Եսայու մարգարեության մեկնություն 13։20

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Այնտեղ յաւիտեանս յաւիտենից բնակուող չպիտի լինի, բազմաթիւ ցեղեր այլեւս այնտեղ մուտք չպիտի գործեն, արաբացիներն այլեւս այնտեղով չպիտի անցնեն, հովիւներն այնտեղ այլեւս հանգիստ չպիտի առնեն:
   
   Հարց. - Ի՞նչ է, որ ասում է՝ արաբացիների տեսիլ/հմմտ.13։20/.
   Պատասխան. Տեսիլն այն է, որ կամ մտքի մեջ է տպավորվում առարկայի տեսքը, կամ միայն աչքի մեջ է տպավորվում, կամ էլ որպես մարմին է ձևանում ու երևում: Իսկ պատգամն այն է, որ միայն ձայն են լսում աներևույթ կերպով: Իսկ առածը ոչ տեսքով է երևում, ոչ ձայնով լսվում, այլ միայն ազդմամբ է լինում, այսինքն՝ երբ Սուրբ Հոգին ազդում է մարգարեին ու մղում է նրան խոսել, ինչպես երգիչը մատներով ազդում է քնարին և ձայն էառաջացնում, կամ ինչպես կրակի ջերմությունը ազդում է մարմնին, կամ էլ ինչպես հանկարծակի տապացավը ազդում է մարմնին և առաջացնում դող և ատամների կափկափոց: Ինչպես վշտերի մեջ ոմանք պիտանի են լինում, ոմանք՝ անպիտան: Պիտանի են նրանք, որ տարվում են համբերությամբ և գոհությամբ, ինչպես Հոբը և նրանք, ովքեր զանազան տանջանքներ կրեցին հանուն Քրիստոսի անվան, և անպիտան են նրանք, ովքեր նեղսրտությամբ ու դժգոհությամբ են [տանում] վշտերը, կամ չեն համբերում մինչև վերջ: Նույնպես և պատիվներն ու մեծարանքն են. դրանցից ոմանք պիտանի են լինում, ոմանք՝ անպիտան: Պիտանի են նրանք, ովքեր փառքի ու մեծության մեջ հեզություն և խոնարհություն են ստանում, ինչպես Աբրահամը, Դավիթը, Կոստանդիանոսը, Տրդատը և Թեոդոսը, ինչպես ասում է Սողոմոնը, Ինչպիսի մեծության էլ որ հասնես, դու քեզ խոնարհ պահիր,,/Առակ. 16։3/, և անպիտան են նրանք, ովքեր իրենց պատվի մեջ ամբարտավան են դառնում, և պատիվը չեն վերապահում Տվողին, ինչպես սատանան, որ հպարտությամբ զրկվեց պատվից, և Ադամը զրկվեց դրախտից, և Նաբուգոդոնոսորը ու Սենեքերիմը կորան հպարտության պատճառով:Ստացողին առավել անհրաժեշտ է գոհանալ պարգևների խոստման ժամանակ, քան պարգևները ստանալուց հետո, որովհետև անկատար է գոհանալ ստացված պարգևի համար, քանզի այն վստահության պակաս է ենթադրում. որովհետև երբ տեսնում և ստանում է, միայն այնժամ է գոհանում, մինչդեռ նախքան ստանալը, այսինքն՝ բարիքի խոստման ժամանակ գոհանալը հավաստիքն է առավել հաստատուն և աներկբա հավատի, ինչպես Աբրահամինը, որովհետև Աստծո բոլոր պարգևների խոստումն աներկբայորեն ընդունում էր որպես արդեն ստացված [ընծա]: Նույնպես և Եսայի մարգարեն Հռափսակի ձեռքից ժողովրդի փրկությունից առաջ գոհանում էր Աստծուց և ասում․ Տեր Աստված իմ, փառավորում եմ քեզ և օրհնում քո անունը, /25։1/:

   Մյուսները Աստծո սուրբ պատվիրանների խախտումն են. իսկ կռապաշտությունը մեղանչումն է ընդդեմ Աստծո էության և փառքի:

   Երկրորդ՝ ամեն ոք ինչ մեղք էլ որ գործում է ՝ Աստծո երկյուղն ունի իբրև սանձ և պահապան, որի պատճառով, այդ երկյուղն ունենալով, հետո զղջում է: Եվ սրանից հայտնի է դառնում մեղքի մեծությունը, որովհետև հնում մարդ ինչ մեղք որ գործում էր, համաձայն մեղքի ծանրության, մեծ ու փոքր պատարագով սրբվում էր, այսինքն՝ զվարակով, նոխազով, ուլով և այլ բաներով, մինչդեռ կռապաշտության հանցանքի մեծությունն այնքան է, որ Աստծո Միածին Որդին իր մարմնով պատարագվեց խաչի վրա, որից հետո [միայն ] աշխարհից վերացավ ու քավվեց կռապաշտության մեղքը:

   

Ա. Լոպուխին

«Երբեք չի բնակեցվի ու ոչ մի ցեղից այնտեղ բնակիչ չի լինի, արաբիացիներն այլևս այնտեղ վրաններ չեն խփի, և հովիվներն իրենց հոտերով այլևս չեն հանգրվանի այնտեղ»: (Սինոդական թարգ․) [20]
   
   «Երբեք չի բնակեցվի»․ Կյուրոսից հետո նրա հաջորդներ Դարեհն ու Քսերքսեսը վերջնականապես կործանեցին Բաբելոնը: Բնակիչները հետզհետե հեռանում էին այնտեղից, ու ժամանակի ընթացքում մոռացվում է անգամ Բաբելոնի գտնվելու ճշգրիտ վայրը: Մարգարեն, ակնհայտորեն, խոսում է Բաբելոնի կործանման ոչ միայն մի ժամանակահատվածի մասին, որ տեղի ունեցավ Կյուրոսի օրոք, այլև Բաբելոնական թագավորության հետզհետե ոչնչացման ամբողջ ընթացքի մասին:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Այնտեղ յաւիտեանս յաւիտենից բնակուող չպիտի լինի, բազմաթիւ ցեղեր այլեւս այնտեղ մուտք չպիտի գործեն, արաբացիներն այլեւս այնտեղով չպիտի անցնեն, հովիւներն այնտեղ այլեւս հանգիստ չպիտի առնեն:
(Արարատ թարգ․) Այնտեղ ապրող չպիտի լինի, և չի բնակեցվի սերնդեսերունդ. արաբն այնտեղ չի խփելու իր վրանը, հովիվներն այնտեղ չեն հանգստացնելու իրենց հոտերը,
(Գրաբար) Եւ ոչ բնակեսցէ յաւիտեանս ժամանակաց. եւ մի մտցեն ի նմա յազգս բազումս, եւ մի եւս անցցեն ընդ նա արաբացիք. եւ հովիւք մի հանգիցեն ի նմա: