Եսայու մարգարեության մեկնություն 35։3

Ա. Լոպուխին

3-6․ Ամրացրե՛ք թուլացած ձեռքերը և զորացրե՛ք դողդոջուն ծնկները։ [3] Ասացե՛ք թուլասիրտներին, պի՛նդ եղեք, մի՛ վախեցեք, ահա՛ ձեր Աստվածը․ Աստծո հատուցումը գալիս է վրեժ լուծելու, Նա պիտի գա ու պիտի փրկի ձեզ։ Այն ժամանակ բացվելու են կույրերի աչքերը, ևխուլերի ականջները սկսելու են լսել։ Այն ժամանակ կաղը ոստոստելու է եղջերուի նման, և համրի լեզուն երգելու է, որովհետևանապատում ջրեր են բխելու, և տափաստանային վայրում՝ առուներ։ (Սինոդական թարգ․)
   
   Այս փառավոր ապագայի հույսով վառված՝ հոգով նվաղած հրեաները պետք է ոգևորվեն, քանի որ նրանց օգնության է գալիս նույն Ինքը՝ Բարձրյալը, Որը կույրերին վերադարձնելու է տեսողությունը, խուլերին՝ լսողությունը, և այդպես շարունակ, իսկ չոր անապատում աղբյուրներ են բխելու։

   Շատ հավանական է, որ մարգարեն սկզբում (4-րդ համարում) մատնանշելով հրեաների՝ գերությունից մոտալուտ ազատագրումը հենց Նրա՝ Տիրոջ կողմից, Ով արդեն ընթանում է Իր ժողովրդին փրկելու, այնուհետև էլ խոսում է Մեսիական ժամանակների, այն է թե՝ մարդկության վերականգման ժամանակների մասին, ա՛յն մարդկության, որն այժմ տառապում է մարմնական տարատեսակ ախտերի պատճառով։ Իհարկե խուլերի, կույրերի և մյուսների անվան տակ կարելի է նկատի ունենալ նաև կույրերին ու խուլերին՝ փոխաբերական իմաստով, սակայն կասկած չկա, որ իրենք՝ հրեաները, նախքան Քրիստոս Փրկչի ժամանակներն այս հատվածը հասկանում էին որպես մարգարեություն մարդկանց ամեն տեսակի չարիքից փրկող Մեսիայի առաքելության մասին։ Եթե հարկ լիներ մարգարեի խոսքերն այլ կերպ հասկանալ, ապա Քրիստոս Փրկիչը, ի պատասխան Հովհաննես Մկրտչի հարցի (թե արդյո՞ք Քրիստոս Ինքն էր Մեսիան), այդ խոսքերը չէր մեջբերի որպես մարգարեություն ա՛յն հրաշքների մասին, որոնք Նա գործել է երկրի վրա (Մատթ. 11:5):

   «Անապատում ջրեր են բխելու», ասել է թե՝ «մի՛ երկնչեք, փոքրոգինե՛ր։ Ամեն բան դեպի լավն է փոխվելու և չոր անապատում էլ շատ ջուր է գտնվելու»։ Այս խոսքերն ապահովում են անցումը դեպի հաջորդող նկարագրությունն ա՛յն ճանապարհի մասին, որով անցնելու են գերությունից ազատագրված հրեաները։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ո՛ւժ առէք, լքուա՛ծ ձեռքեր ու տկարացած ծնկներ,
(Արարատ թարգ․) Զորացրե՛ք թուլացած ձեռքերը, պնդացրե՛ք դողդոջուն ծնկները։
(Գրաբար) Զօրացարո́ւք ձեռք լքեալք՝ եւ ծունկք կթուցեալք։