Ա․ Լոպուխին
Քանզի իրար մեջ խճճված են ինչպես տատասկը, և գինովցած են ինչպես հարբեցողները, նրանք ամբողջովին կվառվեն, ինչպես չոր ծղոտը։ (Սինոդական թարգ․)[10]
10−րդ համարը հիմնավորում է 9−րդ համարում ասված Ասորեստանի և նրա բնակիչների մոտալուտ կործանման մասին խոսքը։ Այստեղ ասվում է, որ այդ կործանումը Ասորեստանի բնակիչների խորագույն բարոյական անկման պատճառով է անխուսափելի։ Մարգարեի մոտ այս անկումը ասորեստանցիներին երկու բանի հետ համեմատելով է արտահայտվում․ 1) խճճված տատասկի հետ, որը Աստծո ժողովրդի դեմ թշնամության և իրենց ուժի հանդեպ հպարտ ինքնավստահության մեջ ասորեստանցիների միասնության խորհրդանիշն է (Թվ 33։55, Ես․ 27։4, Եզ․ 2;6, 28։24), 2) գինովցած հարբեցողների հետ (ասորական հուշարձաններում հաճախ են խնջույքների պատկերներ հանդիպում)։ Այս երկու մեղքերը ասորեստանցիներին պետք է հասցնեին նրան, որ նրանց ահեղ թագավորությունը ի վերջո պետք է կործանվեր՝ ճնշման հետևանքով արագորեն և անհետ ոչնչացող ծղոտի պես։ «Ինչպես չորացած ծղոտն է հեշտությամբ կրակով ոչնչացվում, իսկ ցանկապատի մոտ աճող և հատկապես փշոտ բույսերի հետ միահյուսված խոտը նրանց թույլ չի տալիս թոշնել, և ինքն էլ ժամանակի ընթացքում թառամում է, այդպես էլ դուք՝ ուրիշների թագավորությունները կործանողներդ եք թագավորությունից զրկվելու և մահվան մատնվելու» (երանելի Թեոդորոս Կյուրոսացի)։ «Միանգամայն արդարացիորեն նրանց (ասորեստանցիների) բազմաքանակ զորքը նմանեցվում է հարբեցողների խնջույքի։ Իսկ խնջույքն ինքնին ոչ թե վարդերի, շուշանների, ծաղիկների է նմանեցվում, այլ իրար միահյուսված տատասկների, որոնք մշտապես կրակի են մատնվում և, չոր ծղոտի նմանությամբ, այրվում են թույլ կրակում» (երանելի Հերոնիմոս, «Մեկ գիրք՝ Նավում մարգարեի մեկնության»։ Կիև, 1896, մաս 13, էջ 268)։ Բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև հրեաների հանդեպ ասորեստանցիների ունեցած թշնամությունը պատմականորեն հայտնի է բոլորին։ Պակաս հայտնի չէ նաև ասորեստանցիների հարբեցողությանը նվիրված լինելը։ Ըստ Թեոդորոս Սիցիլիացու վկայության՝ պարսիկներին հաջողվեց մահացու հարված հասցնել Նինվեին միմիայն այն բանի արդյունքում, քանի որ իր պետության զորության վրա վստահ լինելով՝ թագավորն իր ազնվականների հետ անձնատուր էր լինում խնջույքների և հարբեցողության։ Այդ պատճառով ճիշտ են այն մեկնիչները, որոնք 10−րդ համարի մարգարեի խոսքերը տառացիորեն կատարված են տեսում Նինվեի ողբերգական [ու վերջնական անկման պատմության մեջ]։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Մինչեւ իրենց հիմքերը նրանք խոպան պիտի դառնան. բաղեղով պատուածի պէս պիտի սպառուեն եւ լինեն ինչպէս չորացած եղէգ:Մինչեւ իրենց հիմքերը նրանք խոպան պիտի դառնան. բաղեղով պատուածի պէս պիտի սպառուեն եւ լինեն ինչպէս չորացած եղէգ:
(Արարատ թարգ․) Որովհետև քանի դեռ նրանք փշերի պես խճճված են և իրենց գինով հարբածների նման են, չոր հարդի պես բոլորովին պիտի սպառվեն։
(Գրաբար) Զի մինչեւ ի հիմն իւրեանց խոպանասցին. իբրեւ զգեղձ պատեալ կերիցի. եւ իբրեւ զեղէգն լի երաշտութեամբ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: