Ա. Լոպուխին
23-26․ Եվ նա անձրև կտա հողում ցանած քո սերմին, և հացը, որ երկրի պտուղն է, հարուստ ու առատ կլինի, և քո հոտերն այդ օրը կարածեն ընդարձակ արոտավայրերում։ [23] Եվ այն եզներն ու էշերը, որոնք վարում են հողը, պիտի ուտեն աղած անասնակեր՝ բահով և եղանով մաղված։ Եվ մեծ պարտության օրը, երբ աշտարակները տապալվեն, բոլոր բարձր լեռների ու բարձրադիր բլուրների վրայից վտակներ ու ջրերի առուներ պիտի հոսեն։ Եվ լուսնի լույսն արեգակի լույսի պես է լինելու, և արեգակի լույսը՝ յոթնապատիկ ավելի՝ յոթ օրվա լույսի չափ, ա՛յն օրը, երբ Տերը կկապի Իր ժողովրդի վերքը և կբժշկի նրան հասցված խոցերը։ (Սինոդական թարգ․)
«Աղած անասնակեր» – հատուկ պատրաստված խառնուրդ է աղով կամ էլ կտրված և աղ արված խոտով։ Այդպիսի կերակուրը շատ ավելի համեղ և օգտակար էր կենդանիների համար։
«Մեծ պարտության օրը» – դա Աստծո սարսափելի պատժի օրն է, որը պիտի պատուհասի համաշխարհային տերություններին, որոնք հրեաների դեմ թշնամություն էին անում (հմմտ․ Ես․ 22:9 և այլն)։
«Աշտարակներ» ասելով մարգարեն այստեղ ի նկատի ունի հրեաների վերոնշյալ թշնամիների մայրաքաղաքների ամրությունները։
«Յոթ օրվա լույսի չափ», այսինքն՝ այդ ժամանակ այնքա՜ն լուսավոր կլինի, որ կարծես թե մեկ շաբաթվա լույսի ամբողջ «պաշարը» միանգամից կփայլի։
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ քո հողի սերմերի համար անձրեւ պիտի լինի, քո հողի հացն ու բերքը պիտի լինեն առատ ու յուռթի, եւ այն օրը քո հօտերը պիտի արածեն փարթամ ու ընդարձակ վայրում:
(Արարատ թարգ․) Եվ նա անձրև կտա հողում ցանած քո սերմին, և երկրի հացահատիկի բերքը հարուստ և առատ կլինի։ Այդ օրը քո հոտերը կարածեն ընդարձակ արոտավայրում,
(Գրաբար) Յայնժամ եղիցի անձրեւ սերմանեաց երկրին քում, եւ հաց արդեանց երկրի քոյ եղիցի յագուրդ եւ ի պարար: եւ ճարակեսցին խաշինք քո յաւուր յայնմիկ ի տեղւոջ պարարտութեան եւ յանդորրու:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: