Նավումի մարգարեության մեկնություն 2:9

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

(եբր․ 10)․ «Կողոպտե՛ք արծաթը, կողոպտե՛ք ոսկին. վերջ չկա ամեն տեսակ թանկարժեք իրերի պաշարներին»։ (Սինոդական թարգ․)[9]
   
    Խուճապահար սարսափի համակված բնակիչների կողմից լքված քաղաքը մատնվում է թշնամիների կողոպուտին։ Քանի որ նրանք փախուստի էին դիմել, ուստի բաբելոնացիներին ասվում է․ «Հափշտակե՛ք արծաթը և հանկարծակի ավերելով թալանե՛ք երկար ժամանակի ընթացքում կուտակված հարստությունը» (Երանելի Հերոնիմոս. «Մեկ գիրք՝ Նավում մարգարեի մեկնության», Կիև, 1896, մաս 13, էջ 81)։ Ավելին, քաղաքի ավերման կոչը կարծես գալիս է Տեր Աստծու կողմից, այսինքն՝ Նինվեի ամբողջական անկումը պետք է տեղի ունենա ոչ թե պատահականորեն, այլ Աստծու դատաստանի համաձայն (Երեմ․ 50։26-27, Եզեկ․ 7։19, Ամբ․ 2։5−13)։ «Այն, ինչ չար ճանապարհով էր կուտակվել,− 9−րդ համարի վերաբերյալ նկատում է երանելի Թեոդորոսը («Տասներկու մարգարեների մեկնությունը», Մ․, 1857, գիրք 3, էջ 14), կփոխանցվի ուրիշներին, որովհետև նրանց գանձերի վրա բազմաթիվ թշնամիներ կհարձակվեն։ Մարգարեն ապագայի վերաբերյալ խոսում է այնպես, ինչպես արդեն կատարվածի մասին, ինչը Սուրբ Գրքին հատուկ արտահայտչաձև է» (Յոթանասնիցը 9−րդ համարի սկզբում ոչ թե հրամայական եղանակով է դրել, այլ աորիստ 1՝ «διηρπαςον», սլավոներեն՝ «расхищаху2)։

--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Չկար մէկը, որ հսկէր. յափշտակում էին արծաթը, յափշտակում էին ոսկին, եւ նրա զարդեղէնին չափ չկար: Ծանրացան աւելի քան նրա բոլոր ցանկալի սպասքները:
(Արարատ թարգ․) Արծա՛թ կողոպտեք, ոսկի՛ կողոպտեք, անսպառ են գանձարանը, ամեն տեսակ ցանկալի սպասքները։
(Գրաբար) եւ ոչ ոք էր որ հայէր։ Յափշտակէին զարծաթ, յափշտակէին զոսկի. եւ ոչ գոյր չափ զարդու նորա, ծանրացան քան զամենայն սպասք նորա ցանկալիք։