (այսինքն՝ «ապստամբողներից»), Յոթանասնիցը՝ «ապստամբողները», Թեոդոտիոնը՝ «Նրա դեմ ապստամբողներին», նույն թարգմանության հինգերորդ հրատարակությունը՝ «ընդդեմ Նրա ապստամբողներից»։ Միայն Սյումմաքոսն է, համաձայն մեր (ենթադրաբար՝ ռուսերեն) թարգմանության, թարգմանել «և հեղեղների անցնելուց հետո վերջ կդնի նրա տեղին» տարբերակով («Մեկ գիրք՝ Նավում մարգարեի մեկնության», Կիև, 1896, մաս 13, էջ 264)։ Ամեն դեպքում խոսքը աղետների հեղեղի մասին է, որը երկրի վրա վերջ կդնի Նինվեի չարագործություններին և գոյությանը։ Միևնույն ժամանակ, ոմանք (Ա. Քեյթ, պրոֆ․ Մ․Գոլուբև) 8−րդ համարում Նինվեի կործանման եղանակի (Տիգրիս գետի վարարման միջոցով) մասին մատնանշում են տեսնում, ինչի մասին վկայում է Դիոդորոս Սիցիլիացին («Պատմական գրադարան», II 81−83)։ Սակայն մարգարեի մոտ «ջրհեղեղ» արտահայտությունը (եբր.՝ «շետեփ»), ինչպես աստվածաշնչյան շատ այլ հատվածներում, փոխաբերական իմաստ ունի, ինչն ըստ էության՝ երևում է համարի երկրորդ հատվածից՝ «և խավարը կհասնի Նրա թշնամիներին»: Այս վերջին խոսքերի փոխաբերական իմաստը կասկածից վեր է (տե՛ս Իմաստ․ 18։4)։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Հեղեղով վերջ կը տայ իր դէմ ըմբոստացածներին, եւ խաւարը կը հալածի նրա թշնամիներին:
(Արարատ թարգ․) նույնիսկ հորդահոս հեղեղի ժամանակ։ Բայց պիտի կործանի այն քաղաքը, որ կապստամբի իր դեմ, և խավարի մեջ պիտի նետի իր թշնամիներին։
(Գրաբար) Եւ հեղեղաւ ճանապարհաց արասցէ վախճան յարուցելոց ի վերայ, եւ զթշնամիս նորա խաւար հալածեսցէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: