Սուրբ Հովհան Ոսկեբերան
Եւ իշխաններն ասացին թագաւորին. «Թող սպանուի այս մարդը, որովհետեւ այդպիսով նա թուլացնում է բազուկները կռուող մարդկանց, որոնք մնացել են այս քաղաքում, եւ բազուկները ամբողջ ժողովրդի՝ այդպիսի խօսքեր ասելով նրան. այս մարդը ոչ թէ օգուտի եւ խաղաղութեան խօսքեր է ասում ժողովրդին, այլ՝ չարութեան»:
Ես ասացի, որ եթե հրեաները լսեին իրենց պատահելիք աղետների մասին, և այն մասին, որ Երուսաղեմը կործանվելու է Քրիստոսի համար և կործանվելու է ընդմիշտ ու անվերադարձ, եթե նրանք այս ամենի մասին հստակ լսած լինեին մարգարեներից, ապա անմիջապես կսպանեին այդ մասին խոսողներին: Իսկ որտեղի՞ց է սա հայտնի: Առաջին հերթին հենց հրեաների սովորույթներից, քանի որ նրանք մոլեգին ու կատաղի էին... Եթե նրանք լսեին մի մարգարեի, որն ասեր, որ Երուսաղեմը ժամանակավորապես ավերման է ենթարկվելու, ապա ապաշխարելու և Աստծու բարկությունը իրենցից հեռացնելու փոխարեն նրանք իրենց կատաղությունը կթափեին այդպիսի մարգարեի վրա: Եվ այս խոսքի ճշմարիտ լինելու վերաբերյալ լսե՛ք հետևյալ պատմությունը: Մի անգամ պարսիկները պաշարեցին նրանց քաղաքը, և օտարերկրացիների բանակը շրջապատեց այն: Վտանգը անհայտ չէր, բայց Երուսաղեմ քաղաքն այն ժամանակ արդեն ցանցի մեջ էր, քանի որ բոլոր թշնամիները զինվել և շրջապատել էին այն: Սակայն, չնայած այդպիսի ակնհայտ վտանգին, երբ Երեմիան եկավ և ասաց նրանց, որ քաղաքն անցնելու է քաղդեացիների ձեռքը (սա նույնիսկ մարգարեություն չէր, քանի որ նրանք իրենք էին իրենց աչքերով տեսնում, թե ինչ էր կատարվելու, քանզի նա ակնհայտն ու ակնառուն էր ասում), այս ամբարիշտները, անզգամները և անշնորհակալները բարեգործություն անողի հանդեպ այնպես մոլեգնեցին, որ նրան դավաճան ու քաղաքը կործանող համարեցին, և ասացին. «Որովհետև այդ պատճառով դա թուլացնում է պատերազմող մարդկանց ձեռքերը, որոնք մնացել են այս քաղաքում, և ամբողջ ժողովրդի ձեռքերը, նրանց այսպիսի խոսքեր ասելով…»: Մինչդեռ նա քաջալերում էր նրանց, նախանձախնդրություն էր առաջացնում և դիմում էր Աստծուն՝ նրանց անխորտակելի և անհաղթահարելի պատվարով պաշտպանելու համար: Բայց նրանք առանց որևէ բանի մասին մտածելու նրա մահն էին պահանջում: Եվ նրանք միշտ այդպիսի պարգևներ էին տալիս իրենց բարերարներին: Չնայած թագավորը ներում է, սակայն նրանք չեն դադարում մոլեգնել, ուստի մարգարեին սպանելու զորություն չունենալով՝ նրան նետում են կեղտոտ գբի մեջ:
Եթե նրանք չկարողացան տանել ժամանակավոր գերության մասին լուրը, ապա ինչպե՞ս կկարողանան լսել հավիտենական ստրկության մասին կանխատեսումը: Եթե Երեմիայի կողմից ասված «ձեզ Բաբելոն կտանեն» խոսքը նրանք չկարողացան համբերատար լսել, այլ պատժեցին խոսողին, ապա երբ մարգարեներից լսեին «ձեզ ոչ թե Բաբելոն են տանելու, այլ ցրված եք լինելու ամբողջ տիեզերքում և այլևս չեք վերադառնալու» կանխատեսումը, մի՞թե խոսողների արյունը չէին խմի:
Ա. Լոպուխին
«Այդ ժամանակ իշխաններն ասացին թագավորին. «Թող այս մարդը մատնվի մահվան, որովհետև նա թուլացնում է այս քաղաքում մնացող պատերազմիկների ձեռքերը և ամբողջ ժողովրդի ձեռքերը՝ նրանց այսպիսի խոսքեր ասելով. որովհետև այս մարդը չի ցանկանում այս ժողովրդի բարօրությունը, այլ նրա չարիքը»»։ (Սինոդական թարգմ.) [4]
Պարզ քաղաքացիական–պետական տեսանկյունից Երեմիան մեղավոր էր: Բայց իշխանները, որպես Իսրայելի Գերագույն իշխանությանը՝ Աստծուն հավատացողներ, պարտավոր էին այլ կերպ նայել Երեմիայի «դավաճանությանը»: Սա աստվածապետական տեսանկյունից ոչ թե դավաճանություն, այլ Աստծո կամքի հռչակում և մարդկանց փրկության միակ միջոցը ցույց տալ էր:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 38:1
-----------------------------------
[4](Էջմիածին թարգմ.) Եւ իշխաններն ասացին թագաւորին. «Թող սպանուի այս մարդը, որովհետեւ այդպիսով նա թուլացնում է բազուկները կռուող մարդկանց, որոնք մնացել են այս քաղաքում, եւ բազուկները ամբողջ ժողովրդի՝ այդպիսի խօսքեր ասելով նրան. այս մարդը ոչ թէ օգուտի եւ խաղաղութեան խօսքեր է ասում ժողովրդին, այլ՝ չարութեան»:
(Արարատ թարգմ.) Եվ իշխաններն ասացին թագավորին. «Խնդրում ենք, թող այս մարդը սպանվի, որովհետև նա թուլացնում է այս քաղաքում մնացող պատերազմիկների ձեռքերը և ամբողջ ժողովրդի ձեռքերը՝ նրանց այսպիսի խոսքեր ասելով, որովհետև այս մարդը այս ժողովրդի բարօրությունը չի ուզում, այլ նրա չարիքը»։
(Գրաբար) Եւ ասեն իշխանքն ցթագաւորն. Սպանցի այրն այն. զի այնու լուծանէ նա զձեռս արանց պատերազմողաց մնացորդաց քաղաքիս այսորիկ, եւ զձեռսամենայն ժողովրդեանդ, խաւսել ընդ դոսա ըստ բանիցդ այդոցիկ. զի այրն այն ոչ աւգտի եւ խաղաղութեան բանս խաւսի ընդ ժողովրդեանն՝ այլ չարի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: