«Ողջունում են ձեզ բոլոր սուրբերը,
մանաւանդ նրանք, որ Կայսրի տնից են»
[Փիլ. Դ 23]
ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐ
Սուրբ վարդապետները հրեղէն խօսքեր են, որոնք իրենց քարոզութեան խօսքերով լուսաւորեցին աշխարհը, վերացրեցին ու միշտ վերացնում են մոլորութիւնները: Արդ, վարդապետների մասին գիտենք, որ նրանք արժանացել են մեծագոյն պսակների, ինչպէս որ գրուած է փիլիպեցիներին ուղղուած թղթում. «Իմ ուրախութիւնն ու պսակն էք»[1]: Այս խօսքերն առաքեալն ասում է բազմաթիւ պատճառներով, եւ այն ուղղուած է այն հաւատացեալներին, որոնց նա ծնեց իր վարդապետութեան խօսքով:
Նախ. վարդապետները, հեռանալով աշխարհի փոշուց, եղան եկեղեցու աչքերը: Հեռացան, որովհետեւ փոշին, կամաց-կամաց ընկնելով աչքերի մէջ, կուրացնում է, ինչպէս որ Սիրաքի գիրքն է ասում. «Կաշառքը կուրացնում է իմաստունների աչքը»[2]:
Երկրորդ՝ նրանք Աստուծոյ խօսքը սերմանում են մարդկանց հոգիներում, ինչպէս ասւում է կորնթացիներին ուղղուած թղթում. «Եթէ մենք ձեր մէջ հոգեւոր բաներ սերմանեցինք, մեծ բա՞ն է, եթէ ձեզնից մարմնաւոր բաներ հնձենք»[3]: Այդ պատճառով Քրիստոս ասում է. «Նրանք պիտի լինեն ձեր դատաւորները»[4]:
Երրորդ. նրանք աւետարանը քարոզեցին ազատ սրտով, որովհետեւ ընկած չէին աշխարհի ունեցուածքի ծառայութեան տակ, քանզի ովքեր ունեցուածք ունեն, նրանք քարոզելու ազատ կամք չունեն: Այդ պատճառով Մատթէոս աւետարանիչն ասում է. «Չէք կարող ծառայել Աստծուն եւ՝ մամոնային»[5]: Ուստի ովքեր կամենում են քարոզել Աստուծոյ խօսքը, պէտք է ազատ լինեն աշխարհի ունեցուածքից եւ լցուած լինեն Սուրբ Հոգով, որպէսզի նրանց վրայ կատարուի Ղուկաս աւետարանչի այն խօսքը, թէ «Տիրոջ Հոգին իմ վրայ է, եւ Նա ինձ ուղարկեց աղքատներին աւետարանելու»[6]: Այդ պատճառով այն վարդապետները, որոնք արժանապէս կատարեցին իրենց գործը, մեծ վարձքի արժանացան Արքայութեան մէջ:
ԽՈՍՏՈՎԱՆՈՂՆԵՐ
Խոստովանողները հրեղէն աչքեր են, որոնք բազմաթիւ պատճառներով երկնքում մեծապէս պսակուած են փառքով:
Նախ. նրանք իրենց մտքի աչքը մշտապէս առ Աստուած են պահում, ինչպէս որ Դաւիթ մարգարէն է ասում. «Աչքերս դէպի Քեզ բարձրացրի, Տէ՛ր»[7]: Եւ մէկ ուրիշ տեղում ասում է. «Տէ՛ր, Տէ՛ր, Քեզ են ուղղուած աչքերն իմ, յոյսս դրեցի Քեզ վրայ»[8]: Այդ պատճառով Յայտնութեան գիրքը նրանց համար ասում է. «Նրանց աչքերը կրակի բոցի պէս են»[9]:
Երկրորդ. նրանք այս կեանքում որպէս պանդուխտներ են, ինչպէս Դաւիթ մարգարէն է ասում. «Պանդուխտ եմ ես Քո առաջ, օտարական եւ անցորդ, ինչպէս իմ բոլոր նախնիները»[10]: Այդ պատճառով թէ՛ իրենց եւ թէ՛ այլոց սրտերից խոստովանողները հեռացնում են աշխարհի հարստութեան հեշտութիւնները՝ ըստ սաղմոսի ասելով. «Եթէ հարստութիւնն առուի պէս իսկ հոսի, թող ձեր սրտերը չցանկանան»[11], որովհետեւ Յակոբոս առաքեալն ասում է. «Ով սիրում է աշխարհի հարստութիւնը, Աստծուն իրեն թշնամի կ՚անի»[12]:
Երրորդ. նրանք աշխարհի մէջ չունեցան կատարեալ ուրախութիւն, այլ միշտ սգացին իրենց եւ այլոց համար: Սգացին իրենց համար, ինչպէս Դաւիթ մարգարէն է ասում. «Ամէն գիշեր հեծեծանքով լուացի մահիճն իմ»[13] եւ սգացին ուրիշների համար, ինչպէս սուրբ Ամբրոսիոսը, որն արտասւում էր, երբ լսում էր խոստովանողներին:
Արդ, իմանանք, եղբայրնե՛ր, որ եթէ մենք կամենում ենք հետեւել ու նմանուել սուրբերին, ապա պէտք է բորբոքուել սիրով, ինչպէս որ նրանք, եւ լինել արթուն, որպէսզի Աստուծոյ սէրը չմարի մեր մէջ, ինչպէս կրակը:
[1] Փիլ. Դ 1:
[2] Սիր. Ի 31:
[3] Ա Կորնթ. Թ 11:
[4] Ղուկ. ԺԱ 19:
[5] Մատթ. Զ 24:
[6] Ղուկ. Դ 18:
[7] Սաղմ. ՃԻԲ 1:
[8] Սաղմ. ՃԽ 8:
[9] Յայտն. Ա 14:
[10] Սաղմ. ԼԸ 13:
[11] Սաղմ. ԿԱ 11:
[12] Յակ. Դ 4:
[13] Սաղմ. Զ 7:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: